Հեղինակային իմ իրավունքով
Թույլատրում եմ,
անկախ տարիքից,
անկախ սեռից,
անկախ սոցիալական դրությունից,
անկախ խնամի - բարեկամական կապերից…
ցանկացած կարդացողի այս տողերը վերագրել, որպես նամակ ուղղված
իրեն…
Ս.Ումառ
Ունես ընտրելու իրավունք
ապրել սիրելով թե առանց սիրո…
Առանց սիրո իհարկե չես
մահանա, կարող ես նորմալ սնվել, քնել, բայց այս դեպքում քո կյանքը երբեք չի լինի
պայծառ ու լիարժեք, որովհետև անընդհատ զգալու ես տագնապ, պարուրված ես լինելու
թախիծով, անտեղի բարկանալու ես հենց ինքդ քեզ վրա…
Անընդհատ քեզ տանջելու է
ներքին մի դատարկություն ու պատրաստ կլինես այդ դատարկությունը լցնել ինչով որ
պատահի, միայն թե չզգաս դատարկության զգացումը, բայց երբեք երջանիկ չես կարող
լինել, եթե Սեր չլինի…
Երբ սպասում ես ինչ որ մեկին, մի տեղդ անպայաման ցավում է…
Երբ սպասում ես ինչ որ մեկին, մի տեղդ անպայաման ցավում է…
Այդպես է, կարծես մեջդ սկսվում է մի բորբոքային պրոցես ու
տանջում մի անտանելի կերպ:
Այդպիսի պրոցեսների ժամանակ խորհուրդ է տրվում ցավող տեղն անպայման ողողել աղաջրով…
Աղը կյանք է, աղաջուրն էլ մեղմացնող մի լուծույթ, բայց այդ
բոլորն իմանալով մեկը մեկի ետևից դատարկում եմ սուրճի բաժակներն ու սպասում,
սպասում…
Մատուցողուհին իմ այժմյա կյանքն է, արդեն վաղուց անտարբեր է
ինձ, մոտենում է, նոր գավաթը դնում, հինը վերցնում ու շորորալով հեռանում, վստահ,
որ անպայման նայելու եմ իր ետևից:
Մատուցողուհին անտարբեր…
Աշխարհն անտարբեր…
Դու անտարբեր…
Իրոք աղաջրի ժամանակ է:
Ինչ որ տեղ, ինչ որ համաստեղությունից լսվում է մի հիասքանչ
երաժշտություն, միգուցե միայն ես եմ լսում, ես՝ Երկրի մարդս, որն արդեն կարծես
մահանում է սպասելով, բայց ամեն անգամ ոտքը կախ է գցում, չի շտապում, ցանկանում է
անպայման լսել այդ հիասքանչ երաժշտության վերջին ակորդները ու նորից….սպասում:
Ես գիտեմ, որ հյուր եմ այս աշխարհում, գիտեմ նաև որ կգա
ժամանակը ու ես կհեռանամ դեպի հավերժություն, բայց չգիտեմ ինչ եմ վերցնելու ինձ
հետ:
Երկար մտորումներից հետո որոշել եմ ինձ հետ տանել ինձ համար
ամենաթանկ բանն աշխարհում՝ իմ Սերը…
Բայց ես այն նվիրել եմ Քեզ, իսկ նվերը հետ չեն վերցնում, ի՞նչ անեմ:
Իմ սիրտն այն եզակի նվերներից է, որ կարող եմ նվիրել ցանկացած
ժամանակ՝ ձմռանը, աշնանը, ամռանը, գարնանը, ցանկացած տոնի առթիվ…բայց ԱՌԱՅԺՄ ես
երկրային եմ, իսկ
Երկրի վրա միշտ այսպես է՝ ցանկանում ես Սերը ոչ թե նվիրել այլ
միայն ՍՏԱՆԱԼ, ՍՏԱՆԱԼ…
Մատուցողուհին անտարբեր…
Աշխարհն անտարբեր…
Դու անտարբեր…
Ես շատ եմ լացեցրել քեզ իմ Սեր, շատ եմ նաև ուրախացրել, դա իմ
միակ նվերն է Քեզ, իսկ դու գիտե՞ս ինչ է նշանակում նվիրել ՍԵՐ, եթե գիտես ու նորից
ստիպում ես ինձ սպասել, ուրեմն…
Զարկերակս կրկնակի է զարկում, հուշելով, որ զարկում է երկու
հոգու համար, ափերիս մեջ զգում եմ սրտիս անհանգիստ թփրտոցն ու զգում, որ դա կարող
է լինել միայն նրանից, որ երկար,շատ երկար
պահել եմ քո ափն իմ ափի մեջ…
Հիմա ես լսում եմ մի այլ՝ ոչ երկրային երաժշտություն՝ դա քո
քայլերի ձայնն է, որոնք ճիշտ է դանդաղ, բայց մոտենում են ինձ…
…դա այն փոքրիկ ու գեղեցիկ ծաղիկներն են, որոնց գեղեցկությունը
ես վաղուց կուլ եմ տվել ու սպասում եմ արդյունքին, զգում եմ որ սրտումս մի ինչ որ
բան կա, որ մի բան չէ այլ երկուսը՝ Երազանքն ու Հույսը…
Երկուսն էլ շատ տաք են, կրակի նման այրող ու չի ստացվի երբեք
հանգցնել նրանց…
Այսօր երազ տեսա, շուշան ծաղիկի ճյուղերով մի ծառ, այսպիսի
ծառեր Երկրի վրա չեն լինում, բայց իրոք գոյություն ունեն:
Միթե քեզ թվում է, որ երազները դրանք չեն իրականանում,
սխալվում ես Սիրելիս, եթե այդպես լիներ ապա դու այսօր չէիր կարդա գրածներս,
չնայած.
Մատուցողուհին անտարբեր…
Աշխարհն անտարբեր…
Դու…ՍՊԱՍԻՐ, դժվար է, բայց ինչ արած, այլ ելք չկա…
Հ.Գ
Ես չգիտեմ, կպատասխանես թե ոչ, դա կարևոր էլ չի, միայն վստահ
լինեմ, որ անպայման կարդացել ես, վստահ լինեմ որ Քեզ հիմա լավ ես զգում, վստահ
լինեմ, որ նվերը ետ չեն վերցնում ու հեռանամ միայնակ, Սերս թողնելով Քո մոտ,
գրավական հաջորդ կյանքում նրան հանդիպելու նուրբ խնամված ու աչքի լույսի նման
պահպանված.
Քո Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий