среда, 20 ноября 2019 г.

Աթեիստ Անդոն



 1
Աթեիստ Անդոյի տունը…չէ՜, կռիվ չէր ընկել, ուղղակի գտնվում էր քաղաքի մի ծայրում ու անհասկանալի պատճառներով, չգիտես թե որտեղից՝ դռան տակի՜ց, բանալու անցքի՜ց, օդանցքի՜ց ներս էր սողոսկել աղքատությունն ու իրեն ՏԵՐ համարելով լափել էր ամեն ինչ:
Անդոն չգիտեր ի՞նչ անել, չէր հասցնում զոքանչի համար ԿԵՏՈՆԱԼ, կնոջ համար ԱՍԿՈՖԵՆ, միակ դստեր համար տետր, նկարչական ալբոմ, վճարովի դպրոցի վարձ, հոսանքի փող, գազի փող…
Մի խաղա՜ղ առավոտ էր. մի տխո՜ւր առավոտ, Անդոն սև օրվա համար գրպանում պահած  50 դրամանոցը խաղացնելով տանից դուրս եկավ անհայտ ուղղությամբ:

Շա՜տ էր գնացել թե քի՜չ, միայն Աստված գիտի, ճանապարհին տեսավ փողոցը հատել ցանկացող մի սև կատվի:
Քայլերը մի պահ  դանդաղեցրեց, հետո հիշեց, որ ինքը սնոտիապաշտ չի, համ էլ դե՜ կատու է էլի՜, երևի հակառակ մայթում ուտելիքի հոտ է առել, շարունակեց քայլերը:
Կատվի ու աթեիստ Անդոյի հայացքները հանդիպեցին:
Անդոն արդեն մտածե՜լ վերջացրել էր, իսկ սև կատուն մտածեց, թե որ այս խեղճի ճանապարհն էլ պետք է կտրեմ, ինձնից ի՞նչ սև կատու ու ետ վերադարձավ:
Ճանապարհը Անդոյին տարավ եկեղեցի:
Սև օրվա համար պահած 50 դրամով մի մոմ առավ ու չգիտեր ի՞նչ անի:
Մոմը վառե՜ց, ափերն իրար միացրեց, վեր չնայեց, նայեց վառվող մոմերին ու քանի որ ոչ մի աղոթք չգիտե՜ր -  սկսեց ինքն իրեն խոսել:
- Նե՜ղն եմ, Տե՜ր Աստված, սրանից նեղ կյանքում չի՛ լինում, վատ օրերիս համար ի՞նչ մեղք եմ գործել, թե կարո՜ղ ես մի բան արա, հո չե՞մ կործանվելու: Ամե՜ն:

Ճանապարհին նորից տեսավ սև կատվին, կատվի ու աթեիստ Անդոյի հայացքները նորի՛ց հանդիպեցին:
Մտածեց. «էլի սա՛ հանդիպեց, պրծո՜ւմ չկա» ու դանդաղեցրեց քայլերը:
Կատուն էլ իր հերթին մտածեց. «Սրա պատճառով ճանապարհս չե՛մ փոխի» ու կտրեց անցավ փողոցը:

Վերադարձավ տուն, ընկավ անկողին, ջերմը բարձրացավ ու ջերմի մեջ տեսավ տիրոջ դեմքը.
- Ասում ես վատ ես հա՞, Անդո՛, դու դեռ չգիտե՜ս վատը որն է ու բողոքում ես, ես քեզ ցո՛ւյց կտամ թե վատը ո՜րն է:

Հաջորդ օրը Անդոյի զոքանչն աստիճաններից ընկավ, ոտքը կոտրեց:
Կնոջ գլխացավերին ավելացավ արյան ճնշումը:
Հոսանքի  մարդն եկավ հոսանքն  անջատեց:
Դստերը, վարձը չմուծելու համար արգելեցին դպրոց մտնել:
Տան մկները նույնիսկ հացի փշուրներ չգտնելով - լքեցին տունն ու փախան:

Յո՜թն օր, յո՜թ գիշեր աթեիստ Անդոն բարձր ջերմությամբ  ծամո՜ւմ էր ու կո՜ւլ տալիս կյանքի կողմից իրեն հասանելիք բաժնի դա՜ռը պատառներն ու չգիտեր ի՞նչ անել:

ՀԵՂԻՆԱԿԻՑ.
Միգուցե այսքանով ավարտեի՜ պատմությունս ու հեղինակային իրավունքով վերջաբանը թողնեի ընթերցողի քիմքին հաճելի ավարտին, բայց կլիներ անարդա՜ր ու անհասկանալի…

2
Աթեիստ Անդոյի տունը…չէ՜, կռիվ չէր ընկել, ուղղակի գտնվում էր քաղաքի մի ծայրում ու անհասկանալի պատճառներով տանը տիրություն էր անում նորին մեծություն ԼՌՈՒԹՅՈՒՆԸ:

Մի խաղա՜ղ առավոտ էր. մի տխո՜ւր առավոտ, Անդոն սև օրվա համար գրպանում պահած  50 դրամանոց չունենալով, տանից դուրս եկավ անհայտ ուղղությամբ:
Անհայտ ուղղությունը Անդոյին տարավ եկեղեցի:

Մոմ չվառեց՝ փո՜ղ չկար:
Ափերն իրար միացրեց, վեր չնայե՜ց, նայեց ուրիշների վառվող մոմերին ու քանի որ ո՛չ մի աղոթք չգիտեր սկսեց ինքն իրեն խոսել:

- Փառքդ շա՜տ, Տե՜ր Աստված, գոհ եմ ամեն ինչից, հատկապես երբ ամե՜ն առավոտ աչքս բացում եմ ու աչքիս լույսն անջատող չկա, տեսնո՜ւմ եմ ստեղծածդ ու զմայլվում, նայո՜ւմ եմ զոքանչիս դրության մեջ մտնող  հայացքին, կնոջս համբերող շուրթերին, դստերս պայծա՜ռ ու գեղեցիկ աչքերին…սրանից լա՜վ էլ ի՞նչ կարող է լինել: Ամե՜ն:

Վերադարձավ տուն, լուռ հանվեց ու մտավ անկողին, դեռ ջերմում էր:
Մի պահ աչքերը փակվեցին ու տեսավ Տիրոջ դեմքը:
- Ասում ես Լավ ես հա՞, Անդո՛, դու դեռ չգիտե՜ս Լավը որն է, ես քեզ ցո՛ւյց կտամ թե Լավը ո՜րն է:



суббота, 6 июля 2019 г.

Գարունը սոսնձված ապակուն




Երբ զգո՜ւմ ես, որ իրո՜ք ծերացել ես,
Քայլերդ դարձել են կնճիռների դո՜ղ
Չե՛ս քայլում արդեն, այլ օրորվո՜ւմ ես
Պատուհանի՜ց բազկաթոռ…

Երբ դրսում ձմե՜ռ է, աշո՜ւն կամ ամա՜ռ,
Բայց պատուհանիդ գարո՜ւնն է թառել
Թվո՜ւմ է ընկել ես մե՜կ ուրիշ աշխարհ՝
Մնում է միայն վայելել…

Եվ տարիներն ինչպես օ՜ր, օրե՜րն ինչպես ակընթա՜րթ,
Բազմած  ուսերիդ  կեղծ բեռան նման,
Օրորվո՜ւմ ես գլխիկոր
Բազկաթոռի՜ց պատուհան…


среда, 17 апреля 2019 г.

Հեռո՜ւ հեռվից



Քեզ չե՛մ ասում «Թող ի՛նձ, գնա՜»
Այլ ասո՜ւմ եմ. – Հեռո՜ւ մնա,
Գուցե հեռվից շատ չտանջե՜ս
Չչարչարե՜ս,
Թե չէ վայրի գազանի պե՜ս
Կրծոտում ես
Թե ի՜նձ,
Թե՜ քեզ:

Երբ քո մասին տո՜ղ եմ գրում՝
Հիվանդանո՜ւմ
Դո՜ղ եմ դառնում,
Լա՜ցս է գալիս
Քո  հաճելի գոյությունից,                      
Ասես մեկն ինձ թռցնում է վեր ամպերից
Մեկ էլ  վերցնում գետնով տալիս…

Ինձ ասացին, որ մեծանա՜ս
Նրա մասին կմոռանա՜ս,
Հիմա արդեն տարի՜քս առել-
Սիրո մասին չե՛մ մոռացել:
Ես ասենք թե՜ գլուխը քա՜րը,
Ա՜խր ի՜նքն էլ չի մոռացել՝
Ձյութի նմա՜ն ինձնից կպել,
Իր կամակոր դի՜րքն է դրել:

Ա՜խր, ի՞նչ եմ Սեր քեզ արել,
Որ մինչ հիմա՜ չես մոռացել,
Ո՛չ խոսքե՜րս է ուզում լսել,
Ո՛չ  չլսել…

Արի՜ վերջին անգամ նստե՜նք,
Մարդավարի՜ մի լուրջ խոսենք,
Չե՛մ ցանկանում, որ դու գնաս,
Բայց ուզո՜ւմ եմ հեռու մնաս:

Ա՜խ,  ո՜ւր էր թե հեռանայիր
Ու ես էլ քեզ ցանկանայի՜
Քո չգալո՜վ
Խենթանայի՜:

Նոր ոչինչ չկա



 Վստահ չգիտե՜մ
Օրհնե՞մ,
Անիծե՞մ
Ինտերնետ ստեղծող մարդ-արարածին,
որ թույնով լցրեց ու ամեն Աստծո օ՜ր
թո՛ւյն է խմեցնում
տեղեկատվության դառը երակից…

Ասե՜մ, որ նո՜ր բան համարյա չկա
Ամե՜ն ինչ հի՛ն է՝
Է՜լ փլվող տանիք,
Է՜լ առատ չարիք,
Է՜լ մոլի կրքեր,
(Մոռացված գրքեր)
Է՜լ հառաչանքներ,
Է՜լ աղաչանքներ,
Հիմար կեցցե-ներ,
Անշունչ կորչի-ներ,
Գործեր սարքովի…
Եվ այս ամենից վայրենանո՜ւմ ենք
նախամարդու պե՜ս,
Սակայն նորովի՜…

Նորը սա՛ է՝
Գե՜յ, երկգենդե՜ր,
Բիսեքսուա՜լ ու լեսբի՜-
Ամբոխներն այդ խեղանդամված
Դո՜ւրս են եկել շքերթի:

Մի նո՜ր զավեշտ՝ մե՜ծ  շքերթ էր
Հայ Ժողովում Ազգային,
Բեմից ելել բարբաջո՜ւմ էր
Տրանսգենդեր մի մարմին:

Մեր հերոսը Տորք Անգե՛ղն էր
և Դավիթը Սասունցի,
…Հիմա ամեն տրանսգենդեր
Նոր հերոս է յուրովի:

Ասե՜մ, որ նո՜ր բան չկա՛ աշխարհում-
Հի՛նն է պտտվում նորերի շուրջը,
Հներից մի՛շտ Է՜լ հի՜ն-նորն է մնում՝
Դարերից եկող
Աստվածաշունչը:

Ամե՜ն ինչ



Եկար վարար անձրևի պե՜ս
Ու ամե՜ն ինչ խառնեցիր,
«Ամեն ինչ»-ը ծա՜ռ ու թուփ չէր՝
Սի՜րտս էր, հոգի՜ս,
Իմացի՛ր:

Եկար վայրի արևի պե՜ս  
Ու ամե՜ն ինչ այրեցիր,
«Ամեն ինչ»-ը  բա՜կ ու տուն չէր՝
Շուրթե՜րս էին
Իմացի՛ր:

Եկա՜ր, ասե՜ս մի սուրբ պատկեր՝
Հոգո՜վ, սրտո՜վ, պայծա՜ռ, ջի՜նջ,
Երբ մերկացար ձեռքերիս մեջ
Ես մոռացա՜
Ամե՜ն ինչ:

Եկար Տիրոջ զավակի պե՜ս,
Սե՜ր քամեցիր քար սրտից,
… Ու հեռացա՜ր վայրկյանի պես,
Բա՜յց… մնացի՜ր
«Ամե՜ն ինչ»:

четверг, 11 апреля 2019 г.

ՄԵՆ ՄԻ ԱԿՆԹԱՐԹ




Ա՜յ քեզ առեղծվա՜ծ,
Երբ, որ ասում ես. «Կա՛նգ առ ժամանակ»
Ժամանա՜կը լուռ  հնազանդվում  է
Ու կանգնում հանկարծ:

Ժամանակի հետ սի՜րտդ էլ է կանգնում
ու բաբախումը չե՛ս լսում նրա,
Մեկ ա՜յլ տրոփ ես լսում քո ներսում՝
Ա՜յն կնոջ սրտի,
Որին ձուլվել է զա՛րկը քո արյան:

Գուցե հենց դա՞ է այդ ՍԵՐ կոչվածը-
Ուրիշ սրտի դո՜ղ,
Խե՜նթ,
Լուսաթրթի՜ռ,
Քո կյանքից տարբեր ներսդ ողողո՜ղ
Մեկ ուրի՝շ արյան հոսքը
Խենթացնող…

Ու հոսքն այդ արյա՜ն սի՛րտդ է պատռո՛ւմ,
Բացում է հոգիդ աշխարհի առաջ…
Եվ ո՜ղջ աշխարհն է քո մեջ թափանցում-
Այնքա՜ն մերձավոր,
Այնքա՜ն հարազատ…

Մեկ ա՜յլ առեղծված - այն էլ արտառո՛ց՝
Ինձ նման կյա՜նքը սիրող մարդ չկա՛
Քանի որ իմ մեջ սի՜րտն է այն կնոջ,
Որ զրուցում է սրտիս հետ անձայն:

Գրա՜ծս ընդամենը մե՜կ ակնթարթն է
Որը, որ Մարդուն սարքո՛ւմ է Գերմա՜րդ,
… Կյանքն ակնթարթների մի շտեմարան է՝
Ծննդի՜ց մինչ մահ…

пятница, 8 марта 2019 г.

Սերը...



Ասո՜ւմ են Սերը լինում է
կարմի՜ր,
Ու նաև կապո՜ւյտ,
կանա՜չ  կամ դեղին,
Ապակու նման լինում է անգո՜ւյն
Սիրող աչքերը դարձնում
Ցայտուն:

Ասո՜ւմ են բուրո՜ւմ է
մեկօրյա ծաղկող ծաղիկի նման
Ու ջերմացնում է մոր
մատների նման,
Քրոջ նման գթառա՜տ է,
Եղբոր նման ջերմեռա՜նդ,
Հո՜ր հոգու պես անաղարտ է՝
Ո՛չ սկիզբ ունի՜
Ո՛չ ավարտ…

Մանկան փափլիկ թաթիկի պե՜ս
Քեզ շոյո՜ւմ է, գուրգուրում,
Գարնան տտիպ արբունքի պե՜ս
Հասունացնո՜ւմ,
Խենթացնում:

Ասո՜ւմ են սերը անլեզո՜ւ, անձայն
Մի տարածությո՜ւն է  
առանց մասնիկի,
որտեղ համահունչ պարե՜ր են պարում-
Զգացմունքի այրող մատներով սարքված
Սի՜րտը ու հոգին:

Դե ե՛կ ու արհամարիր նրա գոյությունը
և աչքերիդ մեջ,
և սրտիդ խորքում,
և մոշու այրող փշերի նման
լեզուդ ծակծկող նրա անունը,
և պարը հոգուդ…

Ասե՜լ են… ասո՜ւմ են…
Ես էլ ի՛մն ասեմ.
Կարմի՜ր, կապո՜ւյտ, կանա՜չ, դեղի՜ն…
Գրողի ծո՜ցը գույներն աշխարհի,
Թե մի սի՜րտ ունեմ ու պե՛տք է սիրեմ,
Սերը սև՜ լինի
Մե՛կ է
Կսիրե՜մ…

среда, 6 марта 2019 г.

Չասված բառերի գերեզմանոցում


Ես չգիտեմ գողտրի՜կ ու նո՜ւրբ
Թաքստոցների տեղերը,
Որտեղ իրենց մա՜հն են գտնում
Չարտահայտված բառերը:
Տեղին չասված բառի մա՜հը
Մի կորո՜ւստ է ցավագին,
Ասես կյանքի քաղցր հա՜մը
Դառնանո՛ւմ է արցունքներից
Լալագին:
Փո՛րձ ես անում փնտրե՜լ-գտնե՜լ
Բա՛ռը սպանող դահիճին,
Փորձել անդարձ ոչնչացնե՜լ
Լեզու խայթող կարիճին:
Քեզնից բացի ո՞ւմ է տանջում
Չասված բառի կորուստը,
Քեզնից բացի ո՞վ է փորձում
Խախտել ոսկի լռությունը:
Չգիտես ինչո՞ւ, չգիտես ի՞նչ կերպ
Հանկարծ հայտնվում ես
Չասված բառերի գերեզմանոցում,
Մի քա՜ր ես գտնում անշո՜ւք ու տձև՝
Մի մխիթարանք ունայնությունում:
Չէ՞ որ քո՛ մեջ է բառը մահանում,
Քո՛ լեզվի վրա,
Սրտո՜ւմ կամ հոգո՜ւմ,
Քո՛ մեջ է բառը դառնում գերեզման,
Իսկ դու փորձո՜ւմ ես գտնել շատ հեռվում:

ՍԵՄ ԳՈՐՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ



Թո՜ւյլ տուր մի վերջի՜ն տողով
Սգա՛մ հավերժիդ ճանապարհը,
Անիծեմ մա՜հը, որն իր ձեռքերով
Կոտրե՛ց պոետիկ ու նուրբ քնարդ:
… Եվ սևե՜ր հագան տանդ հայելիները,
Պատուհաններդ՝ աչքերի կարոտ,
Անտո՜ղ մնացին սառած մատներդ
Ու անշարժացա՜ն կանգնած սրտիդ մոտ:
… Պատուհանիդ տակ ծղրի՜դը երգեց-
Տխո՜ւր, անսովո՜ր մեղեդի,
Կյանքի փոխարեն ծղրի՛դն ամաչեց,
Որ կյանքը պարտվեց անամոթ մահին:
Քեզ բարի՜ ճամփա դեպի աստղերը-
Կապո՜ւյտ երկնքի կապույտնե՜րն անվերջ,
Մեզ հետ կմնան քո խե՜նթ տողերը
Եվ քո բանաստեղծ անունը հավերժ…
Ստեփան Ումառ-Հարությունյան

Բարև՜, ի՛մ Գարուն




Բարև՜ Երջանկություն,
Վերջապես քեզ գտա՜,
Եկել եմ քե՜զ մոտ՝
քո սեփական տուն,
Հուսով եմ  քեզ մոտ երկա՜ր կմնամ…
Վերադառնալու չունե՜մ ցանկություն

Շա՜տ անգամներ եմ երթուղուց շեղվել,
Արահետնե՜ր եմ խառնել բազմաթիվ,
Ինչպես տեսնում
ես չե՛մ մոլորվել,
Բա՜յց … տարիներ եմ կորցրել անհաշիվ:

Տեսնո՜ւմ եմ ուրախ չե՜ս, քեզ ի՞նչ է եղել,
Նայում ես անթա՜րթ ու ձայն չես հանում,
Միթե՞ երջանկությունը կարող է հոգնե՜լ,
Կարող է լինել անկարո՜ղ կամ թույլ…

Թե սրտո՜վդ չեմ, այդպես էլ ասա՜,
Խոսքերով չընկնես սա՜ր ու ձոր,
Ես նպատակիս վերջապես հասա՜,
Չե՛մ ուզում ետ դառնալ գլխիկոր:

Լո՜ւռ է իմ տեսած երջանկությունը,
Կրկնօրինակը ափ նետված ձկան,
Ու թփրտո՜ւմ է նորելուկ Գարունը-
Փորձում է խոսել ինձ նման:

Հասկացա՜, խոսել դեռ չի՛ սովորել,
Մարդկանց ճանաչե՜լ – չգիտի՜…
Աստվա՜ծ իմ, միթե՞ նորի՛ց եմ սխալվել
Եվ օրիորդ Գարնան հյո՜ւրն եմ առաջին:

Բարև՜, ի՛մ Գարուն,
դու չե՛ս ուշանում,
Դա ե՛ս եմ շտապում իմ բնավորությամբ,

Երջանկությո՜ւն էի փնտրում շատ հեռվում
… Իսկ նա լցվում է իմ մեջ ժամ առ ժամ:

четверг, 24 января 2019 г.

ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՄԻ ԿԵՍԳԻՇԵՐ




Իսկ ձյունն իջնո՜ւմ է երգով
Իմ թափառող ուսերին,
Տրորվում է ոտքերով
Հունվարյան ցուրտ մեղեդին:

Կեսգիշեր է ցո՜ւրտ ու մութ,
Ինձ հետ քայլում է քամին
… Տունս թվո՜ւմ է հեռու -
Ասես ծայրո՜ւմ աշխարհի:

Ցրտից սիրտս քիչ կաղո՜ւմ է՝
Մի կերպ շնչում դողալով,
Երբ մտրակի պես դաղո՜ւմ է
Հունվարը իր մատներով:

Հանդա՜րտ, սպիտա՜կ քող է իջել
Եկեղեցու գմբեթին,
Տեսնես արդյոք մի վառվող մոմ
Մնացե՞լ  է այս ժամին:

Փաթիլները օրերի պե՜ս
Երկնից թափվում են հողին,
…Ե՞ս եմ և այս հունվարը ծե՜ր
Գիշերվա ուշ այս պահին…

четверг, 3 января 2019 г.

Երբ Եվա չկա՜ և… Ադա՜մն է անդեմ…




Գիտե՜մ, լա՜վ գիտեմ, որ ո՜ւր էլ գնաս
Վերադառնալո՜ւ ես իմ գրկում բացվես,
Ի՛նձ ես ժպտալու,  երբ հեռո՜ւ-հեռվում
Ցավերից ամպե՜ս
կարոտից խոցվե՜ս…

Իմ երակներում թո՜ւնդ գինու նման
Հիմա հոսո՜ւմ է գետը կարոտի,
Եվ երազների լույսի հուրհրա՜ն
Սարսուռ կրակը աշնանամուտի:

Իսկ դու քո հեռվում ձեռքերդ պարզե՜լ
Ասե՜ս գլուխս ես սեղմել քո կրծքին,
ես դարձել եմ «դո՛ւ», դու «ես» ես դարձել
Հրդեհների մեջ իրիկնամուտի…

Մենք հնարեցինք սիրո տիեզերք՝
Դարձանք  հրեշտակ անո՜տք ու անթև,
Նման դրա՜խտը տեսնես ո՞ւմ է պետք,
Երբ Եվա չկա՜  և…
Ադա՜մն է անդեմ…

среда, 2 января 2019 г.

Մենք՝ Արևորդիներս




Լո՜ւյս ստեղծել,  արարե՜լ
Միայն մե՛նք գիտենք,
Միայն մե՛նք գիտենք
Ձմեռ սրտերով վարդեր հորինել…
Մենք ժպտա՜լ գիտենք
Մենք սիրե՜լ գիտենք
Մեր հորինածով
մենք ապրե՜լ գիտենք:

Ձմռան մուժի մեջ
մենք համբերությամբ
մեր երազները օրորե՜լ գիտենք,
Հույսի դանակով
խավարի կապը մենք կտրե՛լ գիտենք,
Գարնան ավարով
աշուն սրտերին տաքացնել գիտենք,
Ստեղծել պատրանքնե՜ր,
պատրանքով ապրե՜լ,
Տառապանքները հավուր պատշաճի
Հուղակավորել:

Հարկե՜ր, տուգանքնե՜ր
վճարե՜լ գիտենք,
Հարկ եղած դեպքում նաև՜
արևի՜,անձրևի՜ քամո՜ւ
ստվերի՜ համար…
Մեզ նման ո՛չ ոք  մեռնե՜լ չգիտի հավատի համար:

Ծերանո՜ւմ ենք -
մեր աչքերը չե՛ն ծերանում,
Թափում են մեր ատամները-
լույսի համը չե՛նք մոռանում
Խլանո՜ւմ ենք -
հողի կանչը շատ պա՜րզ լսում՝
հող-հայրենիք աստվածացնում:

Ուրվագծել գիտենք հոգսը,
Դառը պահին
կարգավորել  մեր սրտերի
թփթփոցը,
Բուժե՜լ գիտենք
սառած ծառի ճյուղին մեռնող
ծիլ-բողբոջը,
Ուղղե՜լ գիտենք
մենք թշնամու ձեռքով շրջած օրորոցը:

Օրեր ունենք կարկաչաձա՜յն,
Օրեր ունենք ածուխի՛ պես,
Ձայներ ունենք հնչե՜ղ, ոսկյա՜,
Պատարագներ աստվածահեզ…

Չսպիացած վերքե՜ր ունենք,
Նորելուկի մաքուր ձեռքեր,
Չե՛նք հանդուրժի, որ մեր վերքին
Բի՜րտ ու կեղտոտ
ձեռքեր դիպչեն:

Մի բռո՜ւնցք ենք
դեռ կորցնել չե՛նք սովորել,
Բայց հանո՜ւն արդար խոսքի՜ ու մտքի՜
Չե՛մ կարող չասել,
որ ցավո՜ք սրտի և
…խաբվե՜լ գիտենք:

Դուրս է գալիս ո՜ր,
ամե՜ն ինչ ունենք,
Բայց ա՜յ Ժամանա՜կ-
Ապրելու համա՜ր Ժամանակ չունենք …