понедельник, 30 марта 2015 г.

Կարոտն ափի մեջ



- Տեսնես հիմա Ամերիկայում ժամը քանի՞սն է:
- Առավո՜տ է, կինո՛ն նայիր, լա՜վ կինո է:
- Ի՞նչն է լավ, տասնհինգ րոպե է արդեն երեքով նստած հեռուստացույց են նայում:
Տեսնես Մարիամս…
- Մարիա՛մ չէ, Մա՛րի է:
- Լավ, թող լինի Մարի, ի՞սկ Անդրանիկը երևի իր առավոտյան սուրճն է վայելում:
- Անդրանի՛կ չէ, Անդրե՛ է, ա՜յ մարդ կինոդ նայիր էլի, լավ կինո է:
- Ի՞նչն է լավ: Գևորիկս էլ երևի պատրաստվում է մանկապարտեղ գնալուն, միայն չասես Գևորգ չէ՝ այլ Ջորջ:
Ամուսինը հանեց ակնոցն ու տեղից վեր կացավ:
Կինը նայեց ամուսնուն:
«Աստված իմ այս ի՞նչ արագ  ծերացանք, և ընդամենը երե՜ք տարում»:
- Ո՞ւր, բա կինո՞ն, լավ կինո է:
- Զուգարան, հիմա կգամ:
Գևորգը գնաց դեպի ննջարան:
Կինը նայեց նրա ետևից ու գլուխը կախեց:

Դստեր՝ Մարիամի ընտանիքի Ամերիկայի Միացյալ Նահանգներ տեղափոխվելը քարտաշ Գևորգը ծանր տարավ:
Օդանավակայանում գրկից հազիվ վերցրեցին փոքրիկ Գևորիկին:
Ամբողջ կյանքում քարերի հետ գործ ունեցած, «քար սիրտ» ունեցող ուստա Գևորգը բարձրաձայն լալիս էր` անտարբեր շրջապատին:
- Ա՛յ մարդ, դե թող գնան լավ ապրեն, ջահե՜լ են, մնան ի՞նչ անեն, համ էլ մեծ մարդ ես չգիտե՞ս որ ճանապարհի վրա լաց չեն լինում: Մեզ ի՞նչ է եղել ոտքո՜վ, ձեռքո՜վ…
- Անիծվի էս ինքնաթիռ հնարողը, անիծվի էն Կոլումբոսը…
Տուն վերադարձան առանց մի բառ փոխանակելու:
Քարտաշ Գևորգի քարերի մեջ կոպտացած ափում Գևորիկի աջ ձեռքի ձեռնոցն էր, որ կնոջից թաքուն դրեց բարձի տակ…
Կինը վաղուց էր նկատել ձեռնոցը, բայց ամեն անգամ անկողինը փոխելիս դնում էր նույն տեղը, հաճախ, երբ մենակ էր լինում հանում էր, սեղմում կրծքին, հետո համբուրո՜ւմ, համբուրո՜ւմ:

Հեռուստացույցի էկրանին երկու տղաներ էին ու մի աղջիկ, որոնք իրենք էլ էին նայում ինչ որ ֆիլմ՝ Ամերիկյան հնդիկների մասին:
- Գևո՛րգ, դե արի հիմա կսկսվի:
- Գալիս եմ, ի՞նչն է սկսվելու, տեսե՞լ ես այս ֆիլմը:
- Չէ՜, բայց գիտեմ, այ այն աջ կողմի տղան հիմա վեր կկենա, գրպանից կհանի դանակն ու կսպանի այն մյուս տղային: Նայի՜ր, լավ կինո է…Լեհական:


Ս.Ումառ-Հարությունյան

Комментариев нет: