Քամին փոքրիկ կատվի նման
խաղում է փողոցի տերևների հետ:
Բարձրացնում,պտտում
,իջեցնում,տանու~մ…
Շուրջն ամեն ինչ փաստում է
աշնան դառը ներկայությունը:
<Օձիքդ կոճկիր,գալիս
եմ> ու աշունն իր հավատարիմ գործընկերոջ՝քամու հետ մտավ օձիքիցս ներս, ժամանակ
չտալով կոճկելու օձիքս:
Ցուրտ է:
Սառը տրամադրություն:
Միգուցե հիվանդանոցի
բակում տիրող միջավայրի տրամադրությունը շենքի մուտքին փակցված <Հոգեբուժական
դիսպանսեր> ցուցանակի ներկայությու՞նն է:
Մոտենում եմ պատուհանին:
- Բարև Ձեզ,ինձ ավտոմեքենա
վարելու համար…,- չհասցրեցի ավարտել:
- Մոտեցեք կես
ժամից:Աշխատողը դեռ չկա:
Թողեք Ձեր անձնագրերը ես
կկանչեմ:
Ինձանից հետո հերթի մեջ
կանգնած աղջիկն էլ դուրս եկավ իմ հետևից:
Նույն հարցով է,հասկացա
ես:
Բակում ազատ է մի
նստարան,մնացած նստարանները զբաղեցված են այստեղի “բնակիչներին” այցելության եկած
հերազատները,մթերքներով,տոպրակներով,սպասող հայացքներով:
Ես ավելի շուտ հասա
նստարանին,համոզված, որ աղջիկը կնստի հենց այդտեղ:
Հաճելի դիմագծերով է,բայց
մի տեսակ ինչ-որ չի ձգում,ինչու՞:
Եթե այստեղ է գտնվում
ուրեմն մեքենա ունի:Դատելով հագուստից՝լավ մեքենա:
Իմը հին է,դժվար թե մեր
ծանոթությունից մի բան ստացվի:
Հիմար մտքեր,անկապ…
Ավելի լավ է ծխեմ:Գրպանիցս
հանում եմ տուփը:
- Կարելի՞ է:
Երևի միանման ենք մտածում:
Ծխախոտը շուրթերին ձգվեց
իմ կողմը:
Վառում եմ նրա սիգարետը ու
նայում աչքերին:
Գեղեցիկն է,խոսք չկա:Բայց
դե ես իմ սկզբունքներին չեմ դավաճանի:
Հարուստների հետ ի՞նչ գործ
ունեմ:
- Ձե՞զ էլ է վարորդական
իրավունքի համար անհրաժեշտ այդ փաստաթուղթը:
- Այո,ես փոխում եմ իմ հին
վկայականը նորով,-ասացի ես անտարբեր:
- Ես էլ իմը կորցրել եմ,-
կարծես թե տխրեց, - այստեղ գեղեցիկ կլինի գարնանը, չէ՞,ես շատ եմ սիրում յասամանի բույրը:
Նայում է ցանկապատի
երկարությամբ յասամանների կիսաչոր թփերին:
Ես էլ եմ ծաղիկներ
սիրում,բայց երբեք չեմ մտածել թե որ ծաղկի բույրն է ինձ ավելի դուր գալիս:
- Իմ անունը Գոռ է:
Կարծես ուշադրության
չարժանացրեց:
Ծանոթության առաջին փորձն
ավարտվեց անհաջողությամբ:
Շարունակում է խոսել:
<Նա միշտ ինձ հետ գալիս
էր զբոսնելու Ֆրանսիայի դեսպանատան մոտ,այնտեղ յասամանի ծաղիկները կախվում են
ցանկապատից դուրս,ու խենթացնող բույր
ունեն:Մի անգամ էլ պոկեց մի ճյուղ ու մոտեցրեց դեմքիս:Բարկացա,սիրում էի,բայց…
Պոկված ծաղիկները մի
քանի օրից հետո էլ չեն բուրում,ասես
կտրում ես սնուցող երակները մայրական հողից:
Նրանք դիմադրում
են,դիմանում,պայքարում ու վերջ ի վերջո հանձնվում աղբամանում հայտնվելու
ճակատագրին:
Մարդն էլ է այդպես,կտրում
ես իր հողից ու…
Գնա~ց,նա էլ հեռացավ
Հայաստանից,Ֆրանսիա:
Սկզբից գրում էր,ամեն
անգամ հիշեցնելով յասամանի կոտրված ճյուղը>:
- Իսկ հիմա՞:
- Վաղուց չկա~,չգիտեմ,այն
կոտրված ճյուղի նման չորացավ ու անհայտացավ:
Երբ առաջին ծանրոցը ստացա
նրանից,դեռ դռան մոտ ուրախությունից համբուրեցի փոստատարին, միայն տեսնեիր նրա
զարմացած դեմքը,այնքան շփոթվեց, որ մոռացավ ստորագրել տալու ստացականը ու վազեց
աստիճաններով ներքև:
Շա~տ էի ուրախացել:Բացեցի
ծանրոցը,անտեղ յասամանի ճյուղ էր,արդեն չորացած:
Ատեցի:
Ատում եմ:
Աչքերն արցունքոտվել էին
ու աչքերին քսած սև ստվերաներկը ծորում էր
այտերով:
Բացեց պայուսակը,հանեց
թաշկինակը,մի փոքրիկ հայելի ու սկսեց մաքրել երեսը:
- Մի նայիր,անհարմար եմ
զգում:
Դիսպանսերի մուտքից մի կին
դուրս եկավ սպիտակ խալաթով:
- Սարգսյան Էլինա,Ձեր
փաստաթուղթը պատրաստ է.
Ուրեմն անունն Էլինա է:
- Պայուսակս թողնում
եմ,հիմա կվերադառնամ:
Քայլում է համաչափ
ճոճվելով:Անթեր կառուցվածք,նկարչի երազանք:
Պայուսակը բերանը բաց ինձ
է նայում:
Ինձ են նայում նաև պայուսակից
երևացող այցեքարտերի ծայրերը:
Նայեցի շուրջս:
Ինձ տեսնող չկար:
Պայուսակից հանեցի մի
այցեքարտ:
< Էլինա Աշոտի Սարգսյան
սոցիոլոգ
Հեռախոս…. Էլ. Հասցե …
>:
Զգույշ դրեցի ծացագրպանս:
Վերադարձավ նույն գեղեցիկ
քայլվածքով,ձեռքում ծալած մի թուղթ:
- Ես վերջացրեցի,դե Ձեզ
հաջողություն:Մենք կհանդիպենք չէ՞:
- Ինչպե՞ս,-ցույց եմ տալիս
թե զարմացա:
- Դե դու բարի կախարդի
նման ես,վստահ եմ որ կզանգես,- ծիծաղեց:
Դասավորեց պայուսակն ու
նայելով աչքերիս, որ մինչ այդ իջեցրել էի,հեռացավ:. Հիվանդանոցի տարածքից դուրս
գալով կորավ աչքիցս,ինձ թողնելով յասամանի բույր ունեցող օծանելիքի հաճելի բույրը:
…Պատահական մտավ իմ
կյանք,կիսաբաց օձիքիս արանքից ու հեռացավ
անսպասելի ինչպես քամու բերանն ընկած աշնան անօգնական մի տերև…
Դիսպանսերի մուտքից դուրս
եկավ նույն՝ սպիտակ խալաթով կինը:
- Հունանյան Գոռ:
Վեր կացա նստարանից:
Նստարանի ճաղերից գետնին ընկած էր մի ծրար:
Բարձրացրեցի,վրան գրված էր
<Սարգսյան Էլինային,մամայից>:
Գրպանս այրվում էր
անհամբերությունից:
Ծակում էր կողս,մի սուր
ցավով:
Ուրիշի նամակները չեն
կարդում,բայց սա ուրիշի չէր,սա իմ տարիներով փնտրած մարդուն ուղարկված նամակ էր,
որ ասես մի ցանկապատ էր դարձել մարմնիս ու գիտակցությանս միջև:
Ստացա անհրաժեշտ փաստաթուղթն
ու ակամա վերադարձա նստարանին:
<Կարդա՞լ,չկարդա՞լ,զանգե՞լ
ասել որ կորցրել է,չզանգե՞լ>:
Չգիտեմ ինչ անել:
Վառեցի մի ծխախոտ ու
հանեցի նամակը:
Գեղեցիկ ձեռագրով,
վանդակավոր տետրի մի ճմրթած թուղթ էր:
<Բարև աղջիկ ջան,ինչու՞,ո՞ր
մեղքիս համար դու ինձ այստեղ բերեցիր:
Բզկատվա՞ծ է խիղճդ:
Այստեղ ինձ համար շատ վատ
է, ես, որ քառասուն տարի ուսուցչուհի եմ եղել և բազմաթիվ աշակերտների ինձ նայող
աչքերի հեղինակությունը,այժմ նվաստացած եմ:
Ինձ հետ դու-ով են
խոսում,սրսկում են ինչ որ հիմար դեղեր, որոնցից հետո գլուխս պտտվում է, քնում եմ
սրտխառնոցով ու կամաց կամաց կորցնում հիշողությունս:
Ամեն առավոտ աչքերիս առջև
բարեխղճորեն գզված բամբակի տեսքով մառախուղ է:
Ամեն ինչ արգելում
են,գրիչ,թուղթ,հեռախոս,հեռուստացույց.սա դժոխք է…
Աստված իմ,ո՞ր մեղքիս
համար:
Միթե՞ իմ՝քո հարազատ մոր
ներկայությունը այդքան անտանելի էր…
Հիմա քեզ գրում եմ
նկուղից,մի կիսատ մատիտով,հնոցապանից եմ վերցրել,իմ հին աշակերտներից է,ինքը
ճանաչեց ինձ:
Երեկ էլ զուգարանից դուրս գալիս լսեցի գլխավոր
բժշկի իմ հասցեին ասված խոսքերը.
<Երկար չի ապրի…>
Խնդրում եմ քեզ,հանուն
ինձ,հանուն քո հոր հիշատակի ինձ տուն տա~ր…
Ես տանն եմ ուզում
մահանալ..>
Չհասկացա թե ինչպես նամակը
ծալեցի ու առանց ծրարի դրեցի գրպանս:
Մատներս գրպանումս շոշափեցին
այցեքարտը:
Գրպանիցս հանեցի ու նայում
եմ այցեքարտին:
Այցեքարտը կարծես խոսում
էր ինձ հետ
… յասամանի ծաղիկները խենթացնող
բույր ունեն:
… Պոկված ծաղիկները…
դիմադրում են,դիմանում,պայքարում ու վերջ ի վերջո հանձնվում աղբամանում հայտնվելու
ճակատագրին:
Նայում եմ նստարանի կողքի
աղբամանին,որտեղ հայտնվեցին իմ մատներով պատռված այցեքարտի կտորներն ու ծրարը, որի
վրա նույնպես նրա անունն էր:
Աղբամանից լսվեց արձագանք.
… որ մեղքիս համար
… Ես տանն եմ ուզում
մահանալ..
* * *
Փականը տեղի չէր
տալիս,բնակարանիս դուռը չէր բացվում:
Ձեռքերս դողում էին:
Գլխիցս դուրս չէր գալիս
այն կինը,որի անունն էլ չգիտեի:
Ես ատում եմ քեզ բանալի,դուռ,նամակ,յասամանի բույր ունեցող
օծանելիք,յասամանի կոտրված ճյուղ չսիրող աղջիկ,սպիտակ խալաթով այն կնոջը,իմ
կիսաբաց օձիքը,աշնան քամի…
Ես ատում եմ ուրիշի նամակ
կարդացողներին:
Ես ատում եմ ինձ:
Վերջապես դուռը բացվեց:
Նստած բազկաթոռի մեջ,տեղս
չեմ գտնում:
Կարծես ինչ որ բան
խանգարում է:
Չեմ հասկանում ի՞նչ է
կատարվում:
Չէ,պետք է մի անգամ էլ
կարդալ,չեմ դիմանա:
Իզուր տեղը տաքացա ու
պատռեցի այցեքարտը:
Կզանգեի ու աշխարհի
ամենավերջին խոսքերով կասեի այն ինչ մտածում եմ,ինչպես կմտածեր ցանկացած ՄԱՐԴ
արարած:
…<Աղջիկ ջան,ինչու՞,ո՞ր
մեղքիս համար դու ինձ այստեղ բերեցիր…>
Կատաղությունից վեր կացա, շպրտեցի
նամակը, մոտեցա պատուհանի գոգին դրված խոլորձի ծաղիկներին,որոնց խնամում եմ մեծ
սիրով:
Պոկեցի ծաղկի թուփն ու
ամբողջ ուժով հարվածեցի պատին:
Արմատներից գետնին թափված
հողը ծածկեց նաև գետնին ընկած նամակը:
Ինչ զզվելի է կյանքը:
Ես ինչ գնով էլ լինի
գտնելու եմ նրան:Բայց ինչպե՞ս:
Մոտեցա բարձրացրեցի նամակը
ու երբ թափ էի տալիս հողից մաքրելու համար,տեսա թղթի հակառակ կողմում նույն
ձեռագրով գրված թերևս շարունակությունը:
<Նամակ N 73
Նախապես ներողություն եմ
խնդրում բոլոր կարդացողներից:
Նամակի հակառակ կողմում
գրվածը,իրական չէ:
Սա մի հորինված
պատմություն է,որի արձագանքը ինձ կօգնի գրելու իմ գիտական թեզը:
Խնդրում եմ նամակից ստացված
առաջին տպավորությունները ուղարկել elina@ymail.com
էլեկտրոնային հասցեին:
Իսկ յասամանի բույրը, ես
իրոք սիրում եմ:
Յասամանի ճյուղերը
կոտրողներին՝ ատում:
Կանխավ Շնորհակալ եմ:
Էլինա>
* * *
Հոգեբուժարանի ցանկապատի
դռան մոտ վիճում են երկու հոգի:
- Հայրիկ ջան,հասկանում եմ
որ պահակն ես,բայց ես չեմ մտնում հիվանդանոց,միայն տարածք,երեկ մի թուղթ եմ գցել
աղբարկղ,շտապ վերցնեմ ու դուրս գամ:
- Տղա ջան առավոտյան ժամը
7-ն է,տասին է բացվում,ի՞նչ թուղթ:
- Խնդրու~մ եմ հայրիկ
ջան,ամբողջ գիշեր չեմ քնել:
- Աղբամաններն ամեն երեկո
մաքրում, տանում են,տղա ջան,գնա տուն քնիր,մի խանգարիր:
* * *
Ես ինչ գնով էլ լինի
գտնելու եմ նրան:
Նորից շնչելու եմ, սիրելու
եմ նրա բույրը՝յասամանի բույրը:
Ես էլ նրա նման ատելու եմ
յասամանի ճյուղ կոտրողներին:
Ես նրան գտնելու~ եմ:
Աշուն է:
Քամին սվսվացնելով պտտվում
է փողոցում,բախվում իր ճանապարհին հանդիպած ամեն ինչին,շրջանցում ամեն արգելք ու
կրկնում.
<Գտնելու~ եմ>:
Комментариев нет:
Отправить комментарий