- Բարև´:
- Բարև´, դու ո՞վ ես:
- Ե՞ս, ես Խիղճն եմ:
- Խի՞ղճը: Իսկ ինչո՞ւ
ես այդքան կեղտոտ:
- Որովհետև ես քո Խիղճն եմ: Եկել եմ մաքրվելու…
- Ինձ մո՞տ, մի՞թե հնարավոր է:
- Չգիտեմ, փորձի´ր…
* * *
Գարունը շնչում է ուղիղ թիկունքին, տաքացնում…
Կարծես մի տաք ափ շոյում է բետոնե սառը մեջքը, ու անասելի
հաճելի է:
Նա իր հետ է քայլ առ քայլ: Ու զգում է, որ պրծում չկա: Բայց
վախենում է` գիտակցելով, որ իր վերջին գարունն է:
Վերջի՞ն:
Միգուցե:
Ագահորեն կլանելով ծխախոտի ծուխը և ձմռան վերջին մահացող
սառը օդը` ցանկանում է նորից սիրահարվել, նորից զգալ ուրիշ ջերմ մատների հպում` ապրելու վերջին ճիգերն անող մարմնին…
Ցանկանում է բղավել, որ չի վախենում, չի ընդդիմանա, բայց կդիմանա՞:
* * *
Սուրբ Սարգիս եկեղեցու պատը համեմատաբար տաք է:
Իր տեղն է: Այստեղ ուրիշ փող մուրացող չի գալիս: Դեռ երեսուն
չկա, բայց որ աշխատանք չունի, ի՞նչ կարող է անել:
Այսօր էլ իմացավ Տեր հորից, որ հարսանիք կա, սովորականից
ավելի շուտ է եկել:
Տեսնողին կթվա, թե 50-60 տարեկան է` չսափրված, անխնամ, կեղտոտ մազերով, քրքրված շորերով…
Ծանոթներից շատերը չեն կարողանում ճանաչել, բայց ինքը
ճանաչում է ու գլուխը կախ` բռան մեջ հավաքում տված լումաները:
Անիծյա´լ կյանք…չէ´, ինքն է անիծված…և կարծես թե` տեղին:
Լումաներով լիքը բուռը դատարկեց գրպանում ու նորից
մեկնեց ձեռքը…
Խոնարհած աչքերի առջև կանգնեցին կանացի զույգ ոտքեր, ափի
մեջ իջավ հազար դրամանոց թղթադրամ:
Նայի՞ վերև, թե՞ ոչ…
Տատանման մի քանի վայրկյան, ու աչքերը հառեց վեր:
Կինն ուշադիր նայեց: Հետո, կարծես, աչքերը լցվեցին:
Նորից բացեց պայուսակն ու երկու
դոլարանոց թղադրամ դրեց ափի մեջ…
- Սա երջանկություն է բերում, հավատա´…
* * *
Տեր Հովհաննեսն սպասում էր հյուրի:
Անհամբեր հետ ու առաջ էր քայլում եկեղեցու հարևանությամբ գտնվող իր տան հյուրասենյակում:
- Մարիա´մ, իմ քաշած օղո´ւց դիր, թթո´ւն էլ ավելացրու,
մայրդ ո՞ւր է:
- Կգա: Իջել է
նկուղ` գինի հանելու: Ես վախենում եմ մկներից:
- Մեծ աղջիկ ես: Դեռ ուզում ես գնալ Երևան` սովորելու: Դու
մենակ ապրել չես կարող:
Մինչև հիմա շանն էլ ճաշ չես կարողանում մոտեցնել:
- Պա´պ, դու էլ լավ
գիտես, որ շուն չէ, այլ գայլ, իզուր…-, չշարունակեց` հիշելով գայլի ժանիքները:
Գայլը միայն Տեր հորն էր իրեն մոտ
թողնում:
* * *
Ձագ էր, երբ հայրը բերեց տուն:
Մեծացավ աննկատ ու դարձավ, ինչ պետք է դառնար` գազան…
Սկզբից գայլն ամեն օր սպասում էր իրեն դպրոցի մոտ: Երբ
ավարտական դասարանում էր, գայլի ձագը կծեց համադասարանցիներից մեկին, որը փորձ էր
արել քաշել իր թևը:
Սկսեցին կապել շան բնում: Կատաղեց ու մինչև օրս ոչ մեկին
չի ընդունում:
* * *
Հյուրը,
որին սպասում էր Տեր Հովհաննեսը, տան հարևանությամբ գտնվող զինվորական զորամասի հրամանատար մայոր Ավագյանն էր:
Երբ նստեցին սեղանի մոտ, Տեր հայրը չդիմացավ ու հարցրեց.
- Հը´, Հրա´չ, նորակոչիկներից մի բան կա՞: Գիտեմ, որ
հենց այնպես չէիր գա:
- Մի հատ խմե´նք, կխոսենք: Ես քո քաշած մորու օղին
պաշտում եմ, գիտե´ս, չէ՞:
Նրանց միացավ նաև երեցկինը` Վերան:
Երբ բավականին խմեցին, Վերան գնաց սուրճ պատրաստելու,
մայորը սկսեց խոսել:
- Նորակոչիկների մեջ մի զինվոր կա, շուն պահող է եղել,
Գել Գևոր են ասում, Երևանի` 3-րդ մասի տղա է: Ծնողներ չունի, տատի, պապի հետ է ապրում: Չեմ հասկանում ինչպե՞ս է ընկել
Ղարաբաղ: Ուղարկե՞մ մոտդ:
- Փորձենք, փա~ռք շատ, Աստվա´ծ: Այդ գայլի ձագը Աստծո
տված նվեր է, պետք է վարժեցնել:
* * *
Գևորգն ու Մարիամը շատ շուտ ընկերացան:
Գայլն էլ մեկ ամսվա ընթացքում դարձավ կառավարելի ու
հանգիստ:
Ման էր գալիս առանց պարանի ու հստակ կատարում Գևորգի
հրամանները:
Գևորգը ոչ միայն գայլին վարժեցրեց, այլ նաև գրավեց
Մարիամի սիրտը: Աչքաբաց տղա էր, մարդամոտ, շուտ ընտելացավ Տեր հոր ընտանիքին:
Զորամաս չէր գնում, միայն անհրաժեշտության դեպքում:
Ամբողջ ցերեկը գայլի հետ թափառում էր մոտակա անտառում:
Շաբաթը մեկ ներկայանում էր զորամաս ու նորից` Տեր
Հովհաննեսի տուն:
Օգնում էր բոլոր հարցերում:
Ե´վ Տեր հայրը, և´ նրա կինը նկատել էին դստեր ու Գևորգի մտերմությունը,
ու թեև դեմ չէին, բայց աչալուրջ էին:
Գևորգը քնում էր նրանց տան առաջին հարկում:
Ծառայող ընկերներ ուներ` Երևանից` Անդրանիկն ու Հրազդանից` Սարգիսը,
որոնք հաճախ էին լինում Տեր հոր տանը:
Ճաշում էին միասին: Գիշերները լոտո խաղում…
Հաճախ էին ծնողները տեսնում Մարիամին Գևորգի հետ այս կամ այն գործն անելիս
կամ շշուկով խոսելիս:
Ծառայությունն անցնում էր արագ ու ոչ զինվորական կարգով,
ինչը գոհացնում էր գալիս բոլորին:
Մի անգամ էլ Գևորգը ցուցադրեց գայլի՞, թե՞ իր շնորքը:
Ծխախոտը դրեց բերանն ու կողքը նստած գայլին հրամայեց.
- Կգնաս խոհանոց: Ձախ կողմի դարակին`գազօջախի մոտ, լուցկի կա դրած, կվերցնես ու կբերես ինձ,
հասկացա՞ր: Արա´գ:
Գայլն արագ սլացավ դեպի խոհանոց ու վերադարձավ, բերանում
սեղմած լուցկու տուփը բերեց, դրեց Գևորգի ոտքերի մոտ:
Բոլորը հիացած էին:
Հետո, երբ Մարիամի հետ մենակ էին, բացատրեց, որ բացարձակ
կապ չունի, թե ինչ լեզվով և ինչ է ասում
գայլին: Գայլը, երբ տեսնում է բերանում ծխախոտ, գիտի, թե ինչ պետք է անի. ահա
ամբողջ գաղտնիքը:
Մի քանի անգամ մայոր Ավագյանը Տեր հորը զգուշացրել էր.
- Հարկավոր է զգույշ մնալ: Ի՞նչ իմանաս, ի՞նչ ընտանիքի
տղա է, ի՞նչ կա մտքում: Այսպես ես էլ կծառայեի:
- Նորմալ տղա է, Հրա´չ, մի´ մտածիր: Շուտով մեկ տարի
կլինի, որ մեր ընտանիքում է, ոչ մի ավելորդ բան չենք նկատել` ո´չ ես, ո´չ էլ Վերան:
Լա´վ կլինի:
Մեկ ամիս էր մնացել, որ զորացրվեր, երբ մի օր Գևորգը
մտավ Տեր Հովհաննեսի սենյակ:
- Ես ու Մարիամը որոշել ենք միասին գնալ: Ես նրան ինձ
հետ տանում եմ Երևան:
- Ինչպե՞ս, առանց մե՞զ…
- Մենք կգնանք ու հետո ձեզ կկանչենք: Դե, արդեն երկուսով
որոշել ենք: Մի բան պետք է խնդրեմ: Մեկ օրից Մարիամի ծնունդն է, բայց ես նվեր
չունեմ, չգիտեմ ինչ անեմ:
Երկար նայեց Տեր Հովհանեսը նրան:
Դարակից հանեց ու մի փոքրիկ աղոթագիրք մեկնեց Գևորգին:
- Սա կնվիրես, սա լավ նվեր է:
Հետո մոտեցավ Տիրամոր սրբապատկերին, ձեռքը երկարեց
ու նկարի հետևից հանեց երկու դոլարանոց մի
թղթադրամ:
- Սա երջանկություն է բերում: Սա դրամ չէ, խորհրդանիշ է`
բախտի նշանակ: Հասկանո՞ւմ ես ինձ:
Սրա վրա փոխվել է երեք մարդու դիմանկար: Հասկանո՞ւմ ես,
թե երեքն ինչ է խորհրդանշում: Առաջինը
Ալեքսանդր Համիլտոնի դիմանկարն էր: Երկորդը` Թոմաս Ջեֆերսոնինը, որը 33 տարեկան էր
անկախության դեկլարացիան ընդունելիս և Ամերիկայի երրորդ նախագահը: Նկարի հետևում
նաև երկրորդ նախագահ Ադամսն է, որի ոտքը կարծես տրորում է Ջեֆերսոնը:
Ամեն ամերիկացի չէ, որ ձեռքում պահել է երկու դոլարանոց թղթադրամ:
Գիտե՞ս ետևում ինչ է գրված, < Մենք հավատում ենք
Աստծուն >:
- Երկու դոլարանոց թղթադրամը նաև…
Ուշադիր լսում էր Տեր Հովհաննեսի բացատրությունները:
Շատ երկար եմ պահել: Ուզում էի որդի ունենալուց նվիրել
նրան, բայց…նվիրում եմ քեզ` գնալուցդ առաջ:
Վերջին օրվա գիշերը գայլն անհանգիստ էր: Ոռնում էր:
Ժամը երեքն էր, երբ տիկին Վերան իջավ առաջին հարկ, որտեղ Գևորգն էր քնում: Մթան
մեջ տեսավ ծխախոտի կրակը:
- Անկողնում մի´ ծխիր: Ինչո՞ւ է ոռնում, քնել չի լինում:
Դո՞ւ ինչու չես քնում:
- Երևի զգում է, որ գնալու եմ: Հիմա կհանգստացնեմ:
Դուրս եկավ տանից: Մոտեցավ գայլին: Նստեց բնի մոտ, գրկեց
գլուխը:
Գայլը ձայնը կտրեց, դունչը դրեց ոտքերին ու նայում էր
տղայի աչքերի մեջ:
* * *
Տեր Հովհաննեսի խնդրանքով միաժամանակ` նույն օրը
զորացրվեցին և Գևորգի ընկերները` Անդրանիկն ու Սարգիսը:
Ավտոբուսը դեռ Գորիս քաղաքին չհասած` խաթարվեց:
- Ոչի´նչ, մինչև Գորիս մի կերպ կհասնենք, առավոտյան
կշարունակենք,- ասաց վարորդը:
- Բոլորիդ էլ կտեղավորենք հյուրանոցում, մի երեք ժամվա
պատմություն է սարքելը:
Հյուրանոցում նրանց առաջարկեցին մեկ` երկու և մեկ` մեկ
տեղանոց համարներ:
- Երկու տեղանոցում մի ծալովի մահճակալ կդնենք,- ասաց
աշխատողը,- մի գիշեր է, էլի:
Մեկ տեղանոցում տեղավորվեց Մարիամը:
Տղաները երկու տեղանոցում իրերը դասավորելուց հետո իջան
բար:
Գիշեր էր, երբ նրանց սենյակի ձայներից Մարիամն արթնացավ:
- Դու էլ պետք է ասես, որ ծառայել ես, հա՞: Երկու տարի
այդ տերտերի քամակը մտած ապրեցիր, կնկան, աղջկան, ինչ ասես արեցիր…,- Անդրանիկի ձայնն էր:
- Արա´, քո տեղը մենք հա´մ հատակ ենք լվացել, հա´մ գործ
ենք արել, հիմա մե՞ր վրա ես մուննաթ գալիս…հլա սրան նայիր, ծալովի մահճակալի վրա
էլ չի ուզում մի օր քնի…
- Ձեզ ի՞նչ, ով ոնց կարողանում է, այնպես էլ…- Գևորգի
ձայնն ավելի ցածր էր լսվում:
Հետո ձայներից հասկացավ, որ կռվում են, հարվածում իրար:
Վեր կացավ ու վազեց դեպի սենյակը:
Երբ բացեց դուռն ու ներս մտավ, Գևորգը հատակին էր`
գլուխը բռնած, իսկ ընկերները ոտքերով հարվածում էին:
Ամբողջ երեսն արյունոտ էր…
Փորձեց մոտենալ, բայց զարմացած նայեց հարվածող տղաներին
ու չհասկացավ, նրանց վայրի ժպիտի պատճառը:
Երբ հասկացավ, որ ժպտում են իր կիսամերկ մարմնին նայելով,
ուշ էր արդեն:
Անդրանիկը մոտեցավ ու մազերից քաշելով` գցեց հատակին:
Սարգիսը ձեռքով բերանը փակեց:
Կծկվեց, փորձեց կծել բերանը փակող ձեռքը, բայց մի ուժեղ
հարված ստացավ գլխին:
Զգաց, որ պատռելով հանում են իր
գիշերանոցը…
Երկար չկարողացավ դիմադրել ու երևի անզորությունից
կորցրեց գիտակցությունը …
… Երբ աչքերը բացեց, լուսացել էր:
Հիշեց ու նայեց կողքերը: Հյուրանոցի` իր համարում էր`
պատառոտված ու արյունոտ գիշերանոցով:
Գլխի մոտ` բարձի վրա
ընկած էր երկու դոլարանոց մի թղթադրամ..
* * *
- Ավտոբուսը մի երկու ժամ առաջ է գնացել: Տղաներն ասացին,
որ դու մնում ես, քեզ չարթնացնենք,- հյուրանոցի աշխատող կինը հետաքրքրությամբ
նայում էր ամբողջովին իրեն կարգի չբերած Մարիամին:
- Աղջի´կ ջան, բա այդ տարիքում խմո՞ւմ են այդքան, չգիտե՞ս,
որ չարիք է…
- Կարո՞ղ եմ զանգել: Խնդրում եմ, ընդամենը մի քանի րոպե:
Կինը դեպի Մարիամը հրեց հեռախոսը:
- Երկար չխոսես:
- Մա´մ, բարև´,
պապան ո՞ւր է:
- Հասե՞լ եք, Մարիա´մ ջան, ամեն ինչ լա՞վ է: Պապան տարավ
գայլին թաղելու անտառում: Գիշերը գյուղացիները կրակել, սատկեցրել էին: Կատաղել էր,
երեկ ցերեկը մի հարևանի շանն էր գզել, մյուսի` հորթին…
- Մա´մ, պապային ասա` գա հետևիցս: Ես Գորիսում եմ,
հյուրանոցում…
* * *
- Սա երջանկություն է բերում, հավատա´…
Մարիամի ոտքերը դանդաղ հեռանում էին աչքերից, իսկ
ականջներում Տեր Հովհաննեսի խոսքերն էին.
< Ամեն
ամերիկացի չէ, որ ձեռքում պահել է երկու
դոլարանոց թղթադրամ: Երկու դոլարանոց թղթադրամը նաև…
…Վիետնամի պատերազմի ժամանակ վիետնամուհիների` ամերիկացի
զինվորներին մատուցած սեքս ծառայություններն արժեին երկու դոլար և դա պատահական
չէր քանի որ հինգ դոլարանոց թղթադրամիներին, որոնցով սովորաբար վճարվում էին վարձու զինվորները, վիետնամուհիները երբեք մանրադրամ չէին ունենում վերադարձնելու:
Երկու դոլարանոց թղթադրամը դարձավ նաև սիրո վաճառքի
խորհրդանիշը…
Ուշադիր կլինես, զգույշ կվերաբերվես…>:
* * *
Գևորգը նայեց ձեռքի ափին, ու կարծես թղթադրամը խոսում էր
իր հետ.
-Ես քո Խիղճն եմ:
Եկել եմ մաքրվելու…
Комментариев нет:
Отправить комментарий