среда, 16 апреля 2014 г.

Տարօրինակ մոլորակը կամ Վեցերորդ զգայարան




1955 թվականի հունիսի քսանութին ես եկա ծանոթանալու քեզ հետ:
Առավոտյան ժամը վեցն էր:
Թե ինչո՞ւ հենց հատկապես քեզ հետ, ես չգիտեմ:
Ծանր շնչով ու հոգսերի բեռան տակ հազիվ շարժվելով մի սովորական մոլորակ ես:
Ընդունեցիր քեզ հատուկ դառը հյուրասիրությամբ:
Մեկը պորտս կտրեց, մեկն ապտակեց՝ լաց եղա:
Մի ձայն լսեցի.
- Տղա՛ է:
Քիչ հեռվից էլի լացի ձայն եկավ:
Ինչ որ մեկին էլ ապտակեցին:
Հետո էլի մի ձայն լսեցի.
- Աղջի՛կ է:
Այստեղ ծանոթանալու օրենքներն են այդպիսին՝ գալիս ես, նայում են ոտքերիդ արանքը ասում են Տղա կամ աղջիկ ու…վե՛րջ:
Տարօրինա՛կ, շա՛տ տարօրինակ մոլորակ է:

Ոչ ոք չի ասում
<Բարի եկար>,
<Աչքներիս վրա>,
<Գալդ բարի>,
<Աչքներս լույս>,
<Ո՞նց ես>,
<Ի՞նչ կա>:
Դե եկա՞ր, հասկացա՛նք, հետո ի՞նչ, գնա քո համար ապրիր:

Գնացի ինձ համար ապրելու:
Մի քիչ ապրեցի ու հասկացա, որ ծանոթանում են համաձայն իրենց մասնագիտությունների:
Կոշկակարը ծանոթանալիս նայում է դիմացինի կոշիկներին:
Վարսահարդարը՝ մազերի սանրվածքին:
Դերձակը՝ հագուստին:
Ռադիոմոնտաժնիկն էլ նայում է դիմացինի գլխին՝ ալեհավաք կա՞ թե ոչ:
Մի քիչ էլ ապրեցի, բայց մինչև հիմա չեմ հասկանում թե սանտեխնիկը ծանոթանալիս ո՞ւր և ինչպե՞ս է նայում:
Բանից պարզվում է, որ մանկաբարձուհին ու սանտեխնիկը նո՞ւյն մարդիկ են:
Տարօրինա՛կ, շա՛տ տարօրինակ մոլորակ է:

Մի քիչ էլ ապրեցի ու էլի չհասկացա.
Գյուղացին ցանում է, մտավորականը ՓՈՐՁՈՒՄ է հավաքել՝ չի ստացվում:
Վերջում էլի գյուղացին է հավաքում ու…բոլորը գոհ, երջանիկ:
Մի քիչ էլ ապրեցի…
Խումբ-խումբ գնում են ընտրելու մեկին, որին չեն ցանկանում:
Հետո հավաքվում բղավում են.
- Չե՛նք ուզում, գո՛ղ է:
Հետո այդ գողն է բղավում:
- Գողերին պետք է բռնենք, անպայմա՛ն…
Հետո նորից նույն մարդուն են ընտրում:
Մեկը հո՛ղ է ուզում:
Մեկը փո՛ղ է ուզում:
Մեկը գո՛ղ է ուզում:
Տարօրինա՛կ, շա՛տ տարօրինակ մոլորակ է:

Երկու քիչ էլ ապրեցի, ձանձրացա:
Ասացի ես էլ բղավեմ, գուցե օգնի:
Բղավեցի:
- Եկե՛լ եմ, թքած ամեն ինչի վրա, եկել եմ ապրելու, ինձ ասել են գնա ապրի՛ր, ես էլ փորձում եմ…
Մանկաբարձուհի՛ չեմ:
Սանտեխնի՛կ չեմ:
Ռադիոտեխնի՛կ չեմ:
Գո՛ղ չեմ:
Մա՛րդ եմ, մա՛րդ…

* * *
 - Մա՛րդ չես էլի, մա՛րդ չես: Ասա, ի՞նչդ էր պակաս: Տունը տվեցինք, ավտոն առանք տակդ դրեցինք, գործի տեղավորեցինք, ապրի էլի քեզ համար:
- Սուրե՛ն:
- Ի՞նչ Սուրեն, Ալլա ջան, ճիշտ չեմ ասո՞ւմ, հարազատ տղայի նման նայել ենք:  Պոդումաեշ, մի անգամ կինը դավաճանել է, է հետո՞: Քեզ թվում է իմ կինը…
- Սուրե՛ն, չհամարձակվե՛ս, ես ե՞րբ եմ…
- Լավ, մի բարի պտուղն էլ դո՛ւ չես, ոչ էլ քո աղջիկը, մի ձեռքս ընկնի…խայտառակվելու ենք աշխարհով մեկ:
Կինը գլուխը կախեց ու շշննջաց.
- Կլսի, ամոթ է, չէ՞ որ ինքը մեղավոր չէ: Կարծես իրերն է հավաքում: Երևի Լուսոյին է սպասում նոր հեռանա: Ի՞նչ իմանաս:
Ամուսինը կարծես հանդարտվեց:

* * *
Մի քիչ էլ էի ապրել, երբ զգացի պարանոցիս վրայի թոկը, հետո կարծես ինչ որ մեկն ինձ հրեց:
Ես բարձր անդունդից ընկա ու տեսա ինձնից առաջ սուրացող մի մեծ քար՝ իմ պարանոցի թոկի հակառակ կողմում կապված:
Ուշ էր:
Ընկղմնվեցի ջրի մեջ:
Ջրի մեջ շունչս կտրվում էր կրկնակի, քանի որ նաև ձգում էր պարանոցիս մահվան հանգույցով կապված պարանը:
Քարն էլ հարվածելով ջրի հատակին դարերով հավաքված տիղմին՝ մի այնպիսի կեղտ բարձրացրեց աչքերիս առաջ, որ մտածեցի <Սա արդեն վերջն է…>
Մի քիչ ապրեցի այդ կեղտի մեջ:
Սկսեցի արդեն տարբերել ինչ որ ձայներ:
- Միևնույն է առանց ինձ չեն կարող ապրել…
- Պահ, մի դրան նայիր, էլ ինչ կուզեր…
Այդպես ապրեցի երկու տարի:
Երբ ջրի պղտորությունն անցավ, ավելի ստույգ աչքերս սկսեցին տարբերել, մտածեցի  թե որտե՞ղ եմ, ինչո՞ւ համար:
Պարանով սկսեցի իջնել մինչև քարն ու ամուր գրկեցի:
Հիշողությունս իմ գիտակցության կորստից սկսեց ջրի մեջ լաց լինել:
Երկար ամիսներ անցկացրեցի իմ ենթագիտակցության հատակում, առանց իմանալու օրը, ամիսը, տարեթիվը…
Ինձ ճնշում էր կորստի գիտակցությունն ու զգացմունքների ծանր, շատ ծանր բեռը:

* * *
- Որոշեցիր հեռանա՞լ, բայց ինչո՞ւ, չէ՞ որ ոչինչ էլ չի եղել, սուրճ էինք խմում: Հետո ինչ որ հյուրանոցի համարում, խնդրում եմ մի բան միայն ասա, շատ եմ խնդրում, որիշ ոչինչ չեմ հարցնի…
Անձայն փորձում եմ իմ ունեցած-չունեցածը խցկել դեղին ճամպրուկի մեջ:
Մյուս սենյակից լսվում է նրա հոր անօգնական ձայնը, փրփուրներից կառչող ձեռքերի ձայնը, խեղդվող մարդու կոկորդից մահացող հնչյունների մարող տոնայնությամբ դուրս եկող վերջին բառերը
- Ի՞նչ է հետը բերել որ ի՞նչ տանի: Ո՞ւր պետք է գնա: Կորչելու է առանց մեզ:
- Սուրե՛ն:

* * *
Գրկումս ամուր սեղմված քարը վերջապես տեղի տվեց ու վերածվեց մանր, տձև կտորների: Քարի այդ կտորները ջրի մեջ հեշտությամբ քերծեցին մաշկս արյունոտվելու աստիճան:
Պարանն ազատվեց քարից ու որոշեցի ինչ գնով էլ լինի դուրս գալ:
Ինձ դուր չէր գալիս այս տարօրինակ մոլորակի միջուկին շատ մոտ լինելու՝ չգիտես թե ում հնարած հիմար գաղափարը:
Կա այդպիսի մի տարածություն, որ կարող ենք հեշտությամբ պատկերացնել, բայց մնալ այդ տարածության մեջ, ապրել այնտեղ,  անհնար է:
Վճռականությունը ներքևից իր հուժկու բռուցքով հարվածեց ծնոտիս:
Աթափվեցի ու հասկացա, որ պահը կորցնել հնարավոր չէ ու պարանն առանց քարի պարանոցիս փաթաթած, դուրս լողացի այդ տարածությունից:

* * *
- Կարծես ամեն ինչ հավաքեցի, դե անցածն էլ ետ չես բերի, ինչ եղել եղել է, ես գնում եմ:
Լուսոյի աչքերը սենյակում սկսեցին մի հուսադրող ճամփորդություն տեսնելու թե ինչ որ մի բան մնացե՞լ է թե ոչ:
- Դու չասացիր, կկատարե՞ս իմ վերջին խնդրանքը, միայն մի հարց, մի պատասխան ու ես քեզ ճանապարհից առաջ… դու միշտ վեհանձն ես եղել: Շատ եմ խնդրում:
Կողքի սենյակից լսվեց տղամարդու կարծես վերջ չունեցող մենախոսությունը:
- Դո՛ւ, դո՛ւ ես մեղավոր ամեն ինչում, չհետևեցի՛ր, ահա և արդյունքը
- Սուրե՛ն:
- Չոռ ու ցավ քեզ, Սուրե՛ն հա Սուրե՛ն, ուրիշ ասելիք չունե՞ս:
- Ոչ, ես իմն ասել եմ…
Լուսոյի աչքերը դեռ պտտվում էին սենյակում:
- Հարցրո՛ւ, միայն արագ, էլ չեմ ցանկանում լսել հորդ ձայնը:
- Որտեղի՞ց իմացար հյուրանոցի տեղն ու հանդիպման ժամը: Դա ոչ ոք չգիտեր:
- Ինձ զանգեցին ու ասացին:
- Ո՞վ…
- Դա արդեն երկրորդ հարցն է:
Լուսոյի աչքին ընկավ բազկաթոռի մեջ ընկած բջջային հեռախոսը:
- Դե լավ, գնալուց առաջ նստենք, - արագ նստեց բազկաթոռի մեջ՝ հեռախոսի վրա:
- Ես կնստեմ ճամպրուկիս վրա, ուրիշ ոչինչ չունեմ այստեղ:

* * *
Գաղափարը, որ մարդն ունի հինգ զգայարան՝ տեսողության,լսողության, համի, հոտառության ու շոշափելիքի, մոլորակի նման հին է ու մաշված:
Մի զգայարան էլ կա Սիրո:
Դա վեցերորդ զգայարանն է:
Ես դեռ ծնված օրից եմ զգացե,լ որ այս մոլորակը տարօրինակ է, շատ տարօրինակ:
Զգայարանը կա, բայց դրա բժիշկը չկա:
Այդ զգայարանը միշտ քայլում է թթվածնի ուղեկցությամբ, տալիս ազատ շունչ քաշելու կենսատու ու անփոխարինելի զգացողություն:
Կարող է մարմինդ լինել արյունոտվելու աստիճան ճանկռված, , պարանոցիդ մնա կապույտ մի սպի՝ կյանքի հատակում խեղդվելու փորձի անխոս վկան, բայց երբ սրտիդ համահունչ սկսում է բաբախել Սիրո զգայարանը,  դու անկարող ես լինում դիմադրելու…ու մոլորակն արդեն քեզ տարօրինակ չի թվում:

Մեր մոլորակը տարօրինա՛կ է, շա՛տ տարօրինակ:
Կոշկակարը ծանոթանալիս նայում է դիմացինի կոշիկներին:
Վարսահարդարը՝ մազերի սանրվածքին:
Դերձակը՝ հագուստին:
Ռադիոմոնտաժնիկն էլ նայում է դիմացինի գլխին՝ ալեհավաք կա՞ թե ոչ:
Սանտեխնիկը, մանկաբարձուհին նայում են….
Իսկ ո՞ւր է նայում Կինը:

* * *
Լուսոն վեր կացավ բազկաթոռից:
Հայրը դեռ մենախոսում էր:
Վերցրեց հեռախոսն ու սկսեց հերթով թերթել մուտքային զանգերը՝ փնտրելով չարաբաստիկ օրն ու ժամը:
Գտա՛վ:
Անծանոթ համար է, բայց ինչ որ մի բան ներսում սկսեց այրվել՝ վեցերորդ զգայարանն արթնանում էր:
Կողքի սենյակից բարձր լսվեց հոր ձայնը:
- Դե կորեք գրողի ծոցը, կյանքս կերա՛ք…
Դրսի դռան շրմփոցով փակվելու ձայնն անդրադարձավ գլխում:
Հեռախոսը բռնած ինչպես տաք խնկամանն են տեղափոխում, մի գերեզմանաթմբից դեպի մյուսը, մտավ սենյակ:
- Մա՛մ, գտա՛, զանգե՞մ տեսնեմ ո՞վ է, մամ մեղավոր չեմ եղել…դու ինձ ուղարկեցիր ծանրոց փոխանցելու, ինչո՞ւ չասացիր…
- Խնդրո՛ւմ եմ, Լուս, մի՛ զանգիր, թքի՛ր ու մոռացիր հանուն ինձ, խնդրո՛ւմ եմ, աղաչո՛ւմ եմ:
Բայց զանգի կոճակն արդեն սեղմված էր:
Շոշափելիքի զգայարանն իր գործն արած վարպետի համբերությամբ սպասում էր…

Սենյակի անկյունում դրված մոր պայուսակից գալիս էր հեռախոսի զանգի ձայն:

* * *
1980 թվականի մարտի տասնյոթն էր:
Ժամը՝ երեքն անց քառասուներկու րոպե:
Սենյակի հատակին ընկած էր բերանը բաց դեղին ճամպրուկը:
- Ալլա՛, ինչո՞ւ չես քնում:
- Կարոտում եմ, աղջկաս, ճիշտն ասած Սուրենին էլ:

Ծանր շնչով ու հոգսերի բեռան տակ հազիվ շարժվելով, տարօրինակ մոլորակը շարունակում էր իր դառը հյուրասիրությամբ ընդունել նոր ծնունդներ:  

Комментариев нет: