понедельник, 31 марта 2014 г.

Ոստիկանի դուստրը


* * *
- Երեք հարյուր երեսուն ձիաուժ, հիանալի մեքենա է, շնորհավոր լինի:
Ոստիկանի մայորի համազգեստով մարդը նայեց կողքը նստած գնդապետին:
- Այո, մեքենան լավն է, գինն էլ է լավը, - ծիծաղեց:
- Բայց մենք…, - մայորը գլխով ցույց տվեց վարորդի կողմը:
- Մերոնքական է, հուսալի, ճիշտ եմ չէ՞ ասում, Սմբատ:
Սմբատը շատ լավ լսում էր, չնայած հայացքը գամված էր ճանապարհին:
Շատ լավ գիտեր, որ պատասխանելն իմաստ չուներ, քանի որ պետք է ցույց տալ որ մտքերով այլ տեղ է ու չի հետաքրքրվում իրեն չվերաբերող խոսակցությունով:
- Սմբա՞տ, - գնդապետը ձեռքը դրեց վարորդի ուսին:
- Կներեք, պարոն գնդապետ, մտքերով էի:
- Մայրդ ինչպե՞ս է, ոտքի կանգնե՞ց, առողջացա՞վ:
- Հիվանդանոցում է, կարող վաղը վիրահատեն:
- Դե առողջություն մայրիկիդ, ամեն ինչ լավ կլինի, մի մտածիր: Դեռ իմ աղջկա՝ Կարինեի հարսանիքին պետք է պարի, ճիշտ եմ ասում չէ՞ Վարդան, մի այնպիսի հարսանիք անենք,  որ և քո տղան և իմ աղջիկը հիշեն մինչև կյանքների վերջը, միայն թե այս մի գործն էլ բարեհաջող ավարտենք  ու…
Սմբատի մարմնով մի սարսուռ անցավ, կարծես մի ինչ որ ուժ վերևից սեղմեց աջ ոտքն ու գազի սեղմակը դանդաղ մոտեցավ մեքենայի հատակին ավելացնելով արագությունը:
Ճանապարհի ոլորանները հասցրեցին Պարզ լիճ կոչվող տարածք:
Շրջակայքում մարդ չկար:
Գնդապետն ու մայորը իջան մեքենայից:
Գնդապետը մի ծխախոտ վառեց: Ձեռքի ոսկեղօծ կրակայրիչը շպրտեց  Սմբատի կողքի նստատեղին:
- Թող մնա այստեղ, հասկացա՞ր, մինչև հետ կգանք:
Սմբատը գլխով արեց ու անջատեց մեքենայի շարժիչը:
Երկու ոստիկանները քայլեցին դեպի անտառի կողմն ու անհետացան տեսադաշտից:
Մոտ քսան-քսանհինգ րոպե հետո մեքենային մոտեցավ քաղաքացիական հագուստով մի մարդ:
Մոտեցավ Սմբատի հակառակ կողմից, գլխով կախվեց մեքենայի պատուհանից ներս:
- Ախպոր տղա, կրակ ունե՞ս, մի հատ կպցնեմ:
Սմբատը հայացքով ցույց տվեց կողքի նստատեղին գցած կրակայրիչը:
Անցանոթը վերցրեց, շուռումուռ տվեց կրակայրիչը, հիացավ ոսկու փայլից:
Կպցրեց ծխախոտն ու նորից գցեց նստատեղին:
Կոստյումի տակից հանեց մի բավականին մեծ փաթեթ, գցեց կրակայրիչի մոտ:
- Դե լավ, լսիր երաժշտությունդ, բարևներ շեֆիդ,- ու հեռացավ:

* * *
Մեքենան վերադառնում էր նույն ճանապարհով:
Ետևի նստարանին նստած մայորը փաթեթը բացել ու հաշվում էր դոլարները:
Գնդապետն իր մտքերի հետ էր:
- Վարդան ամեն ինչ ճի՞շտ է, զանգե՞մ:
- Ճիշտ է, մի բան էլ ավել, - ծիծաղեց,- զանգի՛ր:
Գնդապետը միացրեց բջջային հեռախոսը:
- Ղահրամանյանն է, ուղիղ ժամը 18-ին բոլորին հանեք դուրս ու տեղափոխեք պահեստային տարածք, այո՛, բոլոր աղջիկներին, ո՛չ մի հետք չթողնեք, ինձ հասկացա՞ք:
Անջատեց հեռախոսն ու դիմեց վարորդին:
- Սմբա՛տ, Վարդանին իջեցնենք ու գնանք Ջրվեժ ամառանոց, տիկին Անահիտն այնտեղ է, վերցնենք ու նոր գնանք տուն:
Սմբատը գլխով արեց ու նորից ավելացրեց մեքենայի արագությունը:

* * *
Ամառանոցի ցանկապատի մոտ դիմավորեց տիկին Անահիտը:
Սմբատը մեքենայից չիջավ:
- Ճաշը պատրաստ է, տեսնո՞ւմ ես ինչ ճշտապահ եմ:
- Որտեղի՞ց իմացար երբ եմ գալու:
- Մոռացե՞լ ես, ոստիկանի դուստր եմ, հոտառությունս տեղը, - գլխի շարժումով մազերը ետ գցեց ու ժպտաց ամուսնուն:
- Գիտեմ, գիտեմ, հայրդ որ չլիներ ես էլ ոստիկան չէի դառնա:
Ձեռքի փաթեթը տվեց կնոջը, բազմանշանակ նայեց:
- Սա կդնես այնտեղ, հիշո՞ւմ ես համարը:
- Հիշում եմ, հինգ հարյուր քառասուն երկու, չէ՞, - շշնջաց ցածր, բայց պարզ լսելի էր Սմբատին:
Միգուցե նշանակություն չտար լսված թվերին, բայց չէ որ դա իր մոր հիվանդասենյակի համարն էր՝ հինգ հարյուր քառասուն երկու:
- Ատրճանակդ էլ տուր դնեմ այնտեղ, այսօր մնա՞նք այստեղ, վաղը կգնանք տուն: Սմբատին ուղարկիր գնա, այսօր էլ պետք չէ:

Երևանին դեռ չհասած Սմբատի աչքն ընկավ կողքի նստարանին, որտեղ գնդապետի կողմից մոռացված կրակայրիչն էր:
Վերցրեց, դրեց գրպանը.
< Ոչինչ, վաղը կտամ իրեն, կորած տեղ չէ,  շատ գեղեցիկ է:>
Մեքենան դանդաղ, հպարտ կանգնեց  ՛՛Երգչախմբային միության՛՛ շենքի մոտ:
Ժամը 17.00 է:
<Ի՞նչ եմ ասելու բժշկին, որտեղի՞ց եմ ճարելու, Կարինեն ի՞նչ է անելու, հետո ինչ որ խոսք է տվել մի բան անել, հայրը կատաղածի մեկն է, որ որոշել է,  ամեն գնով կանի ինչ ցանկանա…>
Կարինեն դուրս եկավ ՛՛Երգչախմբային միության՛՛ շենքի մուտքից:
Մոտեցավ, անխոս բացեց մեքենայի դուռը, նստեց ու նայեց Սմբատին:
- Մայրդ ինչպե՞ս է, առայժմ ոչինչ չկարողացա անել, մի երկու օր ինձ ժամանակ է հարկավոր, գումարը մեծ է, հայրիկիցս չեմ կարող խնդրել:
- Հայրդ մեր մասին չգիտե, որ իմանա ինձ կսպանի, նա հույսեր է փայփայում որ դու ամուսնանալու ես Դավիթի հետ, Վարդանի տղայի, բայց…
- Մի մոռացիր, ես ոստիկանի դուստր եմ, մի բան կմտածեմ, միայն թե մայրդ դիմանա գոնե երկու օր:
- Դա ի՞նչ պետք է տա, Կառ, հաշված օրեր են մնում:
- Ես երեկ ամառանոցում գտա հորս չհրկիզվող պահարանը, , միայն շատ չարչարվեցի չկարողացա թվային կոդը գտնել, պատկերացնո՞ւմ ես, պահարանը մորս զգեստապահարանի մեջ է:
- Կառ, հարկավոր չէ, ճիշտ չենք անում:
- Ինչպե՞ս թե, ամբողջ ոսկեղենս վաճառել եմ, տոմսերը գնել, մնում է միայն փողը, ես հաստատ կճարեմ, դու մի մտածիր:
Սմբատը գրպանից մի ծխախոտ հանեց, հետո ձեռքն ակամա մտցրեց կողքի գրպանը դուրս եկավ  ոսկեզոծ կրակայրիչը:
- Սա քեզ որտեղի՞ց, հայրիկինս է, իմ ու մամայիս նվերը նրա հիսնամայակի կապակցության առթիվ:
- Մոռացավ մեքենայիս մեջ, տարա ամառանոց, նրանք այնտեղ են: Վաղը կվերադարձնեմ:

* * *
Հիվանդանոցի հինգերորդ հարկում իրարանցում էր:
- Կաթիլայի՛ն, շտա՛պ 542, Շահինյանին կանչեք այնտեղ, արագացրե՛ք…
Սմբատը Կարինեին մոռացած վազեց դեպի հիվանդասենյակ:
Մայրը հազիվ էր շնչում, երկար նայեց սենյակ մտած Սմբատին, փորձեց ժպտալ ու հասկացնել, որ կարծես թե ամեն ինչ կարգին է:
Հետո սենյակ մտավ Կարինեն:
Մոտեցավ հիվանդին, որին արդեն կաթիլային էին միացրել:
- Կարինե ջան, - մի կերպ խոսեց մայրը, - քեզնից շատ շնորհակալ եմ, կարծես թե վերջս եկել է: Հիմա լավ եմ, կանցնի կգնա:
- Ամեն ինչ լավ է լինելու, վաղը կամ մյուս օրը  թռչում եք Գերմանիա, ես ամեն ինչ կարգավորել եմ:
Սմբատը զարմանքով նայեց այդքան հեշտ հուսադրող աղջկան ու մտածեց թե ինչպե՞ս է լինելու վաղը, մյուս օրը, դրանց հաջորդող մնացած օրերն ու ակամայից գլուխը բռնեց:
Ներս մտավ բուժող բժիշկը՝ Շահինյանը:
- Կարծես լավ ես հա՞, Հասմիկ մայրիկ, տես սրտի աշխատանքն էլ է կարծես նորմալանում:
Հետո բաց թողեց տիկին Հասմիկի ձեռքն ու գլխով Սմբատին հասկացրեց դուրս գալ:
Միջանցքում ծխախոտ դրեց բերանը, Սմբատը կրակայրիչը մոտեցրեց նրան:
- Ինչ լավն է, ոսկո՞ւց է:
- Չէ, ոսկեզոծ, բժիշկ..
- Մեկ, երկու օր, ես անզօր կլինեմ, հասկացիր, նաև տարիքն է խանգարում, Սմբատ դրա դեմ պայքար չկա, միայն արտասահման, ի՞նչ եղան թղթերը ես պատրաստել տվել էի Կարինեին, գումար չճարվե՞ց:
Սմբատը ձեռքերը տարածեց ու անօգնական նայեց հիվանդասենյակի դռանը, որի  վերևի մասում սև տառերով պարզ գրված էր ՛՛՛542՛՛:
Բժիշկը հեռացավ:
- Սմբատ ջան այդ հեռուստացույցը միացրու ու գնացեք Կարինեի հետ, ես լավ եմ արդեն, դու էլ սոված կլինես, գործից հետո: Վաղը կգաս տղա ջան, մի տեսակ մտախոհ ես:
Սմբատը մոտեցավ վճարովի միացող հեռուստացույցին, գրպանից մանրադրամ հանեց ու գցեց միացնող փոքրիկ արկղի մեջ:
- Վայ, պապայիս ընկերն է՝ Վարդան Ոսկանյանը:

Էկրանից Սմբատին էր նայում ծանոթ մայորը:

<Իրականացնելով ամիսների ընթացքում ձեռք բերված օպերատիվ տեղեկատվությունը, որ Սարմենի 24 հասցեում՝ ընդհատակյա գործող հասարակաց տանը թաքնվում են իրավապահների կողմից որոնվող բազմաթիվ հանցագործություններ կատարած Մ.Հ.-ն  և Գ.Բ.-ն, ոստիկնության աշխատակիցների կողմից կատարվեց զինված ստուգայց:
Ցավոք ոստիկանների կողմից իրականացված միջոցառումն արդյունք չտվեց:
Ենթադրվում է, որ հույժ գաղտնի պահված միջոցառման մասին դեռևս անհայտ անձանց կողմից տեղեկացվել են հանցավոր խմբի, ինչպես նաև ընդհատկյա հասարակաց տան աշխատակիցները…>

* * *
- Կառ, քեզ տուն տանեմ, ես նորից վերադառնամ հիվանդանոց լա՞վ, մայրիկիս հայացքը շատ տխուր էր:
- Այսօր մնա ինձ մոտ, մերոնք չեն գալու տուն, նրանք հաճախ են մնում ամառանոցում, համ էլ միևնույն է եթե գալու լինեն, քեզ են զանգելու, կմնա՞ս:
- Մի բան պետք է քեզ ասեմ, միայն չգիտեմ ինչպե՞ս…
- Դե ասա, էլ ինչ ես ձգձգում, լավ բան ես ասելո՞ւ, որ ինձ սիրո՞ւմ ես…ասա՛:
- Չէ, դու հիշո՞ւմ ես մամայիս հիվանդասենյակի համարը:
- Ոչ, ինչո՞ւ դա ինչ կապ ունի, քեզ ի՞նչ եղավ, Սմբա՛տ:
- 542, դա քո հայրիկի չհրկիզվող պահարանի համարն է, ես այսօր պատահմամբ լսեցի:
- Կանգնեցրո՛ւ մեքենան, դա՛ ստո՞ւյգ է:
Սմբատը ձայն չհանեց: Լուռ Կարինեին մեկնեց կրակայրիչը:
- Դա թող մնա քո մոտ: Իսկ հեռախոսդ անջատիր:
- Ինչո՞ւ, հեռախոսս ի՞նչ կապ ունի:
- Դա քեզ ոստիկանի դուստրն է ասում, - ծիծաղեց:
Կարինեն սկսեց հավաքել հեռախոսահամար:
- Մա՞մ, որտե՞ղ եք, ամառանոցո՞ւմ, չե՞ք գալու, մա՛մ, խնդրում եմ եկեք, ես լավ չեմ, պապայի հետ, եթե կարող եք արա՛գ, մի տեսակ սիրտս է, չեմ հասկանում:
Հեռախոսն անջատեց, դրեց պայուսակի մեջ:
- Քշիր ամառանոց, արա՛գ:

* * *
- Ընդամենը ինը տարի է անցել ու այսքան փոխվել է Երևանը: Արդեն երրորդ օրն է ման եմ գալիս, չեմ գտնում նրանց տեղը:
- Դե լավ, բանի հետևից ես ընկել, ինչի՞դ է պետք, եթե իրոք շատ պետք է, ես կարող եմ գտնել, բայց վախենամ թե քեզ դուր չգա:
- Ինչո՞ւ, ի՞նչը պետք է դուր չգա:
- Ավելի լավ է Գերմանիայից պատմես, ի՞նչ ես անում, ինչպե՞ս ես ապրում:
- Սովորական, աշխատանք կա, մայրս լավ է, դե ճիշտ է արդեն տարիքն իրենն ասում է բայց փառք Աստծո:
- Քո անսպասելի անհետանալուց հետո շատ բան փոխվեց, չէի ցանկանա քեզ պատմել բայց դե որ ցանկանում ես, ի՞նչ արած:
Քո հնարավոր աներոջը բռնեցին, ամբողջ գույքի բռնագանձմամբ, կինը չդիմացավ, մեկ տարի հետո ինքնասպան եղավ: Կարինեի մասին ոչինչ չգիտեմ, բայց կարծեմ ձեռքից գնացել…
- Ինչե՞ր ես խոսում, ի՞նչ ձեռքից գնալ, պարզ ասա՛:
- Չգիտեմ, մի հինգ տարի առաջ առաջ հանդիպեցինք, պատահաբար, աղջիկներ էինք կանչել հյուրանոցի համար, ինքն ինձ ճանաչեց, կներես դու ինքդ ցանկացար իմանալ:
 Հոր վրեժը ինչ որ մարդիկ նրանից էին առել, մի քանի բառով ասաց ու էլ չեմ հանդիպել:
- Իսկ ինչպե՞ս եք այստեղ այդ աղջիկներին կանչում, որտեղի՞ց, ի՞նչ համարով:
- Թեթև տար, ամեն ինչ անցողիկ է:

* * *
Հյուրանոցի սենյակների սպասուհին դուրս էր գալիս համարից, երբ Սմբատը մոտեցավ:
- Քեզ, անունդ ի՞նչ է, հինգ դոլարանոց էի թողել սեղանի վրա, վերցրեցի՞ր:
- Անունս Աստղիկ է, ոչ մեզ չի կարելի ոչինչ վերցնել, թերևս միայն օգտագործած օծանելիք:
- Մտնենք ներս, դա՛ քոնն է, համ էլ մի խնդրանք ունեմ:
Հյուրանոցի համարը մաքուր ու կոկիկ հավաքված էր:
- Աստղիկ, հասկանում ես ինձ հարկավոր է, դե ինչպես ասեմ, այն որ…
- Ինչ, պարզ ասեք, ես կաշխատեմ ինչ որ հնարավոր է:
- Դե, ժամանակ անցկացնելու համար, եթե հեռախոս կամ հասցե գիտեք,:
- Հասկացա, ես կկազմակերպեմ, դուք միայն ժամն ասացեք:

Սենյակ մտավ դեղնավուն մազերով ու շրթներկը հաստ քսած մի աղջիկ:
- Բարև ձեզ, ես Լոլան եմ: Հուսամ գոհ կմնաք, ժամն արժե հիսուն դոլար:
- Լոլա, ուղղակի խմենք, զրուցենք, ես կվճարեմ ինչքան որ ասացիք:
Աջիկն ուշադիր նայեց ու ուսերը  թոթվեց:
- Իմ բախտն ինձ հետ է, միշտ մի բան լինում է, մեկ ժամից ավել հո չեք զրուցելու, իսկ օրս կանցնի…
- Ես ավելին կվճարեմ, մի անհանգստացիր, եթե մի փոքր հարցում ինձ օգնես:
- Դե լավ, անցնենք դու-ի, շամպայն լցրու:
Փրփրացող հեղուկը դանդաղ լցվում էր բաժակը:
Լոլան, գլուխը կախ պայուսակում ինչ որ բան էր փնտրում:
- Լոլա, ես քեզ հինգ հարյուր կտամ, միայն պետք է ինձ համար գտնես մեկին:
- Իսկ ե՞ս, ես ինչով եմ պակաս, կարող եմ ամեն ինչ… միայն վճարիր, գո՛հ կմնաս:
- Չէ, դու ինձ չհասկացար, դա ուրիշ հարց է: Ինչքան գիտեմ ձերոնցից է, անունը Կարինե, երգչուհի է եղել:
- Այստեղ բոլորը կեղծանուններով են, իմ անունն էլ Լոլա չէ, բայց ոչինչ, դու  ի՞նչ է ոստիկան ես:
- Ոչ, ես արտասահմանից եմ, խնդրում եմ, կօգնե՞ս:
- Դե մի որևե բան ասա, որ կարողանամ, միայն անուն ազգանունով դժվար թե գտնեմ:
- Դե մոտավորապես քեզնից մի ութ տարով փոքր, քո կազմվածքին…Նա իրեն միշտ ոստիկանի դուտր էր անվանում, չգիտեմ դա քեզ կօգնի՞:
- Դժվար, բայց կփորձեմ, ծխախոտ տուր:
Սեղանին հայտնվեց KENT- մի տուփ, հետո Սմբատը վրան դրեց ոսկեզոծ մի կրակայրիչ:
 - Ինչ գեղեցիկն է, կնվիրե՞ս, կգտնեմ, խոսք եմ տալիս:
- Ոչ, հիշատակ է չեմ կարող,- Լոլայի ձեռքից վերցրեց ու դրեց գրպանը:
- Ուրեմն կտաս հազար դոլար, ես կգտնեմ երկու օրից:
- Ոչ, ասացի հինգ հարյուր և վերջ: Երկու հարյուրը հիմա, մնացածը…
- Երեք հարյուրը հիմա ու երեկոյան դու կստանաս: Ես մեկին գիտեմ կարծեմ ոստիկանի աջիկ է եղել: Հաստատ չեմ հիշում բայց նման է քո նկարագրածին: Իսկ հիմա ինչո՞ւ ժամանակ կորցնել:
Լոլան մոտեցավ, նստեց ծնկներին ու ձեռքերով փաթաթվեց Սմբատին:
Սկսեց շոյել գլուխը, մեջքը, հետո ավելի ամուր գրկեց:
Սմբատը համարյա չէր դիմադրում:

* * *
Արթնացավ դռան թակոցից:
Շամպայնից ու Լոլայի հետ կատարվածից գլուխը դեռ պտտվում էր:
Օրորվելով մոտեցավ ու բացեց դուռը:
Աստղիկն էր՝ սպասուհին:
- Նամակ ունեք:
Ծրարի վրա ծանոթ ձեռագրով գրված էր ՛՛Կարինե՛՛:
Անհամբեր բացեց ծրարը:
Ծրարի մեջ երկու հատ հարյուր դրամանոց դոլարներ էին ու մի ծալած թուղթ:

<Սիրելիս, շատ երկար եմ սպասել քեզ, շատ:
Երբ եկա քնած էիր, համարյա չես փոխվել:
Ծրարում պակասող հարյուր դոլարը տվեցի Աստղիկին՝ սպասուհուն, քեզ մոտիկից տեսնելու համար, փոխարենը նրանից աննկատ վերցրեցի ինձ պատկանող կրակայրիչը, այն ինձ համար շատ թանկ արժե:
Այն գիշեր ես շատ սպասեցի քեզ, չէ որ ես միայն մեկ տոմս էի գնել՝ մայրիկիդ համար:
Ցավում եմ, որ ինձ հիշում ես որպես միայն ոստիկանի դուստր, ես միշտ հպարտացել եմ դրանով: Այս տարիների դառը կյանքը ինձ շատ են փոխել, քան քո հիշողությունում եմ մնացել:
Չփնտրես ինձ, չես գտնի:
Համբուրում եմ
Կարինե >

Ս.Ումառ

Комментариев нет: