пятница, 7 марта 2014 г.

Մարտի ութը



Դեռ երիտասարդ տարիներից ուղեղս զբաղված էր սիրահարվելով:
Դա կատարվում էր անկախ ինձնից ու զբաղեցնում էր իմ երիտասարդ ամեն մի վայրկյանը:
Սկզբից մինչ ինստիտուտ հասնելը, որոշում էի, որ պետք է սիրահարվեմ առաջին հարկում այդ օրը գտնվող որևէ մի ուսանողուհու, երկրորդ օրը երկրորդ հարկում հանդիպած որևէ մեկին, երրորդ օրը…
Սովորում էի Պոլիտեխնիկ ինստիտուտի հինգերորդ մասնաճյուղում, որը տասներեք հարկանի է:
Դժվար էր այդպես, բայց ստացվում էր:
Սովորում էի ծրագրավորողի մասնագիտություն:
Երրորդ կուրսում որոշեցի ստեղծել, ծրագրավորերել մի մեքենա՝ ՍԻՈ – 5, որը կլիներ Սիրո Իսկական Որոշիչ բառերի հապավումով, իսկ թե ինչո՞ւ 5, չգիտեի:
Ծրագրավորումը տևել էր  մեկ տարի երկու ամիս:
Մեքենան պետք է աշխատեր հետևյալ սկզբունքով, մոտենում ես, դե իհարկե ուղեղիդ մեջ Նա է այդ օրը, ձեռքերդ դնում ես փոքրիկ էկրանին, սպասում երկու րոպե ու մեքենան տպում է եզրակացությունը.
Սեր առաջին հայացքից, տևողությունը 426 ժամ:
Սեր տխուր վերջաբանով, բաժանում առաջին իսկ հանդիպումից հետո:
Սեր  երևակայական, հանդիպում չի լինի:
Սեր – միայն կիրք, ուրիշ ոչինչ:
Սեր նման ծովի ալեկոծությանը, տևողությունը 92 օր:
Սեր- հրդեհ, հանգչելու է արագ:
Սեր – մթնշաղ, կչքանա առավոտյան:
Սեր…
Սեր…
Ստացվել էր ուղիղ հազար քսան չորս պատասխան, թվում էր որ հաշվի էի առել բոլոր տարբերակները, բայց դա միայն թվում էր…

* * *
Մոտենում եմ ծաղիկներ վաճառող,ծաղկավոր շոր հագած աղջկան:
- Սպիտակ մեխակներն ի՞նչ արժեն:
- Հինգ հատը  երեք հազար, եթե շատ գնեք, կիջեցնեմ:
- Ինձ տասը հատ է պետք:
- Տաս չի լինում, կամ իննը կամ տասնմեկ:
- Ինձ տասը հատ է պետք: Ուշանում եմ:
Թե ինչի՞ց էի ուշանում, ինքս էլ չհասկացա, գերեզմանները կարող են սպասել, շատ երկար սպասել մինչ իրենց կայցելեն:

Գերեզմանները կարող են ցանկացած մարդու սովորեցնել համբերության արվեստին, լուռ ու սպասողական, ոչ հանդիմանական լռության աղմուկին…
Մորս գերեզմանաթումբն ինձ նման անհաբեր է, ես դա միշտ զգացել եմ, միշտ…

Ծաղկավոր շոր հագած աղջկա հայացքը տխրեց, մարտի ութի հայացք չէր:
- Վերցրեք հինգ հատի գնով, հիմա մեխակներ չեն գնում:
Ծաղիկների վրա գլուխը կռացրած կինը, որը ծաղիկներ էր ընտրում հայացքով, որին չէի նկատել,  ուղղվեց ու նայեց ինձ:
Հայացքում դեղինն էր խառնված կանաչ շրջանակներին ու քանի գնում գունաթափվում էր:
Հայացքը շատ էր նման ծովի մի մեծ ալիքի, ահարկու, սարսափելի հսկա, ցանկալի ու բազմաթիվ վերջաբաններով:
Մարմինը հայացքի հետ միաձուլված կարող էր իր ետևից քաշել, տանել այնպիսի հոգու տեր մարդկանց, որոնցից ոչինչ ակնկալել ոչ ոք չէր պատկերացնի:
Շուրթերի կիսաբաց լինելը, որը ոչ ժպիտ էր, ոչ էլ տխրություն, պատրաստ էր հուշելու հաջորդ ալեբախության մոտենալը:
- Ինձ հինգ հատ կարմիր վարդ, - արտասանեցին նրա շուրթերը, բայց ուղղված էին դեպի ինձ:
Ես պարզ լսեցի նրա չարտասանված արդարացումը.
«Ի՞նչ է, իրավունք չունե՞մ ինքս ինձ ծաղիկ նվիրելու:»
Լսեցի նաև իմ չարտասանած պատասխանը.
«Ունես, իհարկե ունես,  դու այն կինն ես, որը մեկնված իմ հոգու գամակի վրա օրօրվում է իմ հիշողության գետնին թափված տերևների վրա ու աչքերը բաց սպասում վերևից ընկնող հույսի փոքրիկ ու գեղեցիկ կապտա-դեղնավուն  ծաղիկներին:»

