четверг, 5 марта 2015 г.

16 +



Քո մեջ հրդեհ է, այնքա՜ն ցանկալի,
Կարծես մի ամբո՜ղջ աշխարհ է այրվում, 
…Խեղդվո՜ւմ է, ձգո՜ւմ զսպաշապիկին
Փողրակը ռետինե վանդակում:

Հասունության պատը շա՛տ է բարակել,
Ուր որ է ասես պիտի՛ պատռվի…
…Թափառախումբն էլ  հերթի է կանգնել
Սպասելով կարմիր տագնապի ձայնին:

Վխտում են են ներսում, ասես խավարում
Սիրո բազմաթիվ քրմեր արբեցած,
Տարալուծվո՛ւմ է մարմնի ծալքերում
Նրանց շքերթը դեռ կյանք չտեսած:

Ու թաքնվո՜ւմ են  կառչած բառերին,
Կծկվո՜ւմ, ձգվո՜ւմ են կիրք- տողերի տակ,
Բառերը շարժում են հե՜նքը տողերի
… Կարծես լսվում է մանկան թոթովանք:

… Դա պատասխանն է հնչող հառաչի-
Կիսաբառերի հոսքով միալար,
…Ծա՜նր է ապրումը մարմնի կանացի
Անկարող հսկել ձա՜յնը խելագար…

… Մերկացած միտքը արև սրսկված,
Դառնում է մի օձ՝ գալարվող անվերջ,
Ու քլթքլթում է գինի չդառած
Մաճառը փափուկ հավկիթների մեջ:

Արևի կարոտ ծիրանաձևը հասունանում  է,
Ճաքում  է քաղցրից,
Քնից արթնացած կրքերի դևը`
Որդան կարմիրը ժպտում է ներսից:

Գիշեր-անտառի սաղարթին բազմած,
Տարուբերվում է սիրո մեղեդին,
Ալվան տիրուհին երախը բացած,
Իրեն է ձգում սոված վիշապին:

Սապատներն ուղտի լցվում  են գինով,
Պռնկե-պռունկ եռում են հպում,
Տիրուհին երկտակ, պապակ շուրթերով
Արևահամի գինի է ըմպում:

Կաթիլ առ կաթիլ բաժակն է լցվում
Թանձր մածուկը բանականության,
Հաշիշ ծաղիկին ցողով է ցայում,
Ադամաթուքը Նորին մեծության:

Ու կիրք է երակ-ճամփեքով բոլոր,
Շոգ անապատ է արևից կիզիչ,
Ու անապատը հևում է օրօր,
Ու տաք փրփուր է  ծորում կակաչից:

… Շուրջը ավա՞րտ է, թե՞ վերջն աշխարհի,                  
Երազ Դրախտը Դժոխք է դառնում,
….Քո մեջ հրդեհ է, այնքա՜ն ցանկալի,
Կարծես մի ամբո՜ղջ աշխարհ է այրվում, 




Ս. Ումառ - Հարությունյան 

Комментариев нет: