Լո՜ւյս է թարթում գիշերվա աչքին,
Անհանգի՜ստ է գիշերը դարձել,
Կորցրե՜լ է մեկը մեկին,
Որին պե՛տք չէր կորցնել:
Սառը քրտի՜նք է գիշերվա ճակատին,
Գիշերվա սառը չի՛ թողնում քնել,
Փնտրո՜ւմ է մեկն ինչ-որ մեկի՜ն,
Որին պետք չէր կորցնել:
Ամոքելու բա՜ռ չէր գտել
Ինչ-որ մեկը ինչ-որ մեկի վե՜րքը խոր,
Ինչ-որ մեկը հեռացե՜լ էր
Ինչ-որ մեկից վիրավոր:
Խառնվել էր հո՜ղ ու երկի՜նք,
Հույսն հավատի՝ մթագնել,
Կորցրե՜լ էր մեկը մեկին,
Որին պե՛տք չէր կորցնել:
Թևածում էր գիշե՜ր-ցերե՜կ
Ինչ-որ մեկի՜ ցնորագույն երազը,
Հիշեցնո՜ւմ էր ինչ-որ մեկը
Ինչ-որ մեկի՜ պակասը:
Թրջվե՜լ էին ինչ-որ մեկով
Ինչ-որ մեկի աչքերը,
Ո՞վ էր անմեղ, ո՞վ մեղավոր՝
Դե իհարկե՜
Գիշերը…
Комментариев нет:
Отправить комментарий