Կարծես ամեն
ինչ բարեհաջող էր ընթանում և ծնողների և իր բնակարանը վաճառելուց, հինգ սենյականոց
բնակարան գնելուց հետո, երբ դարձան մի մեծ ընտանիք՝ տատիկ պապիկով, երեք
երեխաներով՝ ութամյա Արմինեն, հնգամյա Ռոբերտը, չորսամյա Արթուրիկը դե ինքն ու
կինը՝ Անահիտը…
Ճիշտ է
բնակարանը ութերորդ հարկում էր, բայց վերելակը աշխատում էր անխափան, ջուրն էլ էր
բարձրանում:
Իրենք
Արթուրիկի հետ քնում էին մեկ սենյակում, ծնողները մեկ այլ, Արմինեն և Ռոբերտն էլ
ունեին իրենց սենյակները:
1
Ամեն ինչ
սկսվեց մի երկուշաբթի օր, երբ առավոտյան սուրճ խմելու համար խոհանոց մտնելով տեսավ
հորն ու մորը կարծես կազմ պատրաստ ինչ որ տեղ գնալու:
Կինը քիչ
ուշ էր արթնանում, պատրաստում երկրորդ
բաժակ սուրճն ու ճանապարհում աշխատանքի, մինչ այդ ծնողները քնած էին լինում:
- Մա՞մ, պա՞պ,
ի՞նչ է եղել, առավոտ շուտ:
- Ոչինչ տղա
ջան, եթե կինդ չի ցանկանում մեր ներկայությունը մենք կգնանք քրոջդ մոտ ապրելու,
բայց վախեցնել:
- Պապ, ի՞նչեր
ես ասում, ի՞նչ վախեցնել:
Մայրը
շարունակեց.
- Արդեն
քանի տարի է, որ ես սովոր եմ, որ իմ ձեռնափայտը լինում է կողքս դրած, երեկ
ձեռնափայտս հայտնվել էր հյուրասենյակում, ի՞նչպես:
- Դե
միգուցե…
- Այսօր էլ
հայրիկիդ կողքը դրած աթոռի վրա, որտեղ միշտ ծխախոտն է դնում, երկու կոտրված ծխախոտ
էր, այն էլ թաց, դրան ի՞նչ կասես:
- Մա՛մ, պա՛պ,
հո երեխա՞ չեք, Անահիտն ի՞նչու պետք է նման բան աներ:
- Էլ ո՞վ,
ուրվակա՞ն կա այս տանը:
Ներս մտավ
Անահիտն ու զարմացած նայեց հավաքվածներին:
- Ի՞նչ է
պատահել, առավոտ շուտ, ի՞նչու եք հագնված կարծես հեռավոր ճամփորդության մեկնելիս
լինեք:
- Խնդրեմ
տղաս, լսեցի՞ր, իր բերանով է ասում:
- Բայց ի՞նչ
ասացի որ, ինչո՞ւ եք այդպես ինձ նայում:
Իմանալով
պատահածը Անահիտը ծիծաղեց:
- Եթե ես
գիշերը վեր կենայի պետք է անցնեի ձեր տղայի վրայով ու արթնացնեի, այնպես որ ուրիշ,
խելքին մոտիկ բաներ հնարեք: Իմ մահճակալը պատին է կպած:
Ռոբե՛րտ,
պայուսակդ հավաքիր ուշանում ենք, - խոհանոցից բղավեց ու դուրս եկավ:
Սենայկից
լսվեց մոր աղջկա խոսակցությունը.
- Մա՛մ,
Արթուրիկի կոշիկի թայը չգտա, ինքդ կհագցնես, ես Ռոբի հետ գնացի, չուշանանք:
- Ի՞նչ է
նշանակում չգտա, մահճակալի տակ նայեիր, գժական օր է, լա՜վ գնացեք:
Երեքով
ամբողջ տունը տակնուվրա արեցին, այդպես էլ կոշիկի թայը չգտան:
Երկուշաբթի
էր:
2
Հաջորդ օրը
չգտան Ռոբերտի սև գնդիկավոր գրիչն ու նրա թղթի վրա նկարած ավտոմեքենայի վրա
հայտնաբերեցին գրիչով գծած սև գույնի մի ծուռումուռ կիսախաչ:
Երկու օր
կարծես անցավ խաղաղ, բայց հինգշաբթի հյուրասենյակում՝ հեռուստացույցի վրա գտան
Անահիտի կրծկալը:
Երեկոյան
երբ երեխաները քնեցին չորսով խոհանոցում թեյ էին խմում:
Մայրը
խաղաքարտերով ինչ որ բան էր գցում:
- Այդպես էլ
գիտեի, խնդրե՜մ:
- Ի՞նչ, -
երեք միաժամանակյա ձայներով ու վախեցած նայեցին մորը:
- Ղառի
տասնոցն է դուրս գալիս, պոլթերգեյտս: Աստվա՜ծ իմ: Սա էր մեզ պակաս:
- Մա՛մ դա
ուրիշ բան է, դա ձայների հետ է կապված, ի՞նչեր ես ասում:
- Ի՞նչ
ձայն,- ասաց հայրը, - երբ պատուհանը բաց ենք քնում, էլ ի՞նչ ձայն:
- Պա՛պ,
ութերորդ հարկում ենք ապրում:
- Կապ չունի,
լսի՛ր հորդ, կամ հյուրասենյակի պատուհանն ենք փակում կամ թաց շոր փռիր տակը, ես
լսել եմ: Հորդ լսիր:
-
Իսկ ես ձայն լսել եմ, -
ասաց Անահիտը,- կարծես մեկը զգույշ քայլում էր, վախից չկարողացա աչքերս բացել ու
քեզ արթնացնել, կարծես դմրել էին ձեռքերս:
Սկեսուրը թարս
նայեց հարսին:
- Դու ավելի
լավ է քո խայտառակ շորերիդ տիրություն արա, վաղն էլ ինչ իմանաս որ մի շորդ
կհայտնվի, մեղա քեզ Աստվա՜ծ, մեղա՜…
- Ինչո՞ւ
խայտառակ, ի՞նչեր ես խոսում, դու չունես ինչ է՞:
- Ունե՛մ,
իմս միշտ ինձ վրա է: Լա՜վ, դիմենք երրորդ հարկի Արշալույսին թող գա աղոթի, կարծեմ
մի այսպիսի բան ունի, անունը ՛՛Գայլի բերան՛՛, խունկ է վառում ու…
- Մամ,
վերջացրու, ամբողջ շենքով մեկ խայտառակվելու ենք:
Հայրը ոտքի
կանգնեց:
- Չէի
ցանկանում ասել, բայց ես իրոք գիշերը վեր եմ կացել, փակել պատուհանը, թե չէ չէի
կարողանում քնել:
- Այս շոգին
պատուհան չեն փակում, սա, նորից եմ ասում, բարձր հարկ է, դա ի՞նչ տվեց քեզ:
- Ինչ տվե՜ց,
ինչ տվե՜ց, ակնոցս չեմ գտնում առավոտից:
Անահիտը
ափով փակեց բերանը:
Սկեսուրն
անընդմեջ խաչակնքում էր՝ աչքերը չռած սեղանին՝ ղառի տասանոցին:
Ստեղծվեց
այնպիսի պահ, որ մեկ ավելորդ ձայն կարող էր մահացու հարված հասցնել:
Հենց այդ
պահին էլ հնչեց դռան զանգը:
Անահիտն
աթոռից ընկավ, սկեսուրը մի խոր շունչ քաշեց ու…փակեց աչքերը:
Հայրը
դողում էր նստած տեղում:
3
Ներս եկան
քույրն ու փեսան:
- Մամ ջան,
ի՞նչ է եղել, հեռախոսով ձայնիցդ հասկացա, որ վատ եք:
- Նուն ջան,
պոլթերգե՜յթս, մեռած ենք թաղած չենք:
- Դա ի՞նչ է
մամ ջան սրտի հետ է կապվա՞ծ, թե ուրիշ…
- Ավելի
վատ, դա որբ երեխայի ուրվականն է, ընդ որում սոված, տեղավորվել է մեր տանը, կորա՜ծ
ենք:
Փեսա Վանիկը
սկսեց ծիծաղել:
- Կատակի
ժամանակ եք գտել, մենք էլ շտապեցինք:
- Էլ դրանից
էլ կարգին բա՞ն, - հայրը խիստ աչքերով նայեց փեսային:
- Լավ,
սկսեք սկզբից առանց մանրուքները բաց թողնելու:
Երբ
պատմությունը հասավ գագաթնակետին, ծայրագույն լռության պայմաններում դանդաղ սկսեց բացվել ննջարանի դուռը:
Վեց զույգ
հասուն աչքեր դարձան բազմաթիվ վախի կտորներ ուղղված դռանը:
Հանգիստ
դուրս եկավ Արթուրիկը ու աչքերով փնտրելով մորը ասաց.
- Մա՛մ,
չիշիկ ունեմ:
- Ուրեմն
այսպես, հիմա բոլորդ գնում եք ձեր սենյակները, դուրս չգաք, ես իջնում եմ,
ավտոմեքենայումս դրա միջոցը կա, բերում եմ տեղադրում ու Նունեի հետ մենք գնում ենք:
Վաղն ամեն ինչ կպարզվի:
- Մեզ թողո՞ւմ
եք Վանիկ ջան, բա ո՞նց կլինի:
- Այսօր էլ
մնացեք, լավ կլինի:
Չնայած
Վանիկը գիտեր, որ որվականները տեսախցիկներում չեն նկարահանվում, այլ միայն իրերի
շարժն է նկարահանվում, բայց ավտոռեգիստրատորը, շարժման տվիչի ռեժիմում տեղադրեց
պահարանի վրա՝ այնպես, որ հյուրասենյակում
ցանկացած շարժ նկարահանվի ու գնաց:
4
Հաջորդ
առավոտը կարծես թե անցավ խաղաղ, ոչ մեկը չէր բողոքում ինչ որ իրի տեղաշարժից կամ
պակասությունից, բայց անհամբեր սպասում էին Վանիկին:
Երեկոյան
Վանիկը եկավ, բերեց իր Նոութբուքը:
Բարձրացավ
անջատեց ավտոռեգիստրատորը, դանդաղ հանեց չիպը, տեղավորեց համակարգչի մեջ, նորից
առանց շտապելու մի ծխախոտ կպցրեց նոր միացրեց տեսագրությունը:
Գիշերվա
ժամը 3-ին մոտ հանկարծ ռեգիտրատորի կարմիր լույսը սկսեց թարթել սկսվում էր
ձայնագրությունը:
- Բայց շարժ
չկա, ինչո՞ւ է ձայնագրում:
- Նայիր ձեր
դռանը:
Պարզ երևում էր Անահիտենց ննջարանի դռան բռնակի
դանդաղ իջնելը:
Բոլորի
մտքում մի հարց էր թե ի՞նչպես էր այդ օտար երևույթը պատուհանից հասել դռանը:
Հետո սկսեց
ավելի դանդաղ բացվել դուռը:
Ներսից
դուրս եկավ Արթուրիկը՝ ձեռքին այն մնացած
կոշիկի թայը, մոտեցավ բաց պատուհանին ու շպրտեց դուրս…
Ս.Ումառ-Հարությունյան