четверг, 10 апреля 2014 г.

Տատիկն իմ բարի




Կնոջ փոքրիկ ձեռքը ժամացույցի սլաքի ուղղությամբ շոյում էր փորը:
Աչքերը կիսափակ խոսում էր ինքն իր հետ, համոզում, քթի տակ երգում:
Ցավեր էր զգում, բայց այնքան երջանիկ դեմք ուներ, որ կողքից նայողին կթվար մի կիսախելագար արարած, որը ցավերի հետ խոսում էր, բացատրում, ուրախանում նրանց ներկայությունից:
- Սիրելիս, չէ՞ որ ընդամենը հինգ շաբաթական ես ու արդեն քեզ զգացնել ես տալիս, ինչո՞ւ ես խփում, ի՞նչն է քեզ անհանգստացնում, մի՞գուցե խաղում ես, բայց խնդրում եմ զգույշ, ցավեցնում ես, ա՜խ դու չարաճճի, չգիտեմ էլ տղա՞ ես թե՞ աղջիկ, բայց դա ի՞նչ կապ ունի, ես քեզ արդեն երկու տարի է սպասում եմ…
Զգույշ, հանկարծ չընկնես, այսինքն ուր ընկնես, հիմարություններ եմ չէ՞ խոսում, բայց դա երջանկությունից է, երջանկությունի՜ց:

Երջանկությունը թանկագին ակնթարթները վայելելու կարողությունն է:
Միգուցե սրտումդ թախիծ է, չիրականացված երազանքների, կորցրած երիտասարդ տարիների, կորած գաղափարների համար… որից էլ սկսում ես բղավել ու չգիտես գլուխդ ուր խփել, բայց դրանք  ընդամենը մանրուքներ են սպասվող, նոր աշխարհ բերող Արարիչ քո կարողությունների հանդեպ:
Դու գիտես հարյուրավոր անպետք փաստեր, տարօրինակ իրական դեպքեր, անխուսափելի մահեր… քո կյանքը դժվարացնելու, բայց այն մտքից, որ աշխարհ ես բերելու մի նոր, անմեղ արարած, որը կարող է լրացնել քո  մթնոլորտը դու դրանից երջանկանում ես ու գրողի ծոցն ուղարկում այն հիմարներին, որոնք ասում են թե դա ժամանակավոր երջանկություն է:

Մի պահ կարծես վախեցավ դռան զանգից, ցանկանում էր բղավել, որ կամաց, կարթնացնեք երեխայիս, հետո հասկացավ, որ պետք է մոտենալ ու բացել դուռը:
Մի կերպ հասավ դռանը, աջ ոտքը, ինչպես ընդունված է ժողովրդի մեջ ասել, քաշում էր:
Մայրն էր:
- Սա ի՞նչ է վիճակդ, քո անբանը էլի տա՞նը չէ, քեզ այս վիճակում թողե՞լ է:
- Մա՛մ, վերջացրու, բան չկա, կանցնի, ինչո՞ւ ես անընդհատ նրան անբան ասում, հիմա կանգնած այս արևի տակ փորձում է մի նկար գոնե վաճառել…
- Լավ, էլ մի պաշտպանիր, նկարչիս նայեք, ինչո՞ւ գնացիք մեր տանից, այսպես վարձով ապրելն ավելի լա՞վ է, առանց փող, առանց…
Մայր ու դուստր նստեցին բազմոցին:
- Լավ լուր եմ բերել աղջիկս:
- Ի՞նչ մամ ջան:
- Լսի՛ր, քո ամուսնու համար դեռ Սովետ Միությո՞ւնն է, դեռ կոլխոզ-մոլխո՞զ, կուլտուրայի տո՞ւն:
- Մամ ի՞նչեր ես խոսում, քեզ ի՞նչ եղավ, ի՞նչ լուր էիր ասում:
- Հետո կասեմ,- ձեռքով ցույց է տալիս պատի տակ դրված մի նկար,
- Մի բան հարցնեմ, բա սա ինչո՞ւ է նկարել, որտե՞ղ ես տեսել սև շորերով կթվորուհի, այս կովի ծիծիկներն ինչո՞ւ է նկարել, գյուղ է ուղարկելո՞ւ այս շեդեվրը:
- Մա՛մ, դա կանացի ձեռք է, որ փորձում է սև ձեռնոց հագնել, ի՞նչ վառ երևակայություն ունես:
- Ունեմ բա ի՞նչ, ես էլ հայրդ էլ ամեն ինչից էլ ունենք, դուք եք որ…
- Մա՛մ: Բան էիր ասելու:
- Հա, վերջապես կազատվեք վարձով ապրելուց, աղջիկ ջան, բոլոր գործերս թողեցի ու վազեցի եկա ասեմ:
- Մենք ետ վերադարձողը չենք, նա չի ցանկանում քո հետ մի բնակարանում ապրել, դա արդեն անցած էտապ է, ես էլ իմացա մի նոր բան ես ասելու:
- Չէ, դա չէ, հիմա ուրախությունից կպարես, որ ասեմ: Էն չբեր Ռուզանը զանգեց, ասաց առավոտյան ժամը վեցին Սաթենիկն է մահացել:
- Մա՞մ, բա ասում ես ուրախ լուր, Սաթենիկն ո՞վ է:
- Ո՞նց թե, ուրախ չէ՞, Սաթենիկն աղջի, ամուսնուդ տատը, այն պառավը:
- Մա՛մ, ի՞նչեր ես ասում, խելքդ գցե՞լ ես, Սաթենիկ տատի՞կը:
- Ա՜յ քեզ բան, պառավ կին էր, մեռավ էլի, ամուսինդ այնտեղ է չէ՞ գրանցված: Որ ասում էի կպարե՜ս…
- Մամա՛…

Շտապօգնության աշխատակիցները դեռ սենյակում էին, երբ  Վահանը մտավ ներս:
- Անի, ի՞նչ է եղել,- արագ մոտեցավ կնոջը:
- Մի անհանգստացիր, հիմա կանցնի, մի քիչ թույլ էի, մաման շտապօգնություն կանչեց:
Ճանապարհիր նրանց, Վահան:
Երբ նորից վերադարձավ սենյակ դիմեց կնոջը, առանց նկատելու, կամ երևի չնկատելու տալով զոքանչի ներկայությունը:
- Անի ջան, վերջապես վաճառեցի երկու նկար, հիմա կարող ենք փոքրիկի համար և մահճակալ և շորեր և խաղալիքներ…դու լա՞վ ես հիմա:
Անին սկսեց լաց լինել:
- Ի՞նչ եղավ, չեմ հասկանում:
- Ուրախությունից է լաց լինում, Վահան, կանցնի, երեխային վտանգ չկա, մի բան հարցնեմ դու տատիկիդ մոտ ես չէ՞ գրանցված, Բանգլադեշում:
- Այո, դուք չգիտե՞ք, որ մորս մահից հետո նա է ինձ պահել, մեծացրել, ուսումի տվել, Անիին էլ այնքան է սիրում որ…
- Մահացել է առավոտյան, մի մտածիր պառավ կին էր, օղորմի իրեն, հիմա պետք է որ…
- Ո՞նց թե մահացել է, երկու օր առաջ եմ եղել նրա մոտ: Իսկ ի՞նչ հանգիստ ես ասում այդ մասին տիկին Սեդա, կարծես մի ափսե է կոտրվել:
- Լավ, տրագեդիա մի սարքեք, հիմա պետք լուրջ մտածեք, որ աշխատածդ փողերը ճոխ բաների վրա…
Անին գլուխը թաքցրեց բարձի մեջ:
Անին լաց չէր լինում, լալիս էր վիրավորանքը:
Ամուսնուն հասցրած վիրավորանքը մեկ այլ հարազատ մարդուց:
Վիրավորա՜նքը…

Վիրավորանքը դա մի փոքրիկ կրծող կենդանի է: Տեսքից անվտանգ ու համոզող, որ եթե նրա հետ վարվես նուրբ և ճիշտ քեզ վնաս չի բերի:
Վիրավորանքին եթե չսարքես տնային կենդանի նա շատ հանգիստ կարող է ապրել ազատության մեջ ոչ մեկին ձեռք չի տա:
Բոլոր փորձերը կառավարել նրան, դարձնելով քոնը կավարտվեն ողբալի վերջաբանով:
Նա կարող է քո մեջ հայտնվել պատահականորեն ու բղավել ներսից.
- Կներես, ես միամիտ եմ հայտնվել այստեղ, բաց թող ինձ, ուզում եմ դուրս գալ…
Բայց չէ՞ որ մենք դեռ չենք սովորել կենդանիների լեզուն, հատկապես այսպիսի տեսքից փոքր կենդանիների:
Քեզ մոտ սկսում է ցավել մեկ այս մեկ այն տեղը, քանի որ վիրավորանքը պտտվում է քո մեջ, տեղ է ման գալիս դուրս գալու ու…առանց քո օգնության երբեք չի գտնի ելքը…
Դե քանի որ նա կենդանի է սովածանում է ու սկսում է քեզ ներսից ուտել, կրծել…
Սովորում ես նրան, նա էլ քեզ, եթե ժամանակին բաց չթողնես:
Մարդը թուլանում է, նվաղում իսկ նրա մեջ նստած վիրավորանքը չաղանում է մեծանում…
Վիրավորանքը դա մի փոքրիկ կրծող կենդանի է…
Եթե հանկարծ հանդիպում ես նրան, անցիր կողքով, մի նայիր աչքերի մեջ:
Եթե զգում ես, որ արդեն քո մեջ է՝ բաց թող նրան, թող գնա ուր ուզում է, իր համար վազվզի ազատության մեջ, չէ՞ որ այդպես անվտանգ կլինի…

Դու քնած ես վառվող մոմերի ու վառ ծաղիկներով լցված սենյակում… արդեն բավականին ժամանակ ու ես էլ ինչպես միշտ քո քնի մեջ եմ:
Վերադաևձնել քեզ քնից կարող են միայն իմ համբույրները քո ճակատին, սիրելի տատիկ, մի՞թե հեքիաթները սուտ են ու չես արթնանա:
Ես կբռնեմ քո ձեռքն ու դուրս կհանեմ սենյակից, սենյակում գտնվող մարդիկ էլ կանհայտանան:
Անընդհատ ինչ որ մարդիկ են մոտենում, բան են հարցնում չեմ հասկանում ինչ, որտե՞ղ պետք է թաղվի, ժամը քանիսին՞, հոգեհացը որտե՞ղ է լինելու:
Հիմա էլ Անին է մոտեցել համբուրում է ճակատդ,տեսնում ես նրա աչքի արցունքը, ախ, տա՜տ, տա՜տ…
- Վահան ջան, ասում եմ, որ հանկարծ աղջիկ ծնվի, ի՞նչ եք որոշել անունը դնել, տղա ջան անունը կարևոր է, ես էլ գիտես, որ քո հոր տեղն եմ եղել…
Աներն է, որը խոսելու էլ ինչ պետք է ունենա:
- Անունը դնելու եմ Սաթենիկ, որոշված է, այդ հարցով էլ չխոսենք:
- Այ տղա այսքան ժամանակակից անունների մեջ, այ քեզ բան…դեռ նկարիչ ես…
Միգուցե իրոք մի հրաշք լինի ու արթնանա տատիկս, արդեն կարոտեցի:
Հրա՜շք…

Հրաշքները դրանք կյանքի պատահական երջանիկ կադրեր են, դու ուրախանում ես, ծիծաղում այնքան, որ արցունքներ են երևում աչքերիդ, բղավում ես ու ականջներդ պայթում են շրջապատի գեղեցկության ձայներից, բայց ավա՜ղ…

Տատիկի սիրտը երբեք չէր ցավացել, միայն հիշում է, որ շատ անգամ էր ասում Անիին, որ սիրտը ցավում է մեր համար, սիրտն այդպես էր ցավում, բարի ու անհանգիստ…
- Վահան ջան, երբ պիտի ազատ ժամանակ գտնես, Անիին տանես Նորավանք…ուխտ եմ արել, բալա ջան:

Քո մահը ամպրոպ էր այս պահին իմ և Անիի համար, որի շարժումներն աչքիս կարծես քո շարժումներն են:
Մենք այնքան անպաշտպան էինք քո կորստով, ինչքան ծառից պոկված երկու տերև, որ պտտվելով դանդաղ իջնում են գետնին, չունենալով կառչելու տեղ:
Մի քանի օրից կդատարկվի այս տունը, մարդիկ կսկսեն ավելի հազվադեպ երևալ:
Կսկսվեն նոր օրեր, առանց քո խնամող ձեռքերի ու բարի, լուսավոր աչքերի…
Միգուցե նոր ծնվող իմ հրաշքը փոխարինի քեզ:
- Նրա անունը Սաթենիկ է լինելու, բարձր բղավեց երբ դագաղը ձեռքերի վրա դուրս էր գալիս բնակարանից:

Комментариев нет: