Սպիտակ աղավնիներ
Պատուհանի գոգին նստած է մի աղավնի:
Աղավնին մոխրագույն է:
Շատ կցանկանայի, որ սպիտակ լիներ, բայց…
Աղավնու կտուցին ոչինչ չկա, ոտքին էլ` ո´չ նամակ կա, ո´չ երկտող:
Կցանկանայի, որ լիներ, բայց…
Գո՞ւցե սոված է, թռել,եկել է հացի փշուրնե՞ր կտցահարելու: Հակառակ դեպքում հեքիաթի նման կլիներ: Բայց հեքիաթ չէ, ու ես էլ չեմ կարող հացի փշուրներ հյուրասիրել:
Երեկ գիշեր վերջին կտոր հացն ուտելիս փշուրները ջանասիրաբար հավաքեցի ու լցրեցի բերանս:
Ավելի կշտացա, քան հացի մի ամբողջ կտորից:
Հեքիաթ չէ: Հակառակ դեպքում կլիներ այսպես:
Իմ պատշգամբից դեպի հակառակ շենքի համապատասխան պատշգամբ ձգվում է լվացքի մետաղալարը: Այդ պատշգամբից երկար մազերի միջից ինձ են նայում զույգ աչքեր, հավանաբար` գեղեցիկ, ես չեմ տեսնում, չեն երևում:
Թղթե սպիտակ աղավնին, որի թևի վրա գրված է` <Բարև´, ես եմ>, ամրացնում եմ մետաղալարին ու հրում այնքան, որ հասնում է դիմացի պատշգամբ:
Աղջիկը ժպտում է, վերցնում աղավնին ու հեքիաթի արագությամբ անհետանում:
Վերադառնում է, ամրացնում աղավնին ու հրում դեպի ինձ:
Ես արդեն պատկերացնում եմ, թե ինչ է գրված նամակում`սիրո խոստովանություն, քանի որ արդեն մեկ ամիս է, ինչ ամեն առավոտ անխոս իրար ենք նայում:
Աղավնին տեղ հասավ: Վերցնում եմ: Աղավնու մյուս թևին գրված է` <Բարև´, գիտեմ>, և վերջ:
Հեքիաթն ավարտվե՞ց, թե՞..
Ավարտվեց իհարկե, քանի որ ես էլ եմ ժպտում:
Բայց հեքիթներն այդպես չեն ավարտվում, այլ` ա´յ այսպես:
Երկնքից ընկան երեք խնձոր…
Մեկը ինձ : Ես իմ խնձորը սուրճի հետ կուտեմ, թե չէ արդեն երկար ժամանակ է, տանը շաքարավազ չկա, ու ես սուրճը դառն եմ խմում, տհաճ` ինչպես դեղը:
Աղավնու թևի իմ մասում գրում եմ` <Դու քո խնձորը ինձ կտա՞ս> և ուղարկում եմ`համաչափորեն հրելով մետաղալարը:
Պատասխանը չի ուշանում`<Մեր տանն այսօր խնձոր չկա, թուզ կա`առանց տերևների: Թե չէ կուղարկեի, որ ծածկվեիր>:
Նայում եմ ինձ`լողազգեստով եմ:
Չէ, չհասկացավ: Թե չէ կկանչեր թզով սուրճ խմելու: Բայց ինչո՞ւ պետք է կանչեր որ..
<Հայրս երկրաբան է,այստեղ չէ: Ես ժամանակավորապես բնակվում եմ իր տանը` մինչև վերադառնա>:
Թղթե աղավնին բումերանգի նման վերադարձավ`<Մայրս ակնաբույժ է, հիմա տանը չէ`աշխատանքի է: Ուրի՞շ”:
<Ավելի լավ կլիներ, որ մայրդ օրթոպեդ լիներ, քանի որ հիմա աղավնու փոխարեն ես եմ մետաղալարով գալու դեպի քեզ: Եթե ընկնեմ ու ջարդուփշուր լինեմ, ավելի լավ կլինի մայրդ ինձ <հավաքի>>:
Ուղարկում եմ թղթե թռչնակին ու տխրում… Աղավնին տեղ չհասավ:
Հեքիաթի չար, աշխույժ քամին քշեց, տարավ: Թե ուր, միայն քամին կիմանա:
Ես խոսք տվածիս համաձայն` կանգնում եմ մետաղալարին ու կամաց շարժվում առաջ:
Սա հեքիաթում է լինում, իսկ իրականում…
Երբ նրա նուրբ ձեռքերրը վախից փակեցին գեղեցիկ բերանը, մետաղալարը կտրվեց:
Կես ժամ հետո շտապօգնության մեքենան ինձ կտանի դիահերձարան, իսկ վաղը դիակիս կողքը կհավաքվեն գլուխներին սպիտակ աղավնիներ թառած ապագա բժիշկ-բժշկուհիներն իրենց պրոֆեսորի հետ:
Իմ դին նրանց համար գյուտ կլինի, քանի որ իմ բոլոր օրգանները նորմալ վիճակում չեն:
Պրոֆեսորը կսկսի.
-Սա սիրտն է` պայթած, քանի որ նրա ցանկություններն ու երազանքների չափը գերազանցել են սիրտ մտնող արյան հոսքին…
-Սա լյարդն է`մեծացած, քանի որ նա իր դառն ապրած տարիները փորձել է քաղցրացնել գինով, օղիով, կոնյակով, գարեջրով…
-Սրանք թոքերն են`սև ագռավի գույնի, քանի որ նա իր կյանքի սև գույները փորձել է քողարկել ծխախոտի ծխով..
-Սա..
-Սա..
-Իսկ այ այս օրգանը` թզի տերևով ծածկված, թո´ղ մնա վաղը:
Գուցե պրոֆեսորը տեղի կտա անհամբեր ուսանողուհիների բողոքին`ցույց տալու թզի տերևի տակ թաքնված կարողությունները գերազանցած օրգանը:
Սա ցերեկվա հեքիաթ է... Իսկ գիշերը…
Կգան աղավնու սպիտակ թևիկներով գեղեցիկ տղաներ ու աղջիկներ, իրենց հրեշտակապետի հետ և նա կսկսի.
-Սա սիրտն է`բացված ծաղիկի նման, քանի որ նրա ցանկություններն ու երազանքները եղել են ծաղիկների նման գեղեցիկ:
-Սա լյարդն է`մեծացած, քանի որ մեծ հոգին պետք է մեծ մաքրության աղբյուր ունենա:
-Սրանք թոքերն են`թթվածնի կարոտ ,քանի որ նա չի հասցրել շնչել իրեն հասանելիք կյանքի բույրը:
-Սա..
-Սա..
-Իսկ թզենու տերևի տակ թաքնված տղամարդու վարդագույն հոգին մենք կտանենք:
Ի նշան համաձայնության` հրեշտակները կթափահարեն թևիկներով:
Աղավնին, որը սպիտակ չէր, թափահարեց թևերը ու թռավ առանց հացի փշուր ստանալու:
Մոտեցա լվացքի պարանին:
Մետաղալարի վրա նստած էին բազմաթիվ սպիտակ աղավնիներ`գուցև սոված, գուցե..
Ինձ տեսնելով`բոլորն էլ թռան, գնացին:
Երևի զգացին, որ չեմ կարող կերակրել իրենց:
Դիմացի պատշգամբն էլ դատարկ էր, բայց փոքրիկ սեղանիկի վրա պարզ երևում էր սպիտակ ափսեի մեջ հյութալի թզերի եռանկյուն բուրգը:
Комментариев нет:
Отправить комментарий