воскресенье, 30 сентября 2018 г.

ԱՅՍ ԳԻՇԵՐ




Ափսո՜ս էր գիշերն այս՝
Անցա՜վ հենց այնպես -
Առա՜նց քո խոնավ շուրթերի,
Տեսնես ո՞վ էր որ այս կատակն արե՜ց
Եվ մեզ հեռացրեց իրարից…

Այդ ի՞նչից է որ դարձանք մենք շռա՜յլ՝
Գիշե՜ր  կորցրինք առանց իրարու,
…Եվ պատուհանի տակ լապտերը մռա՜յլ
Այս գիշեր թվաց  մի մե՜ծ լուսատու:

Այդ ի՞նչպես եղավ՝ չօծեցի՜նք լույսով       
Կեսգիշերային խամրած աստղերին,
… Առանց մեզ տխրա՜ծ այս գիշերը զո՜վ
Գրա՜վ դրեցինք  մորմոքին;

Չփայլեց գիշերն  ուսերի՜դ ողորկ-
Ի՜նձ նման կարոտ մնաց մարմնիդ,
… Մենք շռա՜յլ եղանք ու սրտի դողո՜վ
Մի ամբո՜ղջ գիշեր կորցրինք:

четверг, 27 сентября 2018 г.

…և գիշերը մեղավոր




Լո՜ւյս է թարթում գիշերվա աչքին,
Անհանգի՜ստ է գիշերը դարձել,
Կորցրե՜լ է մեկը մեկին, 
Որին  պե՛տք չէր կորցնել:

Սառը քրտի՜նք է գիշերվա ճակատին,
Գիշերվա սառը չի՛ թողնում քնել,
Փնտրո՜ւմ է մեկն ինչ-որ մեկի՜ն, 
Որին  պետք չէր կորցնել:

Ամոքելու բա՜ռ չէր գտել
Ինչ-որ մեկը ինչ-որ մեկի վե՜րքը խոր,
Ինչ-որ մեկը հեռացե՜լ էր
Ինչ-որ մեկից վիրավոր:

Խառնվել էր հո՜ղ ու երկի՜նք,
Հույսն հավատի՝ մթագնել,
Կորցրե՜լ էր մեկը մեկին,
Որին պե՛տք չէր կորցնել:

Թևածում էր գիշե՜ր-ցերե՜կ
Ինչ-որ մեկի՜  ցնորագույն  երազը,
Հիշեցնո՜ւմ էր ինչ-որ մեկը
Ինչ-որ մեկի՜ պակասը:

Թրջվե՜լ էին ինչ-որ մեկով
Ինչ-որ մեկի աչքերը,
Ո՞վ էր անմեղ, ո՞վ մեղավոր՝
Դե իհարկե՜
Գիշերը…

понедельник, 24 сентября 2018 г.

Մահճակալի ոտքերը սիրով լցվեցին


* * *
Մահճակալի ոտքերը սիրով լցվեցին,
Սերը սողոսկեց տաք վերմակի տակ,
Դռան ծխնիներն հանկարծ ճռռացին,
Սիրո մեղեդու ձայներից լարված:

Ու համբուրվեցին կարոտն ու սերը,
Իրիկնաշողը դեմքեր գուրգուրեց,
Արցունքը մաքրեց հուռթի շուրթերը,
Գիշերվա գրկում մի բու բղավեց:

Զգեստները լուռ են, հատակին թափված,
Կարծես թե խորհել, խոսել չգիտեն
Կարծես թե մարմնից մի կերպ ազատված
Ուզում են մի քիչ հանգիստ վայելել:

Եվ սա մի խաղ է կյանքի ու մահվան,
Մի դիմակահանդես կյանքի եզերքում,
Որտեղ կարոտն ու սերը համրաքայլ,
Առանց դիմակի պարեր են պարում:

Ս.Ումառ-Հարությունյան
14.04.13  Երևան

Կիսալույս




Այրող մի արև՜, այրվող մի լուսի՜ն,
… Ու դաղվե՜լ էր ուսս
Քո հուր վարսերից…

Եվ Գիշե՜ր չէր գիշերը, և նմա՜ն չէր իրեն,
…Մեզ խանգարող շորե՜րը
Ընկած էին անտեր:

Կի՜րք էր ողջ գիշեր՝ ընդհա՜տ, անընդհա՜տ,
… և քրքրված շուրթե՜ր,
… և աղոթքնե՜ր կիսատ:

Եվ մահճակա՜լն էր ճկում զսպանակներն իր հի՜ն,
Ասե՜ս մի ծղրիդ էր երգում
Պատուհանի գոգին:

Եվ սե՜րը Սե՜ր էր, և կի՜րք կար պրկված,
… Եվ զո՜ւյգ ճնճղուկներ՝
Կտուցները ցցած…

Եվ գիշե՜ր մութ վկա՜ն  կիսալո՜ւյս էր արդեն,
…Լուսաբա՜ցն էր չկամ
Ճմլկոտում իրեն…

4-ը


Զահլա՜ս գնաց արդեն
Թվաբանական հաշվումներից չոր,
Թե քանի՞ օր եմ լիարժեք ապրել,
Հաշվո՜ւմ եմ,
Հաշվո՜ւմ՝
Ստացվո՛ւմ է չորս օր…

Մեր չո՜րս հանդիպումները դարձան մի ողջ կյանք,
…Ո՞վ կպատկերացներ,  որ չորսը
Հզո՜ր է այդքան…

Հողդ....


Երբ Հող ունես
Այ՜ն էլ մի բուռ-
Բռանդ մե՜ջ պահիր ամուր,
Սեղմի՛ր թող ո՜ւժն իր հավաքի,
Որ բաց թողնես
Ընդարձակվի…

Բայց զգո՜ւյշ,՝ հանկարծ շա՜տ չսեղմես,
Չցավեցնե՜ս,
Հո՜ղն էլ ունի ցավի զգացում,
Հատկապես երբ գտնվ՜ւմ է
Անգո՜ւթ, փնթի՜ մարդու ձեռքում…

среда, 19 сентября 2018 г.

Գարնան նմա՜ն է կարոտս դարձել


Հանդիպման պես ջերմագի՜ն,
Հրաժեշտի պես դաժա՜ն
Կարո՜տը ինչպես քմահաճ մի կի՜ն
Մեկ հարազա՜տ է ձևանում,
Մեկ ձևանում է օտար…
*
Գարնան նմա՜ն է կարոտս դարձել-
Մեկ ծաղկո՜ւմ է, փթթո՜ւմ,
Մե՜կ էլ անձրևում,
Մեկ ձյան փաթի՜լն է ափերով բռնում,
Մեկ արեգակի պե՜ս, սի՜րտս
Ջերմացնում…
*
Գարնան նմա՜ն է կարոտս դարձել-
Մեկ վազվզո՜ւմ է երակներիս մեջ
Սի՜րտս է լցվո՜ւմ-գրավում,
Մե՜կ էլ լքո՜ւմ է՝ հեռանում,
Գարնան գիշերվա սա՜ռն աչքերի պես
Ցավի՜ց բղավում…
*
Գարնան նմա՜ն է կարոտս դարձել,
Ասես թե լինի երկա՜ր հյուսքերով
Փոքրի՜կ աղջնակ,
Որ նո՜ւրբ թաթիկով մի ծաղիկ բռնել
Մեկ մոտեցնո՜ւմ է, մեկ
Պահո՜ւմ փեշի տակ…
(Ա՜յ քեզ երեխա՜)
*
Դե ե՛կ գլուխ դի՜ր այս երեխայի հետ,
Մի բա՜ն բացատրիր կա՜մ
Մի խորհո՜ւրդ տուր,
Որ մեծերի հե՜տ այդպես չե՛ն վարվում,

Որ գարնան նմա՛ն խե՜նթ կատակներից
Մեծերը հաճախ հիվանդանո՜ւմ են կա՜մ
Խելագարվում…

вторник, 18 сентября 2018 г.

Կառամատույցո՜ւմ անորոշության




*
Տե՜ղն իմ ես չունե՜մ կյանքի գնացքում,
Դո՛ւրս է շպրտել արագությունն այդ,
Գնացքը շարժվե՜լ է, ես մնացե՜լ եմ
Կառամատույցո՜ւմ
Անորոշության:
*
Խոսելը դժվա՜ր է, լռել չե՛մ կարող,
Ճշմարտությո՜ւնն եմ սիրել շուրթերի,
Արածս ընդամենը մի կաթիլն է լո՜կ
Մինչ այժմ եղած
Արարումների:
*
Եվ կանգնած մենակ - առանց տարիներ,
Չե՛մ ուզում քայլել գլխիկոր,
Ինձ երբե՜ք ոչինչ այսպես չէր ծալել,
Ինչպես գնա՜ցքն այս
Ինձնից հեռացող:
*
Ճչո՜ւմ է փախչող գնացքը հեռվում,
Ասես թե սի՜րտս է տանում փորձության,
Անձրև՜ է թունոտ՝ թախիծի խոստում -
Կառամատույցո՜ւմ
Անորոշության:


суббота, 15 сентября 2018 г.

Գիշերային մենախոսություն» շարքից




Եվ գիշերը կո՜ւյր
Ինձ ընկեր դարձավ,
Տեսողությունը կորցրած ա՜յն կնոջ նման,
Որը տեսնում է ամե՜ն, ամե՜ն ինչ,
Բայց չի՛ տեսնում ինձ
Ասե՜ս ես չկամ…

Եվ գիշերը կո՜ւյր մխիթարեց ինձ՝
Պատմեց ա՜յն մասին
Թե քանի՜ միլիոն կո՜յր կին է տեսել…
Եվ նրանց միջից գեղեցիկները՝
Կո՜ւյր աչքով սպասող կանայք են եղել:

Գիշերային մենախոսություն» շարքից




Երբ որ պոետը կրկնո՛ւմ է մի Բա՜ն
Դրանից ավել էլ ի՞նչ նորություն,
Դա նշանակո՜ւմ է, որ ապրում է նա
Նշանակո՛ւմ է դե՜ռ
Տանջվո՜ւմ է, տանջվո՜ւմ…

Գիշերային մենախոսություն» շարքից




Մի տեղ կարդացի՜
«Գեղեցիկները դժբախտ են լինում…»
(Գոնե գրեին ապրում են երկա՜ր)
«Դժբախտ»  բառի վրա ծիծաղս եկավ,
Արագ վազեցի, նայեցի՜ հայելուն
Ու…լա՜ցս եկավ…


«Գիշերային մենախոսություն» շարքից




Անխուսափելի՜ն աչքերիդ խորքում
Ո՛չ մի կերպ սրտիս հանգիստ չի՛ տալիս,
Աղոթք չգիտե՜մ,
Բա՜յց աղոթում եմ
Անճարությունից:

Տարօրինա՜կ են բառերն աղոթքիս,
Բառե՜րն աղոթքիս – նոտաներ,
Աղոթքս դառնում է մեղեդի՜,
Որը ո՛չ մի տեղ
Ո՛չ ոք չի լսել…

«Գիշերային մենախոսություն» շարքից




* * *
Ինձ մո՜տ մնացի՝
այսինքն քեզ հետ
և մենակություն բնավ չզգացի:
Հետո հասկացա-
Ինչքա՜ն լավն եմ ես, երբ դու կողքս ես
…կամ էլ հոգուս մեջ:

Քայլվա՜ծքդ..
քայլվածք չէր մի սովորական՝
սլա՜ցք էր դեպի վեր,
սլա՜ցք էր հախուռն
և չդիմացավ հողը ոտքիդ տակ՝
այրվեց - ինչպես որ արյո՜ւնն է այրվում
գարնան երակում:

Ո՜ւշ էր, հեռացա՜ր,
մենակ մնացի ամբողջ աշխարհին անտարբեր:
Ես ինձ հե՜տ էի, ես մենա՜կ չէի՝
Ե՜ս էի … և զո՜ւյգ տենչանքի թևեր:

среда, 12 сентября 2018 г.

… Դե՛ն նետիր թավշյա ձեռնոցնե՜րդ




Բարությամբ շռա՜յլ դարավոր իմ ա՜զգ,
Ի՞նչու ես ամուր  աչքերդ փակել,
Ի՞նչու ես անձայն երկա՜ր ժամանակ,

Չէ՞ որ կարող ես ուրիշ կերպ ապրել…

Կարո՛ղ ես ապրել քո հողում քարոտ,
Քարերով կոտրել գլուխը նենգի,
Չէ՞ որ հայ մարդը ծալած ձեռքերով

Անհույս չի՛ նայել քանդվող տանիքին…

Մեկ մի քոռ բո՜ւ նստեց գահիդ,
Մեկ՝ այլանդակ անասուն,
Մեկ՝ աննամո՜ւս, հիմար հիբրիդ-
Օտարածին մի լամուկ:

Լո՜ւռ մնացիր քարերիդ պես,
Կոկորդումդ վի՜շտ ու ցավ,
Լույսի փոքրիկ մի շո՜ղ բացվեց,

Բայց Լուսաբաց չդարձավ:

«Քա՜յլ արա»  այս «Լուսավոր …»
Քո հողում «Երկիր ծիրանի»
Օրե՜ր են մռա՜յլ,  անձրևո՜տ

Քոնն արեգա՛կն է՝ Վաղը կբացվի:

Դե՛ն նետիր թավշյա ձեռնոցնե՜րդ,
Մատներո՛վ խեղդիր այլանդակներին,
Վաղո՜ւց են սրբացած նախնինե՜րդ

Սպասում համահունչ քայլերի…

ՆԱԽԱՆՁԸ




ՆԱԽԱՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
*
Ոչ ոք չգիտի՜ թե ի՞նչ կլիներ
այս մոլորակում պատահարածին,
եթե նախանձը հանկարծ չլիներ,
եթե չմորթեր Կայենն Աբելին:
*
Նախանձն իրոք վաղո՜ւց է եղել-
դեռ նախնադարից նախահայրերի,
երբ նախամարդիկ սոված են եղել
իրար են կերել երևի:
*
Մեկին սի՜րտ է բաժին հասել,
մեկին՝ ցավի՜ց չռված աչքեր,
ուժեղը մի՛շտ կո՜ւշտ է եղել,
թույլը՝ նայե՜լ, նախա՜նձել…
*
Նախանձել է կինը այրին,
այրը կնոջն է ծեծել,
երբ բերանով իրենց վայրի՜
մարդու միս են հոշոտել…
*
Նախամարդիկ սի՜րտ են  լափել,  
իրենց զգացե՜լ են  սրտոտ,           
մարդու հոգին մարմնից հանե՜լ                                              
շպրտե՜լ են մի կողմ:
*
Ուշացողին բան չի՛ հասել…
ու կիսաքունն աչքերին
գիշերով ինչ հոգի տեսել-
Կո՜ւլ է տվել՝  անուղեղն այդ անոթի:         

* * *
Ահա և ողջ առեղծվածը-
նախանձն ինչպես է ծնվել, 

ասել կուզի թե նախա՜նձը
Դե՜ռ քարայրից է սկսվել:   


ՎԵՐՋԱԲԱՆ

Ասո՜ւմ են
Նախանձը ահավո՜ր զենք է՝
Տրոհված միջուկից ահարկո՛ւ,
Ցավո՜ք, նախանձը մի՛շտ էլ եղել է,
Միջուկի մասին նո՜ր ենք իմանում:
*
Նախանձի բարին ո՞րն է, չգիտե՜մ,
Երբ ինքը տեղով չար է, բանսարկու,
Միա՜յն չա՛ր մարդիկ նախանձ սիրտ ունեն
Ասե՜նք դա սիրտ չէ՝ այլ մի ջղագունդ:
*
Եվ ջղագունդն այդ կանգնո՜ւմ, ասո՜ւմ է-
Հա՜յր, Մա՜յր, Դո՜ւստր,
Որդի՜, Հայրենի՜ք,
Հետո ինքն իրեն նախանձից ուտո՜ւմ է-
Մահվան սեղանը կարծում հարսանիք:
*
Նախանձը նման է մի ստրիպտիզի՜,
Որտեղ հոգի՛ն է շորերը հանում,
Ներկայանում է՝  դեսպան անցյալի,
Որ միաժամանակ գալի՜քն է հսկում…
*
Մերկ հոգին առանց խղճի՜ ու խայթի
Դառնում է մի զենք ահարկո՛ւ,
Դո՜ւրս է գալիս - նախանձող մարդիկ
Մե՜րկ հոգիներ են՝  թշնամի բարուն:


воскресенье, 9 сентября 2018 г.

ԼՌՈւԹՅԱՆ ՄԵՂԵԴԻՆ




Փակվե՜լ է դուռս, փակվե՜լ է նորից,
Բայց սի՜րտս-
Սի՜րտս մնացել է բա՜ց…
…Լույսի փոխարեն դռան ճեղքերի՜ց
Ձա՜յնն է թափանցում Լռության:

Հիմա առավե՜լ քա՛ն թե երբևէ՜
Տհա՜ճ է մեղեդին Լռության,
Որը դռան տակ մայո՜ւմ է աղերս
Մո՜րը կորցրած գառնուկի նման:

Ու մինորները ուսերին բարձա՜ծ,
Փորձո՜ւմ է տե՛ղն իր գտնել իմ սրտում,
…Լռությունն ինչպես մոլեգին  հավա՜տ
Դռան ճեղքերից սենյա՛կ է լցվում:

Ահավոր դարի արթուն այրորդո՜ւս
Ճնշո՛ւմ է
Լռությո՜ւն-Մենությո՜ւն տանդեմն անիծված՝
Ստիպված փակե՜լ եմ դո՜ւռ ու լուսամուտ,
Բայց սի՜րտս-
Սի՜րտս մնացել է բա՜ց…

Իրո՜ք սիրել եմ Լռության երգը,
Բայց միշտ լսե՜լ եմ «ինչ-որ մեկ»-ի հետ,
Սի՜րտս է եղել այդ «ինչ-որ մե՜կ»-ը
Որ մենությունից սսկվե՜լ է արդեն:

Իզուր մի՛ հուզվիր, խնայի՜ր քեզ սիրտ,
Անդա՜րձ հեռացել է  մեր ջահելությունը,
Մեզ հյո՜ւր է արդեն պա՜րզ ու միամի՜տ
Նորի՜ն Մեծություն
Ծերությո՜ւնը…

вторник, 4 сентября 2018 г.

ԵՐԵՎԱ՜Ն



*
Կծկվե՜լ է քաղաքս, ասես թե ցավի՜ց,
Չգիտեմ թե ի՞նչն է ցավում,
… Չի՛ հանգստանում այս թոհուբոհից
Սուտ խոստումների՜ կոպիտ անկողնում…
*
Քա՜ր է քաղաքիս սի՜րտը վարդագույն-
Կառուցված անվե՜րջ  ճախրանքի համար,
… Կեղտի մեջ կորե՜լ է այս Հրա՜շքը Սուրբ-
Ճախրանքի՜ համար դարձել անպիտան…
*
Քաղաքը ո՜րբ է,  քաղաքում բո՛թ է,
Քաղաքի գլո՜ւխն՝  անգլուխ,
… Հերթի՜ են կանգնել «կասկա՜ծն» ու «ամո՜թը»
Քաղաքագլուխ դառնալու:
*
Այս մի փորձության գինի՜ն էլ տտիպ
Քեզ կխմեցնեն, բա՜խտ է,  ի՞նչ անես,
… Կամ մի «ծաղրածու»  կկանգնի գլխիդ
Կամ էլ «պահանջված մի կին»  աներես…
*
Թե ի՞նչիդ էր պետք «սե՜ր, համերաշխությո՜ւն»
Երբ միշտ եղե՜լ ես մաքո՜ւր ու հստակ,
… Պատա՜նը՝ պատա՛ն է, ի՞նչ տարբերություն
Լինի այն «թավշյա՜ » թե «սպիտակ» …
*
Կյանքի  դպրոցը չավարտած ստվերնե՜րը
Քարերիդ վրայով կանցնե՜ն, կգնա՜ն,
Գաղթականի սիրտ-հոգի ունեցողնե՜րը
Չե՛ն կարող քեզ լինե՜լ տիրակալ…
*
Լալի՜ս է քաղաքս, ամոթի՜ց,  ցավի՜ց,
Ասես թե մա՜յրն է լալիս զավակի համար,
Ասես խլե՜լ են, պոկե՜լ մոր կրծքից
Որդու մանկության գույնե՜րը պայծառ:
*
Ես վատատե՛ս չեմ, սիրելի՜ քաղաք,
Հաշվի՜ր թե մանո՜ւկ ես մանկապարտեզում,
… Այս «մանուկների»  հո՜սքը խելագար
Չի՛ կարող սասանել հիմքերդ ամուր:
*
Ոչ Կարթագե՜նը կա՛,  ո՛չ Բաբելոնը,
Ո՛չ  Պոմպեյը կա՛  և  ո՛չ էլ Տրոյա՜ն…
…Բոլո՜ր ճանապարհները տանում են Հռո՜,մ
Իսկ իմ ճանապա՜րհը՝ միայն Երևան:
*
Գրա՜ծս գանգա՛տ չէ  և ո՛չ էլ հորդո՜ր,
Գրա՜ծս քաղաքիս վի՜շտն է անսահման,
Որ քաղաքը իմ դարձել է ոսկո՜ր
Կռվող շների՜ ոհմակի համար:
*
Կծկվել է քաղաքս  ցավից ամոթի՜,
Ներսում արհավի՜րք, դրսում դավադրա՜նք,
… Ի՞նչպես հավատա, որ թոհուբոհի՜
Օրերն այս կանցնե՜ն, կգնա՜ն: