четверг, 24 января 2019 г.

ՀՈՒՆՎԱՐՅԱՆ ՄԻ ԿԵՍԳԻՇԵՐ




Իսկ ձյունն իջնո՜ւմ է երգով
Իմ թափառող ուսերին,
Տրորվում է ոտքերով
Հունվարյան ցուրտ մեղեդին:

Կեսգիշեր է ցո՜ւրտ ու մութ,
Ինձ հետ քայլում է քամին
… Տունս թվո՜ւմ է հեռու -
Ասես ծայրո՜ւմ աշխարհի:

Ցրտից սիրտս քիչ կաղո՜ւմ է՝
Մի կերպ շնչում դողալով,
Երբ մտրակի պես դաղո՜ւմ է
Հունվարը իր մատներով:

Հանդա՜րտ, սպիտա՜կ քող է իջել
Եկեղեցու գմբեթին,
Տեսնես արդյոք մի վառվող մոմ
Մնացե՞լ  է այս ժամին:

Փաթիլները օրերի պե՜ս
Երկնից թափվում են հողին,
…Ե՞ս եմ և այս հունվարը ծե՜ր
Գիշերվա ուշ այս պահին…

четверг, 3 января 2019 г.

Երբ Եվա չկա՜ և… Ադա՜մն է անդեմ…




Գիտե՜մ, լա՜վ գիտեմ, որ ո՜ւր էլ գնաս
Վերադառնալո՜ւ ես իմ գրկում բացվես,
Ի՛նձ ես ժպտալու,  երբ հեռո՜ւ-հեռվում
Ցավերից ամպե՜ս
կարոտից խոցվե՜ս…

Իմ երակներում թո՜ւնդ գինու նման
Հիմա հոսո՜ւմ է գետը կարոտի,
Եվ երազների լույսի հուրհրա՜ն
Սարսուռ կրակը աշնանամուտի:

Իսկ դու քո հեռվում ձեռքերդ պարզե՜լ
Ասե՜ս գլուխս ես սեղմել քո կրծքին,
ես դարձել եմ «դո՛ւ», դու «ես» ես դարձել
Հրդեհների մեջ իրիկնամուտի…

Մենք հնարեցինք սիրո տիեզերք՝
Դարձանք  հրեշտակ անո՜տք ու անթև,
Նման դրա՜խտը տեսնես ո՞ւմ է պետք,
Երբ Եվա չկա՜  և…
Ադա՜մն է անդեմ…

среда, 2 января 2019 г.

Մենք՝ Արևորդիներս




Լո՜ւյս ստեղծել,  արարե՜լ
Միայն մե՛նք գիտենք,
Միայն մե՛նք գիտենք
Ձմեռ սրտերով վարդեր հորինել…
Մենք ժպտա՜լ գիտենք
Մենք սիրե՜լ գիտենք
Մեր հորինածով
մենք ապրե՜լ գիտենք:

Ձմռան մուժի մեջ
մենք համբերությամբ
մեր երազները օրորե՜լ գիտենք,
Հույսի դանակով
խավարի կապը մենք կտրե՛լ գիտենք,
Գարնան ավարով
աշուն սրտերին տաքացնել գիտենք,
Ստեղծել պատրանքնե՜ր,
պատրանքով ապրե՜լ,
Տառապանքները հավուր պատշաճի
Հուղակավորել:

Հարկե՜ր, տուգանքնե՜ր
վճարե՜լ գիտենք,
Հարկ եղած դեպքում նաև՜
արևի՜,անձրևի՜ քամո՜ւ
ստվերի՜ համար…
Մեզ նման ո՛չ ոք  մեռնե՜լ չգիտի հավատի համար:

Ծերանո՜ւմ ենք -
մեր աչքերը չե՛ն ծերանում,
Թափում են մեր ատամները-
լույսի համը չե՛նք մոռանում
Խլանո՜ւմ ենք -
հողի կանչը շատ պա՜րզ լսում՝
հող-հայրենիք աստվածացնում:

Ուրվագծել գիտենք հոգսը,
Դառը պահին
կարգավորել  մեր սրտերի
թփթփոցը,
Բուժե՜լ գիտենք
սառած ծառի ճյուղին մեռնող
ծիլ-բողբոջը,
Ուղղե՜լ գիտենք
մենք թշնամու ձեռքով շրջած օրորոցը:

Օրեր ունենք կարկաչաձա՜յն,
Օրեր ունենք ածուխի՛ պես,
Ձայներ ունենք հնչե՜ղ, ոսկյա՜,
Պատարագներ աստվածահեզ…

Չսպիացած վերքե՜ր ունենք,
Նորելուկի մաքուր ձեռքեր,
Չե՛նք հանդուրժի, որ մեր վերքին
Բի՜րտ ու կեղտոտ
ձեռքեր դիպչեն:

Մի բռո՜ւնցք ենք
դեռ կորցնել չե՛նք սովորել,
Բայց հանո՜ւն արդար խոսքի՜ ու մտքի՜
Չե՛մ կարող չասել,
որ ցավո՜ք սրտի և
…խաբվե՜լ գիտենք:

Դուրս է գալիս ո՜ր,
ամե՜ն ինչ ունենք,
Բայց ա՜յ Ժամանա՜կ-
Ապրելու համա՜ր Ժամանակ չունենք …