Հին սիրային հուշերը նման
են ամառային անսպասելի կայծակին,որոտին,որ պայթում են անհարմար ժամանակ ու անհարմար տեղում:
Հետո հանգում,թողնելով
գերհաճելի վայրկյանների հիշողություն…
Երևանյան երկինքը օգոստոսի
վերջին օրերին մորեգույն է լինում:
Հաղթանակի զբոսայգու մոտ
եմ:
Վարելով մեքենան նայում եմ
երկնքին ու ցանկանում իջնել, կանգնել ու երկար նայել երկնքին:
Ցանկություն կա նաև նրան
ձեռքով ողջունել,բայց ամաչում եմ մարդկանցից:
Առավոտյան ութն անց է կես
ու մարդ չկա,բայց…
Ինչևէ:
Միևնույն է խանգարում է վարելուն:
Ավելի լավ է իջնեմ ու ձևացնեմ թե մեքենան փչացել է,այդպես հեշտ կլինի:
Նայում եմ մորեգույն
երկնքին ու տեսնում թե նա գուշակ գնչուհու նման ինչպես է խառնում
ամպ-խաղաքարտերը՝իմ կյանքից հատվածները և չգիտեմ թե պահի տակ ինչ հատված կգցի ինձ:
<Տեսնում ես,սա խաչի
աղջիկն է,հիշու՞մ ես…>
< Սա սրտի աղջիկն է,չես
մոռացել չէ՞…>
<Սա ագուռի աղջիկը,հը,չէ՞ր
անցնում մտքովդ,որ մի օր կգա քո առաջ>:
< Սա ագռավի իննանոցն է, մահվան նշան է, հակառակ կողմի դարձվածը՝ հարազատի կորուստ: Սա ի՞նչ
նորություն է քո կյանքում, որ չգիտեմ նույնիսկ ես:Մի հավատա>:
Հետո բղավեց.
<Շրջվիր արագ, ի՞նչ ես
քարացել:>
Կողքս մի կին էր ու դեպի
նա արագ սլացող մի մեքենա:
Հասցրեցի քաշել դեպի ինձ:
Մեքենան մի հինգ
սանտիմետրի վրա հեռացավ,իսկ ես հենված մնացի իմ
մեքենային՝ նա էլ իմ գրկում:
Կոպերս մոռացած աշխարհի
ցավերն ու տագնապները իրենցով էին արել մի հրճվանք ու չէին ուզում բացվել:
Սրտիս մեջ թպրտում էր
հավերժի կրակով լցված մի լույս:
Ես զգում էի Լույսի համը:
Շուրթերիս՝ սառը ձյան հետ
պայքարի ելած ու գլուխը ցցած ձնծաղիկ էր:
Գրկումս,որ թաց էր
արցունքներից, կարծես կրակ էր,՝այրվում էին իմ կույս երազները:
Պարզ լսեցի տիեզերքի
ձայնը,տարօրինակ խորթ ու դուրեկան,որն իմ գրկում շշնջաց <Մեղա~>:
Սթափվեցի երբ մեքենայիս
զուգահեռ կանգնեց ավտոտեսուչի մեքենա:
- Տեղ եք գտել
համբուրվելու՞,արագացրու,շարժվիր,թատրոն ես սարքել փողոցում,այ քեզ բա~ն:
Դիմացի մայթում կանգնել
էին մի խումբ անցորդներ,որոնք արդեն չէին ուզում շտապել աշխատանքի ու նայում էին:
Զգույշ հրեցի գրկիցս
աչքերը փակ կնոջը:
Նա էլ սթափվեց իմ
հրելուց,բացեց աչքերը:
- Ես նայում էի մորեգույն
երկնքին,չհասկացա թե ինչպես…
Թողնել գնալ,արդեն չէր
լինի,նայողներն ավելանում էին:
- Նստեք մեքենան,բոլորը
մեզ են նայում:
Նայեցի երկնքին,մորեգույն
երկինքը ինձ ձեռքով հրաժեշտի նշան էր անում՝ կամաց կամաց գույնը փոխելով սովորական
երկնագույնի:
- Ո՞ր կողմ եք գնում,ես
իջնում եմ Հերացու փողոց:
- Միևնույն է,ի՞նչ
տարբերություն…
Ես չհասկացա,ուշադիր էլ
չեմ կարող նայել,հարկավոր է արագ հեռանալ:
- Ինձ կներեք հա՞,լավ
չստացվեց,-ասաց կինը:
- Ձեր անունն ի՞նչ է:
- Չգիտեմ,չեմ հիշում,ես
նայում էի երկնքին,երբևէ տեսե՞լ եք մորեգույն երկինք:
Վարորդների կողմից
չսիրված,բայց այս անգամ լուսաֆորի փրկարար կարմիր
լույս:
Նայում եմ:
Նստած է մտախոհ,ինչ որ բան
է տանջում:
- Ես այստեղից ձախ եմ
գնալու,Ձեզ ու՞ր…
- Ես ուզում եմ տեսնել
քարե արցունքներ,դա Նորավանքի մոտ է:Ինձ կտանե՞ս այնտեղ:Տուն չեմ ուզում:
- Դու այլ մոլորակի՞ց ես,-
կատակեցի:
- Այո,այնտեղ թողել եմ
ամուսնուս, երկու աղջիկներիս ու եկել եմ…
Սպիտակ թղթի վրա նկարել եմ
սպիտակ ծաղիկ,որ նվիրեմ քեզ:
Նկարել եմ հեքիաթ:
Նկարել եմ լեգենդ:
Քարե արցունքնե՞ր,չեմ
հանդիպել: Միգուցե քար սրտերով մարդկանց արցունքներն են:
Չեմ հասկանում:
Տարօրինակ բան զգացի նրա
խոսքերում,տեսքից խնամված է,կոկիկ:Կապույտ վերնազգեստով և սև շալվարով:Պայուսակ
չունի:
Դարչնագույն բարակ քսված
շրթներկը ընդգծում է նուրբ շրթունքների գծերը:
- Որտեղ եք ապրու՞մ,որ
փողոցու՞մ:
- Չգիտեմ փողոցի անունը,այնտեղ
քիմ. մաքրում կա, աղջիկներիս շորերը այնտեղ են:Հիմա ի՞նչ են անում առանց ինձ:
- Զանգիր:Հարցրու:
- Հեռախոս չունեմ,հայրս
վերցրել է:Համ էլ չեմ կարող,դու կզանգե՞ս,կասե՞ս որ գնում ենք քարե արցունքներ
նայելու:Չէ՞:
Մեքենան կանգնեցրի փողոցի աջ կողմում:
Հանեցի հեռախոսս ու
մեկնեցի ինձ նայող բաց կանաչ աչքերին:
Առանց հայացքը
թեքելու,շալվարի ետևի գրպանից հանեց ու ինձ մեկնեց մի այցեքարտ:
Տղամարդու անուն ազգանուն
է,ըստ գրվածի ոսկերիչ գնահատող:
- Բարև ձեզ, ես…
- Կարող է Սուսաննան ձեզ
հետ է,խնդրում եմ իրեն չէ չասեք,որտեղ եք:
- Խանջյան-Թումանյան խաչմերուկում,նա
հիվա՞նդ է:
- Ես հիմա կգամ,հայրն
եմ,դուք սպասեք նրա հետ,լավ,մենակ չթողնեք,ես կվարձատրեմ:
- Ասացեք հասցեն,ես ինքս
կբերեմ,մեքենայով եմ…
Երկինքը նորից կամաց կամաց
փոխում էր գույնը,հիմա վարդագույն էր:
Վարդագույն ամպերը հավաքվեցին,մի
պտույտ արեցին առանցքների շուրջն ու սկսեցին սևանալ:
- Տուն եմ ուզում,տուն,ինձ
տուն տար,- սկսեց արմունկները ծալած ձեռքերով հարվածել:
- Աղջիկներս կմնան անձրևի
տակ:
Այդպես մեքենա վարել չէի
կարող:Հանգստացնել է պետք նրան:
Հարվածեցի դեմքին:
Ինձ հանգիստ թողեց ու
ձեռքերով երեսը բռնած սկսեց արտասվել:
- Դու ինձ երբեք,երբեք չես
ապտակել,ինչու՞ այսօր…-հեծկլտում էր:
Անձրևեց:
Ամողջ ճանապարհին լուռ
արտասվում էր:
Երբ հասանք տան մոտ,մի
սպիտակահեր մարդ կանգնած էր
փողոցում,անհանգիստ կանգնելուց հասկացա որ նա է սպասում մեզ:
Մոտեցավ մեքենային:Կինն
իջավ ու փաթաթվեց նրան:
Իջա մեքենայից ու
անօգնական նայում եմ:
Ամառային անձրևը մաղում
էր:
Ամեն մի կաթիլ դաղում էր
մարմիս,ծակում,վառում,ստիպում բարձրաացնել գլուխս ու նայել երկնքին:
Նայեցի:
Մի մեծ սև ամպ խոժոռ նայեց
ու…
<Իզուր ապտակեցիր,դու
խիղճ չունե՞ս…>
- Ինչու՞ ես լալիս,Սուս
ջան,քանի~ անգամ եմ ասել մենակ դուրս չգաս:
- Անձրևից վախեցա,-ասաց
աղջիկը,նայեց ինձ ու ավելի ամուր փաթաթվեց
հայրական պարանոցին:
Չկարողացա հրաժարվել վերև
բարձրանալու հրավերից:
Երեք հարկ մեղավոր
բարձրանում էի նրանց ետևից:
Սուսաննան հանգստացել էր
ու խռովկան երեխայի նման կուչ եկել բազկաթոռի մեջ:
- Միգուցե պատշգամբու՞մ
խմենք սուրճը,մաքուր օդ է և կարծես կտրվեց անիծվածը:
Մնացինք երկուսով:
Մոռացել էի, որ աշխատանքի
եմ,չէի կարող այլ կերպ:
Հայրը կիսաձայն խոսում էր:
<<…Չորս ամիս առաջ
Կիրովականից,հարսանիքից գալուց,թոռներիցս մեկը ձեռքի տիկնիկով ետևից կատակով խփել
էր ղեկին նստած փեսայիս գլխին:Անձրևոտ եղանակ էր:
Փեսաս էլ՝ Սուսաննայի
ամուսինը մի քիչ գինովցած, հանկարծակի եկած չէր կարողացել պահել ղեկը ու շուռ էին
եկել ընտանիքով ձորը…
Միայն աղջիկս կենդանի
մնաց,այն էլ այս վիճակում …միայն ինձ է ճանաչում և մեքենան,ձեր մեքենան նույն
մակնիշի է,նույն գույնի,ինչ որ մեր նախկին
մեքենան:
Երբ դուրս է գալիս փողոց
վազում է նման մեքենաների հետևից ու կանչում…ամուսնուն,աղջիկներին>>
Հայրն արտասվում էր:
Անձրևը ամառային էր ու
դադարեց այնպես արագ ինչպես որ սկսվել էր:
Երկինքը պարզ:
Օգոստոս է:
Ամռան վերջին օրերը:
Երկինքը նորից փոխում էր
գույնը:
Մորեգույնն ինչ հաճելի
գույն է, որ մինչ այդ ուշադրություն չէի դարձրել:
Պատշգամբ անձայն քայլերով
մտավ Սուսաննան՝ հայացքը երկնքին:
Ժպտում էր:
- Ես պետք է գնամ, առանց
այդ էլ ուշացա աշխատանքից:
- Անհարմար եմ զգում, բայց
ես Ձեզ պետք է…դե ինչքա՞ն, ասեք ինքներդ…
Նայեցի երկար:
Այդ դժբախտ մարդուն
ոչինչով չէի կարող մխիթարել:
Սիրտը քարի՞ց էր:
Անհարմար վիճակում էր:
- Կուղեկցեմ Ձեզ,միևնույն
է աղբը պետք է թափեմ,գլխիցս թռել էր:
- Հարկավոր չէ,ուզու՞մ եք
տվեք ես կգցեմ:
- Ի՞նչ եք ասում,առանց այն
էլ…
Բակում հրաժեշտ տվեցի այդ
մարդուն ու նայեցի երկնքին:
Սուսաննայի հայրը հակառակ
ուղղությամբ մոտենում էր աղբարկղերին:
Նայում եմ մորեգույն
երկնքին ու տեսնում, թե նա գուշակ գնչուհու նման ինչպես է խառնում
ամպ-խաղաքարտերը՝իմ կյանքից հատվածները և չգիտեմ թե պահի տակ ինչ հատված կգցի ինձ:
< Տեսնում ե՞ս,սա խաչի
աղջիկն է,հիշու՞մ ես…>
<Սա սրտի աղջիկն է,չե՞ս
մոռացել չէ՞…>
<Սա ագուռի աղջիկը,հը՞,չէ՞ր
անցնում մտքովդ,որ մի օր կգա քո առաջ:>
<Սա ագռավի իննանոցն է, մահվան նշան է, հակառակ կողմի դարձվածը՝ հարազատի կորուստ: Սա ի՞նչ
նորություն է քո կյանքում, որ չգիտեմ նույնիսկ ես:Մի հավատա:
Հետո բղավեց.
<Շրջվիր արագ ինչ ես
քարացել>:
Շրջվեցի:
Պատշգամբի բազրիքին
կանգնած էր Սուսաննան,հայացքը երկնքին,ձեռքերը պարզած առաջ:
Պարզ լսեցի տիեզերքի կանչող
ձայնը,տարօրինակ խորթ ու համոզիչ.
<Արի~>:
Կանչող ձայնն արձագանքվում
էր բակում,բայց չգիտես ինչու հայրը չէր լսում:
Ձեռքս մեկնեցի, որ ետ քաշեմ
նրան,բայց այս անգամ հեռու էի…
* * *
Տարիներ են անցել: Ամեն
անգամ,երբ նայում եմ ձեռքիս,որով ապտակել էի,այն դժբախտ, հիվանդ ու անմեղ
կնոջը,ինձ թվում է մորեգույն է,թաթախված հարազատ մարդու արյունով:
Ձեռքս, որով ապտակել էի
այն դժբախտ, հիվանդ ու անմեղ կնոջը, մինչ օրս մնաց երկնքի նման մորեգույն:
Երևանյան երկինքը օգոստոսի
վերջին օրերին մորեգույն է լինում ու շատ արագ գույնը փոխում սևի:
Комментариев нет:
Отправить комментарий