четверг, 27 сентября 2012 г.

Անիծյալ չարխի պտույտը



* * *
Այգու նստարանին նստած աղջկա ձեռքում մի ծաղիկ է` կոտրված ցողունով:
Նյարդային շարժումներով խաղում է ծաղիկի հետ:
- Հանգի´ստ թող, ծաղիկը մեղք չունի:
- Բայց ինչո՞ւ, ի՞նչ կա դրա մեջ, արդեն մեկ տարի է, մամայիս խաբում եմ` այսօր, վաղը, մեկ շաբաթից: Մի´ նեղացիր, բայց վաղը մեզ սպասում են: Սա էլ իմ անձնականն է: Գիտեմ, որ մոտդ չկա:
Պայուսակից հանեց քսան հազարանոց թղթադրամն ու դրեց տղայի ծնկներին:
- Չեմ կարող, հասկանո՞ւմ ես, ես այնքան խնդիրներ ունեմ, որ այսպիսի տրամադրությամբ գալ Ձեր տուն առաջին անգամ….
- Ամեն ինչ լավ կլինի, - բռնեց տղայի դաստակը, սեղմվեց տղային:
- Ասում ես, էլի:
Թղթադրամն անհետացավ տղայի գրպանում:
- Դա´վ, գիտե՞ս երեկ մամաս փորձեր էր անում իմանալու մենք իրար հետ…
Տղան հարցական նայեց աղջկան:
- Երբ իմացավ, որ ոչինչ չի եղել, ասաց`  ուրեմն լավ տղա է երևում:
- Իսկ ի՞նչ առնեմ այս փողով, միայն ծաղիկնե՞ր:
- Ինչ ուզում ես: Բայց լավ կլինի մի հատ էլ ծխամորճ, պապաս հավաքածու ունի, սիրում է նման բաներ:
- Հո չե՞ս ասել, որ չեմ աշխատում: Դե գիտես, էլի, որ ժամանակավոր է:
- Չէ, ի՞նչ ես ասում: Համբուրի´ր ինձ: Այնքան լավ է քեզ հետ:

* * *
Մի դեղին <Մերսեդես> էր դանդաղ սահում փողոցով` աչքից բաց չթողնելով տղային:
Տղան կրպակի մոտ կանգնեց: Ինչ- որ բան ասաց վաճառողուհուն ու մի տուփ ծխախոտ վերցնելով` շարունակեց ճանապարհը:

Երեկո էր, երբ Դավիթը մոտեցավ խաղատան մուտքին:
<Այս անգամ հաստատ կշահեմ, թե չէ ինչպե՞ս եմ դուրս գալու այս վիճակից: Նույնիսկ մամայի համար չկարողացա դեղ գնել, գիշերը կտանեմ հաստատ: Բախտն իմ հետ է այսօր, քանի անգամ եմ փորձել Նելլիից խնդրել, բայց միշտ մի բան հետ է պահել: Այս անգամ ինքը տվեց>:
- Դավի´թ, տնօրենն ասել է էլ քեզ ներս չթողնենք, մինչև չփակես բոլոր պարտքերդ:
- Վաղն է վերջանում ժամկետը, համ էլ մոտս փող կա, վերջին անգամ, խնդրում եմ:
- Լավ, բայց վերջում կմոտենաս տնօրենին, քեզ էր հարցնում:
Երբ տղան անհայտացավ ավտոմատ բացվող դռների ետևում, դեղին մեքենայից իջավ մի մարդ ու մոտեցավ անվտանգության աշխատակցին, գրպանից ինչ- որ բան հանեց  ու ցույց տվեց վերջինիս:
- Ինչպե՞ս բարձրանամ տնօրենի մոտ:
Աշխատակիցը ցույց տվեց աջ կողմի աստիճանները.
- Երկրորդ հարկ, աջից առաջին դուռը:

* * *
Ամբողջ թղթադրամը վերածվեց ցանկալի  ժետոնների:
<Առաջին քայլը 23-ի վրա եմ դնում, կարմիր գույնի, ես զգում եմ…>
Բախտի սև ձեռքերը պտտեցրին անիծյալ չարխն ու …
Մտքում Դավիթը հաշվում էր. < Մեկ, երկու, երեք,…քսաներկու…>
Գնդիկը կանգ առավ ու տարավ  տրամադրության  տասներկու հազարանոց երազանքը:
Հետո երկու անգամ էլ փորձ արեց` 18-ը սևի վրա, 9-ը` կարմիրի…
Հետո նորից պարտքով խաղաց:
< Հիմա արդեն, որ բնակարանն էլ վաճառեմ, չի օգնի >:

… - Ե՞րբ ես փակվելու, արա´ :
Խաղատան տնօրենի տղան էր` իրեն հասակակից:
Թիկնապահը հետևից ուսերից հրելով նստեցրեց աթոռին:
- Կտամ, դե, հիմա գիտես, չունեմ, մի ամսվա ընթացքում…
- Չէ, քեզ մնաց 20 ժամ, հետո չնեղանաս: Ամուսնացա՞ծ ես:
- Չէ, մամայիս հետ եմ ապրում:
- Բա էն օրվա աղջիկն ո՞վ էր, ջինսից յուբկով, երկար մազերով, որ կանգառում տեսա:
- Իրա հետ գործ չունես, նշանածս է, ես ասացի չէ՞, կտամ մեկ ամսվա…
- Վաղը չտվեցիր, չնեղանաս,  ա´ռ, ստորագրի´ր, ընդհանուր պարտքդ է: Կամ էլ նշանածիդ կբերես:
Դավիթը փորձեց հարվածել, բայց ինքն ընկավ հատակին:
Թիկնապահը, որի ներկայության մասին մոռացել էր` ծիծաղում էր արյունոտ բերանը մաքրող Դավիթի երեսին:

* * *
<Առավոտ, արև, լույս, ինչքա~ն եմ ձեզ սիրում, ի~նչ լավ օր է այսօր>: Այսպիսի մտքերով Նելլին վեր կացավ անկողնուց ու մոտեցավ հայելուն: Ժպտաց իր արտացոլանքին, պտտվեց հայելու առաջ` գրգռելով իրեն ունենալու հայելու ախորժակն ու հագավ Դավիթի սիրած ջինսե կարճ կիսաշրջազգեստը:
- Այսքան քնել կլինի՞, Նե´լլ, ահագին գործ կա:
- Մամ, բա որ պապային դուր չգա՞, երեկ ասացի սիրում եմ, բարկացավ ու առանց ձայն հանելու գնաց քնելու:
- Կգա, դուր կգա, բա ես ինչի՞  համար եմ: Հայրդ ոստիկան է նույնիսկ իր մտածելակերպով, մի նեղացիր: Կարևորը որ սիրում ես:
Նելլին գրկեց մոր պարանոցն ու համբուրեց:
- Չեմ խնայի նրա համար ոչինչ:
- Լա´վ, լա´վ, շատ բան դու չես հասկանում:
Հեռախոսի զանգը կարծես օգնության եկավ` երկար- բարակ չլսելու մոր հերթական խրատները:
- Ալլո, Դա´վ, դո՞ւ ես:
- Չէ, լսափողը չգցես, ուշադիր լսի´ր:
- Ո՞վ է,  երևի սխալվել եք:
- Նելլի՞ն ես: Չեմ սխալվել, ուշադիր լսի´ր: Քո Դավը մեզ մոտ է, եթե երկու ժամից իր պարտքը չփակի, էլ ընդհանրապես չես տեսնի իրեն: Հասկացա՞ր: Ես կատակ չեմ անում:
- Ի՞նչ պարտք, ինչքա՞ն է, - Նելլին ձայնն իջեցրեց ու անցավ լողասենյակ…
… - Ուզո՞ւմ ես ամեն ինչ լավ լինի, երկու ժամից կգաս, հասցեն գրի …իր պարտքի թուղթն էլ կտամ նախապես:
Հակառակ դեպքում…ի´նքդ որոշիր:
Երբ լողասենյակից դուրս եկավ, չգիտեր ինչ աներ:
- Նե´լլ, ի՞նքն էր, գնում ես դիմավորե՞ս,- խոհանոցից լսվեց մոր ձայնը:
- Հա´, մա´մ, գնում եմ, - անհանգիստ ու անվստահ ձայնը մորը բերեց իր սենյակ:
- Քեզ ի՞նչ է եղել, ինչո՞ւ ես գունատ:
- Դավիթի մայրը լավ չէ, մա´մ, շտապ պետք է գնամ: Դու գիտե՞ս որտեղ է Գլինկայի փողոցը:
- Ո´չ, սպասի´ր, հորդ զանգեմ` մեքենա ուղարկի:
- Ո´չ, - բղավեց Նելլին, ու դուռը շրխացնելով, վազեց դուրս:


 * * *
Երբ գտավ փողոցն ու մոտեցավ շենքին, այնքան ցրված էր, որ չնկատեց դիմացի մայթին կանգնած դեղին <Մերսեդեսը>:
Բարձրացավ երրորդ հարկ, գտավ ութերորդ բնակարանը:
Սեղմեց զանգի կոճակը:
Երբ դուռը բացվեց, Նելլին չհասցրեց հասկանալ ինչ է կատարվում. հոր ապտակը տապալեց նրան հենց մուտքի մոտ:

* * *
Խաղատունն իր սովորական կյանքով  շարունակում էր պտտեցնել ճակատագրերի անիվն ու ամեն անգամ մնում հաղթողի իր դիրքում:
Դավիթի երեսն ամբողջովին կորած էր արյան մեջ: Առջևի երկու ատամներն էլ` կոտրված:
- Ուրեմն լսի´ր, ա´յ  ոջիլ, ա´ռ  քո պարտքի թուղթը, մյուս անգամ քեզ իմ հոր խաղատանը չտեսնեմ:
Պայմանը սենց է, հիմա կզանգես քո այդ նշանածին ու կժամադրես էս հասցեում: Ինքդ էլ կգնաս ժամադրության, հասկացա՞ր: Ու փառք տուր Աստծուն որ…, - թուղթը հասցեով հրեց դեպի Դավիթը:
Դավիթին ուրիշ անելիք չէր մնում:

* * *
Նելլին աչքերը բացեց այն ժամանակ երբ հայրը ջուր էր ցայում երեսին:
- Հիմա´ր աղջիկ, բա արժե՞ դրա նմանի համար խորտակել կյանքը:
- Պա´պ, ես…
- Ո´չ մի պապ, հասկանո՞ւմ ես, քեզ ծախեց քո այդ սիրած տղան, հասկանո՞ւմ ես:
- Ես սիրում եմ նրան, հիմա ի՞նչ անեմ: Բայց պետք է խոսեմ նրա հետ, ինչո՞ւ ինձ չէր ասել:
Նա ինձ հետ երբեք այդպես չի վարվի:
- Միամի´տ աղջիկ, հետո կհիշես խոսքերս, բայց արդեն առանց ինձ ոչ մի քայլ:
Նելլիի պայուսակից լսվեց հեռախոսի զանգի ձայնը:
- Մայրդ կլինի, ոչ մի բան չասե´ս, ասա´ հիմա գալիս ենք:
Դավիթն էր:
- Նե´լլ, ես եմ, կարո՞ղ ես մի կես ժամից լինել …….հասցեում, շատ է պետք, քեզ ասելու բան ունեմ:
Դավիթի նշած հասցեն հենց այն հասցեն էր, որտեղ որ Նելլին էր հոր հետ:
Նելլին կատաղած հեռախոսը հարվածեց պատին:
Հարվածի ձայնը համընկավ հոր հեռախոսի զանգին:
- Մայո´ր Մինասյան, լսում եմ: Հա´, մի մեքենա ուղարկիր իմ կոնսպիրտիվ բնակարան: Ո´չ, վարորդս աղջկաս է տուն տանելու:

* * *
Քայլում էր` չկարողանալով հիանալ աշնան գեղեցիկ գույներով, գունավոր տերևներով, հիշում,  թե ինչպես մի ժամանակ ինքն էր պատմում Նելլիին տերևների գույների գաղտնիքները:
Ոտքերով հարվածելով տերևներին` հասավ այն նստարանին, որտեղ քանի~- քանի~  անգամ էր ճաշակել Նելլիի աղջկական  շուրթերի համը:
Արդեն մեկ շաբաթ է` ամեն օր գալիս է, կանգնում նստարանի մոտ:
Ծնկում է, գլուխը դնում նստարանին:
Հետո ծոցագրպանից զգույշ հանում ու նստարանին է դնում կոտրված ցողունով մի կարմիր վարդ  ու խոսում ինքն իրեն:
Թվում է, թե գլուխը դրել է Նելլիի ծնկներին ու խոսում է նրա հետ:
- Չե՞ս խոսում, ինչո՞ւ չես ցանկանում պատասխանել, չէ՞  որ ես մեղավոր չեմ եղել քո հարցում:
Ես հիվանդ էի այդ հիմար խաղերով, միթե՞  դրա համար այսպես պատժում են:
Ես սիրել ու սիրում եմ քեզ: Ես քեզ կսիրեմ, սիրելի´ս, ինչ էլ որ լինի:
Ինչո՞ւ այն օրը չեկար իմ ասած հասցեով:

Այս ութերորդ օրն էլ բացառություն չէր:
…. Չե՞ս խոսում, ինչո՞ւ չես ցանկանում պատասխանել:
Ու հանկարծ նստարանն այլևս չդիմացավ ու սկսեց խոսել:
- Քեզ անպայման խոսքե՞ր են պետք: Դե, ուրեմն, լսի´ր:
Դու այնքան հեռու ես գնացել իմ հոգու ճանապարհներով, որ էլ վերադարձի ճանապարհ չկա:
Դու  այնպիսի կրակ ես վառել իմ հոգում, որ ես հիմա ինքս եմ վախենում դրա  ջերմությունից ու լույսից:
Ես կորել եմ քո աչքերի մեջ, չեմ հասկանում, ի՞նչ է կատարվում:
Գրկի´ր, համբուրի´ր: Ես դիմացա յոթ օր, էլ չեմ կարող, …. սիրում եմ քեզ այնպես, որ դեռ ոչ ոք չի սիրել: 
Էլ ուժ չի մնացել, հանձնվում եմ իմ ու քո ազնիվ սիրուն: Ինչ լինելու է, թո´ղ լինի:
Ամուր գրկի´ր, խնդրում եմ:
Տղան ամուր գրկեց նստարանը, դարձավ նրա հետ մի ամբողջություն ու լուծվեց անվերջանալի սիրո մեջ….

Անիծյալ չարխը դեռ պտտվում է…



вторник, 25 сентября 2012 г.

Թափառող ցավ



Հոգին, ինչպես ադամանդը, մի ամբողջ հղկված համակարգ է հարթությունների, որոնցից ցանկացածն ունի իր ուրույն դերը:
Հոգին փորագրողը Կյանքն է` Նորին մեծություն Ճակատագիրը, Դու ես, Ես եմ, շրջապատի Մարդիկ, որոնք կարողանում են տեսնել ադամանդի` հոգու աչքերը շոյող փայլը:
Իսկ հոգիներն այն մարդկանց, որոնք չեն տեսնում ադամանդի յուրօրինակ գեղեցիկ ծիածանը, հղկված չեն: Ու նրանք մնում են որպես ալմաստի չհղկված բեկորներ` ունակ միայն քերծելու այլոց կյանքի պատուհանների ապակիները:

* * *
- Բերե՞լ ես:
- Ո´չ, Գա´յ ջան, մամաս ասաց, որ Գայանը այնքան էլ գեղեցիկ աղջիկ չէ: Այդ ականջողերը կարող են գրավել դիմացինի ուշադրությունը: Ա´յ, սրանք եմ բերել:
Մանեն պայուսակից փորձ արեց հանելու ու ցույց տալու մոր խորհրդով բերած ականջողերը, բայց Գայանեն կանխեց:
- Պե´տք չէ, մամայիդ էլ իմ կողմից կասես շնորհակալություն:
- Լա´վ էլի, Գա´յ, գիտես չէ՞, որ մամաս աշխարհ տեսած կին է, չի սխալվի:
- Գիտեմ, գիտեմ: Ես ընդամենը մորաքրոջս տղայի հարսանիքին էի գնալու, ու այդ ականջողերի համար էլ հատուկ շոր էի պատվիրել:
Դուրս եկավ սենյակից:

* * *
Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք , թե օրեկան քանի հազար բառ է դուրս գալիս մեր բերանից:
Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք մերթընդմերթ արտասանած այն բառերին, որոնք պահանջում են քնքշություն, հարգանք, սեր, ջերմություն, թոթովանք…
Հաշվի առնո՞ւմ եք արդյոք, որ այդ բառերից է ծնվում Հույսը` ապրելու, Հավատը` ապագայի նկատմամբ, Սերը` մերձավորի սրտում…
Մոռանում ենք, որ Մեր հոգին տարիների ընթացքում հղկում են Գեղեցկությունն ու Մաքրությունը, իսկ երբ հասնում ենք դժվար մի պահի, մեզ օգնության է հասնում Սերը` Հույսի և Հավատի ձեռքերը բռնած:

* * *
Մանեի ծննդյան օրն էր, երբ մայրը խոհանոցում օգնող Գայանեին հարցրեց.
- Այսքան տղաների մեջ մեկին չե՞ս կարող ընտրել: Տե´ս, Մանեիս հետևից ոնց են ման գալիս:
- Դե, Մանեն գեղեցիկ աղջիկ է…
- Լավ, լավ, դու էլ պակասը չես: Լսի´ր, Գա´յ, հիշո՞ւմ ես “Մոսկվան արցունքներին չի հավատում” ֆիլմը: Այդ ֆիլմից հետո բոլոր ռուս կանայք էլետրագնացքներում իրենց սերն էին փնտրում, ես կարդացել եմ, շատերը գտան:
- Ի՞նչ գտան, տատիկի հետևից ինքնաեռ քարշ տվող բատալովների՞:
- Ծիծաղում ես, բայց մեզ մոտ էլ Երևան- Սևան էլեկտրագնացքն է աշխատում:
Հիմա Մանեն մի տղայի հետ է համակարգչով շփվում, գիտե՞ս ինչ տղա է, մեքենա, ամառանոց, խանութ, Մանեն է պատմել, նա ինձնից ոչինչ չի թաքցնում:

Ինչպես չիմանար, երբ մեկ ամիս է, Մանեի բոլոր նամակները գրվում են իր ձեռքով: Ավելի լավ է ինքը գրի, քան ուղղի Մանեի անտանելի սխալներն ու անկապ մտքերը:
Ու լավ գիտեր նաև, որ այսօր Մանեն պետք է առաջին անգամ հանդիպեր այդ տղային:

* * *
Վերադարձավ սենյակ, քանի որ հեռվից տեսավ սենյակից դուրս եկող տնօրենին ու իր` միջանցքում անգործ կանգնելը հարմար չհամարեց:
Մանեն կարծես նեղացած մի հայացք ձգեց ու սկսեց շատախոսել կողքը նստած Գևորգի հետ:
Ընդմիջումից հետո Մանեն մոտեցավ:
- Դե լավ, ի՞նչ ես փքվել հնդկահավի նման:
- Չեմ փքվել: Ես միշտ Նրան նամակներ գրելիս այդպիսի բառեր չեմ օգտագործել, ուշադիր կլինես: Սկզբից չասես, որ անունդ Մանե է, ինքը որպես Գայանե գիտի: Թե ինչո՞ւ ես մտա քո այդ պատմության մեջ չհասկացա, ինձ դուր չի գալիս:
- Գիտեմ, գիտեմ, Գա´յ ջան, դու, որ կյանքում տղամարդ չես տեսել, ինձ մի´ սովորեցրու տղամարդկանց հետ վարվելու ձևը: Սկզբից կգնանք ռեստորան իր մեքենայով, հետո երբ արդեն ամեն ինչ հարթ կանցնի, ես կասեմ, որ ուղղակի անունս եմ սխալ գրել: Համ էլ Մանե ավելի գեղեցիկ անուն է, քան` Գայանե: Կհամբուրվենք ու նա արդեն իմն է: Եվ վերջ:
- Ի՞նչ ռեստորան, սկզբից լավ ճանաչիր….
- Գիտեմ, գիտեմ, Գա´յ ջան: Մամաս ամեն ինչ ասել է:

* * *
Հարսանիքը շքեղներից չէր, բայց ամեն դեպքում հաճելի էր նայել նորահարսին`ծիսական զգեստով:
Քանի~- քանի~ անգամ է իրեն պատկերացրել հարսի սպիտակ քողով ու զգեստով: Պատկերացրել էր, թե ինչպես են փեսայի ընկերներն իրեն աթոռին նստեցրած`բարձրացնում, ու ինքն ամենավերևում ծիծաղում է:
Պատկերացնում էր, թե ինչպես կսիրեր մեկին, որն իր համար կարող էր անել թեկուզ ամենասովորական բաներ:
Մտածում էր`ժպտա´ կյանքին քո բոլոր խնդիրներով ու հիասթափություններով հանդերձ, ժպտա´ ծիածանին, ուրախացի´ր նրա գույներով, չ՞է որ գեղեցիկ է: Ժպտա´, քանի որ ցավերի հետ կան նաև երջանկություն կոչվող պահեր ու քո ձեռքում է վերջիններս երկարաձգող բանալիների խուրձը: Հարկավոր է միայն ճիշտ ընտրել բանալին:
Ժպտա´ չարին, ժպտա´ մահվան աչքերին ,ու նրանք կհեռանան քեզանից` տեսնելով որ չես վախենում, երջանիկ ես ու կարող ես երջանկացնել …
Ժպտում էր…
Ժպտալով էլ պատասխանեց հետախոսազանգին:
- Ալլո:
- Միայն քեզ նման ընկերուհին կարող էր այդքան ստոր լինել, այս ի՞նչ բերեցիր աղջկաս գլխին: Այդքան նախանձություն քո մեջ որտեղի՞ց, - Մանեի մայրը կարող էր այդպես հավերժ խոսել, եթե չընդհատեիր:
- Ի՞նչ է եղել, միգուցե…
- Լավ էլ գիտես, արի ինքդ տես` ինչ արեցիր: Ես գիտեմ, որ դու ես բոլոր նամակների հեղինակը…
Մանեն մոտեցավ մորաքրոջ տղայի ընկերներից մեկին, ում մեքենայով իր մոր հետ եկել էր հարսանիք:
- Ռո´ւբ, ինձ կարո՞ղ ես հասցնել Բժշկական ինստիտուտի մոտ, խնդրում եմ, շտապ է:
- Գա´յ, ջան մի կես ժամից վերջացնում ենք, ես ձեզ տուն եմ տանելու:
- Հիմա´ է պետք:
- Դե, որ քեզ պես գեղեցիկ աղջիկն է շտապում, ես ինչպե՞ս չշտապեմ: Ի՞նչ է եղել, - լրջացավ:
- Ընկերուհիս վատ է, պետք է հասնեմ:

* * *
Մանեի մայրը դուռը բացեց ու առանց որևէ բան ասելու` հեռացավ:
Մանեն պառկած բազմոցին լալիս էր:
- Մա´ն, ի՞նչ է եղել, քեզ վիրավորե՞լ է:
- Դու գիտեիր, չէ՞, գիտեիր:
- Ի՞նչ, ասա´, հասկանամ ի՞նչ է եղել…
- Հանդիպեցինք, ծաղիկ ուզեցի: Դու գիտես չէ՞, ինչքան եմ սիրում: Պատկերացնո՞ւմ ես, այդ քծիբն ասաց, որ դաշտի ծաղիկներն ավելի լավ են բուրում ու ընդամենը երեք հազարանոց ծաղիկներ առավ, այն ծաղիկներից, որ ճանապարհների վրա վաճառում են:
- Ես էի գրել, որ սիրում եմ դաշտի ծաղիկների բույրը:
- Դա դեռ հե´չ, և գիտե՞ս ինձ ուր տարավ:
- Ռեստորան, դո՞ւ էիր չէ ասում:
- Հիվանդանոց:
- Ի՞նչ հիվանդանոց, ինչո՞ւ:
- Ասաց, որ իր երեք տարեկան տղան է այնտեղ պառկած, որ վաղը վիրահատելու են, ինքն անպայման պետք է այսօր նրա մոտ լինի:
- Ի՞նչ տղա, Մանե´, ես ոչինչ չգիտեմ, չէ՞ որ երկուսով ենք կարդացել նամակները: Գնացի՞ր:
- Ծաղիկները մեքենայի մեջ շպրտեցի երեսին ու փախա: Դեռ լավ էր որ հիվանդանոցի բակում ազատ տաքսի կար:
Պատկերացնո՞ւմ ես, կինն էլ երկու տարի առաջ է մահացել: Ուրեմն, ես պետք է ուրիշի երեխային…ես պետք է ամեն շաբաթ նրա հետ իր կնոջ գերեզմանին… ցնդել կարելի է:
- Մանե´,պետք է գնայիր երեխայի մոտ, դու պատկերացնո՞ւմ ես…
- Ինքդ էլ գնա, ես թքած ունեմ:
- Ճիշտ է ասում, Գայանե´, ինքդ էլ գնա, կսազեք իրար - աննկատ սենյակ մտած մայրը անթարթ նայում էր Գայանեին:

* * *
Ոչ մի ֆիզիկական ցավ չի կարող համեմատվել հոգեկան ցավի հետ:
Երբ ներաշխարհդ սեղմվում, դառնում է մերկ նյարդերի մի կծիկ:
Երբ սկսում ես ապրել մեկ այլ, օտար կյանքով` շուրջդ տեղի ունեցող իրադարձություններին նայելով կողքից:
Թվում է, թե հոգիդ հեռացել է, բայց դեռ կապված է մարմնիդ հետ մի բարակ, շատ բարակ թելով, որն ամեն վայրկյան կարող է կտրվել, քեզ` հողածին արարածիդ վերադարձնելով հողին:

* * *
Երբ Գայանեն տուն հասավ, մայրն արդեն քնած էր:
Տրամադրությունն ընկած էր:
Քունը չէր տանում:
Փոխեց շորերը: Խալաթի կոճակները չկարողացավ կոճկել:
Մատները չէին ենթարկվում:
Մոտեցավ համակարգչին:
- Գա´յ ջան, ի՞նչ էր եղել Մանեին – քնած թվացող մայրը մոտեցավ:
- Մա´մ ջան, երևի թունավորվել էր: Մինչև հասա, արդեն լավ էր:
- Այդ թռի-վռի ճպուռն ինչի՞ց պետք է թունավորվեր:
- Մա´մ, ինչո՞ւ քնած չես, չե՞ս հոգնել:
- Այդ ո՞ր մայրն է քնում, երբ երեխան տանը չէ, կդառնաս մայր, այն ժամանակ կխոսենք:
- Լա´վ, մա´մ , գնա քնի, ես գործ ունեմ:

* * *
Երբ Սերը` Հույսի և Հավատի ձեռքերը բռնած փաթաթվում է մեզ, դառնում ենք չորս հոգի` այնքան տարբեր, այնքան անկախ մեկս մյուսից, որ չենք կարողանում ղեկավարվել մի հարթության մեջ: Եվ այստեղ արդեն օգնության է հասնում փխրուն ու շուտ վիրավորվող Սիրտը` Իմաստությունը, իսկ նրա հետ հաշվի չնստել արդեն Չենք կարող:

* * *
< Հիմար բան ստացվեց, ինձ կներես >:
Իսկ եթե չպատասխանի՞: Ի՞նչ եմ անելու:
Ականջների մեջ Մանեի այդքան իմիջիայլոց արտասանված` “վաղը վիրահատելու են” խոսքերն էին:
< Ամեն ինչ նորմալ է, նեղանալու բան չկա, դու չէիր հարցրել, ես էլ չէի պատմել>
< Ես չէի կարող գալ, հարսանիքի էի հրավիրված, ընկերուհիս եկավ իմ փոխարեն, ների´ր, խնդրում եմ, գիտեմ, որ լավ չստացվեց…>
< Ես հասկացա, որ ինձ գրող աղջիկը չէ >
< Ինչպե՞ս>
< Նման ձևով չի վարվում մեկը, որը սովորություն ունի նախադասության վերջում վերջակետ չդնելու >
< Վիրահատությունը ե՞րբ է, ժամը քանիսի՞ն>
< Ցերեկը` ժամը մեկին, Դու իրո՞ք Գայանեն ես >
< Ինձ կսպասես ՄԵՐ երեկվա տեղում`ժամը տասներկուսին, բարի գիշեր>

* * *
Հիվանդասենյակ մտան երկուսով:
Գայանեի գրկում դաշտի ծաղիկներ էին:
Մահճակալին մոխրագույն աչքերով մի հրաշք էր:
Թաթիկները պարզեց Գայանեն ու…
- Դու իմ մամա՞ն ես:
Գայանեի ձեռքից ընկան ծաղիկները, մոտեցավ ու գրկեց տղային:
Չէր ուզում բաց թողնել գրկից:
Փոքրիկ տղան լալիս էր:
- Մա´մ, ինձ կտրտելո՞ւ են: Չե´մ ուզում: Դու չես գնա, չէ՞:
- Ես քո կողքը կլինեմ:
Գայանեն նույնիսկ երեխայի անունը չէր հարցրել ու մոոռացել էր, որ սենյակում երեխայի հայրն էր կանգնած`թաց աչքերով:
- Պապան ասել էր, որ դու դաշտի ծաղիկներ ես սիրում: Երբ լավանամ, քեզ ամեն օր այդ ծաղիկներից եմ բերելու:
Մոտեցան բժիշկն ու բուժքույրը:
- Ժամանակն է, - ասաց բժիշկը:
Երեխան չէր ցանկանում բաց թողնել Գայանեի պարանոցը:
- Հիմա քեզ բժիշկը կսրսկի, դու կքնես ու երբ արթնանաս, ինձ կտեսնես քո կողքին: Լա՞վ:
Գայանեն խելակորույս համբուրում էր երեխայի այտերը, թաթիկները, աչքերը…
… չէր կարողանում զսպել արցունքները:
Ներարկումից հետո փոքրիկը նայում էր Գայանեին` երկա~ր- երկա~ր, մինչև հարազատ մոր պատկերի փոխարեն Գայանեի պատկերը մնաց դանդաղ փակվող կոպերի տակ:

вторник, 4 сентября 2012 г.

Մենություն



Շփոթվածությունդ՝
Իմ երկմտանքն է,
Հույզերիս տոնը՝
Լույսի արարում:
Չապրածս կյանքի ճոճվող կամուրջները՝
Կորցրած պահեր,
Հուսահատություն:

Սեթևեթանքդ՝
Անտարբեր դիմակ
Հանգիստ նայում է ճակատիս գրին,
Որտեղ վազում է մենությունը չար
Ցուցումներ տալիս մունետիկներին:
<Տարածեք ամբողջ տիեզերքով մեկ,
Որ ես իրավունք ունեմ ապրելու,
Եվ ապրեցնելու,
Գիտեմ արվեստը սովորեցնելու
Մենակ ապրելու:
Նորին Մեծություն ՄԵՆՈՒԹՅՈՒՆՆ եմ ես,
Տիրակալն եմ ես,
Երազանքների,
Տխուր մտքերի,
Ցավ-կարոտների:
Ես միակ տերը
Բանաստեղծական դողդոջ շուրթերի:
Ու չմոռանաք բարձր բղավել.
Այդ ո՞ր պոետն է գաղտնիք իմացել,
Եվ կարողացել գաղտնիքը պահել>:

Երազանքներս
Հեքիաթներ են ջինջ,
Կարոտում են քեզ,բայց քեզ չգիտեն:
Գուցե ծաղիկ ես,լեռան քերծերին,
Դեղ ես ամոքիչ,
Որ քեզ գտել եմ՝ իմ որոնածին:
Բանաստեղծ եմ ես (գուցե և մի քիչ)
Նորին Մեծություն, դե ուրեմն ինչ,
Ցույց տուր ճանապարհ
Քո մոլորվածին: