воскресенье, 13 апреля 2014 г.

... Բանաստեղծություն

* * *
Մատներիս դողից, դու շատ ես տանջվել…
արցունքս, որ երբեք գետնին չէր ընկնում,
քեզ վրա շատ է կաթացել,
հաճախ եմ խիղճս կորցրել.
ու քորեյը ելել է շալակը յամբի,
քո ներկան թողած՝ քեզ անտեսել եմ…
փախել եմ քեզնից ու հեռու կանգնել
մի օտար ափի…:

Իմ խելառ հոգին քեզ շա՛տ է տանջել,
կո՛ւրծքդ է պատռել,
հոգի՛դ ճմրթել…
Լռե՜լ ես…

Իմ խելառ հոգին քեզ դեն է նետել անտեր իրի պես,
դու դիմացե՜լ ես…
դու լուռ տարե՜լ ես,
թե՛ վայրենություն, թե՛ վիրավորանք,
թե՛ քմահաճույք…
բայց գաղտնիքներս քո նուրբ ծալքերում
պահել ես որպես սրբազան մասունք…

Արցունքս ցավից շատ է եռացել,
քարացել է՝
սոսնձվել մաքուր մարմնիդ,
քրքրել է սիրտդ սիլաբո-տոնիկան,
ամանակը՝ հարվածել դեմքիդ:

Ինձ հետ տխրել ես քո թաց շուրթերով,
(չափով ու հանգով տողս էր կիսատ)
Գիտե՜մ, մտածել ես
«Ի՞նչ է մտքինը»,
երբ բախվել են իրար գազելն ու
տերցինը:

Ների՜ր, սիրելի՜ս,
Այդպես է ստացվել,
Ինձ չե՞ս հավատում…

Քեզ շատ եմ սիրում
իմ մաքո՛ւր, պայծա՛ռ,
իմ սպիտա՛կ ու ջի՛նջ,
իմ գորովագո՜ւթ…

Իմ Գրելու Թուղթ…

Комментариев нет: