Արյունոտվելու
աստիճան քսվելով արդեն մերկացած ծառի ճյուղերի կատարներին, տանիքներին, քերծվելով
ու ցավից ձայն չհանելով` լուսաբացը մոտենում էր պատուհաններին:
Ֆրանսիական
լուսաբացն իր բոլոր էլևէջներով տարբերվում էր հայկականից, որը միշտ ավելի հարուստ
էր գույներով ու ավելի զգայելի:
Վերջապես
իրականացավ երազանքը:
Արդեն
տասնհինգ տարի է, ինչ այստեղ է ու դեռ չի կարողանում ցանկացած պարագայում
համեմատություն չանել Հայաստանի ու Ֆրանսիայի միջև:
Վաղուց էր
երազում լինել պատմական հայրենիքում, և հիմա կարծես իրականացավ երազանքը:
Հաղթելով
դաշնակահարների մրցույթում` նվաճել էր Հայաստանում համերգներով հանդես գալու
հնարավորություն:
Արսեն
Թաշչյանը` արդեն անվանի դաշնակահարը, նայում էր աստիճանաբար լուսավորվող պատուհաններին:
Երեկ էր,
երբ ուսուցչուհին` Սիսիլ Լենդրյուն վերջին ցուցումներն էր տալիս նրան:
- Այս ակորդը
վերցնելիս անպայման շունչդ կպահես, դաստակդ պետք է մի քիչ իջնի:
Այս պահը
ամենագլխավորն է, ժյուրին հիմնականում դրան է ուշադրություն դարձնելու:
Դեռ երեք
տարի առաջ էր, երբ մի անգամ ինչ-որ ակորդ ճշտելու համար Սիսիլն այնքան մոտեցավ, որ
փորը կպավ Արսենի ձեռքին, իսկ լանջաբացվածքր հայտնվեց ուղիղ աչքերի դիմաց, ու Արսենն իրեն
չկորցրեց: Համբուրեց շրջազգեստից երևացող կուրծքը: Սիսիլ Լենդրյուն չկարողացավ կամ
չցանկացավ դիմադրել ցանկությանը, ու խախտելով աշխատանքային կանոնները` հանձնվեց
անփորձ Արսենին:
Այդ օրվանից
էլ սկսվեց ոչ միայն դաշնամուրի, այլև սեռական դասերի մի երկար ու հաճելի
ժամանակահատված:
* * *
- Արսե´ն,
վե´ր կաց, սուրճի ժամն է: Հիմա Պերճուկն էլ կգա,- մայրն է` տիկին Վարդուհին:
Պերճուկն էլ
հարևանի աղջիկն է` Պերճուհին, որին չգիտես ինչու, և´ հայրը՝ պարոն Սարգիսը, և´
մայրը անպայման ցանկանում են տեսնել որպես իրենց հարս:
Պերճուհին
անտանելի թափանցիկության հասնող սպիտակ մարմին ունի, ու ծիծաղելիս էլ` երևում են
կարմիր լնդերը:
Ճիշտ է, նա
երտասարդ է` ընդամենը քսանմեկ տարեկան, բայց Արսենի աչքում մի քանի տասնյակ անգամ
զիջում է իր Սիսիլին:
Սիսիլը
երեսունհիգ տարեկան է, բայց ավելի կենսուրախ ու ձգող:
- Նորի´ց
Պերճուկ: Ի՞նչ է, առանց նրա սուրճ չի՞ խմվի: Մա´մ, իմ սուրճը բեր այստե´ղ, լա՞վ:
- Լա´վ ընտանիքի
աղջիկ է, եզակի` ազնիվ, աչքը` բաց, ինչո՞ւ չես հավանում, չեմ հասկանում:
Ես և հայրդ
երեկ գիշեր որոշեցինք, որ իմ փոխարեն քեզ հետ հայրենիք պետք է գա Պերճուհին: Չեմ
կարող հորդ մենակ թողնել, իսկ Պերճուկը կլինի քո գործավարուհին ու նվագելիս կլինի
կողքիդ, գոնե նոտաներդ կշրջի: Համ էլ իր հայրենիքում չի եղել երբեք:
- Մա´մ, իմ
փոխարեն դո՞ւք եք որոշել: Ես չեմ ցանկանում…
- Լավ էլ
կցանկանա´ս, - սուրճի բաժակը ձեռքին`Արսենի ննջարան մտավ հայրը:
Երբ մայրը
դուրս եկավ ննջարանից, հայրը տեղավորվեց
փոքրիկ բազկաթոռին, հանեց ակնոցներն ու…
- Քո այդ
Սիսիլը քեզ ապագա չէ: Ի՞նչ է, քեզ թվում է` ես չե՞մ հասկանում: Մորդ կխաբես, բայց
ո´չ ինձ: Վերջացրո´ւ , համարյա մորդ հասակակիցն է: Ա´յ, Պերճուկը…
- Արսե´ն,
հագնվի´ր, արի´, Պերճուկը եկավ, քեզ նվեր է բերել:
Երբ Արսենը
մտավ հյուրասենյակ, Պերճուհին վեր կացավ բազկաթոռից, չգիտես ինչու` կարմրած
դեմքով Արսենին մեկնեց մի դրամապանակ:
* * *
Ինքնաթիռում,
ինչքան էլ փորձեց ուսով հետ մղել քնած Պերճուկի գլուխը, չհաջողվեց:
Հետո մտքերը
տարան Հայաստան: Հիշեց իր դպրոցը, դասարանը, դասարանցիներին, հատկապես` երգի
ուսուցչուհուն, որն ամենանորաձևն էր համարվում դպրոցում, ամենակարճ շրջազգեստն էր
հագնում, ու բոլոր տղաները սիրահարված էին
նրան:
* * *
Երևանն
ընդունեց իր մառախլապատ երկնքով ու ժամանակակից օդակայանով, որն Արսենին շատ դուր
եկավ:
Դիմավորելու
էին եկել Մշակույթի նախարարության աշխատակիցներ` ծաղիկներով ու ժպտացող դեմքերով:
Առանձնանում
էր հասակակից մի տղամարդ, որը բոլոր ծաղիկները Պերճուհուն տալուց հետո մտավ Արսենի
թևն ու մի կողմ տանելով` ասաց.
- Ձեզ
տեղավորելու ենք Օպերայի և բալետի շենիքին շատ մոտ`<Հին Էրիվան>
հյուրանոցում, որ հարմար լինի: Մի հարց
կարելի՞ է: Ձեզ երկուսիդ մեկ ընդհանո՞ւր համար է անհրաժեշտ, թե՞ առանձին-առանձին:
Ասացեք, որ մինչ տեղ հասնելը ես զանգեմ, զգուշացնեմ:
- Իհարկե,
առանձին-առանձին: Ի՞նչ հարց է:
- Արսե´ն,
մենք դեռ խոսելու շատ բան ունենք` համերգներիդ առնչվող, - միանգամից դու-ի անցավ նախարարության աշխատակիցը:
- Կլինեն
բազմաթիվ առաջարկներ` օրակարգից դուրս: Հուսով եմ` ինձ կվստահես քո ֆինանսական
հարցերը, դեմ չես լինի: Իմ անունը Մեսրոպ է:
- Դե, ո´չ,
իհա´րկե, Մեսրո´պ,- Արսենը միանգամից հասկացավ դիմացինին:
- Ցանկացած
պահի կարող ես զանգել,- Արսենին մեկնեց այցեքարտը:
* * *
Հյուրանոցի
համարներն իրար կողքի էին:
Տեղավորելով
իրերը` Արսենը ոտնաձայներ լսեց: Պերճուհին էր:
- Առանց
թակելու մյուս անգամ չմտնե´ս ներս, մի՞թե չես հասկանում:
- Եկա
անկողինդ դասավորեմ, Արսե´ն, ինչո՞ւ այդքան կոպիտ: Եվ հիշի´ր, միշտ դուռդ փա´կ
պահիր:
Նորից
երևացին կարմիր լնդերը, որոնք ազդում էին Արսենի նյարդերի վրա:
- Զբաղվի´ր
քո գործերով, հասկացա՞ր: Դու միայն իմ նոտաներին կհետևես:
* * *
Համերգներն
անցնում էին անկանխատեսելի հաջողությամբ:
Ամեն
համերգից հետո երկրաչափական պրոգրեսիայով ավելանում էին դոլարների տեսքով
հոնորարները ,որոնք խնամքով հավաքվում էին Պերճուհու կողմից նվիրած դրամապանակի
մեջ:
Ավելանում
էին նաև կանանց ու աղջիկների այցեքարտերը` շարժելով Պերճուհու անիմաստ ու
անցանկալի խանդը:
Մեսրոպին և Արսենին
հաջողվում էր բարձրացնել տոմսերի գները և ավելացնել համերգների քանակը:
<Վերջապես մի բնակարան կգնեմ Փարիզում, որտեղ կարող
եմ ընդունել Սիսիլին այնպես, ինչպես ես եմ
երազել>:
Արսեն
Թաշչյանը գոհ էր իր ճակատագրից, ինչպես երբեք:
Այնքան
կլանված էր գործով, հատկապես` չնախատեսված համերգներով, որ չկարողացավ մի կարգին տեսնել
իր` երբեմնի այդքան սիրած Երևանը:
Որոշել էր,
որ վերջին համերգից հետո երկու օրվա ընթացքում գոնե կշրջի մի քիչ:
…Վերջին համերգը Ֆիլհարմոնիայի մեծ դահլիճում էր:
Ավարտից հետո, երբ մտավ տնօրենի մոտ ու մի անգամ էլ հարստացրեց իր դրամապանակը,
համարեց, որ կատարել է իր առջև դրած խնդիրը:
* * *
- Նորից
դուռը չես փակել, Արսե´ն,- Պերճուհին մտավ Արսենի համարը:
<Ավելորդ
է սրան բան հասկացնել>,- մտածեց Արսենն ու տեղից վեր կացավ:
- Մենք վաղն
առավոտյան վերադառնում ենք: Մնաց մեկ գիշեր, հավաքի´ր իրերդ կամաց-կամաց: Ես դուրս
եմ գալիս մի վերջին անգամ գիշերային Երևանը տեսնելու:
- Ես էլ եմ
ուզում, Արսե´ն…
- Ոչ, դու
հո իմ ստվե՞րը չես: Հանգիստ նստի´ր տեղդ, ի՞նչ ես կպել ու պոկ չես գալիս:
Իջավ առաջին
հարկ, նայեց բազկաթոռների մեջ նստածներին, որոնցից շատերըին արդեն ճանաչում էր,
բարևեց գլխով և, երբ ցանկանում էր դուրս գալ, տեսավ ներս մտնող մի աղջկա:
Ճանապարհ
տվեց ու հետո կարծես փոշմանելով` հետևից կանչեց.
- Ընկերուհի~,
դուք լա՞վ գիտեք Երևանը:
Աղջիկը
գլխով արեց ու մոտեցավ:
Դուրս եկան
փողոց:
- Ի՞նչ է
պետք, իհա´րկե գիտեմ, ուզո՞ւմ եք ուղեկցեմ:
- Ինձ
հարկավոր է մի լավ խանութ`կանացի հագուստի, մորս համար նվեր եմ գնելու:
- Մեզ մոտ
լավ խանութներում ամեն ինչ թանկ է, եթե …
- Ունեմ,
իհարկե,- Արսենը ծոցագրպանից հանեց ու ցույց տվեց ցմփոր դրամապանակը:
Երկար շրջեցին:
Սրճարանում աղջիկը պատմեց, որ ապրում է հիվանդ մոր և փոքր քրոջ հետ և ստիպված է
ընտրել հին մասնագիտությունը, ուրիշ աշխատանք չկա:
Լաց եղավ`
զարմացնելով Արսենին, որ Հայաստանում էլ կա
նման խնդիր:
Հետո մի քիչ
խմեցին:
Երկուսն էլ
գինովցած էին, երբ մոտեցան շքեղ ցուցափեղկով մի խանութի:
Արսենն
աղջկան առաջարկեց միասին ընտրել կանացի հագուստ:
<Նույն
Սիսիլի կազմվածքին է, նրա հագով էլ կառնեմ>:
Երբ մի մեծ
տոպրակով պատրաստ էր Սիսիլի համար գնված նվերները, որոնց մեջ կային նաև կանացի
թանկագին ներքնաշորեր, աղջիկը` Աննան, կասկածանքով հարցրեց.
- Քո մայրն
իմ կազմվածքի՞ն է:
Արսենն
առանց ձայն հանելու դրամապանակից հանեց ու նրան մեկնեց հարյուր դոլարանոց
թղթադրամ:
- Գնի´ր,
ինչ կամենում ես, քեզ կամ քրոջդ համար, ես այստեղ կսպասեմ:
Դրամարկղում
վճարելուց հետո աղջիկը բռան մեջ սեղմած
դրամի մանրը մեկնեց Արսենին:
- Թո´ղ, դա
քոնն է:
Մտան
հյուրանոց: Դեպի վեր տանող աստիճաններին կանգնած էր Պերճուհին ու եղունգներն էր
կրծում:
Զարմացած
նայեց իր կողքով անտարբեր անցնող զույգին ու անօգնական ձեռքերն իջեցրեց:
* * *
Համարում
երկուսով էին:
- Ես քեզ
այնպե´ս կսիրեմ, ինչպես` ո´չ ոք, Արսե´ն: Դու երևի չգիտես, թե ինչ կարող եմ ես անել
տղամարդուն: Ես կարողանում եմ շնորհակալ լինել: Միայն հարկավոր է խմիչք գնել: Ուզո՞ւմ
ես, ես կգնամ բերելու:
- Ո´չ,
լողասենյակն այնտե´ղ է, - ձեռքով ցույց տվեց Արսենը, - ես հիմա կգամ:
Երբ հրեց
դուռը դուրս գալու համար, հասկացավ, որ ինչ- որ մեկին հրեց:
Պերճուհին
էր:
- Դու ի՞նչ
է, լրտեսո՞ւմ ես: Զզվեցի´ր արդեն, ինչո՞ւ չես քնել, ո՞ր մեղքիս համար ես ծնվել:
- Արսե´ն,
այդպես չի կարելի: Դրանք թեթևաբարո աղջիկներ են: Դու ի՞նչ է…
- Քո գործը
չէ, կորի´ր աչքիցս:
* * *
Աննան
կիսամերկ պառկած էր անկողնում, երբ Արսենը մի շիշ <Աշտարակ> ձեռքին մտավ ներս:
Նստեց
անկողնուն, բացեց գինու շիշը, լցրեց
բաժակները…
- Լողասենյա´կ,
Արսե´ն, արա´գ, մինչև ես էլ սուրճ պատվիրեմ:
… Առաջին
բաժակից հետո Արսենը զգաց, որ գլուխն անսովոր
պտտվում է, ու կոպերը ծանր կապարների նման իջնում են աչքերին: Փորձ արեց
գրկելու Աննային, բայց բերանքսիվայր ընկավ անկողնուն:
….Առավոտյան,
երբ բացեց աչքերը, գլուխն անտանելի ցավում էր, սենյակում խառնիխուռն թափված էին
իրերը:
Աչքերով փնտրեց
ու չգտավ Սիսիլի համար գնված նվերների այն մեծ, գեղեցիկ տոպրակը, որ դրել էր
բազկաթոռին:
Արագ վեր
կացավ, մի կերպ քայլեց դեպի հատակին ընկած բաճկոնը, փնտրեց ու գրպաններում չգտավ դրամապանակը:
* * *
Արյունոտվելու
աստիճան քսվելով արդեն մերկացած ծառի ճյուղերի կատարներին, տանիքներին, քերծվելով
ու ցավից լուսային ձայներ հանելով`
Երևանյան լուսաբացը մոտեցել էր պատուհաններին:
Դուռը
բացվեց ու ներս մտավ Պերճուհին:
- Սուրճ
պատվիրե՞լ ես: Մեկ ժամից շարժվելու ենք: Ի՞նչ
է այստեղ կատարվում, Արսե´ն:
- Դո´ւրս
այստեղից, դո´ւրս,- բղավեց Արսենը, ու ձեռքով սկսեց ինչ-որ բան փնտրել, որ շպրտի
դեպի նա:
* * *
Ինքնաթիռում,
ինչքան էլ փորձեց ուսով հետ մղել քնած Պերճուկի գլուխը, չհաջողվեց:
Հետո մտքերը
Փարիզում էին: Պատկերացրեց, թե ինչպես է նայելու հորը, մորը, որոնց Պերճուհին
անպայման կպատմի եղածը:
Պետք է ինչ-որ
կերպ համոզել Պերճուհուն, որ լռի:
Պերճուհին տեղում
շարժվեց, բացեց աչքերը, ժպտաց` ցույց տալով կարմիր լնդերը:
Արսենի
ջախջախված հայացքն այս անգամ զզվանքով չթեքվեց նրանից, այլ զարմացած՝ ավելի ուշադիր նայեց չգիտես ինչու
ժպտացող այդ թյուրիմացությանը:
Պերճուհին
բացեց ծնկներին դրած պայուսակը, միջից հանեց դոլարների մի խուրձ ու մեկնեց
Արսենին:
- Երբ նա
լողարանում էր, դու էլ իջար գինի գնելու, ես քո դրամապանակը լցրեցի այցեքարտերով,
իսկ դրամը վերցրեցի: Քանի անգամ էի ասել, որ դուռը փակ պահես:
Իսկ
դրամապանակ` ես քեզ նորը կնվիրեմ, հիմա´ր Ռոմեո…
Комментариев нет:
Отправить комментарий