четверг, 3 апреля 2014 г.

Կյանքն ապակու ետևում




Ի՞նչ է զգում մարդը, երբ հոգին անջատվում է մարմնից:
Մեկը տեսնում է երկար, շատ երկար թունել, վերջում` անպայման պայծառ լույսի մի շող, մյուսը` հրեշտակների երգը`կանչող ու ջինջ ձայներով, մեկն ընկնում է ինչ-որ մութ ու խոր մի անդունդ ու անընդհատ ընկնում, ընկնում...
Մեկը թռչում է վեր,անընդհատ պտտվում` տարակուսելով իջնի՞ իր մարմնի մեջ, թե՞ միգուցե պետք չէ…
… Ես ոչինչ չզգացի ու սկսեցի պտտվել, պտտվել` իջնելու տեղ գտնելու հույսով, քանի որ չէի գտնում մարմինս…
Ինձ, ավելի ճիշտ` իմ հոգուն քշում ու տանում էր մի անծանոթ երևույթ` մերթ` հաճելի, մերթ` տհաճ, մերթ` ուրախ, մերթ` տխուր, ու չէի հասկանում, ինչ է կատարվում և ուր եմ գնում:
Հետո կարծես հեռվից լսեցի.
<Անցնում ենք քո կյանքի բոլոր օրերով, ամիսներով, տարիներով..>
<Ինչու՞, ես չեմ ցանկանում, վերադարձրո´ւ ինձ իմ մարմինը , ես ետ եմ ուզում..>
Ես չէի լսում իմ ձայնը, ձայն չկար, բայց պատասխանը լսեցի.
<Երբ երկու ձեռքերով գրկես գլուխդ, կանգ կառնեմ>:
Ե՞րբ պետք է բռնեի գլուխս, ես չգիտեի, իսկ այդ ընթացքում անցնում ու անցնում էինք ժամանակի մեջ` մերթ` հաճելի, մերթ` տհաճ, մերթ` ուրախ, մերթ` տխուր, ու չէի հասկանում…
Ընթացքն այդ ինչ-որ բութ երևույթի հետ, որը հետո չպատասխանեց իմ ոչ մի հարցի, դանդաղեց, թե՞ արդեն սկսեցի հարմարվել, երբ տեսա Սուրբ Հովհաննես եկեղեցու գմբեթը:
Գլուխս բռնեցի ձեռքերով:
Երևույթն ինձ գցեց գմբեթի վրա ու ասես անհայտացավ:

Բավականին թեք գմբեթի վրա նստած եմ ու չեմ ընկնում:
Փորձ արեցի իջնելու, ու կարծես ստացվեց:
Թռչում եմ ցանկացած առարկայի վրայով` մոտ 2-3 մետր հավասար հեռավորության վրա:
Հետո նորից բարձրացա, նստեցի գմբեթին, որի քարերի արանքներից խոտեր են աճել:
Փորձեցի պոկել խոտերից,  ստացվեց, ու ասես մի էլեկտրական հոսանք անցավ իմ միջով:
´յ, դա չպետք է անես, ո´չ մի առարկայան գործողություն, հակառակ դեպքում կկորչես անհայտության մեջ` հավիտյան հրաժեշտ տալով մարմնիդ: Ժամանակդ սահմանափակ է:
Ընդամենը` այսքանը: Դե´, քեզ հաջողությո´ւն:>

Լավ երևում է դիմացի շենքը, բայց ես տեսնում եմ միայն մեկ պատուհանի ներսը:
Հասկացա, որ իմ օրերից մեկն է այդտեղ:
Բայց ո՞ր:
Մեջքով դեպի պատուհանը, համակարգչի մոտ մի աղջիկ է նստած:
Երկար մազերը գցված են աջ ուսին:
Պարզ երևում է համակարգչի էկրանին գրված տողը.
<Դու էլ ինձ ես դուր գալիս>
<Հանդիպե՞նք>
<Հաստատ չեմ կարող ասել, մաման գա, կիմանամ >:
<Թումանյան-Խանջյան խաչմերուկ, հարմա՞ր է, միևնույն է սպասելո~ւ եմ>:
<Դե, հաստատ չեմ կարող ասել>:
<Գրիր համարս` 091329198>
Իմ հայացքն այդքան հիմար չի եղել երբեք. իմ բջջային հեռախոսի համարն էր:
Աղջիկը շրջվեց` վերցնելու իր հեռախոսը, ու տեսա նրա դեմքը:
Աստվա´ծ իմ, մի՞թե լինում է այդպես:
Ասես  ինչ-որ զվաճասեր  կախարդ իմ դեմքը վերցրել, գեղեցկացրել, նրբացրել, սարքել էր աղջկա  դեմք ու հրամցնում էր
Համակարգչին մոտեցավ մի կին, երևի` մայրը: Արդեն ամեն ինչ պարզ էր:
Դանիելյան Հասմիկն էր` իմ առաջին սերը:
Տարիները վատ դիմահարդարի ձեռքերով իրենց գործն արել էին նրա դեմքին:

* * *
Տարիները:
…Չեմ հասցնում պատասխանել նամակներին:
Միաժամանակ <խոսում > եմ երկու աղջկա հետ:
Մի կողմից հեշտ է, քանի որ բոլորին նույն բանն եմ գրում,  մյուս կողմից էլ`  դժվար, քանի որ կարող է երկուսն էլ համաձայնեն հանդիպման:
Մեկին ես կմոտենամ, երկրորդի մոտ Թորոսյան Արմենին կուղարկեմ, պարզ թվաբանություն է:
Կարևորը ճիշտ ընտրեմ, որ լինի ամենագեղեցիկը ու չափերը` պաշտպանված` 24-60-165:
Իմ ու Արմենի հնարած չափերն են`տարիք, քաշ, հասակ`90-60-90-ի փոխարեն:
 Ծալված կայքը թրթռաց:
<Բարև, ես էլ Հասմիկն եմ>
Սա արդեն երրորդն է, բարդացավ գործս…
Անցավ մեկ շաբաթ:
…<Դու էլ ինձ ես դուր գալիս, ժամանակակից մտքերով, Պոլիտեխնիկի՞ց ես, չէ՞, ես էլ` Համալսարանից>…
…<Կարելի՞ է քեզ Հաս ջան ասել:  Հանդիպե՞նք, Հա´ս ջան >:
<Հաստատ չեմ կարող ասել, մաման գա, կիմանամ,լա՞վ >:
<Թումանյան-Խանջյան խաչմերուկ, հարմա՞ր է, միևնույն է , սպասելու եմ>:
<Դե, հաստատ չեմ կարող ասել>:
<Գրիր համարս` 091329198>…

* * *
Տարիները:
… - Հա´ս ջան, ինձ ճիշտ հասկացիր, դու` ուսանող,  ես` ուսանող, մեր ինչի՞ն է պետք երեխան, ազատվի´ր նրանից:
- Դու  ինչ ստոր մարդ ես, թե՞ կատակում ես:
- Ի՞նչ կատակ, ուզո՞ւմ ես խայտառակվել, համ էլ ինձ մի´ մեղադրիր, մեղավորը դու ես…ես հարբած էի ու ոչինչ չեմ հիշում:
- Քեզ սիրում էի ու տրվեցի, ես չեմ ափսոսում իմ…
- Չգիտեմ, մոռացի´ր ինձ ,եթե այդպես ես մտածում, ինձնից ի՞նչ հայր, ես շարունակելու եմ ուսումս ինստիտուտից հետո:
- Դա քո վերջի՞ն խոսքն է:
- Հա´ս ջան,  ազատվի´ր երեխայից , ու մնա´նք առաջվա պես, էլ ի՞նչ է քեզ պետք: Մենք սիրում ենք իրար,  չէ՞: Հակառակ դեպքում…
- Քեզ տեսնել չե´մ ուզում, զզվա´նք:

* * *
Հասմիկն ու աղջիկը կարծես վիճում են, ես չեմ լսում:
Աղջիկն ինչ-որ բան է համոզում, մայրն էլ կարծես չի համաձայնում:
Միգուցե կոտրե՞մ պատուհանի ապակին, կոտրե՞մ համակարգիչն ու թույլ չտամ աղջկաս գնալու այդ հանդիպմանը: Ինչպե՞ս թույլ չտամ:
Ես լավ եմ ճանաչում Հասմիկին,նա թույլ չի տա ,մի բան կմտածի հաստատ, բայց չեմ ճանաչում աղջկաս, եթե իմ աղջիկն է, ուրեմն …
Մյուս պատուհանում լույս վառվեց:
Երևի ննջարանն է:
Աղջիկը, Ի´մ աղջիկը սկսեց փոխել շորերը:
Դեմքս շրջեցի: Մյուս սենյակում  Հասմիկը դեմքով դեպի պատուհանը լալիս էր:
Ուրեմն չստացվեց:
Դեմքս մոտեցրի  պատուհանին ու նայում եմ նրա ձեռքի ժամացույցին:
18.30 րոպե:
Դեռ ունեմ 30 րոպե ժամանակ: Ես միշտ ժամադրվում էի 19.00-ին:
Վստահ գիտեմ, որ տղան , ում հետ աղջիկս պետք է հանդիպի, երկու հոգու է ժամադրելու, կսպասի մինչև առաջին եկողն ու կհեռանա նրա հետ:
Վերադարձա, տեղավորվեցի  գմբեթին:
Սկսեց ձյուն գալ:

Եթե որևէ մեկը գմբեթի բարձրությունից չի տեսել, թե ինչպես է հարսնաքողի նման ձյունն իջնում քաղաքի վրա, ապա ասեմ, որ բոլոր հրաշալիքները անգույն նկարներ են այս տեսարանի համեմատությամբ:
Երևանն է, ու փաթիլ-փաթիլ իջնող սպիտակ գեղեցկությունը:

Զգույշ սողոսկեցի շենքի մուտք ու բարձրացա Հասմիկենց հարկն այն ժամանակ, երբ դուռը բացվեց ու Նա դուրս եկավ բնակարանից:
Ու՞մ հայրական աչքերը չեն փայլել հպարտությունից իր գեղեցկուհուն տեսնելիս:
Հայրական ո՞ր սիրտը չի բաբախել րոպեում 150 անգամից ավել, երբ տեսել է իր աղջկան տղայի հետ թևանցուկ:
Հայրական ո՞ր սիրտը չի կծկվել խանդից դեպի հարազատ աղջիկը:
Ես ինձ երբեք նրա հայրը չեմ համարել, չեմ իմացել նրա գոյության մասին, քանի որ իմ ու Հասմիկի վերջին խոսակցությունից հետո նրանք ընտանիքով հեռացել էին քաղաքից:
Իսկ հիմա~:
Ես զգում եմ, որ իմ աղջիկն է: Գիտեմ, որ ի´մն է, ի~մը:
Ես չունեմ մարմին, բայց սիրտս բաբախում է րոպեում 1500 անգամից ավել:
Ես զգում եմ, որ աչքերս փայլում են հպարտությունից:
Ես զգում եմ, որ աղջիկս կրկնում է իր մոր տարիներ առաջ թույլ տված սխալը ու չգիտեմ ինչպես օգնել:
Ես զգում եմ, թե Հասմիկի սիրտն իմ սրտին ինչքան համաչափ է զարկվում :
Ես եկա ուշացումով, բայց եկա : Այստեղ եմ, և այդ փաստը ոչ ոք չի կարող հերքել:

Աղջիկը նստեց երթուղային տաքսի ու անհետացավ:
Բարձրացա նորից պատուհանի մոտ , որտեղ դեռ լալիս էր Հասմիկը:
Ես այստեղ եմ, ինչու՞ ես լալիս:
Հետո՞ ինչ, որ այստեղ եմ:
Ափոս չեմ կարող ծնկել քո առաջ ու ոչ մեկին պետք չեկող ներողությամբ գրկել քեզ, համբուրել այն շրթունքները, որոնք տարիներ առաջ արտաբերեցին. <Քեզ տեսնել չե´մ ուզում, զզվա´նք>:
Կներե՞ս արդյոք իմ` քեզ  այսքան ժամանակ տանջելը,  ես չգիտեմ, բայց թույլ չեմ տա, որ դու լաց լինես, ինչպես ժամանակին քո մայրն է թաքուն լաց եղել:
Քեզ հաջողություն, սիրելի~ս,  մնաս բարո~վ, աղջկաս լավ կնայե~ս:

Սլացա Թումանյան-Խանջյան խաչմերուկ:
Անկյունի շենքի մոտ հիմա մի ապակեպատ խանութ է:
Ներսում մի մանեկեն է կանգնած: Կնոջ մանեկեն:
Նայում է ինձ, ժպտում:
Դեռ ոչ ոք չկա:
Ես կտարբերեմ հազարավորների մեջ ինձ նմանին:
18.45 րոպե:
Իմ աղջիկը չի ուշանա, նա Ի´մ աղջիկն է, ճշտապա´հ, վստահ եմ:
Իսկ ի՞նչ եմ անելու ես:
Պտտվում եմ խանութի շուրջբոլորն ու հետազոտում, ոչ մի բան մտքովս չի անցնում:
18.50 րոպե:
Երևաց տղան :Ծաղիկները` գլուխները ներքև պահած մոտենում է:
Ես միանգամից ճանաչեցի տղային` ինձ երիտասարդ ժամանակ:
Նրան երկու տարբեր կողմերից մոտենում էին եկու աղջիկ:
18.57 րոպե:
Ժամանակ չկա, ո՞ր մեկը առաջինը կմոտենա:
Մոտեցա խանութի ապակուն ու ձեռքով հարվածեցի:
Ապակին հաստ էր ու տեղի չտվեց:
18.58 րոպե:
Հավասարաչափ  հեռավորությամբ` տարբեր կողմերից տղային մոտենում էին երկու աղջիկ` հետագայում դժբախտանալու համար:
Մեկն իմ աղջիկն էր,մյուսն իմ կինը` երիտասարդ ժամանակ:
Երկուսից ո՞ր աղջկան փրկել ինձանից, քանի որ տղային չկարողացա մեկուսացնել:
Մնում էր մոտ 20 մետր` տղային հասնելու:
Որոշումը կայացված էր:
Խանութի օդանցքից սահեցի ներս, անցա ամբողջ սրահով,  թափով ետ եկա ու հարվածեցի մանեկենի մեջքին, որը, ընկնելով ապակուն, փշրեց:
18.59 րոպե:
Փշրված ապակիները թափվեցին աղջկաս ոտքերի մոտ:
Ետ քաշվեց վախեցած:
Սկսեցին հավաքվել հետաքրքրասերները` փակելով աղջկաս ճանապարհը:
19.00
Կինս մոտեցավ տղային:
Մի քանի բառ փոխանակելուց հետո միասին հեռացան:

* * *
Նայում էի հեռվում կանգնած միայնակ աղջկաս:
Հանգիստ էի:
Լսվեց Երևույթի բամբ ձայնը.
<Ես քեզ զգուշացրել էի` ոչ մի առարկայական շփում:
Դու այլևս մարմին չես վերադառնա:
Դու հիմա  մի անզոր թափառական հոգի ես ու դեռ երկար կթափառես, այդպես էլ հանգրվանդ չգտնելու պայմանով: Գնացի~նք>:
Արդեն ծանոթ Երևույթը փաթաթվեց ինձ ու տարավ:








Комментариев нет: