среда, 31 октября 2018 г.

Ամենադժվար խնդիրը




Ամենադժվար խնդիրները դրանք ա՜յն խնդիրներն են, որոնք ունեն մեկից ավելի լուծումներ,
ովքեր  մտածո՜ւմ են, գտնում նման խնդիրներ- նրանք դաժան մարդիկ են, որոնց համար լուծումների քանակը համարժեք է դրական լիցքերի քանակին, իսկ եթե մարդիկ չեն հնարում այլ հենց կյա՞նքըուրեմն դա ճանապարհի ա՜յն հատվածն է, որտեղից էլ ճանապարհը բաժանվում է դեպի դժոխք ու դրախտ:
 Հիմա մի խնդիր է առաջացել, որն ունի երկու լուծում
1. … մնա՜լ ընկերներ
2. … ջնջե՜լ կյանքից

*
… մնալ ընկերներ,
Ինչպե՞ս ժպտալ ընկերական, երբ մի ժամանակ ժպիտդ ինտիմ էր,
երբ աչքերդ այրվո՜ւմ էին նրան տեսնելիս,
շուրթերդ դողո՜ւմ սրտիդ զարկերին համահունչ,
ինչպե՞ս ուղղակի բարևել՝ թույլ բռնելով մատները, որոնք մի ժամանակ թրթռալով չէի՜ն կարողանում քանդել վերնաշապիկիդ կոճակները,
ինչպե՞ս չհամբուրել մատները, որոնք քնքշորեն շոյել են կուրծքդ, մարմնումդ առաջացնելով միլիոնավոր մրջյունների վազք դեպի սիրտդ,
ինչպե՞ս մեկին հանդիպելիս ասել «Ինչպե՞ս ես» երբ մի ժամանակ ասո՜ւմ էիր «Կարոտել եմ»
ինչպե՞ս մեկին համարել ընկեր, որի համար խելքահա՜ն ես եղել
ինչպե՞ս վերցնել անցյալն ու լուսանկարի նման հպել շուրթերիդ…

*
… ջնջել կյանքից
Դա նշանակում է դատա՜րկ սենյակում քեզ հարվածել պատից-պատ, հետո զգալ, որ դա քի՜չ է- հարվածել առաստաղին, հատակին, բղավել անվերջության մեջ, զգալ, որ շնչելը դառնում է անտանելի ցավոտ,
ինչպե՞ս զրկվել քունքից դեպի պարանոցդ իջնող ամենաքաղցր բուրմունք-զգացողությունից,
ինչպե՞ս անամոթ շուրթերդ սարքել հախճապակյա փայլո՜ւն, սա՜ռը կտորներ նրա անունը շշնջալիս,
ինչպե՞ս Մեկ բարակ հարվածով ջնջել նրան ունենալու բաղձալի ցանկությունը ու նմանվել լիալուսնի վրա ոռնացող միայնակ գայլի…

* * *
Ցավո՜ք նման խնդիրներ լինում են ու դրանք
ԱՎԵԼԻ՜Ն արժեն  քան ՍԵ՜ՐԸ,
Առավել ԳԵՂԵՑԻ՜Կ ԵՆ քան դրախտ գնացող ճանապարհը և առավել
ԴԱԺԱ՜Ն քան մազերիցդ բռնած քեզ դեպի դժոխք քարշ տվող  սատանայի ոսկրոտ ու զզվելի մատները

Լուծո՞ւմ
Լուծում ՉԿԱ՛, քանի որ խնդի՛ր էլ չկա, դա կյա՜նքն է, որը ոչ թե՜ լուծում ունի այլ ԲՈՒԺՈ՜ՒՄ, իսկ բուժումը ԺԱՄԱՆԱ՛ԿՆ է, որը քանի երկարո՜ւմ այնքան իմաստուն է դառնում ու ինքն իր ձեռքով ջնջում է հիշողությանդ այն բջիջները, որոնք քեզ անհանգստություն են պատճառում
Դրանից հետո անցյալդ իրոք դառնում է մի սա՜ռը լուսանկար, որ ինչքան էլ կրծքիդ սեղմե՜ս կամ համբուրե՜ս  քեզ չի՛ ջերմացնում



суббота, 27 октября 2018 г.

Մի գրոշ երջանկություն




Թե ժլա՜տ եմ խոսքերիս մեջ
Ապա ճո՜խ եմ, շռա՜յլ  տխրությամբ,
Կարդա՛ հոգնած ճամփորդի պե՜ս
Ու հեռացի՜ր լռությամբ,

Մի՛ հարցրո «Ինչո՞ւ»  «Ինչպե՞ս»
Մեկ անգա՜մ էլ տողս կարդա,
Թե տողերում քեզ չգտնե՜ս
Քեզ երջանի՜կ պիտի զգաս…

Դժբախտները չե՜ն հասկացվում՝
Բարդ է նրանց կյանքուղին,
Միշտ արմա՜տն են ծառի փնտրում
Մի՜շտ հայտնվում չոր ճյուղին:

Ու թվո՜ւմ է դժբախտ մարդը
Սև ագռա՜վ է կռկռան,
Քանզի տանջող ցա՜վն ու դարդը
Բղավո՜ւմ է  բարձրաձայն:

Գուցե՞  Տե՜րն է ժլատ եղել՝
Զրկե՜լ մի բուռ հաճույքից,
Կամ… դժբա՜խտն է հրաժարվել
Երջանկության իր հերթից:

Քե՛զ է հասել, մեկ ուրիշի՜
Կա՜մ ժամկետն է  լրացել,
… Դժբախտ մարդը նմանվում է գրոշի,
Որին կորցրե՜լ, բայց կորուստը
Չե՛ն զգացել:

четверг, 25 октября 2018 г.

ԱՆՎԵՐՆԱԳԻՐ



Դանդա՜ղ մոտենում էր առավոտը ու ոչ մի արտասովոր բան չէր զգացվում բացատում:
Բոլոր նախորդող առավոտներից այս մեկն առանձնանում էր անսովոր ձայնով, թնկթնկացող լացի ձայնով:
Բարդին, Կեչին ու Թխկին զարմացած իրար էին նայում:
Լաց էր լինում երեքամյա Մասրենին, ավելի ճիշտ լացի ձայնով ինչ-որ բան էր ասում, անհասկանալի բառերով:
Բացատի չքնաղ բնակիչին միայն քամին կհասկանար, որը չուշացավ:
- Քեզ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես լալիս, ինչո՞ւ ես տխուր այս գեղեցիկ առավատվա ներկայությամբ:
- Չգիտե՜մ, այսօր ծնո՜ւնդս է, անհասկանալի է տխրությանս պատճառը:
- Միգուցե՞ երգենք, բոլորով:
- Ո՜չ,  չի՛ օգնի, ես ուզում եմ բոլորի նման, որ նաև տորթ լինի, երեք մոմերով, որ ես ցանկություն պահեմ, փչե՜մ հանգցնեմ, հետո իրականություն դառնան ցանկություններս:
Քամին, որ շատ էր սիրում մասրենուն, տխրե՜ց, հետո դիմեց մասրենու շրջակայքում աճած Բարդուն, Կեչուն ու Թխկենուն:
- Ի՞նչ անենք, չէ՞ որ նա չի հանգստանա, մտածե՜ք…
Երեքն էլ միաբերան  ասացին:
- Մտածի՜ր ու կատարիր ցանկությունը, դա այնքա՜ն էլ դժվար չէ:
Ծառերն իրենց փարթամ ճյուղերով սկսեցին ավանդական մի երգ.
«Ծնունդդ շնորհավո՜ր, ծնունդդ շնորհավո՜ր…»
Մաասրենին ավելի տխրեց ու ուժեղացրեց լացը:
Քամին հեռացավ:

Քիչ հետո քամին չգիտես որտեղից կայծեր բերեց ու հրդեհեց Բարդու ճյուղերից մեկը, բռնկվեց Բարդին ու նմանվեց մոմի:
Հրդեհը քամու ձեռքերով անցավ Թխկենուն ու Կեչուն:
Քիչ ժամանակ ա՜նց երեք հրդեհվող ծառերը, որ նմանվել էին մոմերի, կտրեցին իրենց աղեկտուր ձայներն ու լռեցին:
Քամին ասաց.
- Դե փչի՜ր սիրելիս ու քո ցանկությունները կիրականան:
Մասրենին փչել չգիտեր:
Ծառերը դանդա՜ղ վերանում էին - վերածվելով ծխի ու մոխրի:
Քամին փորձեց հանգցնե՜լ, բայց ավելի բորբոքեց ու ստիպված հեռացավ: Քամին անձրևաբեր ամպեր բերեց ու մի կերպ հանգցրեց կրակը, բայց արդեն ո՜ւշ էր՝ մնացել էին այրված ծառերի բները…

Անձրևից թրջված Մասրենին  կախել էր իր ճյուղերը, դատարկված բացատում ավելի ընդգծելով իր գեղեցկությունը:
Իսկ քամի՞ն,
Իսկ քամին հեռացա՜վ,
հեռացավ գտնելու մեկ ուրիշ ծառերով շրջապատված մասրենի…

Դրսում աշո՞ւն է…




Դրսում աշո՜ւն է
Ձմե՜ռ կամ ամա՜ռ
Դա ոչի՜նչ, ոչի՜նչ չի՛ փոխում,
Կյանքն ամեն դեպքում մի վա՜ռ Գարուն է՝
Սավառնող մի ե՜րգ,
Երգեցիկ թռչուն…

Դրսում աշո՜ւն է՝
Ընկեցիկ ու խե՜նթ ծանո՜թ եղանակ,
Չգիտես ինչո՞ւ մեկուսացե՜լ ես
քո մութ սենյակո՜ւմ
Ու ամո՜ւր փակել դո՜ւռ ու պատուհան:

Դրսում աշո՜ւն է -
Ասե՜ս թե գարնան սոնա՜տը Լուսնի,
Եվ տերևներով  ծառերից հոգնած
Քո թափուր տե՜ղն է լցնում
Գիժ քամին…

Դրսում աշո՜ւն է
Անձրև՜ է գալիս
Ուղղակի անձրև՜ և ուրիշ ոչինչ,

Հիմա թե գրեմ արցո՜ւնքն է աշնան-
Ես կնմանվե՜մ չարաչար սխալվող
մի բանաստեղծի…



воскресенье, 21 октября 2018 г.

Տողատակերում…



                                           
Սերը Պոետի  Բա՜նն է ու Բա՜ռը
Դառը բառը ոչի՜նչ,
Կծո՛ւն է դաժան,
Երբ որ գրում են.
- Թե տողում այսի՜նչ
Տա՛ռ ես բաց թողել, գուցե պատահմա՞մբ…

Այդ «գուցե»-ն դառնո՜ւմ է իններորդ ալիք՝
Ահարկո՛ւ, կործանիչ մի հարվա՜ծ,
Պոետը իրեն զգո՜ւմ է խաղալիք
Ապաշնո՜րհ, կոպի՜տ ձեռքերում սարքված:

Բա՜նը բաց թողա՜ծ Բա՛ռ են ման գալիս,
Բա՜ռը գտնո՜ւմ են, տառախեղդ անում,
Ասես պոետի մազերից բռնած
Կախաղան հանում…

Ընկնո՜ւմ է պոետը «հիվանդ» իր տողին,
Դողացող ձեռքով տա՜ռ է որոնում,
Բան-ի պես խորը, բառի պես տեղի՜ն
Տողատակերո՜ւմ…
Տողատակերո՜ւմ…

суббота, 13 октября 2018 г.

Երեկվա քիչը…




*
Երեկ զրուցո՜ւմ էի մի երևույթի հետ,
որի անունն այդպե՜ս էլ չիմացա,
Չծանոթացա՜…
Երեկ համոզվա՜ծ էի, որ դեռ ապրելու ունեմ
Երե՜ք-չորս տարի-
այսօր տեսնո՛ւմ եմ՝  ունեմ ավելին
և պատկերացնո՞ւմ եք, որ այդ ավելին ավելի՜ է տանջում
քան քի՜չը երեկվա:

Դեռ կա՜մ…
Դեռ մի՜ կերպ հիշեցնում եմ ինձ՝
Մեկ-մեկ դուրս եմ գալիս հուշերիս պատառիկներից,
որ զոհվում են ու
Հարություն առնում նորից:

*
Դեռ հիշեցնո՜ւմ եմ ինձ…
Գրո՜ւմ եմ, գրելով ապրո՜ւմ ու
կյանքը թվում է թեթև՜,
բայց թռչելու համար տված թևե՜րը
ձգո՛ւմ են ներքև և
կյա՜նք-գիլյոտինի բթացած շեղբն է իջնում թևերիս,
Հաղթո՞ւմ եմ մահին
Թե՞ մա՛հն է իր ներկայությամբ խեղճացնում հոգիս:
Կյանքի դեմ խեղճանալն ա՜յլ է,
Ճո՛րտ լինելը այլ
ու Աստվածնե՜ր են դառնում խեղճացած մարդիկ
ճորտերի համար:

Աստվա՜ծ իմ, այսքան Աստվածնե՞ր,
Այսքան բախտավոր դժբախտնե՞ր
և բոլորը խեղճացա՜ծ,
բայց ո՛չ ճորտացած:

*
Խաբո՜ւմ եմ ինքս ինձ՝
Ի՜բր ամեն ինչ լա՜վ է,
Ապրո՜ւմ եմ անցյալով ու
Թվո՜ւմ է թե ժամանակը շա՜տ է,
Տենչացող արուի նման ձգվո՜ւմ եմ դեպի արեգակը,
Հո՜ւրը,
Մարմրո՜ղ կրակը…

Ինձ հետ այրվում է աշխա՜րհը,
Դա՜րը,
Հուշե՜րս, որ հետո
Հարությո՛ւն կառնեն
Իսկ ե՞ս…
*
Իսկ ես արդյո՞ք կտեսնեմ վախճանս-
Դեպի երկինք տանող ճանապարհը
Թե՞
Կգնամ քնա՜ծ՝ երազների հե՜տ,
Ինչպես ապրե՜լ եմ,
Ինչպես ապրո՜ւմ եմ՝
Սիրահարված դարի՜ն,
Աշխարհի՜ն,
Ու ա՜յն մանկամարդ կնոջը,
որն ամե՜ն տարի
ուղիղ նույն օրը
կմոտենա ի՛նձ հիշեցնող քարին,
գուցե կշոյի՜ քարը (արդեն ուշացած)
գուցե փոշմանա՞ծ, որ չի՜ շոյել գլուխս ժամանակին
և հիմա՛ է քարին տալիս նրբությունը իր…

Դեռ կա՜մ…
Դեռ մի՜ կերպ հիշեցնում եմ ինձ
Ու նախանձո՜ւմ այն ապագայի քարին:

Ստեփան Ումառ-Հարությունյան



пятница, 12 октября 2018 г.

...քո ճանապարհը


Ե՞րբ է գեղեցիկ լինում քո ճամփան,
Երբ ընկե՞ր ունես ճամփին ուղեկից,
Երբ հա՞րթ է, մաքո՞ւր, առանց ոլորա՞ն,
Եվ լռությունը չի՞ տանջում հոգի,             
Երբ հեռվից մի կետ քեզ է մոտենում
Դանդաղ մեծանում ու
Մա՞րդ է դառնում-
Բարևում, անցնո՞ւմ,
Երբ  ճամփից հետքե՞րն է մաքրում  գիժ քամին
ու թվում է թե այդ ճամփով անցնող
Մա՞րդն ես առաջին…
Շտապում ես արա՞գ անցնել այդ ճամփան՝
Ավարտին հասնել վերջապես…

… Ճամփան գեղեցիկ լինում է միա՜յն
Երբ ճամփի վերջո՜ւմ
Քեզ սպասո՜ղ ունես…

среда, 10 октября 2018 г.

Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…




Ուրիշի ցավը տեսնել կարողացո՜ղը սեփական ցա՜վը չի՛ տեսնում
և ակամայից փնտրում է ուրիշի ցավ տեսնելու ընդունակությամբ մեկ ուրի՜շ մարդու, որին հարցնի իր ցավի մասին…
Չգիտեմ դրան ի՞նչ են անվանում՝ սե՞ր, թախի՞ծ, անորոշ վիճա՞կ, անզգայությո՞ւն, անտարբերությո՞ւն, տաղտո՞ւկ,
հեգնա՞նք ճակատագրի, բախտի քմահաճ ձեռքերի սառնությո՞ւն,
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…

* * *
Կույր աչքի նման դռան զանգի կոճակը նայում է ուղիղ աչքերին, սեղմե՞լ և ամբողջ ցավը խեղդել ցուցամատի տակ թե՞ չսեղմել, թողնել, հեռանալ, բայց որ ոտքերը բերել հասցրել են այստեղ՝ մի դռան մոտ, որի ետևում բաբախում է սիրտ մեկ ուրիշի համար…
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…

Դուռը ճռռոցով բացվեց ցուցադրելով տղամարդու հպա՜րտ ու հաղթական մի ժպիտ, որն ավելի շուտ ասում էր «գիտեի, որ կգաս» քան  «ուրախ եմ, որ եկար»
Մնացած ամե՜ն ինչ նո՜ւյնն էր, ինչպես որ լինում է ամբողջ աշխարհում, համարյա ամե՜ն ժամ՝ գրկե՜լ, վերցնե՜լ ձեռքերի վրա, տանե՜լ մինչ բազմոց, համբուրվե՜լ ու ընթացքում ազատվել խանգարող շորերից, աչքերի փա՜յլ, թավշյա շոյանքնե՜ր, ռոմանտիկ խոսքերի շռայլ ցփնումնե՜ր…
հետո հոգոցնե՜ր,
հոգոցնե՜ր,
հետո պարտադիր լռությո՜ւն, տղամարդու ձե՜ռք, որը ձգվում է դեպի մոտ աթոռակը ու վերցնելով ծխախոտ վառում է - ծուխը փչելով առաստաղ, չգիտես ի՞նչ է մտածում… ինչպես որ լինում է ամբողջ աշխարհում, համարյա ամե՜ն ժամ…

…ամբո՜ղջ աշխարհում, համարյա ամե՜ն ժամ:

Այս անգամ տարբերվում էր մնացած բոլոր անգամներից՝ խանգարողը բուրմո՜ւնքն էր օդում՝ կանացի օտար օծանելիքի բուրմունքը, որը լուռ պառկած կնոջը հաճելի թվալու փոխարեն տհա՛ճ  էր ու վիրավորական:
Բուրմունքը զգացել էր դեռ դուռը բացվելիս, կարող էր լուռ շրջվել ու հեռանալ, բայց չգիտես ի՞նչու ներս էր մտել, ի՞նչու…
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…

* * *
Պատուհանից սկսեցին երևալ կիսափայլող աստղերը, մե՜կ… երկո՜ւ…
…փայլող՝ ինչպես լուռ իրար կողք պառկած զույգը, որոնց կարող էին նախանձել բազմաթիվ այլ զույգեր, որոնք չէին կարող լսել սենյակում ծնված ու դեպի առաստաղ բարձրացող մտքերը…
« Հիմա կհագնվի՜, կգնա՜, ես կասեմ չե՛մ թողնի, որ գնաս, նա ամենուամենայնիվ կգնա՜, ես չե՛մ պահի նրան, ինչպես ամեն անգամ չեմ պահել,
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…»

« Սե՞ր, լինո՞ւմ է թե՞ չի լինում, անհասկանալի է, բայց համոզվո՜ւմ եմ, որ բազմաթիվ սիրո տեսակների մեջ ամենատարածվածը ակնթարթային սերն է,
հաճելի՜, գրավո՜ղ և միաժամանակ տհա՜ճ ու զզվելի, գուցե՞ միայն ինձ մոտ է այդպես…
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…»

- Ես գնամ, ո՜ւշ է:
- Չե՛մ թողնի, մնա ինձ մոտ:
Կանացի ժպիտը սպանի՛չ էր ու հասկացնել տվեց, որ հասկացել է ամեն ինչ ՝
մեկ ուրիշ կնոջ գոյությո՜ւնը, օծանելիքի օտար բուրմո՜ւնքը, լողարանում կախված վարդագույն սրբիչը…
Հագնվում էր դանդա՜ղ, վստահ, որ տղամարդը հետաքրքրությամբ նայում է, չգիտես ինչու հարցրեց.
- Շուրթերս նույն հա՞մն ունեն, վանիլի՞, գժվեցնո՞ղ:
Տղամարդը գլխով արեց, չնայած կինը մեջքով էր իրեն:

Կինը զգաց տղամարդու իր նման դժբախտ լինելը ու կրկին չգիտես ինչու հարցրեց.
- Թողնում ես գնամ, որ հաջորդ անգամ ավելի՞ ուժեղ սիրես, միշտ այդպես ես ասել, այսօր լռո՜ւմ ես:  

Դռան մոտ երկուսն էլ հասկացան, որ վերջացավ դժբախտությունը և ուրախանալու փոխարեն նայեցին իրար տխուր հայացքներով:
- Տխո՞ւր ես:
- Տխո՜ւր եմ: Էլ ի՜մը չես, գիտե՜մ:
Դուռը ճռռոցով փակվեց:

* * *
Դռան ետևում տղամարդը նստեց հատակին ու երկու ափերով բռնեց գլուխը:
Գլուխը պտտվում էր օտար օծանելիքի բուրմունքից ու շուրթերին դեռ իրեն զգացնել տվող վանիլի համից…մեղավո՞ր եմ, մեղավոր չե՞մ…
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…


Կինը նայում էր փակված դռանը, ավելի ճիշտ արդեն զզվելի թվացող դռան զանգի կոճակին, որը չգիտես ինչու մոտ երկու ժամ առաջ սեղմեց ու…
Այդպես էլ չհասկացավ՝ ճի՞շտ վարվեց թե՞ սխալ…
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…

Հ.Գ  ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ
Օ՜ֆ, չգիտե՜մ, չե՜մ հասկանում…թե ի՞նչ կզգաք իմ գրածը կարդալիս-
շա՜տ եմ խնդրում չմեղադրել հերոսներից ոչ մեկին,
իսկ եթե իրոք ցանկություն կլինի մեղադրել՝ ապա միայն ինձ:

среда, 3 октября 2018 г.

Ստվերները


Թվո՜ւմ էր
Ստվերները զարկերակ չունե՜ն-
Ոչ արա՜գ,  ո՛չ  դանդաղ բաբախող,
Վի՜շտ չեն ապրում ստվերները-
Ո՛չ  ցավ ունե՜ն,  ո՛չ մորմոք,

Ալիքի պես ստվերնե՜րը
Չե՛ն փշրվում կրծքերում,
Քնքշությունից չե՜ն վախենում-
Չե՛ն լքում և չե՜ն հեռանում,

Լռությո՜ւն են ստվերները-
Լեզու չունեն խոսելու,
Ոչ խոսքի՜ց են հուզվում անզգույշ,
Ո՛չ խաբում են,  ո՛չ կեղծում…

…Եվ ստվեր դարձա թվացյալ մտքից-
Լսեցի աղմո՜ւկը լռության,
Չհեռացա՛ ինքս ինձնից-
Լույսո՜վ ծնվեցի,
Անլո՜ւյս հեռացա…

ԱՐՑՈՒՆՔՆԵՐԸ ՄԵՐ ՄԱՅՐԵՐԻ




Մի Մոր հարցրին. «Ի՞նչու չես լալիս,
Որդիդ ցմա՛հ է բանտարկվել»
Ասաց.  «Ինչ լա՜վ է, որդիս չի՛ տանջվի,
Որ իր ետևից  որդի չի թողել…»
--------------------------------------
Քեզ համար իրո՜ք տանջվելու պատրաստ
Միայն Մա՜յրդ է, ուրիշ մարդ չկա՛,
Ցավո՜ք հաճախ են նրան մոռանում
Ու…թողնում մենակ:

Թաքնված վի՜շտդ Մայրդ լա՛վ գիտի,
Բայց հաճախ ցավերիդ չունի՜ պատասխան,
Դրանից լալիս է կրկի՜ն ու կրկի՜ն
(Այդքա՜ն արցունքներ որտեղի՞ց նրան)

Դու մի՛շտ իր մեջ ես՝ ինքը քեզ Աստված,
Խանդո՜տ մայրական սիրտը հովանի,
Ի՜նչ էլ որ անես մնո՛ւմ ես ներված,
Ո՞վ կարող է քեզ ամեն ինչ ների:

Տխուր պահերը չի՛ կիսում քեզ հետ,
Այդ պահին իր համար դառնո՜ւմ ես օտար,
Լալի՜ս է թաքուն, որ դու չտեսնես
Նո՜ւրբ կաթիլները աչքից ընկնող վար:

Մայրը սեռ չունի՜ և ո՛չ էլ տարիք
(Հարաբերական բառեր են դրանք)
Մայրը ունա՜կ է ցանկացած պահի՜
Քեզ համար լինել ամե՜ն, ամեն Բան: