суббота, 5 апреля 2014 г.

Ինձ կոչում են տղամարդ


Ավտոբուսի ապակիներն անլվա են, գրեթե անթափանց:
Շարժվում է դանդաղ, ասես` մտածելով:
Իրար թև-թևի մտած ու կարծես <Քոչարի> պարող շենքերն արագ անցնում են ու հուշում, որ ավտոբուսը դեռ դուրս չի եկել Երևանից:
Ավտոբուսի հետևի դուռը ներսից փակ է ժանգոտ, կախովի կողպեքով:
Առջևի դռան մոտ,կողպեքի փոխարեն նստած է մի ենթասպա,  <ա լա Մյունհաուզեն> բեղերով, կարմիր այտերով ու հողի հետ շատ գործ ունենալուց ճաքճքած ձեռքերով:
Վարորդն էլ ասես մի բարեխիղճ ճարտարապետի ձեռքերով գծված մեծ ու փոքր քառակուսիների միակցություն  լինի ու անտարբեր սուլում է ինչ-որ ծորուն մեղեդի:
Ինչ-որ մեկի չարակամ շուրթերն են ասել, որ մեղեդին զուտ հայկական է:
Ուղևորները նորակոչիկներ են….
Նախավերջին նստարանին`պատուհանի մոտ նստած նորակոչիկներից մեկի ձեռքին <Հաֆեզ>-ի նարնջագույն փոքրիկ հատորյակ է: Կարճատես լինելու պատճառով գիրքը շատ է մոտեցրել աչքերին:
Հետևի նստարանին չորս հոգով <Բլոտ> են խաղում:  Խաղաթղթեր բաժանողն ինքնավստահ է, ու ասես իմիջիայլոց` բարձրաձայն հարցնում է.
- Կանգառ լինելո՞ ւ է, պարո´ն սպա:
- Ես սպա չեմ, ադա´, ես պրապորչիկ եմ, գլխի ե՞ս: Եղեգնաձորն անցանք, թե չէ , էդ կառտերը լուսամուտից դուրս, գլխի ե՞ս:
Ասաց ու ձեռքը տարավ բեղերին:
- Խի՞,  պապայիդ փողերն եմ կրում, գլխի ե՞ս :
Համընդհանուր ծիծաղի մեջ ինքնավստահ նորակոչիկը գրավում էր առաջնորդի իր դերը:
<Այդպես էլ պետք է լիներ>,- մտածեց հատորյակ կարդացողը, ու գիրքը խնամքով դրեց զինվորական գրքույկի մոտ` ծոցագրպանը: Հանեց ակնոցները, շուռ եկավ դեպի տղան, կարծես ինչ- որ բան էր ուզում ասել….
- Դո՞ւ խի  ես նայում, կազյո´լ,առաջին անգամ ես տեսնո՞ւ մ:
Տղան գլուխը կախեց:
Իհարկե առաջին անգամ չէ…
*
* *
Մեկ ամիս կլինի, որ հենց այդ նույն տղան`Չարխի Գուգոյի տղա Համոն, մոտեցավ իրեն.
- Մի անգամ էլ քեզ քրոջս հետ տեսա, չնեղանա´ս, հասկացա՞ր, արա´..
- Բայց մենք սիրում ենք իրար, դու…
Բռուցքի հարվածը չուշացավ: Քթից սկսեց արյուն գալ: Ակնոցներն ընկել էին ասֆալտին, չէին կոտրվել: Ձախ ձեռքով քիթը բռնած` փորձեց կռանալ ու աջ ձեռքով վերցնել ակնոցները: Մի բռուցք էլ իջավ գլխին, ու շաղված աչքերով հազիվ նշմարեց իր ակնոցների վրա իջած Համոյի կրունկը:
Երեկոյան զանգեց Տաթևիկը:
- Ինչպե՞ս կարող ես ինձ սիրել, երբ ինքդ քեզ չես կարող պաշտպանել: Եղբայրս քեզնից տարիքով փոքր է,  բայց…
Տղան ակամայից ձեռքը տարավ քթին:
- Կզանգես, երբ կզգաս, որ արդեն տղամարդ ես:
Քամին աղմուկով բացեց պատուհանի փեղկերը ու շշնջաց տղայի ականջին. <Բանակը քեզ տղամարդ կդարձնի>: Հետո պտտվեց տղայի շուրջը,ն որից իր դավաճան շուրթերը մոտեցրեց տղայի ականջին. <Թող այդ կենսաբանականը,  ավելի թանկ չէ,  քան Տաթևիկի կորուստը>: Ու հեռացավ:
Հեռանալիս չմոռացավ շուռ տալ ու գրասեղանի վրայից գցել Տաթևիկի նկարը:
Նկարը պտտվեց օդում ու հակառակ կողմով ընկավ հատակին:
* * *
Ավտոբուսը, ոտքից կաղ մարդու նման օրորվելով, հողե ճանապարհով մտավ զորամաս:
Նորակոչիկներին այստեղ սպասում էին:
Մի խումբ սպաներ հեռու կանգնած ծխում էին:
Նորակոչիկներին շարքով կանգնեցրին ավտոբուսի մոտ:
Բեղ-ենթասպան <Զգա´ստ> հրամանից հետո շարային քայլերով մոտեցավ սպաներից մեկին.
- Պարո´ն կապիտան..
- Ազա´տ: Բոլորը հանեն զինգրքույկներն ու մեկ-մեկ մոտենան ,- ձեռքով ցույց տվեց ծառի տակ դրված սեղանի մոտ նստած լեյտենանտին:
Բոլորի ձեռքում հայտնվեցին զինվորական գրքույկները, իսկ մեկի` զինգրքույկի հետ նաև նարնջագույն մի փոքրիկ գիրք:
- Արա´, դո´ւ, աչկարի´կ, էդ ի՞նչ ա ձեռքիդ, մի ե´կ ստեղ:
Տղան մոտեցավ սպային: Կարծես քնի մեջ լիներ: Ու զինգրքի հետ մեկնեց նաև հատորյակը:
Սպան նայեց, շուռումուռ տվեց հատորյակը, ու շպրտեց կանաչների մեջ:
Դեղնականաչավուն խոտերի մեջ հատորյակը համարյա չէր երևում:
- Սրանից հետո ես ձեր հա´մ Հաֆեզն եմ, հա´մ Օմար Խայամը: Ես ու կանոնագիրքը, գլխի ե՞ք:
Տղան ոչինչ չասաց, դանդաղ մոտեցավ գետնից բարձրացրեց հատորյակը, ստուգեց: Տաթևիկի նկարը տեղում էր:
- Մո´տ արի,- բղավեց սպան:
Տղան մոտեցավ:
- Արա´, քեզ ո՞ վ թողեց առանց հրամանի:
Շառաչեց ապտակը:
Տղան օրօրվեց, բայց մնաց կանգնած:
Համարյա ոչինչ չէր լսում: Նորակոչիկների հռհռոցն էր ու հեռվից շատ հեռվից քամու խոսքերը, թե բանակը քեզ տղամարդ կդարձնի:
Տղան սթափվեց այն ժամանակ, երբ զգաց, որ տաբատը թրջվել է: Վախի՞ց էր, ամոթի՞ց, անկարողությունի՞ց, իրենից տարիքով փոքր նորակոչիկների՞ց, թե՞ Չարխի Գուգոյի տղա Համոյի` <Շալվարդ հանի´, կմրսես, փեսա´ ջան> խոսքերից:
Երեկոյան բոլոր նորակոչիկներն ստացան համազգեստ:
Կեսգիշեր էր:  Զորամասի ննջարանի դռնից դուրս եկավ մի ստվեր, անցավ օրվա հերթապահ զինվորի կողքով: Զ ինվորը քնած էր` գլուխը պահարանին դրած ու կարծես դեռ քնի մեջ էլ ծիծաղում էր իր վրա:
Ստվերը մոտեցավ բակում չտաշված,  մի կերպ իրար մեխած տախտակներից պատրաստված զուգարանին, մտավ ներս, հանեց տաբատի գոտին…
Քամին անաղմուկ ու դանդաղ,վայելելով գիշերվա հանգիստը, մոտենում էր:
Քամու աչքն ինչպես միշտ սուր էր ու մթան մեջ տեսավ գետնին ընկած հատորյակը:
Թերթեց, գտավ ընդգծված տողերը, կարդաց`
<Քեզ տեսնելու հույսն է, որ ինձ դեռ պահում է կենդանի,
Թե չէ վաղուց ես կտայի կյանքս մահին, որ տանի…>
Քամին զուգարանի հրավիրող ճեղքերից սուրաց ներս, տեսավ տղային`իր վաղեմի ընկերոջը, մի քիչ խաղաց ոտքերի հետ:
Տղան գոտուց կախված սկսեց օրորվել:
Քամուն արդեն հետաքրքիր չէր տղան, նորից դուրս եկավ ավելի մանրամասն սկսեց թերթել հատորյակը ,գտավ մի աղջկա նկար, շուռումուռ տվեց,  իր թեթև ձեռքերով վերցրեց ու…տարավ:
Ո՞ւր….
Երևի տղամարդկանց ցույց տալու:


Комментариев нет: