* * *
Առավոտյան, երբ աչքերս բացեցի զգացի, որ ինչ որ բան փոխվել է:
Դե իմ Երևանն է, նրա ամեն մի շարժը, ամեն մի շունչը ես
կարողանում եմ լսել, զգալ ինչպես իմ սեփական օրգանիզմի աշխատանքը:
Ոչ մի երկրում չկան այնպիսի մարդիկ, որ սիրեն իրենց քաղաքը
այնպես, ինչպես Երևանն են սիրում Երևանցիները:
Երբ բնակարանից դուրս էի գալիս, բանալիով փակում էի դուռս,
բացվեց հարևանի դուռը:
Արդեն երկու տարի է ինչ ընտանիքով ապրում են իմ հարևանությամբ:
Ոչ անունները գիտեմ ոչ էլ իրենց տանն եմ եղել:
- Բարի լույս, ինչպես եք,- ժպտում է ու ես տեսնում եմ ներքևի
ծնոտի վրա երևացող չորորդ ոսկե ատամը:
Նրանից հետո դուրս եկավ կինը:
- Բարի օր, հաճելի տրամադրություն ձեզ այսօր:
Այ քեզ անակնկալ:
Մուտքն ամբողջովին վերանորոգված է, ներկված բաց վարդագույն
հաճելի գույնով:
Բակում եզդի հավաքարարն է, կապույտ ջինսով ու սպիտակ
վերնաշապիկով:
Մազերը լղոզված են լեհական գեյլով:
Ձեռքի ցախավելը վիետնամական է, որը բակն ավլում է մինչև վերջին
փշուրը:
Ոչ ոք չի շտապում, բայց շարժվում են դեպի մոտակա կանգառը:
Կանգառում մի կարմիր գույնի, դեղին գծերով, մաքուր լվացած
երթուղային տաքսի է կանգնած:
Վարորդը խնամքով արդուկված ամառային կոստյումով է, սափրված ու
ժպտերես:
Կանգնել է բացված դռան մոտ ու ձեռքի գեղեցիկ շարժումով
հրավիրում է բարձրանալ մեքենա:
Ինչպես կարողացավ մեկ գիշերվա ընթացքում փոխվել Երևանը ես չեմ
կարողանում հասկանալ:
- Իսկ ի՞նչ արժե ուղեվարձը, - դիմում եմ վարորդին:
- Վաթսունհինգ դրամ, ինչպես միշտ: Դուք տեղացի՞ չեք:
- Ինձ հարկավոր է Արաբկիրի ոստիկանական բաժանմունք…
- Բարձրացեք խնդրեմ:
Ամեն մի նստատեղին մի գրքույկ է դրված:
Ես վերցրեցի մեկն ու նստեցի փափուկ կաշվե նստատեղին: Կարդում
եմ վերնագիրը. «Ինչպես ազատվել ցելյուլիտից»:
- Բոլորին խնդրում եմ կապել ամրագոտիները, շարժվում ենք: Ձեզ
սպասարկում է առաջին կարգի վարորդ Սարգսյանը:
Ես չեմ կարող չսիրել իմ Երևանը:
Ճանապարհին անընդհատ հանդիպում են գեղեցիկ ժամանակակից ոճով
կառուցված խանութներ, «Անահիտ», «Հռիփսիմե», «Կարապ», «Սայաթ Նովա», «Վան»,
«Ախթամար» անուններով:
Վերջապես հասա իմ իջնելու կանգառին, որտեղ շատ լավ հիշում եմ
պետք է որ «Երևան սիթի» լիներ, բայց չգիտես ինչու «Գայանե» անունով սուպերմարկետ
է:
Մտնում են ներս:
Անմիջապես մոտեցան երկու աղջիկներ, կարճ, շրջազգեստի կտորից
կարած փողկապներով:
- Համեցեք, Ձեզ բարի առևտուր, եթե դրամը չբականացնի,
զանգահարեք 323 համարով, Ձեր համարը կֆիկսվի մեզ մոտ, իսկ գումարը, կամ պակասող
գումարը կարող եք վճարել մեկ ամսվա ընթացքում:
Ինչպես չսիրես Երևանին, ես չեմ պատկերացնում:
- Ես ցանկանում եմ ծխախոտ գնել, ո՞ր կողմ գնամ:
- Մեզ մոտ միայն առանց նիկոտինի ծխախոտեր են վաճառվում,
կարտոֆիլի կճեպներից, արևածաղկի թերթերից պատրաստված: Խնդրեմ գնացեք աջ , հետո
ուղիղ:
…Ոստիկանական բաժանմունքը այնքան մաքուր է որ թվում է թե ինչ
որ օլիգարխի բնակարանի սանդղահարթակ լինի:
Ընդունում են բարյացակամ ու ցանկալի հյուրի նման:
- Անձնագիրն եք փոխելո՞ւ, ինչո՞ւ եք նեղություն քաշել, բավական
էր զանգահարել, մեր աշխատակիցը կգար, կբերեր: Հիմա մենք ձեզ պետք է վճարենք 130 դրամ, ձեր տրանսպորտային ծախսերը: Ցավոք
միայն այդքանը:
Ես սիրում եմ քեզ, իմ Երևան:
… Հանկարծ բարձր շատ բարձր լսվեց ռաբիս երաժշտության, երգի
ձայն:
Դիմացի շենքից է, գիտեմ:
Ուրեմն 7,52 րոպե, անցավ մտքովս ու մի կողմ շպրտելով վերմակը
վեր կացա անկողնուց:
Վազեցի ու բացեցի դրսի դուռն ու նայում եմ միջանցքին:
Պատերը քանդված են, ինչ ասես որ չի գրված պատերին:
Բացվում է հարևանի դուռն ու դուրս եկող հարևանի կինը
արհամարական նայում է իմ սատինե, մինչև ծնկներս հասնող տրուսիկին:
- Բարի լույս,- ասում եմ:
- Գրողի ծոցը դու էլ քո բարի լուսն էլ…
Ես սիրում եմ քեզ, իմ Երևան:
…Բակում կեղտից ու թափված տերևներից չի երևում ոչ ասֆալտը, ոչ
էլ հավաքարարը:
Մարդկանց դեմքերը մի տեսակ թթված են:
Կանգառում մի ճմրթած երթուղային է կանգնած, քիչ այն կողմ պպզած
է մի անթրաշ երևույթ ու անընդհատ գետնին թքելով ծխում է:
Բնական է որ վարորդն է
- Ինչ արժե ուղեվարձը,- մոտենալով նրան հարցնում եմ:
- Զզվցրիք էլի, 100 դրամ ա:
Բոլոր նստատեղերն անխտիր, կամ պատռված են կամ կիսակոտրված:
Ամբողջ ճանապարհին երևում են խանութներ կամ «Երևան սիթի», կամ
«Սթար» անուններով:
Ես չեմ կարող չսիրել իմ Երևանը:
Խանութում ոչ ոք չմոտեցավ, մի քսան րոպե հերթ կանգնեցի, որ
վճարեմ 280 դրամ նիկոտինով սիգարետի համար ու շատ ուրախ դուրս եկա:
Միլիցիայի բաժանմունքում, որ նման էր ֆաշիստների կողմից
օկուպացված ու հիմնահատակ արված մի
գյուղակի, ուղղակի երեսիս շպրտեցին:
- Առավոտ շուտ ի՞նչ անձնագիր, պետք է սպասես, տիկին Վարդանյանը
կոֆե է խմում ֆինանսական բաժնում:
Ինչպես չսիրես Երևանին, ես չեմ պատկերացնում:
Չէ, Երևանը ոչ մի տեղ էլ չի փախել, կա ու կմնա:
Նա միշտ կլինի իմ կողքին, ես միշտ նրա:
Սիրում եմ քեզ իմ հարազատ քաղաք:
Комментариев нет:
Отправить комментарий