среда, 9 апреля 2014 г.

Դժոխքի գրկում...բանաստեղծություն



Մերկացած միտքը արև սրսկված,
Դարձել է մի օձ, գալարուն անվերջ,
Ու քլթքլթում է գինի չդառած
Մաճառը փափուկ
Հավկիթների մեջ:

Արևի կարոտ ծիրանաձևը
Հասունացել է ճաքել է քաղցրից,
Քնից արթնացած կրքերի դևը`
Որդան կարմիրը
Ժպտում է ներսից:

Գիշեր անտառի սաղարթին բազմած
Տարուբերվում է սիրո մեղեդին,
Ալվան տիրուհին երախը բացած,
Իրեն է ձգում
Սոված վիշապին:

Սապատներն ուղտի լցվել են գինով,
Պռնկե-պռունկ եռում են հպում,
Տիրուհին երկտակ, պապակ շուրթերով
Արևահամի
Գինի է ըմպում:

Կաթիլ առ կաթիլ բաժակն է լցվում
Թանձր մածուկը բանականության,
Հաշիշ ծաղիկին ցողով է ցայում,
Ադամաթուքը
Նորին մեծության:

Ու կիրք է երակ ճամփեքով բոլոր,
Շոգ անապատ է արևից կիզիչ,
Ու անապատը հևում է օրօր,
Ու տաք փրփուր է
Ծորում կակաչից:

Երբ շուրջն ավարտ էր, վիշապն էր հոգնած
Երազ Դրախտը մի Դժոխք դարձավ,
Հոգնած վիշապի վիզը թուլացած,
Դժոխքի գրկում
Կծկվեց, թուլացավ:

Комментариев нет: