суббота, 26 апреля 2014 г.

Շտապ օգնություն





Երբ բժիշկ հորեղբայրը իմացավ, որ վաղվանից աշխատելու է <Շտապ օգնության> 1-03  ծառայությունում սկսեց ծիծաղել:
Ընտանիքի անդամների զարմացած հայացքներին պատասխանեց.
- Գոհա´ր ջան, մի´ նեղվիր: Ես մի դիպված հիշեցի: <Շտապ  օգնության> բժիշկ ընկերս է պատմել:
Մի ծեր կին էր ապրում, միայնակ: Անգործությունից անընդհատ զանգում էր <Շտապ օգնություն> ու անընդհատ բողոքում սրտից, լյարդից, գլխացավից ու ամեն անգամ շտապեցնում, որ գան, թե չէ, ուր որ է` կմեռնի:
Բոլոր բրիգադաներն  արդեն եղել էին նրա տանը ու ծանոթ էին նրա <խաղերին>:
Մի անգամ էլ նոր աշխատակիցներ են գնում նրա կանչով ու տեսնում են, որ կինը` սիրտը բռնած, անկողնում պառկած` իրենց է սպասում:
Առանց երկար մտածելու` նոր բժիշկն ասում է.
-Շրջվի´ր մայրիկ, իջեցրո´ւ կիսավարտիքդ, հիմա սրսկեմ` անմիջապես կանցնի:
Կինը պատրաստակամությամբ մերկացնում է հետույքը, իսկ բժիշկն ու բուժքույրը ծիծաղից քիչ է մնում ուշաթափվեն:
Հետույքին <զելյոնկայով> գրված էր. <Պառավը խաբում է >…

* * *
<Շտապ օգնության> դիսպետչերականում եռուզեռ էր:
Տասնչորս հեռախոսակայաններ, որ սպասարկում են ամբողջ քաղաքին, անընդհատ կապի մեջ էին, ու գրեթե հնարավոր չէր լսել կողքի խոսակցին:
Գոհարը մոտեցավ առաջին սեղանին ու ցածր ձայնով հարցրեց կադրերի բաժնի տեղը:
- Դուրս արի, ձախով գնա, աջից` երկրորդ դուռը: Անունը Մարգարիտա է:
Մարգարիտան խնամված տեսքով, միջին տարիքի կին էր:
- Ուղեգրո՞վ եք, - առանց դեմքին նայելու հարցրեց ու վեր կացավ տեղից:
Մոտեցավ, վարագույրներից ազատեց պատուհանը:
- Ի՞նչ պետք է անես այստեղ: Ո´չ կարգին աշխատավարձ կա, ո´չ հանգիստ:
Նստեց, սկսեց ուշադիր նայել ներկայացված փաստաթղթերը:
- Հոգեբա՞ն ես: Ի՞նչ կապ կա <Շտապ օգնության> հետ, չեմ հասկանում: Դու ինքդ մի բան հասկանո՞ւմ ես:
- Չգիտեմ,- Գոհարը բարձրացրեց ուսերը:
- Լա´վ, այստեղ սպասիր, մտնեմ գլխավորի մոտ, գամ: Ինչ հիմար հրաման ասես, որ չենք ստանում:
Քիչ հետո վերադարձավ:
Անխոս նստեց իր բազկաթոռին, սկսեց ինչ-որ բան փնտրել սեղանի դարակներում:
- Վերցրո´ւ, լրացրո´ւ: Կգնաս չորորդ բրիգադ` Աշոտի մոտ: Լա´վ տղա է, լավ բժիշկ: Քեզ ընդունում ենք երեքամսյա փորձաշրջանով:
- Շնորհակալ եմ:
- Մի քանի օրից կերևա` կմնա՞ս, թե կփախչես: Քո մասնագիտությամբ ի՞նչ շտապ օգնություն:
Միացրեց դիսպետչերականի հետ կապող բարձրախոսը:
- Անահի´տ, Աշոտը դո՞ւրս եկել է: Գտի´ր, կանչի´ր պետի մոտ: Ես էլ եմ այնտեղ լինելու:
Պետը` հոգնած դեմքով, տարիքն առած մի մարդ, ընդունեց սառն ու անտարբեր:
Երբ Աշոտը մտավ ներս, միանգամից հարցրեց.
- Ի՞նչ է եղել այդ պառավին: Ինչո՞ւ է նորից բողոքում:
- Ես էլ չգիտեմ: Կարծես խելքը գցել է: Արդեն երկրորդ անգամ ինչ-որ ցնդաբանություններ է դուրս տալիս: Չհասկացա…Ինչ- որ աներևույթ ուժերից է վախենում, մարդիկ են մտնում իր տուն պատուհանից` իններորդ հարկում, վարագույրներն են շարժվում, ոտնաձայներ է լսում, ձեռքերն էլ` քերծած:
- Մեր նոր աշխատակցուհին է` հոգեբան: Կգնաս նրա հետ: Եթե մի անգամ էլ զանգեց, տարե´ք հոգեբուժարան:

* * *
<Շտապ օգնության> մեքենան սլանում էր փողոցով` հանգիստ ու համաչափ:
Շտապելու հարկ չկար:
Վարորդը քթի տակ սուլում էր ինչ-որ արևելյան մեղեդի:
- Հասցեն կասե՞ս, Աշո´տ, - բացեց ծոցատետրը ու գրիչը ձեռքն առնելով` սպասեց:
- Ինչի՞դ է պետք, հո ամեն կանչ չե՞ս գրանցելու :
- Դե, առաջին կանչն է, թող մնա, կհիշեմ:
Շենքն անշուք էր, բարձրահարկ: Վերելակն էլ չէր աշխատում:
Երբ բարձրացան իններորդ հարկ, Աշոտը հրեց դուռը, որն առանց դիմադրելու բացվեց:
- Դուռը չի փակում ցերեկները,- բացատրեց:
Անկողնում մի կին էր պառկած` մոտ յոթանասուն տարեկան:
Գոհարին թվում էր, թե հանդիպելու է զառամյալ կնոջ, բայց հասկացավ, որ սխալվել է:
- Աշո´տ ջան, եկա՞ր, - կարծես հարազատի էր ընդունում:
- Հա´, տա´տ, եկա: Մեր ամենալավ բժշկուհուն եմ բերել: Գոհար է անունը: Տես, թե ոնց է քեզ ոտքի կանգնեցնելու:
Գոհարը մոտեցավ անկողնուն:
- Մայրի´կ ջան, հիմա ասա` կոնկրետ ինչի՞ց ես բողոքում, հանգիստ առանց շտապելու:
- Ի~, բա ես բողոքո՞ղ կին եմ, աղջի´կ ջան: Իմ կռիվն Աստծու հետ է, բալա´ ջան: Ասում եմ իջի´ր, դե´մս նստիր` կարգին բացատրվենք, չի գալիս:
Աշոտը քմծիծաղով նայեց Գոհարին:
- Հավատո՞ւմ ես Աստծուն, մայրիկ ջա´ն: Դե, քո տարիքում բնական է…
- Մինչև երեկ հավատում էի, հիմա …
- Ինչո՞ւ, ի՞նչը փոխվեց: Դու խոսի´ր, ես քո ճնշումը չափեմ:
- Ես ե՞րբ եմ ճնշում ունեցել որ: Ո´չ մի բողոք չունեմ: Մի քիչ լսողությունս է թույլ, ու վերջ:
Երբ դրսի դուռը փակում եմ ու պառկում քնելու, վարագույրները սկսում են շարժվել, շատ թույլ ոտնաձայներ եմ լսում, երեկ չէ առաջին օրն էլ արթնացա… նայիր:
Ցույց տվեց աջ ձեռքի երեսը, որը ճանկռված էր:
- Տեսնո՞ւմ ես: Բա սա չարքերի գործը չի՞, աղջի´կ ջան: Գիտեմ, որ չես հավատա:Կարծում ես` խելքս կորցրե՞լ եմ: Հո ե՞ս չեմ ճանկռել:
- Դուռն ինչո՞ւ ես բաց թողնում, - Աշոտը մի ծխախոտ վառեց ու մոտեցավ պատուհանին:
- Դե, հարևանուհիս օգնում է, խանութ-մանութ է գնում, գալիս: Մենակ կին եմ, ի՞նչ անեմ:
Երեկ հարևանուհուս խնդրել էի` մի տերտեր կանչեր: Եկավ, պտտվեց, նայեց, սկսեց աղոթել, հետո էլ գնալուց հարևանուհուս ասաց` անիմաստ է, Աստծո հույսն էլ չի փրկի:
Այսքանից հետո ինչպե՞ս հավատամ:
- Ինչո՞ւ չես քայլում, ոտքերդ ցավո՞ւմ են, - Գոհարն ուշադիր աչքի տակով դիտում էր մաքուր, կարգի բերած սենյակն ու մտածում, որ այս կինն իրենից առողջ է: Չգիտեր ինչ աներ:
- Չէ´, ուղղակի վախենում եմ: Իմ աչքի տեսածը դեռ սրտումս է: Ես հո գիժ չե՞մ` աչքիս չարքեր երևան:
- Լա´վ, մայրի´կ ջան, հիմա մենք գնանք, հետո էլի կգանք:
- Կգա՞ք որ: Չկարողացա հյուրասիրել: Բա Արշալույս տատի տունը մտնեն ու առանց հյուրասիրության գնա՞ն:

* * *
Բնակարանից դուրս գալուց հետո Աշոտը թակեց հարևանուհու դուռը:
Վաթսունին մոտ կլիներ հարևանուհին: Ներս հրավիրեց:
- Մենք միայն մի քանի րոպեով, լա՞վ:
- Գնա´նք խոհանոց, թոռս քնած է, չխանգարենք:
Հարևանուհին պատմեց, որ Արշալույս տատը բավականին զարգացած կին է, ուսուցչուհի է եղել երկար տարիներ:
-Երեխաները լքել են: Տղան Ֆրանսիայում է, աղջիկը` Ամերիկայում:Այդ տարիքում հանգիստ օգտվում է բջջային հեռախոսից: Խելքը տեղն է, բայց այս երկու օրը չգիտես ինչու` բողոքում է ինչ-որ արարածներից: Անտանելի վախեցած է: Ոչ ոք` բացի ինձնից նրա տուն չի մտնում

* * *
Շտապ օգնության գլխավոր բժիշկն ընդունեց Գոհարին ու Աշոտին, լսեց ուշադիր ու գլուխը տմտմբացնելով` մոտեցավ պահարանին:
- Մեր հիվանդը չէ այդ պառավը, ես քանի անգամ ասացի: Նորից զանգելու է, անհանգստացնի, տանեիք, էլի´, հոգեբուժարան: Աշո´տ, սրա անունները ոնց են բացվում, այդպես էլ չհասկացա,- Աշոտին մեկնեց բջջային հեռախոսը:
- Ընկե´ր Խլղաթյան, այդ` Ձեր ասած` պառավը հանգիստ օգտվում է բջջայինից:
Գոհարն իր ասածից ամաչելով` կախեց գլուխը:
- Դե, ուրեմն տուն գնալիս մի անգամ էլ կմտնես նրա մոտ,- հրահանգելու պես ասաց գլխավորը` համարելով զրույցն ավարտած:

* * *
Արդեն մթնում էր, երբ Գոհարը մոտեցավ բարձրահարկ շենքին:
Վերելակն այս անգամ աշխատում էր:
Բարձրացավ:
Բնակարանում նաև հարևանուհին էր:
- Եկա, տա´տ, ինչպես խոսք էի տվել: Ա´յ, հիմա կարող ես ինձ հյուրասիրել թեյ, մուրաբայով:
- Վա~յ, Գոհա´ր ջան, ի~նչ լավ արիր: Բա էլ ո՞ր օրվա համար պահեմ: Աղջի´կ ջան, նստի´ր, ես ամեն ինչ կանեմ:
Տարօրինակ առույգությամբ վեր կացավ տեղից ու հանգիստ գնաց խոհանոց:
Հարևանուհին նայեց Գոհարին ու ուսերը վեր քաշեց:
Գոհարն էլ զարմացած նայում էր Արշալույս տատին:
- Դե, ես գնամ, քանի դուք այստեղ եք:
- Հա´, դեռ մնալու եմ:
Երբ հարևանուհին դուռը փակեց, վարագույրները շարժվեցին:
Մի պահ Գոհարի սիրտը կանգ առավ:
<Քամին էր, հաստա´տ>:
Չգիտես ինչու` գնաց խոհանոց:
- Գալիս եմ, Գոհա´ր ջան: Դու ուզո՞ւմ ես, հեռուստացո´ւյցը միացրու, մինչև բերեմ:
Գոհարի ականջին լսվեցին զգույշ քայլերի ձայներ` ոչ սովորական: Կարծես ինչ-որ մեկը ճանկռում էր մանրահատակը:
Նայեց տանտիկնոջ կողմը. <Երևի չի լսում: Գո՞ւցե ինձ թվաց: Ի՞նչ հանելուկ է>:
Մեծ եռանդով սեղանին հայտնվեցին քաղցրավենիքներ, թեյ:
- Դե, պատմի´ր, Գոհա´ր ջան,- տեղավորվելով աթոռին` տատը սկսեց հյուրասիրել:
- Ի՞նչ պատմեմ: Դո´ւ պատմիր, Արշալո´ւյս տատ: Ինչպե՞ս սկսվեց, ի՞նչ եղավ, ու քո աչքին…
Չհասցրեց խոսքն ավարտել, երբ վարագույրները նորից շարժվեցին: Տանտիրուհին մեջքով էր նստած դեպի պատուհանը, նկատել չէր կարող:
Գոհարը զգաց, որ կամաց-կամաց կորցնում է ինքնատիրապետումը:
Վեր կացավ, վախենալով մոտեցավ պատուհանին: Փակ էր:  Նայեց հատակին: Գորգի վրա ոչ մի ոտնահետք կամ տարօրինակ ոչինչ չկար:
Բայց չէ՞ որ իր աչքով տեսավ վարագույրների շարժը:
Պատկերացրեց, թե ինչ կզգա նման դեպքում տարիքն առած կինը, երբ մենակ է տանը ու սառսռաց ամբողջ մարմնով:
Մի կերպ հասավ իր աթոռին ու փլվեց նրա վրա:
- Հա, ի՞նչ էի պատմում, աղջի´կ ջան: Երբ ամուսնացա, մի սպիտակ, կարճ մորուքով քահանա ինձ մի սրբի նկար նվիրեց: Անունը չեմ հիշում: Ա´յ, այս կոմոդի վրա էր դրած: Մի շաբաթ առաջ փոստատարը թոշակս էր բերել: Նրա գնալուց հետո նկարն անհետացել է: Հոգուս մեղք չանեմ, չգիտեմ, մի՞գուցե….
- Բանի տեղ մի´ դիր, տա´տ: Չէ՞ որ չես հավատում: Իսկ երիտասարդ ժամանակվա նկարներ չունե՞ս,- մի բան ասելու համար հարցրեց Գոհարը, որը աչք չէր կտրում վարագույրներից:
- Ունեմ, բա ո՞նց, դեղնած է, բայց լավ պահպանված:
Տատը վեր կացավ, գնաց դեպի կոմոդը: Երբ նկարը ձեռքին շրջվեց դեպի Գոհարը, հանկարծ վարագույրները նորից շարժվեցին:
Տատն ընկավ հատակին:
Հենց այդ ժամանակ էլ  պարզ լսվեցին ճանկռոցի ձայներ:
Տատն անօգնական գոռաց.
- Ամա~ն, այս ի՞նչ էր:
Մի վայրկյանում ամեն ինչ լռեց:
Գոհարը, հազիվ զսպելով վախը, վեր կացավ տեղից ու մոտեցավ պատուհանին: Ոչինչ չկար:
Հետո բարձրացրեց տանտիկնոջը, մի կերպ հասցրեց մահճակալին:
- Տա´տ, թվաց, նայի´ր:
Նորից մոտեցավ պատուհանին, մի կողմ քաշեց վարագույրները: Ոչինչ չկար:
Տիկին Արշալույսի աչքերը սարսափով նայում էին պատուհանին:
- Ամեն ինչ լա´վ կլինի, մեզ թվաց ընդամենը, - ասաց, բայց զգաց, որ ինքն էլ չի հավատում իր ասածին:

* * *
Առավոտյան, երբ Գոհարը ներկայացավ աշխատանքի, ասես բոլորը իրեն էին սպասում:
- Շտապ անցիր գլխավորի մոտ, Աշոտն այնտեղ է - ասաց հերթապահը:
- Երեկ ի՞նչ եք արել այդ պառավին, - առանց բարևի հարցրեց գլխավորը:
- Ոչի´նչ, ամեն ինչ լավ էր, - Գոհարը զգաց, որ ինչ-որ բան է պատահել:
- Շտա´պ հասեք այնտեղ, հարևաններից են զանգել, ասում են` չի շնչում:

* * *
Երբ բարձրացան բնակարան, նրանց դիմավորեց լացակումած հարևանուհին:
- Առավոտյան սովորականի նման բացեցի դուռը: Ձայն չկար: Երբ մոտեցա մահճակալին, տեսա մի կատվի ձագ` հետևի թաթերի վրա կանգնած  ճանկռում է Արշալույսի` անկողնուց կախված ձեռքը: Որտեղի՞ց էր մտել բնակարան, չեմ հասկանում:
Աշոտր մոտեցավ,  ձախ ձեռքով բռնեց կնոջ ճանկռոտած ձեռքը, մի պահ սպասեց, հետո աջ ձեռքի մատներով փակեց սարսափից չռված անկենդան աչքերը:
Վարագույներն անշարժ` փակել էին արևի լույսը, իսկ մահճակալի տակից սոված կատվի ճանկերի ճանկռտոցն էր:



Комментариев нет: