* * *
Բնությունն էլ ինչպես մարդը
Իր կեսին է ման գալիս,
Հրաշագործ այդ կախարդը
և հուզվում է
և լալիս…
* * *
Պահը կարծես թվում է մահ՝
Գուժել է ու քարացել,
Կարծես
Երկիր իր գործուղման
Ժամանակն է լրացել:
Ճա՛յն է խրվել ալիքի մեջ,
Վա՛րդը տրվել գիժ քամուն,
Շրթունքները քո շառագույն
Շուրթերիս են փաթաթվում:
Տիեզերքի արծաթ ջա՛հը
Մուգ ամպերն է օրորում,
Արթնանում է կարծես պահը,
Քմծիծաղով մոտենում:
Հովը այնքան մեղմ է շոյում,
Քամին աղմուկ չի բերում,
Համբույրները քո կրծքերում
Մեղեդու են վերածվում:
Մարմնումդ եռ են գալիս
Կրակե նոր օջախներ,
Մի հեծյալ է կռիվ տալիս
Թեյավարդի թփի հետ:
Պահը ձգված, դառնում է նյարդ,
Սա՛նձը քրտինք է, արյո՛ւն,
Ու հեծյալն է գլխով հպարտ
Հյուրընկալվում սրբուհուն:
Բացել է երախը աշխարհը,
Հուզմունքից փքվել, մեծացել,
Նորից մա՛հ է թվում պահը
Կանգնել է ու քարացել:
* * *
Կախարդանք է այս աշխարհը,
Մարդ, բնություն,
սեր ու կիրք,
Բաց մի թողնիր երբեք պահը,
Մահն էլ է շատ գեղեցիկ:
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий