Եռանկյունի
Արդեն մեկ ամիս է, ինչ գրավում է ուշադրությունս:Գեղեցիկ է:
Իսկ գեղեցիկները մինչև խոսելը շատ գեղեցիկ են: Խոսելուց հետո կարող են մի այնպիսի բառ սեպել ականջիդ, որ…
Ամեն օր զգում եմ նրա զննող հայացքը: Նույն երթուղային տաքսիով ենք գնում, բայց մինչև հիմա չենք բարևել միմյանց: Իսկ ես այնքան եմ ուզում:
Միայն բարևել, ուրիշ ոչինչ:
Անձրևանոցը երկարէ, շրջազգեստը` կարճ, գեղեցիկ լինելու աստիճանի կարճ:
Իմ` ճարտարագետի հայացքն արդեն որոշել է շրջազգեստի երկարությունը`18 սմ-ից երկար չի լինի:
<Իսկ Արփի՞ն>,- ենթագիտակցությունս է վիճում ինձ հետ:
Իմ ենթագիտակցությունը մի հաստագլուխ երևույթ է, որը միշտ ինձ խանգարում է երազելու պահերին կամ էլ ընկերացել է Արփիի հետ:
Հիմա էլ սկսեց սղոցել ականջս. <Արփին ավելի տնտեսող է: Այդքան կտորից իրեն չորս շրջազգեստ կկարի իսկ դու ո՞ւր ես նայում…>
Նայում եմ նրա թափանցիկ զուգագուլպաներին և, ափսոս, չեմ կարող որոշել իմ միակ իմացած <Լևանտե՞ն> է, թե՞ ոչ: Հետաքրքիր է:
Ենթագիտակցությունս ասում է. <Մի´ նայիր այդ կողմ, նայի´ր պատուհանից դուրս: Տե´ս, մի պառավ է անցնում` առանց լուսաֆորի կարմիրին նայելու>:
Ինչո՞ւ նայեմ դուրս, երբ մի զույգ գեղեցիկ ոտքեր կանաչ լույս են տվել աչքերիս, չնայաց ոչինչ չեմ կարողանում տեսնել:
<Իսկ Արփի՞ն>:
Վերջին անգամ նեղացավ ու արդեն տասնմեկերորդ օրն է` չի զանգում, ի՞նչ էր եղել, որ…
Սրճարանում էինք: Իրար քիթ-քթի կպած ծիծաղում էինք, ու ամեն ինչ լավ էր, նույնիսկ` մատուցողուհու ձեռքի կեղտոտ լաթի կտորը, որով սրբեց մեր սեղանը: Լավ էր նույնիսկ հաճախորդների` պիցցաներով լիքը բերանների չլմփացնելով ծամելը:
Ամեն ինչ լավ էր թվում, երբ կողքի սեղանից մի կանացի ձայն ծխախոտ խնդրեց:
Բայց ի՞նչ կարող էի անել, Արփի´:
Երևի դա է եռանկյունի կոչվածը, որի մասին շատ էի լսել, բայց դեռ չէի հանդիպել`Արփի, զուգագուլպաներով աղջիկ, սրճարանի աղջիկ … Եթե նույնիսկ ես ճիշտ եմ, ուրեմն Բերմունդյանկամ ավելի ճիշտ` Հայկական եռանկյունի:
<Երևանյան>,- հուշում է ենթագիտակցությունս ու հրճվում,- <Գնա´, կորի´ր այդ եռակյան մեջ, քեզ տեղն է>:
- Դու նրա ծխախոտը ուրիշ ձև վառեցիր: Նայում էիր փայլուն աչքերով: Դու խոզ ես, զզվում եմ տղաներից:
Արփիի հեռանալուց հետո, գիտեի, որ դրսում սպասելու է: Լուռ, սուրճի կիսատ բաժակը ձեռքիս մոտեցա ու նստեցի նրա սեղանին:
-Կներես, ես չէի ուզում: Բայց լավ ստացվեց, ինձ թվաց կվազես նրա ետևից, բայց պարզվեց, որ չգնացիր: Ես Սոնան եմ, արդեն քսանչորս տարի:
-Դե, ոչինչ: Հո դիտմամբ չարեցիր:
-Մեկի հետ պայմանավորվել էի: Ինտերնետով ենք ծանոթացել, իրար չէինք տեսել: Ինձ կինո հրավիրեց: Եկավ: Հանդիպեցինք Ձեր գալուց մի 10 րոպե առաջ ու ընկերուհուդ նման հեռացավ: Իսկ ես այնպես եմ ուզում կինո գնալ:
-Տանը հեռուստացույց չունե՞ք,- ժպտում եմ ես:
-Կինոյում ուրիշ է, երևի շատ լավ: Կյանքում տղայի հետ կինո գնացած չկամ:
-Հրավիրում եմ,- մտքումս զարմանում այսպիսի աղջկան լքած հիմարի վրա:
-Ճի՞շտ,- երեխայի նման ուրախանում է Սոնան:
-Գնանք:
Վեր կացանք: Առաջին երկու քայլը դեպի սրճարանի դուռը և... Սոնայի մեղավոր հայացքը, Արփիի դռների մոտ սպասելը և իմ շփոթմունքը`դարձյալ եռանկյունի:
Սոնան կաղում էր:
Լուռ անցանք Արփիի լայն բացված աչքերի մոտով ու կուլ գնացինք <Մոսկվա> կինոթատրոնի դռներում:
Զուգագուլպաները կարմիր լույս վառեցին, ոտքերը միացան իրար: Կարմիր լույս էր նաև իմ աչքերի ու վարորդի համար:
-Այստեղ ես, չէ՞, իջնում,- ինձ արդեն դեմքով ճանաչող վարորդը մեքենան քաշեց աջ:
Ենթագիտակցությունս թույլ-թույլ ասաց.
<Իջի´ր, իջի´ր>:
Комментариев нет:
Отправить комментарий