среда, 4 марта 2015 г.

Լուսնամարդը


  
Վախենում եմ բացել կիսաբաց կոպերս
ինձ թվում է թե նրանք կբացվեն մի այնպիսի ժանգոտ ճռինչով
որ կարթնացնեն քեզ…
Վախենում եմ բացել աչքերս ու ինչպես միշտ տեսնել ամառային երկնքում կատարվող ինձ համար սովորական դարձած  լուսավոր դեպքերի արտացոլանքն իմ սենյակում, որը կարթնացնի քեզ…
Վախենում եմ պատկերացնել,
Վախենում եմ խոսել իմ մտքերի հետ…
Վախենում եմ, որ կարթնանաս մտքերիս ձայներից…
Քնած ես շուրթերդ հպած ուսիս ու կարող է, որ հենց այդ հպումից քո մեջ անցնեն իմ բոլոր վիճաբանությունները ինքս ինձ հետ, որը ես համարում եմ կեսգիշերային զրույցներ Լուսնամարդու հետ…
Վախենում եմ շարժվել, բայց ափս այրվում է մեջքիդ…
Ոտքդ, որ գցել ես վրաս ինձ սեղմում է տիեզերական ծանրությամբ ու կարծես գամել քեզ միշտ գրկաբաց ընդունող անկողնուս…
Բայց ես այդպիսին չեմ, չեմ կարող մնալ մի դիրքով ու տեսնում եմ իմ իսկ շարժը կյանք կոչված մացառուտներով լի խորդուբորդ այն ժայռի վրա, որով փորձ եմ բարձրանալ ու հասնել գագաթին, նորից ու նորից մի վերջին անգամ զրուցել Լուսնամարդու հետ ու խնդրել, որ էլ երբեք չհեռանա ցերեկվա լույսի հետ մինչ հաջորդ գիշեր…
Ես վախենո՜ւմ եմ, ի՞սկ Դու,

Դու չես վախենում առավոտյան արթնանալ, ու գիշերազգեստիդ կրախմալե ձայներից ինձ արթնացնել…
Դու չես վախենում քո՝ քեզ թվացող զգույշ քայլերի երաժշտությամբ ինձ արթնացնել…
Դու չես վախենում, որ կարող է ինձ կտրես իմ երազներից երկաթե սրճեփին կպչող գդալի ձայներով…
Դու չես վախենում ինձ արթնացնել այդ սև հեղուկի կախարդական բույրը քթիս մոտեցնելով ու քո…
- Սուրճը պատրաստ է, արթնացի՛ր…
Դու չես վախենում, որ ես կարող եմ սուրճի գոլորշու մեջից տեսնել քո բնական գեղեցիկ դեմքն ու հանկարծ չցանկանալ բացել աչքերս…տեսնել քեզ այնպիսին, ինչպիսին որ կաս…
Բայց ես տեսնո՜ւմ եմ, տեսնում եմ ինչպես են ձեռքերս արյունոտվելու աստիճան քերծվելով, օգնելով ոտքերիս ինձ դանդաղ մոտեցնում ժայռագագաթին…  

Վերջապես հասա, տեսա գագաթից հարյուր մետր ցած գտնվող այն արծաթագույն հարթավայրը, որը չէր երևում հակառակ կողմում գտնվելու պատճառով:
Նստեցի գագաթին, վառեցի իմ հերթական Black Tip գլանակը:
- Բարև, - լսվեց ետևից:
- Բա՛րև, չհարցնես թե ճանաչո՞ւմ եմ քեզ արդյոք, գիտե՜մ, Լուսնամարդն ես:
 Մոտ վաթսունի մոտ այդ մարդու հետ, որի մորուքը հազիվ է հասնում կրծքին, ես շատ անգամ եմ զրուցել:
- Ատո՞ւմ ես ինձ…
- Գիտես ու նորից հարցնում ես:
- Ես մտքեր չեմ կարողանում կարդալ, բայց հոգիներ կարդալ կարողանում եմ, այ քո հոգին լցված է ատելությամբ, մինչ դու քեզ գագաթից կնետես, ես ցանկանում եմ իմանալ պատճառը, չէ՞ որ դու հրաժարվում ես իմ նվերից քեզ, ես քեզ կյանք եմ նվիրել…
- Կյա՞նք, դու ինձ դժոխք ես տվել, ես չունեմ ոչինչ երջանիկ ապրելու համար, ո՛չ հարստություն, ո՛չ ուժ, ո՛չ տաղանդ… մի՞թե չես հասկանում…
- Ես տվել եմ քեզ բարի սիրտ, հումորի զգացում, սուր միտք, դա շնորհ է:
- Մի՞թե դա համարում ես շնորհ, իմ հումորի զգացումից մարդիկ իմ բոլոր ասածները համարում են հումոր, իմ բարի սրտի պատճառով ես կորցրեցի իմ բոլոր բարիքները, ես հիմա ատում եմ իմ կյանքը, և ընդամենը քանի տարեկանում…դու աղավաղել ես իմ դեմքը, հոգիս, նպատակներս վեր ես ածել աստղաճանապարհների, անհաս ու վերջ չունեցող…
- Հըմ…
- Հիմա էլ եկել ես, որ ընդամենը իմանաս պատճառը, ճի՞շտ եմ չէ, չէ՞ որ դու ես ինձ տվել խելացի մտքի այն չափաբաժինը, որ կարողանամ անսխալ կռահել:
Վեր կացա լուռ ու մոտեցա գագաթի ծայրին:
- Սպասի՛ր, ես կարող եմ դեռ քեզ օգնել ու մի մոռացիր, որ ես դեռ երկու հազար տարի առաջ իջա ու ինձ խաչեցին, նիզակով խոցեցին սիրտս, բայց ես պայքարեցի և ինչպես տեսնում ես…
- Դո՞ւ, չէ՞ որ շրջապատված էիր քեզ  երկրպագող մարդկանցով, չէ՞ որ քո սիրտը խոցողները դիմացդ կանգնած էին, իսկ գիտե՞ս թե ինչ բան է երբ մեջքից են հարվածում, չգիտե՜ս, քո տանջանքները խաչի վրա երեք օր էին, իսկ ես արդեն քանի տարի է տանջվում եմ…գիտե՞ս քանի սրիկա է ապրում երջանիկ, քանի՞ մարդասպան ու դաժան մարդ կա, որ դեռ հանգիստ խղճով ապրում են…
- Գիտե՜մ…
- Դե, ուրեմն ի՞նչ, ե՞ս եմ ամենավատը…մնաս խաղաղությամբ, ես հոգնեցի…
Լուսնաքամին սկսեց խաղալ իմ շորերի հետ, կարծես տալով ինձ թևեր ու համոզել որ հանգիստ թռիր…
Քայլ ու… ամեն ինչ վերջացավ արծաթափայլ հարթավայրի վրա…

Լուսնամարդը մոտեցավ գագաթածայրին, նայեց հարթավայրի վրա ընկած իմ անշունչ մարմնին:
«Չէ՞ որ ես նրան բարի սիրտ էի տվել, այդ ե՞րբ հասցրեց քարանալ, այո նա ունեցել էր ծանր կյանք, բայց պայքարում էր, վստահ էր իր ուժերի վրա, ի՞նչը կոտրեց նրան չեմ հասկանում…»
Ես տեսա թե ինչպես Լուսնամարդը իջավ ինձ մոտ, փորձ արեց մտնել աչքերիս մեջ ու դա ստացվեց նրա մոտ, հասկացա, որ ամեն ինչ ցանկանում է տեսնել Իր իսկ աչքերով…

… Ահա նրանք, այգու նստարանին նստած հացի փշրանքներ են նետում աղավնիներին, ո՜չ, դա այն չէ, հարկավոր է էլի թերթել ու գտնել կորած լույսը, կորա՜ծ, խամրա՜ծ, չքացա՜ծ…
Ահա այս մեկը…
Նա ձեռքին ծաղեփունջ մոտենում է այն նույն նստարանին, բայց նստարանի վրա երկուսով են, համբուրվում են նրա աչքերի առաջ, ծաղկեփունջն ընկավ տղայի ձեռքերից, ոտքերը ծալվեցին, սիրտը հարվածում է սառցե ասեղներով, շնչելը դժվար է, ահա այն լույսը, որը կորել է տղայի մոտ…
«Ի՞նչ ցավ է ապրում, ի՞նչ տանջանք, սա արդեն շատ շատ է մեկ մարդու համար, դե մարդիկ շատ են, ես չեմ հասցնում…Այո, Լուսնամարդն էլ կարող է սխալվել, բայց ի տարբերություն մարդկանց նա կարող է իր սխալը ուղղել…»

Ես վախենո՜ւմ եմ, իսկ Դո՞ւ,
Դու չես վախենում առավոտյան արթնանալ, ու գիշերազգեստիդ կրախմալե ձայներից ինձ արթնացնել…
Դու չես վախենում քո՝ քեզ թվացող զգույշ քայլերի երաժշտությամբ ինձ արթնացնել…
Դու չես վախենում որ կարող է ինձ կտրես իմ երազներից երկաթե սրճեփին կպչող գդալի ձայներով…
Դու չես վախենում ինձ արթնացնել այդ սև հեղուկի կախարդական բույրը քթիս մոտեցնելով ու քո…
- Սուրճը պատրաստ է, արթնացի՛ր…

- Դե վե՛ր կաց, ինչքա՞ն կարող եմ խնդրել, վե՛ր կաց…
- Ի՞սկ ուր է սուրճը, քեզ ի՞նչ է եղել…
- Կարծես թե սկսվում է, հագնվի՛ր…
- Ի՞նչը…

Աչքիս բարի աչքերով մի շատ տարեց սպիտակ խալաթով հրեշտակ է մոտենում ինձ, ձեռքին մի փոքրիկ բայց աշխարհից թանկ նվերով…
- Շնորհավորո՜ւմ եմ, տղա է…գրկի՛ր ինքդ, ի՞նչ ես շշմած կանգնել:
Մի շատ հարազատ բան սեղմվեց կրծքիս, ես չհասկացա թե ինչպես ստացվեց, որ ես էլ ոչինչ չէի կարողանում տեսնել, բացի նրա փոքրիկ բերանից, մի կերպ փակված աչքերից, փոքրիկ ու նուրբ քթից, որը կարծես հոտոտելով փնտրել էր ինձ ու չէր ցանկանում հեռանալ:
Մոտեցավ լուսնաշորերի վրա սպիտակ խալաթ գցած մի մարդ, որի մորուքը հազիվ էր հասնում կրծքին:
Մատը դրեց կրծքումս կծկված տղայիս ճակատին ու ասաց.
- Դու երջանիկ կլինես, դու արժանի ես դրան…

Ս.Ումառ-Հարությունյան


Комментариев нет: