среда, 30 апреля 2014 г.

Քնքշություն...



Լուսանում էր:
Քնքշությունը ամաչեց խարույկի կրակից ու դառը ծխի հետ լողաց, փորձարեց հեռանալ:
Աստղերն էլ իրենց քնքշությունը տվեցին առավոտյան սառը ցողին:
Քնքշությունը լաց լինող ջութակ էր ու թավջութակի հոգոց,
նա իր նուբ ձայնով կանչում էր արծաթավուն սրնգին ,
իր ետևից քաշում,տանում էր կլարնետի թախծոտ ձայնը:
Կծկվել էր այրվող տերևների ծխահոտից…
… այնպես ինչպես լուսատիտիկն է կծկվում դաշտում մնացած վերջին չորոցած խոտի ետևում:
Ձեռքիս ափը չի կարողանում բաց թողնել քո ափը ու մատներիս արանքում զգում եմ սրտիդ զարկերը, որոնք իմ զարկերից մեկուկես անգամ արագ են:
Կրծքերդ ուրախանում են առաջին ձյունը տեսած երեխաների նման ու ուրախությունից փքվում:
Քնքշությունը ձգտում էր անսահմանության, որից պտտվում էին մեր մարմինները՝ հակառակ բոլոր օրենքների:
Քնքշությունն ապրում էր վերջին շունչը մեր իսկ օրենքներով:
Հինգշաբթի էր:
Քնքշությունն իր վերջին քայլերն էր անում ոտքի վրա մնալու համար:
Քնքշությունն իր բոլոր երանգներով խաղում էր իմ և քո հոգիների հետ:
Քնքշությունը քո մատների բարձիկները գրկած  անցնում էր
Իմ սրտի վրայով, սրտիս վրա զգույշ նկարում էր սիրտ:
Սիրտս տեղից ելել, ուզում էր թռչել, հեռանալ քնքշության հետ,
սիրտս անմոռաց պարում էր կրծքերդ վրա:
Քնքշության զույգ քույրերը՝ քո ափերը փակել են աչքերս ու շշնջում են.
« Մի նայիր հեռացող ոչ մի բանի, ես ատում եմ ճանապարհները,
ես վախենում եմ, սարսափում, որ կարող է դու էլ հեռանաս…
Հեռանալը մահ է…
Հեռանալի վերջն է…
Բայց ժամանակն էր հեռանալու ու նա հեռանում էր…
իմ աչքն էլ նրա ճանապարհին:
Քնքշությանը չդիմացավ նոր բացվող օրվա արևի այրող ճառագայթներին,
չկարողացավ պաշտպանվել մի քանի ժամվա անցյալի կրծքի տակ,
վայր ընկնող աստղի լացակումած ձայնին:
Հեռանալով շոյեց առավոտյան սառը ցողի այտերն ու…
Սառը ցողը վերածեց մի տաք արցունքի կաթիլի:
Լուսանում էր…

Ս.Ումառ

понедельник, 28 апреля 2014 г.

Քամին ու կակաչը




Քամին հայկական էր՝ տաք, կրքոտ, միայնակ ու քթի տակ երգելով երգ Երեքնուկի մասին, թափառում էր սարերում:
Քաղաքում անելու գործ չուներ, քաղաքը հանգիստ չէր սարերի ու սարալանջերի նման, որտեղ կարելի է հանգիստ, առանց շտապելու վայելել անդորրը…
Քամին հայկական էր, սառը, տխուր ու թևերին բարձած կրքի ուղեբեռը, շարունակում էր քթի տակ երգել այն Երեքնուկի մասին:
Քաղաքում անելու բան չուներ, եթե ինչ որ բան գտներ մխիթարվելու ապա դա լինելու էր այստեղ՝ սարերում կամ սարալանջերին:
Պատահականությունը Տիեզերքի կեղծանունն է ու հենց դա էր պատճառը, որ ընդհատվեց քամու երգը, երբ երեքնուկի փոխարեն հանդիպեց մի կակաչի:
Կակաչը կոկետ էր ու սև քրթը դուրս հանած կարմիր զգեստների միջից հոտոտեց քամուն…
Նա սիրում էր շոգ ամառը, ամպրոպը, գիշերը:
Տարօրինակ է, բայց սիրում էր նաև խուճուճ ու գորշ ամպերին:
Կակաչի երազանքն էր թռչել ու գնալ հեռու հեռվում երևացող սարերի գագաթների նստել, նայել վերևից անտառին ու ամառվա տապին շնչել սարերի ցուրտ օդը:
Կակաչն ուներ բոլոր երազանքները սիրելու ու սիրվելու:
Սիրահարվեց ինչը որ բնական էր… քամու համար, նաև կակաչի…
Քամին սկսեց նուրբ շոյել կակաչին, կակաչն էլ հոգնել էր վաղուց միայնակ մնալուց ու սկսեց պատասխանել քամու շոյանքներին, որն արտահայտվում էր իր գույնով ու բույրով:
Քամին սովորեց նրա պատասխաններին ու մտածեց, որ եթե նրան ավելի ուժեղ շոյի, սիրի, ապա ավելին կստանա նրանից:
Քամին ուժեղ մի վայրենի փնչոցով ընկավ նուրբ ու փխրուն ծաղիկի վրա:
Կակաչը չդիմացավ քամու կրքին ու կոտրվեց:
Քամին պտտվում էր նրա շուրջը, լաց լինում, աղոթում, օգնության էր կանչում ինչ որ երկնային ուժերի, շնչում էր ավելի նուրբ, գերնուրբ շնչով, որը չգիտես ինչու պահել էր իր մեջ, բայց կակաչին բարձրացնել չէր հաջողվում:
Վայրկյան առ վայրկյան թոռոմում էր գեղեցիկ ծաղիկը:
Կատաղությունից քամին բղավեց հայերեն.
- Ես քեզ տվեցի սիրո ամենամեծ ուժը, որ կար իմ մեջ, բայց սխալվեցի, քո մեջ չկար այն սիրո ուժը, որը կարող էր դիմանալ ինձ, դու ինձ չսիրեցիր…
Կակաչը ոչինչ չպատասխանեց ու մահացավ:
Լուսինը բարկությունից կարմրած ձգվեց ու ձեռքը դնելով քամու ուսին ատամների արանքիս ասաց:
- Սերը չի չափվում ուժգնության ու կրքի չափով, այլ նրբությամբ ու հուզումնալից հարաբերությամբ, ավելի լավ է զսպեիր քեզ, իսկ հիմա կորիր աչքիս…

Քամին մինչ օրս գլխիկոր փնտրում է…
Երբ հոգնում է փնտրելուց կատաղում է…
Հանգստանում է, նորից է փնտրում…
Նորից կատաղում…

Ս.Ումառ

Ինքնախաբեություն



«Ինքնախաբեություն» բառը փոխեցի
«Ազատություն» բառով…
Ու սլանում եմ  մետրոյի շարժասանդուղքով,
Այն միայն իջնում է,
Բարձրացողը չի աշխատում…
Ինչպես խաղամ - վեր ու վար…
Ցուրտ է, մրսում եմ,
Փորձում եմ ձեռքերս տաքացնել շնչովս,
Ստացվում է, բայց դրանիս սիրտս ավելի է մրսում…
Սիրտս տաքացնելու համար չեմ կարողանում ասել
«Տաքացրու»…
«Ինքնախաբեություն» բառը փոխել եմ
«Ազատություն» բառով …

Դեղատուն-Հայացք

-Մենք-
Երկար ժամանակ է հանդիպում ենք…
միայն հայացքներով:
Ժպտում ենք իրար, ու … անցնում:
Պակասում է ինչ որ բան, ոչ ես, ոչ Նա
Չենք հասկանում…
Օգնության է հասնում դեղատունը:
«Դե ասա, ի՞նչ ես ուզում», մտքում հարցնում է Նա:
Նա Կին է, ուժեղ ինչպես փոթորիկը…
Սպիտակ խալաթի մեջ Նա ավելի գեղեցիկ է քան փողոցում:
Փոթորիկները սպիտա՞կ են լինում…
Ես ժպտում եմ, Նա ժպտում է…
ու նորից մենք հանդիպում ենք հայացքով…

-Ես-
Օգնության է հասնում դեղատունը:
Նորից նայում ենք իրար…
Այնքան մոտիկ ենք իրար, որ կորցնում ենք
թաքնված մտքերի Հսկողությունը:
Երկուսիս աչքերն էլ փայլում են…
Առանց իրար հետ համաձայնության նայում ենք
Դռանը, որտեղից մարդ չի մտնում ներս,
գիշերը գեղեցիկ է Նրա նման:
Ուշ է… դեղատունն էլ գիշերային:
Ես…
Նա…
Շրջապատը կախարդական է ու…
Ուժեղը նա է…
- Քեզ սա կփրկի, վերցրո՛ւ, գուցե և ինձ…
Ձեռքերս այրում է այդ թղթի կտորը
Սեղմած կրծքիս դուրս եմ փախչում դեղատնից:

- Ես-
Հանգցնում եմ տանս բոլոր լույսերը
Վառում եմ մի մոմ – ռոմանտիկ,
Սափրվում եմ մոմի տակ, նստում
Գրասեղանիս մոտ ու վերջապես
Բացում եմ ծալած թղթի կտորը…
Հանդիպել էինք հայացքներով ես և Նա…
Ոչինչ չեմ հասկանում, աչքերս կարդալ չգիտեն,
Նրա ձեռքերն էլ գրել չգիտեն…

-Նա-
Նա գուցե կարդալ չգիտի, նա սպասել գիտի,
Նա գիտի հայացքով պատմել
Թե ինչպես է սիրում:
Նա թույլ է, տղամարդ,
Երկչոտ է, բայց…
Ինչքան կարելի է սպասել, բոլոր վառած մոմերս
Արդեն վերջանում են,
Գրողի ծոցը այդ դեղատունն էլ, աշխարհն էլ,
Գրողի ծոցն էլ այս զգեստը, որ հագա որը
Չունի սկիզբ, որը չունի վերջ…
Գրողի ծոցը նա ով հնարել է մենակությունը…
Բայց ինչո՞ւ մենակ, մի՞գուցե կգա…
Կգա՜…
Կսպասեմ, Նա ուղղակի ուշանում է…

-Վերջաբան-
Վազք աստիճաններով
Չէ որ առավոտ է,
Սլացք ավտոբուսով, ուշանում եմ…
Մեկ ուրիշ դեղատուն, Նա չէ իհարկե:
Նա չի կարող լինել միաժամանակ բոլոր
Դեղատներում:
Մի հաստ ակնոց է նայում դեմքիս
- Ձեզ ի՞նչ է հարկավոր:
- Սա, չկարողացա կարդալ, բժշկի ձեռագիր է:
Ակնոցը կարդաց գրածը, հետո դուրս եկավ դեմքից
Ու թառեց գլխի վրա:
- Երիտասարդ, սա դեղատուն է ոչ թե կատակատուն:
- Իսկ ի՞նչ է գրված, չկարողացա կարդալ, բժշկի ձեռագիր է:
Հայացքը երկար է, հարթ մակերեսով, այնպիսի հայացք
Որ շոյել չի լինի,
Փախչել չի լինի,
Պետք է դիմանալ:
Դիմանալ, դիմանալ մինչև որ կբացվեն զոդված
Շուրթերը ու դեղի անունը նետի արագությամբ
Կխրվի ականջս, կլցվի սիրտս ու…
- Այստեղ հասցե է, Փափազյան 24, բն. 8:




суббота, 26 апреля 2014 г.

Շտապ օգնություն





Երբ բժիշկ հորեղբայրը իմացավ, որ վաղվանից աշխատելու է <Շտապ օգնության> 1-03  ծառայությունում սկսեց ծիծաղել:
Ընտանիքի անդամների զարմացած հայացքներին պատասխանեց.
- Գոհա´ր ջան, մի´ նեղվիր: Ես մի դիպված հիշեցի: <Շտապ  օգնության> բժիշկ ընկերս է պատմել:
Մի ծեր կին էր ապրում, միայնակ: Անգործությունից անընդհատ զանգում էր <Շտապ օգնություն> ու անընդհատ բողոքում սրտից, լյարդից, գլխացավից ու ամեն անգամ շտապեցնում, որ գան, թե չէ, ուր որ է` կմեռնի:
Բոլոր բրիգադաներն  արդեն եղել էին նրա տանը ու ծանոթ էին նրա <խաղերին>:
Մի անգամ էլ նոր աշխատակիցներ են գնում նրա կանչով ու տեսնում են, որ կինը` սիրտը բռնած, անկողնում պառկած` իրենց է սպասում:
Առանց երկար մտածելու` նոր բժիշկն ասում է.
-Շրջվի´ր մայրիկ, իջեցրո´ւ կիսավարտիքդ, հիմա սրսկեմ` անմիջապես կանցնի:
Կինը պատրաստակամությամբ մերկացնում է հետույքը, իսկ բժիշկն ու բուժքույրը ծիծաղից քիչ է մնում ուշաթափվեն:
Հետույքին <զելյոնկայով> գրված էր. <Պառավը խաբում է >…

* * *
<Շտապ օգնության> դիսպետչերականում եռուզեռ էր:
Տասնչորս հեռախոսակայաններ, որ սպասարկում են ամբողջ քաղաքին, անընդհատ կապի մեջ էին, ու գրեթե հնարավոր չէր լսել կողքի խոսակցին:
Գոհարը մոտեցավ առաջին սեղանին ու ցածր ձայնով հարցրեց կադրերի բաժնի տեղը:
- Դուրս արի, ձախով գնա, աջից` երկրորդ դուռը: Անունը Մարգարիտա է:
Մարգարիտան խնամված տեսքով, միջին տարիքի կին էր:
- Ուղեգրո՞վ եք, - առանց դեմքին նայելու հարցրեց ու վեր կացավ տեղից:
Մոտեցավ, վարագույրներից ազատեց պատուհանը:
- Ի՞նչ պետք է անես այստեղ: Ո´չ կարգին աշխատավարձ կա, ո´չ հանգիստ:
Նստեց, սկսեց ուշադիր նայել ներկայացված փաստաթղթերը:
- Հոգեբա՞ն ես: Ի՞նչ կապ կա <Շտապ օգնության> հետ, չեմ հասկանում: Դու ինքդ մի բան հասկանո՞ւմ ես:
- Չգիտեմ,- Գոհարը բարձրացրեց ուսերը:
- Լա´վ, այստեղ սպասիր, մտնեմ գլխավորի մոտ, գամ: Ինչ հիմար հրաման ասես, որ չենք ստանում:
Քիչ հետո վերադարձավ:
Անխոս նստեց իր բազկաթոռին, սկսեց ինչ-որ բան փնտրել սեղանի դարակներում:
- Վերցրո´ւ, լրացրո´ւ: Կգնաս չորորդ բրիգադ` Աշոտի մոտ: Լա´վ տղա է, լավ բժիշկ: Քեզ ընդունում ենք երեքամսյա փորձաշրջանով:
- Շնորհակալ եմ:
- Մի քանի օրից կերևա` կմնա՞ս, թե կփախչես: Քո մասնագիտությամբ ի՞նչ շտապ օգնություն:
Միացրեց դիսպետչերականի հետ կապող բարձրախոսը:
- Անահի´տ, Աշոտը դո՞ւրս եկել է: Գտի´ր, կանչի´ր պետի մոտ: Ես էլ եմ այնտեղ լինելու:
Պետը` հոգնած դեմքով, տարիքն առած մի մարդ, ընդունեց սառն ու անտարբեր:
Երբ Աշոտը մտավ ներս, միանգամից հարցրեց.
- Ի՞նչ է եղել այդ պառավին: Ինչո՞ւ է նորից բողոքում:
- Ես էլ չգիտեմ: Կարծես խելքը գցել է: Արդեն երկրորդ անգամ ինչ-որ ցնդաբանություններ է դուրս տալիս: Չհասկացա…Ինչ- որ աներևույթ ուժերից է վախենում, մարդիկ են մտնում իր տուն պատուհանից` իններորդ հարկում, վարագույրներն են շարժվում, ոտնաձայներ է լսում, ձեռքերն էլ` քերծած:
- Մեր նոր աշխատակցուհին է` հոգեբան: Կգնաս նրա հետ: Եթե մի անգամ էլ զանգեց, տարե´ք հոգեբուժարան:

* * *
<Շտապ օգնության> մեքենան սլանում էր փողոցով` հանգիստ ու համաչափ:
Շտապելու հարկ չկար:
Վարորդը քթի տակ սուլում էր ինչ-որ արևելյան մեղեդի:
- Հասցեն կասե՞ս, Աշո´տ, - բացեց ծոցատետրը ու գրիչը ձեռքն առնելով` սպասեց:
- Ինչի՞դ է պետք, հո ամեն կանչ չե՞ս գրանցելու :
- Դե, առաջին կանչն է, թող մնա, կհիշեմ:
Շենքն անշուք էր, բարձրահարկ: Վերելակն էլ չէր աշխատում:
Երբ բարձրացան իններորդ հարկ, Աշոտը հրեց դուռը, որն առանց դիմադրելու բացվեց:
- Դուռը չի փակում ցերեկները,- բացատրեց:
Անկողնում մի կին էր պառկած` մոտ յոթանասուն տարեկան:
Գոհարին թվում էր, թե հանդիպելու է զառամյալ կնոջ, բայց հասկացավ, որ սխալվել է:
- Աշո´տ ջան, եկա՞ր, - կարծես հարազատի էր ընդունում:
- Հա´, տա´տ, եկա: Մեր ամենալավ բժշկուհուն եմ բերել: Գոհար է անունը: Տես, թե ոնց է քեզ ոտքի կանգնեցնելու:
Գոհարը մոտեցավ անկողնուն:
- Մայրի´կ ջան, հիմա ասա` կոնկրետ ինչի՞ց ես բողոքում, հանգիստ առանց շտապելու:
- Ի~, բա ես բողոքո՞ղ կին եմ, աղջի´կ ջան: Իմ կռիվն Աստծու հետ է, բալա´ ջան: Ասում եմ իջի´ր, դե´մս նստիր` կարգին բացատրվենք, չի գալիս:
Աշոտը քմծիծաղով նայեց Գոհարին:
- Հավատո՞ւմ ես Աստծուն, մայրիկ ջա´ն: Դե, քո տարիքում բնական է…
- Մինչև երեկ հավատում էի, հիմա …
- Ինչո՞ւ, ի՞նչը փոխվեց: Դու խոսի´ր, ես քո ճնշումը չափեմ:
- Ես ե՞րբ եմ ճնշում ունեցել որ: Ո´չ մի բողոք չունեմ: Մի քիչ լսողությունս է թույլ, ու վերջ:
Երբ դրսի դուռը փակում եմ ու պառկում քնելու, վարագույրները սկսում են շարժվել, շատ թույլ ոտնաձայներ եմ լսում, երեկ չէ առաջին օրն էլ արթնացա… նայիր:
Ցույց տվեց աջ ձեռքի երեսը, որը ճանկռված էր:
- Տեսնո՞ւմ ես: Բա սա չարքերի գործը չի՞, աղջի´կ ջան: Գիտեմ, որ չես հավատա:Կարծում ես` խելքս կորցրե՞լ եմ: Հո ե՞ս չեմ ճանկռել:
- Դուռն ինչո՞ւ ես բաց թողնում, - Աշոտը մի ծխախոտ վառեց ու մոտեցավ պատուհանին:
- Դե, հարևանուհիս օգնում է, խանութ-մանութ է գնում, գալիս: Մենակ կին եմ, ի՞նչ անեմ:
Երեկ հարևանուհուս խնդրել էի` մի տերտեր կանչեր: Եկավ, պտտվեց, նայեց, սկսեց աղոթել, հետո էլ գնալուց հարևանուհուս ասաց` անիմաստ է, Աստծո հույսն էլ չի փրկի:
Այսքանից հետո ինչպե՞ս հավատամ:
- Ինչո՞ւ չես քայլում, ոտքերդ ցավո՞ւմ են, - Գոհարն ուշադիր աչքի տակով դիտում էր մաքուր, կարգի բերած սենյակն ու մտածում, որ այս կինն իրենից առողջ է: Չգիտեր ինչ աներ:
- Չէ´, ուղղակի վախենում եմ: Իմ աչքի տեսածը դեռ սրտումս է: Ես հո գիժ չե՞մ` աչքիս չարքեր երևան:
- Լա´վ, մայրի´կ ջան, հիմա մենք գնանք, հետո էլի կգանք:
- Կգա՞ք որ: Չկարողացա հյուրասիրել: Բա Արշալույս տատի տունը մտնեն ու առանց հյուրասիրության գնա՞ն:

* * *
Բնակարանից դուրս գալուց հետո Աշոտը թակեց հարևանուհու դուռը:
Վաթսունին մոտ կլիներ հարևանուհին: Ներս հրավիրեց:
- Մենք միայն մի քանի րոպեով, լա՞վ:
- Գնա´նք խոհանոց, թոռս քնած է, չխանգարենք:
Հարևանուհին պատմեց, որ Արշալույս տատը բավականին զարգացած կին է, ուսուցչուհի է եղել երկար տարիներ:
-Երեխաները լքել են: Տղան Ֆրանսիայում է, աղջիկը` Ամերիկայում:Այդ տարիքում հանգիստ օգտվում է բջջային հեռախոսից: Խելքը տեղն է, բայց այս երկու օրը չգիտես ինչու` բողոքում է ինչ-որ արարածներից: Անտանելի վախեցած է: Ոչ ոք` բացի ինձնից նրա տուն չի մտնում

* * *
Շտապ օգնության գլխավոր բժիշկն ընդունեց Գոհարին ու Աշոտին, լսեց ուշադիր ու գլուխը տմտմբացնելով` մոտեցավ պահարանին:
- Մեր հիվանդը չէ այդ պառավը, ես քանի անգամ ասացի: Նորից զանգելու է, անհանգստացնի, տանեիք, էլի´, հոգեբուժարան: Աշո´տ, սրա անունները ոնց են բացվում, այդպես էլ չհասկացա,- Աշոտին մեկնեց բջջային հեռախոսը:
- Ընկե´ր Խլղաթյան, այդ` Ձեր ասած` պառավը հանգիստ օգտվում է բջջայինից:
Գոհարն իր ասածից ամաչելով` կախեց գլուխը:
- Դե, ուրեմն տուն գնալիս մի անգամ էլ կմտնես նրա մոտ,- հրահանգելու պես ասաց գլխավորը` համարելով զրույցն ավարտած:

* * *
Արդեն մթնում էր, երբ Գոհարը մոտեցավ բարձրահարկ շենքին:
Վերելակն այս անգամ աշխատում էր:
Բարձրացավ:
Բնակարանում նաև հարևանուհին էր:
- Եկա, տա´տ, ինչպես խոսք էի տվել: Ա´յ, հիմա կարող ես ինձ հյուրասիրել թեյ, մուրաբայով:
- Վա~յ, Գոհա´ր ջան, ի~նչ լավ արիր: Բա էլ ո՞ր օրվա համար պահեմ: Աղջի´կ ջան, նստի´ր, ես ամեն ինչ կանեմ:
Տարօրինակ առույգությամբ վեր կացավ տեղից ու հանգիստ գնաց խոհանոց:
Հարևանուհին նայեց Գոհարին ու ուսերը վեր քաշեց:
Գոհարն էլ զարմացած նայում էր Արշալույս տատին:
- Դե, ես գնամ, քանի դուք այստեղ եք:
- Հա´, դեռ մնալու եմ:
Երբ հարևանուհին դուռը փակեց, վարագույրները շարժվեցին:
Մի պահ Գոհարի սիրտը կանգ առավ:
<Քամին էր, հաստա´տ>:
Չգիտես ինչու` գնաց խոհանոց:
- Գալիս եմ, Գոհա´ր ջան: Դու ուզո՞ւմ ես, հեռուստացո´ւյցը միացրու, մինչև բերեմ:
Գոհարի ականջին լսվեցին զգույշ քայլերի ձայներ` ոչ սովորական: Կարծես ինչ-որ մեկը ճանկռում էր մանրահատակը:
Նայեց տանտիկնոջ կողմը. <Երևի չի լսում: Գո՞ւցե ինձ թվաց: Ի՞նչ հանելուկ է>:
Մեծ եռանդով սեղանին հայտնվեցին քաղցրավենիքներ, թեյ:
- Դե, պատմի´ր, Գոհա´ր ջան,- տեղավորվելով աթոռին` տատը սկսեց հյուրասիրել:
- Ի՞նչ պատմեմ: Դո´ւ պատմիր, Արշալո´ւյս տատ: Ինչպե՞ս սկսվեց, ի՞նչ եղավ, ու քո աչքին…
Չհասցրեց խոսքն ավարտել, երբ վարագույրները նորից շարժվեցին: Տանտիրուհին մեջքով էր նստած դեպի պատուհանը, նկատել չէր կարող:
Գոհարը զգաց, որ կամաց-կամաց կորցնում է ինքնատիրապետումը:
Վեր կացավ, վախենալով մոտեցավ պատուհանին: Փակ էր:  Նայեց հատակին: Գորգի վրա ոչ մի ոտնահետք կամ տարօրինակ ոչինչ չկար:
Բայց չէ՞ որ իր աչքով տեսավ վարագույրների շարժը:
Պատկերացրեց, թե ինչ կզգա նման դեպքում տարիքն առած կինը, երբ մենակ է տանը ու սառսռաց ամբողջ մարմնով:
Մի կերպ հասավ իր աթոռին ու փլվեց նրա վրա:
- Հա, ի՞նչ էի պատմում, աղջի´կ ջան: Երբ ամուսնացա, մի սպիտակ, կարճ մորուքով քահանա ինձ մի սրբի նկար նվիրեց: Անունը չեմ հիշում: Ա´յ, այս կոմոդի վրա էր դրած: Մի շաբաթ առաջ փոստատարը թոշակս էր բերել: Նրա գնալուց հետո նկարն անհետացել է: Հոգուս մեղք չանեմ, չգիտեմ, մի՞գուցե….
- Բանի տեղ մի´ դիր, տա´տ: Չէ՞ որ չես հավատում: Իսկ երիտասարդ ժամանակվա նկարներ չունե՞ս,- մի բան ասելու համար հարցրեց Գոհարը, որը աչք չէր կտրում վարագույրներից:
- Ունեմ, բա ո՞նց, դեղնած է, բայց լավ պահպանված:
Տատը վեր կացավ, գնաց դեպի կոմոդը: Երբ նկարը ձեռքին շրջվեց դեպի Գոհարը, հանկարծ վարագույրները նորից շարժվեցին:
Տատն ընկավ հատակին:
Հենց այդ ժամանակ էլ  պարզ լսվեցին ճանկռոցի ձայներ:
Տատն անօգնական գոռաց.
- Ամա~ն, այս ի՞նչ էր:
Մի վայրկյանում ամեն ինչ լռեց:
Գոհարը, հազիվ զսպելով վախը, վեր կացավ տեղից ու մոտեցավ պատուհանին: Ոչինչ չկար:
Հետո բարձրացրեց տանտիկնոջը, մի կերպ հասցրեց մահճակալին:
- Տա´տ, թվաց, նայի´ր:
Նորից մոտեցավ պատուհանին, մի կողմ քաշեց վարագույրները: Ոչինչ չկար:
Տիկին Արշալույսի աչքերը սարսափով նայում էին պատուհանին:
- Ամեն ինչ լա´վ կլինի, մեզ թվաց ընդամենը, - ասաց, բայց զգաց, որ ինքն էլ չի հավատում իր ասածին:

* * *
Առավոտյան, երբ Գոհարը ներկայացավ աշխատանքի, ասես բոլորը իրեն էին սպասում:
- Շտապ անցիր գլխավորի մոտ, Աշոտն այնտեղ է - ասաց հերթապահը:
- Երեկ ի՞նչ եք արել այդ պառավին, - առանց բարևի հարցրեց գլխավորը:
- Ոչի´նչ, ամեն ինչ լավ էր, - Գոհարը զգաց, որ ինչ-որ բան է պատահել:
- Շտա´պ հասեք այնտեղ, հարևաններից են զանգել, ասում են` չի շնչում:

* * *
Երբ բարձրացան բնակարան, նրանց դիմավորեց լացակումած հարևանուհին:
- Առավոտյան սովորականի նման բացեցի դուռը: Ձայն չկար: Երբ մոտեցա մահճակալին, տեսա մի կատվի ձագ` հետևի թաթերի վրա կանգնած  ճանկռում է Արշալույսի` անկողնուց կախված ձեռքը: Որտեղի՞ց էր մտել բնակարան, չեմ հասկանում:
Աշոտր մոտեցավ,  ձախ ձեռքով բռնեց կնոջ ճանկռոտած ձեռքը, մի պահ սպասեց, հետո աջ ձեռքի մատներով փակեց սարսափից չռված անկենդան աչքերը:
Վարագույներն անշարժ` փակել էին արևի լույսը, իսկ մահճակալի տակից սոված կատվի ճանկերի ճանկռտոցն էր:



Ալպիական վարդը




Թունավոր բույսերից մեկը՝ Ալպիական վարդը, միշտ զարմացրել է մարդկանց իր վայրի, գեղեցիկ տեսքով՝ մուգ կարմիր նուրբ թերթիկներով գրավել մարդկանց և միաժամանակ վախեցրել…
Ալպիական վարդի հյութը մեղրի նման քա՜ղցր է, ձգո՜ղ…
Հյութի նույնիսկ մեկ կաթիլը ընկնելով օրգանիզմի մեջ առաջին հերթին արագ գրգռում է նյարդային համակարգը և ապա քայքայում:
Տիբեթյան լամաներն այս մասին շատ լավ տեղյակ են, բայց  տեղյակ են նաև Ալպիական Վարդի բուժիչ հատկությունների մասին, որի մասին խորհրդավոր լռում են:
Տիբեթյան լամաներն այդ ծաղկին անվանում են «Էխմարի»:


1. Ուրբաթ

Մի գնացք էր սլանում արագ, այնպիսի արագությամբ, որ չէր հասցնում տեսնել ակերին փոխարինող իր սեփական աչքերը, չէր հասցնում տեսնել իրար կայծակի արագությամբ փոխարինող պատկերները:
Հասկանում էր, որ տեսնում է իր ողջ կյանքը՝ կինոժապավենի նման, իրար փոխարինող պատկերներով՝ մանկությո՜ւն, երիտասարդությո՜ւն…
Գնացքը երբ հասավ քառասուներկու կիլոմետրին, դանդաղեցրեց ընթացքը, նա անմիջապես հասկացավ, որ դա իր այժմյան տարիքն է:
Ցանկությունը մեծ էր ավելին տեսնելու, բայց …
Շուրջը ծաղիկների մի ամբողջ դաշտ էր, գեղեցիկ, մուգ կարմիր, նուրբ ցողուններով ու թերթիկներով, գլուխները հպարտ մեկնած թեթև համաչափ փչող քամուն:
Ալպիական վարդերի մի ամբողջ սիմֆոնիա…
Գեղեցկությունն էր օրորվում ու կարծես կանչ էր, հրավեր դեպի հիասքանչը, որից ինչքան էլ փորձես հրաժարվել միևնույն է չի ստացվի, ու գնում ես անկախ քեզնից, չգնալ չե՛ս կարող…

Փոքրիկ կայարանանման կանգառում նստարանի վրա տեսավ իր սեփական կնոջը՝ Մարիամին, կոպիտ ձեռքերով մի տղամարդու հետ: Երկուսն էլ մերկ էին…
Կրքից կարմրած կինը կարծես հրե գունդ լիներ, թավալվում էր առավոտյան կիսալույսի մեջ…
… կինն ամուր գրկել էր տղամարդու պարանոցը, տղամարդն էլ դե տղամարդ էր…որի ձեռքերը նման պահերին չեն ընդունում սահմաններ՝ ափի մեջ ամուր սեղմել էր կնոջ աջ կրծքատակն ու սեղմում էր:
Կնոջ հայացքը պարզ ասում էր, որ ցավ չի զգում, որ հաճելի է, որ…փակ աչքերը շշնջում էին.
«Այսպե՜ս են սիրում, միա՛յն այսպես…կոպի՛տ ու միաժամանակ հաճելի՜» ...

Հասկացավ, որ իր մեջ մի բան պայթեց ու այդ մի բանը բաժանվեց միլիոնավոր մասնիկերի ու ամեն մի մասնիկ յուրովի ցավ էր…
… չար կախարդի ոսկրոտ մատներում կոտրատվող հոգի, որին շատերն անվանում են խանդ, բայց դա խանդ չէր, դա աչքերը չռած վիրավորանք էր, դա գետնին ընկած հպարտություն էր, որի վրայով կարծես անցել էր մի ամբողջ բանակ ու երկարաճիտ կոշիկների ներբանների հարվածներից  հպարտությանը մանրացել էր, խառնվել ցեխին…

Ալպիական վարդերից մեկի գլխիկից  պոկվեց մի փոքրիկ ծաղկաթերթիկ ու քամու թևերին թռչելով բարձրացավ օդ:
Քամին կատաղեց, կորցրեց անդորրն ու սկսեց տեղում պտտվել, փորձեր անել ազատվել թերթիկից,
Թեթև էր տերևը, բայց մի անտանելի ցավ զգաց աչքի մեջ ու ակամայից բղավեց:

* * *
Երբ աչքերը բացեց, անկողնում մենակ էր:
Կինը խոհանոցում էր:
Կնոջ վերմակին ընկած  կրծկալը, որը չգիտես ինչու անծանոթ թվաց, բերանները բաց զարմացած նայում էր նրան:
Մի անասելի ցանկություն ունեցավ տեսնել նրան իր կողքը, գրկել, լսել նրա շաղակրատանքը…
- Մարիա՞մ, սո՞ւրճ ես պատրաստում, ի՛նձ կրկնակի:
Խոհանոցի պատուհանը, որ ապակի չուներ կանացի ձայնով բղավեց.
- Քանի՜ անգամ եմ ասել, ես Մարիա՛մ չեմ, ուղղակի Մարի, մի՞թե դժվար է հիշելը:
- Այդ երբվանի՞ց, երբ ամուսնացանք Մարիամ էիր:
- Դա անցած դարում էր, հիմա այլ ժամանակներ են:
Մարամը՝ Մարին ներս մտավ ամեն մի ձեռքում բռնած մի սուրճի բաժակ:
Կիսաբաց խալաթի տակից երևում էր մերկ մարմինը, որից աչքերը երբեք չեն կարողանում հեռանալ:
Ամեն քայլի հետ համաչափ բարձրանում, իջնում էին կրծքերը:
- Ի՞նչ ես աչքերդ չռել, առաջին անգա՞մ ես տեսնում:
- Ինչո՞ւ այդպես կոպիտ, դու նուրբ, գունավոր օձի նման գեղեցիկ մարմնով ու այդպիսի կոպտությո՞ւն:
- Օձի՞, միայն դու կարող ես նման հիմար ձևով հաճոյախոսել: Թո՛ղ, սուրճը կթափես: Քեզ ի՞նչ է եղել առավոտ շուտ:
Տղամարդու ձեռքը շոյում էր կուրծքը:
Աներևույթ ձեռքերով սուրճի բաժակները հայտնվեցին փոքրիկ աթոռակի վրա, կինը տեղի էր տալիս…
- Աշխատանք՞ի չես այսօր:
- Կհասցնե՜մ:
Երբ փորձ արեց համբուրելու կնոջ կուրծքը, խայթվածի նման ետ քաշվեց ու զարմացած նայեց կնոջը:
- Ի՞նչ:
- Սա ի՞նչ կապտուկներ են կրծքիդ տակ, երեք զուգահեռ կապտուկներ:
- Դռանն եմ հարվածել, դե արի՜, ինչո՞ւ ետ քաշվեցիր:
Ձեռքը մեկնեց դեպի կնոջ երեսունհինգամյա մարմինն ամուր գրկած գեղեցիկ թանկարժեք փերթիկին:
Կինը սպասվելիք հաճույքից աչքերը փակեց ու շշնջաց:
- Դու գիտես սիրե՜լ…
- Սա որտեղի՞ց քեզ, առաջ չունեիր:
- Նոր եմ գնել, քե՛զ համար, ինչ է դո՞ւր չի գալիս:
- Բայց սա շատ է թանկարժեք:
- Գագոն էր փող ուղարկել, Մոսկվայից, եղբայրս ինձ չի մոռանում, թե չէ դու այսպիսի բան գնելու համար պետք է երկու սենյականոց բնակարան վերանորոգես, որ կարողանաս…
Տղամարդը ետ քաշվեց:
- Ուշանում եմ, սուրճ էլ չեմ հասցնի խմել:
Կինը չառարկեց:
- Երազում ինչո՞ւ էիր բղավում, կարծես հրդեհ էր:

Հիշողությունն ամուր մագիլներով սեղմեց սիրտը:
Հիշողության մագիլների արանքից սկսեցին լպրծուն տեսքով կաթալ գիշերային դառը մածուկի կաթիլներ, որոնք դեռ անկողնուն չհասած գոլորշիանում էին ու էլեկտրականացնում սենյակի օդը:

- Ոչի՛նչ, հիմար երազ էր:
- Բղավո՜ւմ էիր:
- Երազում ինձ դավաճանում էիր, ծա՛նր էր…
Մարին ծիծաղեց:
- Երիտասարդ ժամանակ դու խանդում էիր նույնիսկ այն սյուներին, որոնց ես հենվում էի քեզ հետ համբուրվելիս, հիշո՞ւմ ես:
Աստված իմ, ես արդեն երեսունհինգ եմ, քո տասը տարվա կինը, ի՞նչ կա այստեղ խանդելու, - կինը բացեց խալաթի փեշերը:
- Նայի՛ր, ի՞նչ կա այստեղ խանդելու: Ո՞վ պետք է նայի իմ նման պառավին:
Կնոջ դեմքը անհասկանալի պատճառներից կարմրել էր այն աստիճան, որ կարելի էր նույնիսկ ծխախոտ կպցնել:
-
Ուզում ես ասել որ ես արդեն տասը տարի է քնում եմ խանութում մնացած հին ապրանքի հե՞տ:
Ինչու դա ասաց ինքն էլ չհասկացավ, կնոջ մարմինը շատ գեղեցիկ էր ու կարծես հատուկ խնամված սիրվելու համար:
- Ո՞ր մեղքիս համար, ինչո՞ւ այդպես:
- Մարիա՜մ:
- Մարի՛, քանի՞ անգամ կարելի է խնդրել, դու ի՞նչ է իմ պատիժն ես, - կնոջ բղավոցից ականջներում ցավ զգաց:
Կինն ափերով փակեց դեմքն ու սկսեց լաց լինել:
- Դե լա՜վ, Մարի, ի՞նչ է կատակ անել չի՞ կարելի, չէ՞ որ ինքդ ասացիր թե ով կարող է նայել քեզ այդ տարիքում, կամ ինչ որ նման մի բան, կներե՜ս, չէի ուզում, ստացվեց:
Հասկանո՞ւմ ես երազում քիչ էր մնում ինֆարկտ ստանայի քեզ տեսնելով այդ վիճակում:
- Գիշերը հորթի նման քնում ես, իսկ ցերեկը ես ամբողջ օրը մենակ…
Կինոջ լացը չէր դադարում:
- Ծխախոտս վերջացավ, Մարի, տա՞նն էլ չկա ծխելու բան:
- Ո՛չ, ես չե՛մ ծխում, որ դեռ քեզ էլ հյուրասիրեմ:
- Լավ, ես գնացի,- տղամարդը կռացավ կնոջ վրա, շոյեց մազերը, համբուրեց ծոծրակը:
Կինը մնաց անշարժ, անտարբեր…

2. Մարի

- Մի տե՜ս է, ի՞նչ էլ երազներ է տեսնում, Նաստրադամո՜ւս:
Վերելակի դռները բացվեցին:
- Բարի լույս, Մարի ջան ջան ինչպես միշտ թարմ ես ու գեղեցիկ, այս ո՞ւր առավոտ շուտ:  Աշխատա՞նք ես ճարել:
- Բարի լույս Հասմիկ ջան, շնորհակալ եմ,  ուղղակի խանութներով, ման գալու:
Հասմիկը՝ վերևի հարևանուհին խորհրդավոր ժպտաց:
- Բա ի՞նչ, դեռ երիտասարդ ես, գեղեցիկ:
Մարին չպատասխանեց, հասել էին արդեն շքամուտքի դռներին:
Հասմիկը դուռը պահեց, մինչր Մարին դուրս եկավ:
Երկար նայեց Մարիի ետևից՝ չկարողանալով աչքերը կտրել ջինսի մեջ խնամքով տեղավորված Մարիի համաչափ մարմնից:
Գլուխն օրորեց ու քրթմնջաց:
- Հասակակիցներ ենք, համակուրսեցիներ, բայց մի տես ինչպես է պահպանվել, չէ ինձ նման պառաված տատիկի նման:

3. Արամ

- Ընդմիջման ժամ է,  Արա՛մ, քեզ ի՞նչ բերեմ, խանութ եմ իջնում:
- Ոչինչ, չէ՞ որ ես ընդմիջում չեմ անում, գիտես էլի, ինչո՞ւ ես հարցնում:
- Էլի՞, ինչի՞դ է պետք այդքան փողը, որ ափսոսում ես նույնիսկ ուտելու վրա ծախսել:
Երրորդը, որ մինչ այդ սուս էր պատասխանեց.
- Կնոջ համար է հավաքում, էլի նույն պատությունը, բան ման է պակա՞ս, չլինի մուշտակ:
- Չէ՜, այս անգամ որոշել եմ կոշիկ գնել, այսինքն փողը կտամ թող ինքը գնի:
- Ո՞ւմ, Մարիամի համա՞ր, - հարցը միամիտ էր ու անկեղծ::
Արամը գլուխը բարձրացրեց ու զայրացած նայեց խոսակցին:
- Նա Մարիա՛մ չէ, Մարի՛ է, հասկացա՞ր:
Երկու գործընկերները զարմացած նայեցին իրենց ընկերոջն ու դուրս եկան սենյակից:
« Մարի, ես քեզ համար ամեն ինչի պատրաստ եմ, ամեն ինչի, չէ՞ որ էլ ոչ ոք չունեմ այս աշխարհում:
Մի երեխա էի ուզում ունենալ, այն էլ…դե ի՞նչ, հո դրա համար չեմ բաժանվելու քեզնից, մեզ մոտ ամեն ինչ կստացվի, հավատո՞ւմ ես ինձ, Մարի՜:»

Մոտեցավ պատուհանին: Քամին իր ողջ հնարամտությամբ պտտեցնում էր գետնին ընկած տերևներին, խաղում նրանց հետ, բարձրացնում, վայր գցում, տեղ էր ման գալիս նրանց շպրտելու համար:
Երբ բացեց պատուհանը, քամին անտասելի ուրախացավ ու ամբողջ ուժով, մի խուրձ տերևներով հարվածեց դեմքին:
Ցավո՜տ  էր…


4 . Էխ, Մարի՜, Մարի՜…

- Ինչո՞ւ ուշացար, Մարի, չգիտե՞ս որ ես այսօր մինչև կեսօր եմ ազատ:
- Այո, գիտեմ, ինչպես միշտ,- ոչ մի կերպ չէր կարողանում ավտոմեքենայի դուռը փակել:
- Պայուսակդ է մնացել դռան տակ, հանի՛ր:
- …մի դրա՜ն նայիր, խանդելո՜ւն նայիր, ամբողջովին դողում եմ, - վերջապես փակվեց դուռն ու  Մարին նայեց կողքը՝ ղեկին նստած կոպիտ ձեռքերով տղամարդուն:
Պայուսակից հանեց ծխախոտի տուփն ու մի ծխախոտ՝ հարցական նայելով տղամարդուն:
Տղամարդը կպցրեց նրա ծխախոտը:
- Ի՞նչ է եղել նրան, հինգ տարի ոչինչ չի իմացել ու հանկարծ…մի՞գուցե ընկերուհիներցդ մեկն է բերանն ավելորդ բացել:
- Իմ ընկերուհիները չգիտեն, թքա՛ծ, զզվե՛լ եմ ամեն ինչից:
- Ինչո՞ւ ես այսօր ջինսով, դու չգիտե՞ս որ ես սիրում եմ մեքենա վարելիս ձեռքս ազդրիդ դնել:
Տղամարդը շոյում էր կնոջ ոտքը:
- Ինձ նոր շրջազգեստ է հարկավոր, ամեն անգամ նույն շրջազգեստով…
Մարին ծիծաղեց, որից փարթամ կուրծքը սկսեց վեր ու վար անել:
Երևաց սպիտակ, հավասար ատամնաշարը, որը ճանապարհ տվեց բերանից դուրս սողացող օձի լեզվին շատ նմանվող լեզվին:

5.Ալպիական վարդ

Վերգետնյա անցումով մի տղամարդ էր քայլում մաշված շորերով ու կիսապատռած կոշիկներով:
Խոսում էր ինքն իր հետ, կամ միգուցե հեց այդ անցումի հետ, որ կամուրջ էր մի մայթից դեպի մյուսը…
« Ի՞նչ եմ արել կյանքում տասը տարի այս դատարկության մեջ կախված անցումի վրա քայլերս հաշվելուց բացի, քայլե՜ր, որ փորձում են մինչ այսօր անցնել, գնալ…»

Անցումի տակից անցնող մեքենաներն աչքին երևում էին որպես անընդհատ ետ ու առաջ գնացող ջրի ալիքներ…

«Ես գիտեի՜, ես ամե՛ն ինչ կռահո՜ւմ էի, բայց փորձում էի անցնել, անցնել-գնալ…Ես սիրո՜ւմ էի քեզ սպասել, հեռվից նայել ու հպարտանալ, ես շատ անգամ եմ տեսել թե ի՞նչպես ես ձեռքով հաջողություն անում այն սպիտակ արտասահմանյան մեքենային…
Ես սիրո՜ւմ էի նայել քեզ ինչպես մի աղջնակի, որին կարելի է միայն կինո հրավիրել, պարի հրավիրել, բայց երբեք ոչ ավելին…
… համբուրե՞լ, Աստվա մի արասցե, դու մի չար աստվածություն էիր ինձ համար…
… մի ծաղիկ, որին միայն հեռվից կարելի էր սիրել, շնչել բույրը միայն հեռվից, զմայլվել գեղեցկությամբ միայն հեռվից և …ոչ ավելին…ավելին մահ էր, ինչպես այսօրվա երազը…»



Ս.Ումառ

четверг, 24 апреля 2014 г.

Սատանայի այցը




Սատանան այնքան մոտ էր
Երկրի պատուհաններին, որ
պարզ լսում էր
լաց ու աղիողորմ կանչեր,
բղավոցներ ու հոգոցներ,
տանջանքի ձեռքերում քամվող մարդկանց
կաթացող արյան կաթիլներն ձայն ու
թվում էր թե մոտեցել է սեփական պատուհանին,
սեփական տանը՝ Դժողքին…

Գլուխը մոտեցրեց ու նայեց ներս…
Առաջինը, որ տեսավ դա
Արյունից չհագեցած մի հայացք էր,
Արյունից չհագեցած  ձեռքեր,
Որոնք հանգիստ իջնում էին
Ղորանի վրա…
Քրթմնջաց…
Նայեց ավելի հեռուն,
Զարմացավ, որ նույնիսկ իրեն
Նման տեսարանները խորթ էին:
Արդեն ձայն չէր լսում…
Ահից սսկվել էին
և կարի՛ճ և մո՛րմ…
Մտածեց.
«Տեսնես կարիճը սիրտ ո՞ւնի արդյոք:»

Հետո չհասկացավ ինչո՞ւ,
Ամոթով, որ իրեն գերազանցողներ կային
Նայեց վեր՝ Աստծուն…
Աստծո աչքերից արցունք չէր կաթում,
չէ՞ր ուզում տեսնել,
թե՞ չէր նկատում –

- Քո թաշկինակը չո՞ր է, տեր Աստված
թե՞ կարիք չունես աչքդ սրբելու,
հետաքրքիր է թե այս Նեղ ժամանակ
Դու ո՞ւր ես նայում…

…մի չեչոտ մոլլա էր, քինոտ քրքջում,
երբ կարմիր շալվար հագած մի ասկյար
կռացավ մի կնոջ անգլուխ դիակին,
մատներից վերցրեց,
(շարժվեց դիակը)
գրպանը դրեց
կնոջ մետաքսե
արյունոտ թաշկինակը…

Արյունո՜տ…
գուցե թե կինը Ատծուց անտեսված,
իր թաշկինակով
փորձել էր մի կերպ ամոթը ծածկել,
…մերկացրել էին,
փորձել էր մի կերպ աչքերը սրբել,
…կուրացրել էին,
…բռանաբարել էին նույնիսկ դիակը,
մնացել էր վերջին,
միակ սրբությունը՝
որդան կարմիրով ներկված թաշկինակը…

- Դա՛ էլ տար, տաճի՛կ,  մո՛րդ նվիրիր
միգուցե գազաներ ծնած գազանն էլ,
այս ազգի արյունը աչքերին քսի,
քա՜ղցը հագեցնի…
Չէ՜, ես այստեղ անելիք չունեմ…
Էլ ինչո՞ւ մնամ,
Աստծո գործերն անքննելի են…
Ավելի լավ է հեռանամ…

Գլուխն ամոթաբար կախած
Տեսածից ու լսածից
ժամանակից շուտ ծերացած,
Կյանքում ամեն բան փորձած
Սատանան
Մոտենում էր իր տանը…
Դեռ հեռվից Լսեց սեվորական դարձած
Եվ լաց և բողոք,
Եվ ճիչ հուսահատ,
Անհույս բղավոց
Անիմաստ գանգատ…
Մտածեց . – Ինչ համեմատություն,
Չէ՜, իմ տունը լավն է,
Իմ տունը դրա՜խտ է…  

Ս.Ումառ