вторник, 25 сентября 2012 г.

Թափառող ցավ



Հոգին, ինչպես ադամանդը, մի ամբողջ հղկված համակարգ է հարթությունների, որոնցից ցանկացածն ունի իր ուրույն դերը:
Հոգին փորագրողը Կյանքն է` Նորին մեծություն Ճակատագիրը, Դու ես, Ես եմ, շրջապատի Մարդիկ, որոնք կարողանում են տեսնել ադամանդի` հոգու աչքերը շոյող փայլը:
Իսկ հոգիներն այն մարդկանց, որոնք չեն տեսնում ադամանդի յուրօրինակ գեղեցիկ ծիածանը, հղկված չեն: Ու նրանք մնում են որպես ալմաստի չհղկված բեկորներ` ունակ միայն քերծելու այլոց կյանքի պատուհանների ապակիները:

* * *
- Բերե՞լ ես:
- Ո´չ, Գա´յ ջան, մամաս ասաց, որ Գայանը այնքան էլ գեղեցիկ աղջիկ չէ: Այդ ականջողերը կարող են գրավել դիմացինի ուշադրությունը: Ա´յ, սրանք եմ բերել:
Մանեն պայուսակից փորձ արեց հանելու ու ցույց տալու մոր խորհրդով բերած ականջողերը, բայց Գայանեն կանխեց:
- Պե´տք չէ, մամայիդ էլ իմ կողմից կասես շնորհակալություն:
- Լա´վ էլի, Գա´յ, գիտես չէ՞, որ մամաս աշխարհ տեսած կին է, չի սխալվի:
- Գիտեմ, գիտեմ: Ես ընդամենը մորաքրոջս տղայի հարսանիքին էի գնալու, ու այդ ականջողերի համար էլ հատուկ շոր էի պատվիրել:
Դուրս եկավ սենյակից:

* * *
Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք , թե օրեկան քանի հազար բառ է դուրս գալիս մեր բերանից:
Ուշադրություն դարձրե՞լ եք արդյոք մերթընդմերթ արտասանած այն բառերին, որոնք պահանջում են քնքշություն, հարգանք, սեր, ջերմություն, թոթովանք…
Հաշվի առնո՞ւմ եք արդյոք, որ այդ բառերից է ծնվում Հույսը` ապրելու, Հավատը` ապագայի նկատմամբ, Սերը` մերձավորի սրտում…
Մոռանում ենք, որ Մեր հոգին տարիների ընթացքում հղկում են Գեղեցկությունն ու Մաքրությունը, իսկ երբ հասնում ենք դժվար մի պահի, մեզ օգնության է հասնում Սերը` Հույսի և Հավատի ձեռքերը բռնած:

* * *
Մանեի ծննդյան օրն էր, երբ մայրը խոհանոցում օգնող Գայանեին հարցրեց.
- Այսքան տղաների մեջ մեկին չե՞ս կարող ընտրել: Տե´ս, Մանեիս հետևից ոնց են ման գալիս:
- Դե, Մանեն գեղեցիկ աղջիկ է…
- Լավ, լավ, դու էլ պակասը չես: Լսի´ր, Գա´յ, հիշո՞ւմ ես “Մոսկվան արցունքներին չի հավատում” ֆիլմը: Այդ ֆիլմից հետո բոլոր ռուս կանայք էլետրագնացքներում իրենց սերն էին փնտրում, ես կարդացել եմ, շատերը գտան:
- Ի՞նչ գտան, տատիկի հետևից ինքնաեռ քարշ տվող բատալովների՞:
- Ծիծաղում ես, բայց մեզ մոտ էլ Երևան- Սևան էլեկտրագնացքն է աշխատում:
Հիմա Մանեն մի տղայի հետ է համակարգչով շփվում, գիտե՞ս ինչ տղա է, մեքենա, ամառանոց, խանութ, Մանեն է պատմել, նա ինձնից ոչինչ չի թաքցնում:

Ինչպես չիմանար, երբ մեկ ամիս է, Մանեի բոլոր նամակները գրվում են իր ձեռքով: Ավելի լավ է ինքը գրի, քան ուղղի Մանեի անտանելի սխալներն ու անկապ մտքերը:
Ու լավ գիտեր նաև, որ այսօր Մանեն պետք է առաջին անգամ հանդիպեր այդ տղային:

* * *
Վերադարձավ սենյակ, քանի որ հեռվից տեսավ սենյակից դուրս եկող տնօրենին ու իր` միջանցքում անգործ կանգնելը հարմար չհամարեց:
Մանեն կարծես նեղացած մի հայացք ձգեց ու սկսեց շատախոսել կողքը նստած Գևորգի հետ:
Ընդմիջումից հետո Մանեն մոտեցավ:
- Դե լավ, ի՞նչ ես փքվել հնդկահավի նման:
- Չեմ փքվել: Ես միշտ Նրան նամակներ գրելիս այդպիսի բառեր չեմ օգտագործել, ուշադիր կլինես: Սկզբից չասես, որ անունդ Մանե է, ինքը որպես Գայանե գիտի: Թե ինչո՞ւ ես մտա քո այդ պատմության մեջ չհասկացա, ինձ դուր չի գալիս:
- Գիտեմ, գիտեմ, Գա´յ ջան, դու, որ կյանքում տղամարդ չես տեսել, ինձ մի´ սովորեցրու տղամարդկանց հետ վարվելու ձևը: Սկզբից կգնանք ռեստորան իր մեքենայով, հետո երբ արդեն ամեն ինչ հարթ կանցնի, ես կասեմ, որ ուղղակի անունս եմ սխալ գրել: Համ էլ Մանե ավելի գեղեցիկ անուն է, քան` Գայանե: Կհամբուրվենք ու նա արդեն իմն է: Եվ վերջ:
- Ի՞նչ ռեստորան, սկզբից լավ ճանաչիր….
- Գիտեմ, գիտեմ, Գա´յ ջան: Մամաս ամեն ինչ ասել է:

* * *
Հարսանիքը շքեղներից չէր, բայց ամեն դեպքում հաճելի էր նայել նորահարսին`ծիսական զգեստով:
Քանի~- քանի~ անգամ է իրեն պատկերացրել հարսի սպիտակ քողով ու զգեստով: Պատկերացրել էր, թե ինչպես են փեսայի ընկերներն իրեն աթոռին նստեցրած`բարձրացնում, ու ինքն ամենավերևում ծիծաղում է:
Պատկերացնում էր, թե ինչպես կսիրեր մեկին, որն իր համար կարող էր անել թեկուզ ամենասովորական բաներ:
Մտածում էր`ժպտա´ կյանքին քո բոլոր խնդիրներով ու հիասթափություններով հանդերձ, ժպտա´ ծիածանին, ուրախացի´ր նրա գույներով, չ՞է որ գեղեցիկ է: Ժպտա´, քանի որ ցավերի հետ կան նաև երջանկություն կոչվող պահեր ու քո ձեռքում է վերջիններս երկարաձգող բանալիների խուրձը: Հարկավոր է միայն ճիշտ ընտրել բանալին:
Ժպտա´ չարին, ժպտա´ մահվան աչքերին ,ու նրանք կհեռանան քեզանից` տեսնելով որ չես վախենում, երջանիկ ես ու կարող ես երջանկացնել …
Ժպտում էր…
Ժպտալով էլ պատասխանեց հետախոսազանգին:
- Ալլո:
- Միայն քեզ նման ընկերուհին կարող էր այդքան ստոր լինել, այս ի՞նչ բերեցիր աղջկաս գլխին: Այդքան նախանձություն քո մեջ որտեղի՞ց, - Մանեի մայրը կարող էր այդպես հավերժ խոսել, եթե չընդհատեիր:
- Ի՞նչ է եղել, միգուցե…
- Լավ էլ գիտես, արի ինքդ տես` ինչ արեցիր: Ես գիտեմ, որ դու ես բոլոր նամակների հեղինակը…
Մանեն մոտեցավ մորաքրոջ տղայի ընկերներից մեկին, ում մեքենայով իր մոր հետ եկել էր հարսանիք:
- Ռո´ւբ, ինձ կարո՞ղ ես հասցնել Բժշկական ինստիտուտի մոտ, խնդրում եմ, շտապ է:
- Գա´յ, ջան մի կես ժամից վերջացնում ենք, ես ձեզ տուն եմ տանելու:
- Հիմա´ է պետք:
- Դե, որ քեզ պես գեղեցիկ աղջիկն է շտապում, ես ինչպե՞ս չշտապեմ: Ի՞նչ է եղել, - լրջացավ:
- Ընկերուհիս վատ է, պետք է հասնեմ:

* * *
Մանեի մայրը դուռը բացեց ու առանց որևէ բան ասելու` հեռացավ:
Մանեն պառկած բազմոցին լալիս էր:
- Մա´ն, ի՞նչ է եղել, քեզ վիրավորե՞լ է:
- Դու գիտեիր, չէ՞, գիտեիր:
- Ի՞նչ, ասա´, հասկանամ ի՞նչ է եղել…
- Հանդիպեցինք, ծաղիկ ուզեցի: Դու գիտես չէ՞, ինչքան եմ սիրում: Պատկերացնո՞ւմ ես, այդ քծիբն ասաց, որ դաշտի ծաղիկներն ավելի լավ են բուրում ու ընդամենը երեք հազարանոց ծաղիկներ առավ, այն ծաղիկներից, որ ճանապարհների վրա վաճառում են:
- Ես էի գրել, որ սիրում եմ դաշտի ծաղիկների բույրը:
- Դա դեռ հե´չ, և գիտե՞ս ինձ ուր տարավ:
- Ռեստորան, դո՞ւ էիր չէ ասում:
- Հիվանդանոց:
- Ի՞նչ հիվանդանոց, ինչո՞ւ:
- Ասաց, որ իր երեք տարեկան տղան է այնտեղ պառկած, որ վաղը վիրահատելու են, ինքն անպայման պետք է այսօր նրա մոտ լինի:
- Ի՞նչ տղա, Մանե´, ես ոչինչ չգիտեմ, չէ՞ որ երկուսով ենք կարդացել նամակները: Գնացի՞ր:
- Ծաղիկները մեքենայի մեջ շպրտեցի երեսին ու փախա: Դեռ լավ էր որ հիվանդանոցի բակում ազատ տաքսի կար:
Պատկերացնո՞ւմ ես, կինն էլ երկու տարի առաջ է մահացել: Ուրեմն, ես պետք է ուրիշի երեխային…ես պետք է ամեն շաբաթ նրա հետ իր կնոջ գերեզմանին… ցնդել կարելի է:
- Մանե´,պետք է գնայիր երեխայի մոտ, դու պատկերացնո՞ւմ ես…
- Ինքդ էլ գնա, ես թքած ունեմ:
- Ճիշտ է ասում, Գայանե´, ինքդ էլ գնա, կսազեք իրար - աննկատ սենյակ մտած մայրը անթարթ նայում էր Գայանեին:

* * *
Ոչ մի ֆիզիկական ցավ չի կարող համեմատվել հոգեկան ցավի հետ:
Երբ ներաշխարհդ սեղմվում, դառնում է մերկ նյարդերի մի կծիկ:
Երբ սկսում ես ապրել մեկ այլ, օտար կյանքով` շուրջդ տեղի ունեցող իրադարձություններին նայելով կողքից:
Թվում է, թե հոգիդ հեռացել է, բայց դեռ կապված է մարմնիդ հետ մի բարակ, շատ բարակ թելով, որն ամեն վայրկյան կարող է կտրվել, քեզ` հողածին արարածիդ վերադարձնելով հողին:

* * *
Երբ Գայանեն տուն հասավ, մայրն արդեն քնած էր:
Տրամադրությունն ընկած էր:
Քունը չէր տանում:
Փոխեց շորերը: Խալաթի կոճակները չկարողացավ կոճկել:
Մատները չէին ենթարկվում:
Մոտեցավ համակարգչին:
- Գա´յ ջան, ի՞նչ էր եղել Մանեին – քնած թվացող մայրը մոտեցավ:
- Մա´մ ջան, երևի թունավորվել էր: Մինչև հասա, արդեն լավ էր:
- Այդ թռի-վռի ճպուռն ինչի՞ց պետք է թունավորվեր:
- Մա´մ, ինչո՞ւ քնած չես, չե՞ս հոգնել:
- Այդ ո՞ր մայրն է քնում, երբ երեխան տանը չէ, կդառնաս մայր, այն ժամանակ կխոսենք:
- Լա´վ, մա´մ , գնա քնի, ես գործ ունեմ:

* * *
Երբ Սերը` Հույսի և Հավատի ձեռքերը բռնած փաթաթվում է մեզ, դառնում ենք չորս հոգի` այնքան տարբեր, այնքան անկախ մեկս մյուսից, որ չենք կարողանում ղեկավարվել մի հարթության մեջ: Եվ այստեղ արդեն օգնության է հասնում փխրուն ու շուտ վիրավորվող Սիրտը` Իմաստությունը, իսկ նրա հետ հաշվի չնստել արդեն Չենք կարող:

* * *
< Հիմար բան ստացվեց, ինձ կներես >:
Իսկ եթե չպատասխանի՞: Ի՞նչ եմ անելու:
Ականջների մեջ Մանեի այդքան իմիջիայլոց արտասանված` “վաղը վիրահատելու են” խոսքերն էին:
< Ամեն ինչ նորմալ է, նեղանալու բան չկա, դու չէիր հարցրել, ես էլ չէի պատմել>
< Ես չէի կարող գալ, հարսանիքի էի հրավիրված, ընկերուհիս եկավ իմ փոխարեն, ների´ր, խնդրում եմ, գիտեմ, որ լավ չստացվեց…>
< Ես հասկացա, որ ինձ գրող աղջիկը չէ >
< Ինչպե՞ս>
< Նման ձևով չի վարվում մեկը, որը սովորություն ունի նախադասության վերջում վերջակետ չդնելու >
< Վիրահատությունը ե՞րբ է, ժամը քանիսի՞ն>
< Ցերեկը` ժամը մեկին, Դու իրո՞ք Գայանեն ես >
< Ինձ կսպասես ՄԵՐ երեկվա տեղում`ժամը տասներկուսին, բարի գիշեր>

* * *
Հիվանդասենյակ մտան երկուսով:
Գայանեի գրկում դաշտի ծաղիկներ էին:
Մահճակալին մոխրագույն աչքերով մի հրաշք էր:
Թաթիկները պարզեց Գայանեն ու…
- Դու իմ մամա՞ն ես:
Գայանեի ձեռքից ընկան ծաղիկները, մոտեցավ ու գրկեց տղային:
Չէր ուզում բաց թողնել գրկից:
Փոքրիկ տղան լալիս էր:
- Մա´մ, ինձ կտրտելո՞ւ են: Չե´մ ուզում: Դու չես գնա, չէ՞:
- Ես քո կողքը կլինեմ:
Գայանեն նույնիսկ երեխայի անունը չէր հարցրել ու մոոռացել էր, որ սենյակում երեխայի հայրն էր կանգնած`թաց աչքերով:
- Պապան ասել էր, որ դու դաշտի ծաղիկներ ես սիրում: Երբ լավանամ, քեզ ամեն օր այդ ծաղիկներից եմ բերելու:
Մոտեցան բժիշկն ու բուժքույրը:
- Ժամանակն է, - ասաց բժիշկը:
Երեխան չէր ցանկանում բաց թողնել Գայանեի պարանոցը:
- Հիմա քեզ բժիշկը կսրսկի, դու կքնես ու երբ արթնանաս, ինձ կտեսնես քո կողքին: Լա՞վ:
Գայանեն խելակորույս համբուրում էր երեխայի այտերը, թաթիկները, աչքերը…
… չէր կարողանում զսպել արցունքները:
Ներարկումից հետո փոքրիկը նայում էր Գայանեին` երկա~ր- երկա~ր, մինչև հարազատ մոր պատկերի փոխարեն Գայանեի պատկերը մնաց դանդաղ փակվող կոպերի տակ:

Комментариев нет: