* * *
Անձրևից հետո
քաղաքի ասֆալտը նմանվել է մոխրագույն վարդի:
Տեղ-տեղ հավաքված
անձրևաջրերը փայլում են ամպերի տակից զգույշ ծիկրակող արևի թույլ ճառագայթներից:
Բնության հետ
համահունչ ժպտում են նաև կանգառում հավաքված մարդիկ:
Կարծես միայն
թերթի կրպակի աշխատողի դեմքն է, որ մտախոհ է:
Միգուցե նրանից,
որ գնորդ չկա, թե արդեն նորությունները չեն հետաքրքրում մարդկանց:
Օպերայի վրա
տեղադրված ժամացույցը շարժվում է չափից արագ, ժամը 19.40 րոպե:
Այդպես է թվում
այն աղջկան, որը երևի ժամադրված է ու սպասում է անհանգիստ, քանի որ ժամադրության
հավանական ժամը երևի եղել է 19.30 կամ 19.00:
Հետաքրքրության և
ալարկոտ հետաքրքրության վեճը միշտ ավարտվել է առաջինի հաղթանակով:
Մի քայլ մոտեցա
աղջկան ու ավելի ուշադիր նայեցի:
Անկախ ինձնից ես
էլ եմ նայում ժամացույցին:
Իրոք որ շատ արագ
է գնում ժամանակը:
- Ժամը քանի՞սն
է,- թոռան ձեռքը բռնած մի պապիկ է հարցնում ինձ:
Աչքերով ցույց եմ
տալիս օպերայի վրայի ժամացույցը:
- Սրանց ժամն էլ է
սխալ, տղա ջան, բջջայինով նայիր:
- Սրանց, ո՞ւմ…
Երբ ձեռքս տարա
հեռախոսս հանելու, բարձր լսվեց հեռախոսի զանգ:
Աղջիկն անհամբեր
միացրեց հեռախոսն ու մոտեցրեց ականջին:
Անցավ ուղիղ երկու
րոպե ու պարզ երևում են աղջկա աչքերից գլորվող արցունքները:
- Արժե՞ այսքանից
հետո ապրել, երբ արդեն ապրել եմ կյանքիս լավագույն օրը:
Նա նույնիսկ այդ
վիճակում այնքան գեղեցիկ էր, որ նրա հարցը կարծես մի ապտակ լիներ կենդանի կյանքին:
Արժե՞ ապրել:
Կարծես թե մարդն ունի ընտրություն:
Մոտեցած
երթուղային տաքսուն աղջիկը ինձնից առաջ մոտեցավ, կարծես առանց համարը նայելու:
Անտարբեր
բարձրացավ:
Կողքն ազատ էր:
Նստեցի:
Մեքենայում,
մագնիտոֆոնից լսվում էր իրեն երգիչ համարող մեկի բղավոցով ձայնը:
Կարծես մեկի
բացված վերքին Թուրքիայում արտադրված աղ էին լցնում:
Աղջիկն
ականջակալները հագցրեց ականջներին:
Երևի չի օգնում,
որովհետև մի քանի վայրկյան անց հանկարծ հանեց ականջակալներն ու դիմեց վարորդին:
- Անջատեք, հա՞,
այնքան էլ բարձր է…
- Ինչո՞ւ, քույրիկ
ջան, քո այդ անճաշակ սիմֆոնիաներից լա՞վ չի, ուզո՞ւմ ես Թաթուլ դնեմ:
- Թո'ղ երգի, եթե
քեզ խանգարում է կարող ես իջնել, - տարիքով մարդ է ասողը, հին մարդկանցից, որոնք
ամբողջ կյանքում ջուր են լցրել ուրիշի ջրաղացին:
Վարորդն անջատեց
երաժշտությունը:
- Լավ, լավ,
ուզում էի կուլտուրական սպասարկել, չեղավ: Անցած տարի խոպան էի գնացել,- դիմում է
կողքը նստած երիտասարդին,- եկա տեսա հարսս թոռանս տվել է թագջութագի (երևի խոսքը
թավջութակի մասին է), կատաղեցի, հանեցի տարա դհոլի բաժին:
Շարունակությունը
չի լսվում:
Աղջիկը ցածր
ձայնով խոսում է ինքն իր հետ:
« Նա էլ է
երաժիշտ, թավջութակ է նվագում, ֆիլհարմոնիկի նվագախմբում: Վաղը հյուրախաղերով
մեկնում են Հունաստան: Միայն ինձ է ասել, որ էլ չի վերադառնալու: Վերջին անգամ էլ
չեկավ ժամադրության: Ատում եմ կյանքը:»
Վեր կացավ
անսպասելի, ափերով փակեց բերանը, սրտխառնոց ուներ:
- Կանգնի'ր, այստեղ կանգնի'ր, - չգիտես ինչու անսպասելի գոռացի
վարորդի վրա:
Օգնեցի աղջկան
իջնելու:
Երթուղային տաքսին
շարունակեց իր վազքուղին:
Մեքենայում
շարունակում էին երգել Թաթուլը, Արմենչիկը կամ
չգիտեմ թե էլ ով:
Комментариев нет:
Отправить комментарий