Երկուսս էլ չհասկացանք թե ինչպես հայտնվեցինք կողք-կողքի ու քայլեցինք միասին, ես իմ ձեռքում պահած տասը սպիտակ մեխակներով, նա՝ հինգ կարմիր վարդերը կրծքին սեղմած:
- Անունս Լոլա է, ուրիշ ոչինչ մի հարցրու:
Նայեցի նրա մատներին, որոնք դողում էին նուրբ դողով ու ակնթարթորեն բաց թողնում ու նորից բռնում վարդերի փշոտ կոթուկները:
Պատկերացրեցի նրան մեկ սենյականոց համեստ կահավորված սենյակում, իր գնած վարդերը ծաղկամանի մեջ դնելիս:
Մի պահ պատկերացրեցի նրա մատների նուրբ խրվելը իմ մազերի մեջ ու այդ պատկերացումից գլուխս պտտվեց:
Նրա ափերի ջերմության այցելությունը իմ գլխին ինձ հիշեցրեց իմ երազած «ՍԻՈ-5» մեքենայի պատասխանները…
Ոչինչ չհասկացա մինչ կանգառին մոտենալն ու ուշքի եկա այն ժամանակ, երբ մի անհասկանալի ուժով հինգ կարմիր վարդերը դրվեցին իմ ձեռքի մեջ:
- Սա էլ իմ կողմից կդնես մայրիկիդ գերեզմանին, հաջողություն քեզ…
Ավտոբուսը հեռացավ, լցված նրանով, իսկ ես, որ ժամանակին կարողանում էի սիրել մի ամբողջ տասներեք հարկ ու բոլորին մտապահել, մնացի մենակ կանգառում՝ երկու տեսակի ծաղիկները գրկած…

Դա ուղիղ քսանչորս տարի առաջ էր ու հիմա ինձ չեմ կարողանում ներել, որ ես այն ժամանակ չեմ կարողացել հազար քսանչորս պատասխանների հետ միաժամանակ գտնել նաև այս մի տարբերակը՝

Սեր, տևողությունը քսանչորս ժամ, երկարակեցությունը քսանչորս տարի և…գուցե ավելի:

Դա մի ուրիշ զգացմունք էր, որն իր ձեռքերով ոտքերս գրկած ինձ տանում էր գերեզմանաթմբերի շարքերի արահետներով:
Հեռվից նկատեցի մարդկանց մի խումբ:
Մի՞թե մարտի ութին էլ է թաղում լինում, լուռ մոտեցա ու կանգնեցի նրանց կողքը:
Երկու չսափրված դեմք դագաղն էին իջեցնում փոսի մեջ:
- Պահեք, տղերք ձեռք գցեք, լավ է, լավ է, այդպես, զգույշ, բաց չթողեք պարանը:
Գեղեցիկ դագաղը հասավ փոսի հատակին:
Փոսում, ոչ թանկագին փայտերից պատրաստված արկղում պառկածը երևի լսեց, որ իրեն իջեցնողն ասաց «Լավ է» ու հասկացավ, որ իրոք լավ է վերջապես:
- Լա՞վ է, - չսափրված դեմքով գերեզմանափորը շրջվեց դեպի նախնադարյան վերնաշապիկ ու փողկապ կապած մարդու կողմը, որը չգիտես ինչու ինձ թվաց Համալսարանի փիլիսոփայության դասախոս է:
- Ոչ, ոտքերը մի քիչ ձախ տուր, այդպես, գլուխը աջ, լավ է, հիմա ընհանուր մի քիչ առաջ, այ հիմա լավ է…
Նայեցի փոսի մեջ, չհասկացա իրոք լա՞վ էր թե…
Ձեռքիս սպիտակ մեխակները դրեցի նրանց կողմից բերված ծաղիկների վրա ու հեռացա:

Մորս գերեզմանաթմբի վրա իջան հինգ կարմիր վարդեր…
Գերեզմանաթումբը տնքած…
Նայեցի շուրջս, բոլոր գերեզմանաթմբերը դեղին էին, իսկ մորս գերեզմանաթումբը կարմիր:

Դա քսանչորս տարի առաջ էր, իսկ առանց վիզայի ինձ այցելած հիշողությունը մինչ օրս դուրս չի գալիս ուղեղիցս, անընդհատ ուղեղս ներկում է կարմիր հիշողությունով, ստիպում ինձ կքվել հիշողության այդ ծանր բեռով, կորստով, որ ես կորցրեցի այն ծաղկավոր շոր հագած աղջկա վաճառվող ծաղիկների ներկայությամբ:

Հիմա եթե Նա լիներ իմ կյանքում մենք կնշեինք Սիրո քսանչորս ամյակն ու ես անպայման կնվիրեի նրան հինգ կարմիր ցողաթաթախ վարդ…

Նայում եմ առաստաղին, մենակ եմ, պառկած անկողնում:
Լա՞վ է, հարցնում եմ ինձ, չգիտեմ, միգուցե՞ փորձեմ…
Ոտքերս մի քիչ ձախ, գլուխս մի քիչ աջ, ընդհանուր բարձրանալ մի քիչ դեպի բարձը, այ հիմա լավ է, իրոք լավ է…
Այ հիմա թող վերևից վրաս լցվեն չիրականացված հույսերիս բոլոր մասնիկները, երազանքներիս կոշտ ու կոպիտ կտորները, բոլոր վառված ու մինչև վերջ չայրված մոմերի կիսասպիտակ մասերը, թող լցվի համբերությանս թասը ու ծածկվեմ երազներիս մետաքսե փափկությամբ…մնացածը կարևոր չէ…

Վերջաբան

Եթե Դու կաս, եթե կարդում ես տողերս Քեզ էլ կլինի լավ, լավ ինչպես երբեք:
Եթե իրոք Դու կաս, ապա այսօր մարտի ութին, վերջապես մոտեցիր այն ծաղիկների վաճառատեղին, որտեղ առաջին անգամ ես քեզ տեսա, ես այս օրը՝ մարտի ութին, արդեն ուղիղ քսանչորս անգամ մոտեցել եմ ու …չեմ հանդիպել քեզ:
Լավ է որ հիշող կա…
Լավ է որ կա հիշողություն…
Լավ է…
մնացածը կարևոր չէ…

Ս.Ումառ






Комментариев нет: