суббота, 1 марта 2014 г.

Օրագրի միակ էջը



Կարծես թե գարուն է դրսում,
իսկ ներսից չի երևում դա:
Ներսում ավելի տաք է, ջերմ, կիսամութ ու սուրճի բուրմունք:
Դրսում հաստատ գարուն է,
իսկ ներսում սպասումն է ու անհանգիստ մի սիրտ…
Դրսում թափառող երաժիշտն է անխնամ մազերով ու թախծոտ աչքերով,
իսկ ներսում արդեն այրվել է երաժշտության վերջին ակորդը:
Դրսում մտքերի քաոս է, որտեղ կան նաև քո մտքերը, որոնք էլ նուրբ ալիքի տեսքով պատուհանների միկրոճեղքերից լցվում են ներս և պարզ լսվում է.
- Դու Հրեշտակ ես, բայց…
Շարունակություն չկա ու դա ցավ է, որ փաթաթվում է ենթագիտակցությանս ու նորից ստիպում բաժանել Դուրսը  Ներսից ու չի ստացվում սրտիս զարկերով զգալ քո սրտի զարկերը…սպասել մինչև զարկերն ընկնեն ռեզոնանսի մեջ ու  սողոսկեմ դեպի Հավերժություն…

Վաղուց եմ սպասում, շատ վաղուց և արդեն քո զանգերը՝  իմ կյանքը, դարձել են ավազե ժամացույցներ, որ կյանքիս ամեն մի ակնթարթ վեր են ածել ավազահատիկների ու դանդաղ ընկնում են…ո՞ւր…հետո նորից են ընկնում ու այսպես մի ամբողջ հավերժություն:  
Դրսից նորից լսվում է քո ձայնը
- Դու Հրեշտակ ես, բայց…
Ա՜խ, այդ «բայցը»…
Ներսում մենք անպայման կհանդիպենք, միգուցե մի քանի հարյուր տարի հետո, բայց անպայման կհանդիպենք…իսկ ինչպե՞ս պետք է հիշեմ, երբ նույնիսկ երեկվա օրը չեմ կարողանում հիշել քանի որ դու դարձյալ չկայիր…
Դրսում մենակությունն է, որը չի ընդունում «ընկերություն» բառն ու պաշտում է Հավերժությանը…
Ներսում վարագույներն են անշարժ ու դառնության նման ծանր…
Դրսում մի սուլոց է ինչ որ անհայտ երգահանի, նոտաներից հասկացվում են երեք բառ.
համբերիր…
համբուրիր…
համբարձվիր…

Ներսում մի կաթիլ արցունք է ընկնում սուրճի բաժակի մեջ, մի կաթիլ…
Իսկ դու ի՞նչ է չգիտե՞ս, որ ընդամենը մեկ կաթիլն է լցնում համբերությամբ լցված բաժակը:
Եթե գիտես ապա ինչո՞ւ չես շարունակում
- Դու Հրեշտակ ես, բայց…
Դրսում Հավերժությունը շնչահեղձ տեղ է փնտրում թաքնվելու գարնան հարվածներից ու այլ տեղ չգտնելով սողոսկում է ներս շարժելով կարմիր ծանր վարագույրները…
Վարագույրների  փոքրիկ բացվածքից մի թև է երևում՝ հրեշտակի մի թև…
Սպասում եմ երկրորդ թևին, սպասում այնպես ինչպես անձրևի ժամանակ սպասում են ծիածանի հայտնվելուն …
Ես գիտեմ, որ հիմա կհայտնվես, քո ձեռքերում կլինեն ծաղիկներ, ճիշտ է անձրևից թրջված բայց Քո ձեռքերում…
Ո՞ւր ես, արի վերջապես, ես չեմ դիմանում,արի և ասա շարունակությունը
- Դու Հրեշտակ ես, բայց…
Ոչ, դաժան ես, միթե չես նկատում որ արդեն մի ամբողջ հավերժություն շրջում եմ ավազե ժամացույցն ու կարծես վերջ չկա…

Դրսում գարուն է, իսկ ներսում,պահարանի ետևից լսվում է յոթանասունհինգամյա տատիկիս աղոթքը.
- Սուրբ Մայիս, Մարինայիս պահապան, աղաչում եմ…
- Տա՞տ, սուրբ Մայիս էլ կա՞: Ինչ որ չեմ հիշում:
-Իա՜, բա պապդ՝Մայիսը: Մեծ աղջիկ ես, չգիտե՞ս, որ երբ սիրում ես բոլոր տղամարդիկ էլ Սուրբ են դառնում:

… Դրսում գարուն է, իսկ ներսում Դու ես, մոտենում ես ափդ պարզած ու նստում սեղանիս մոտ, նայում ես սուրճիս բաժակին, որը քաղցր չէ, դառը չէ այլ աղի…
Ես լալիս եմ հասկանալով որ Հավերժությունը ունի սահման, Հավերժությունը քո ափի մեջ է,  Հավերժության սահմանը մատերիդ ծայրերն են, որոնք դանդաղ մոտենում են, ցուցամատով ու միջնամատով հպվում շուրթերիս…
- Դու Հրեշտակ ես, բայց մեկ թևանի, ես էլ եմ մեկ թևանի, միայն միասին կարող ենք թռչել, թռչե՞նք…
Ես չեմ կարող դիմադրել Սրբին և չեմ էլ ցանկանում:
Դրսում գարուն է,
Ներսում գարուն է,
և ես ուզում եմ թռչել…

Ս.Ումառ


 





Комментариев нет: