четверг, 27 марта 2014 г.

Ծաղկած նռենի

Դու չսովորեցիր լռել, երբ ես եմ խոսում :Դու չսովորեցիր համաձայնել ինձ հետ , երբ ինչ-որ բան եմ որոշում:
- Այս ի՞նչ արեցիր,- ծղրտում ես դու: - Ինչո՞ւ այդքան խմեցիր:

* * *
Երեկ մի քիչ խմեցի, ինչ-որ բառեր էի ասում կիսահանգերով, հետո արմունկիս դրած թեյի բաժակով օղի խմեցի:
Պահը դուրեկան էր: Բոլորը սպասում էին, որ այդքան խմելուց հետո չեմ կարողանա ոչինչ անել կամ ասել:
Միտքս պայծառ էր, բայց…
Իսկ Նա, ում ծննդյան օրն էր, և ում վաղուց հավանում էի, մոտեցավ ինձ:
- Կարո՞ղ ես մի բան նվագել ինձ համար, որ քո աչքերի նման ծովագույն լինի, նվիրածդ թրաշուշանների նման` մանուշակագույն և իմ երազների նման`վարդագույն:

* * *
Դու կարճ տարածություն դուրս եկած մարզիկի նման շտապում ես հասնելու վերջնագիծը նշող կարմիր ժապավենին`կրծքով հատելու համար: Շտապում ես բղավել, որ հասար վերջնագծին առաջինը, չնայած վազքուղում երկուսով ենք`ես ու դու`իմ սիրտը:

* * *
Չկարողացա բացատրել, որ ես ընդամենը մի ապահովագրական գործակալ եմ և բացի ապահովագրելուց ուրիշ ոչինչ չեմ կարողանում:
- Իսկ գեղեցիկ խոսքե~րդ, փիլիսոփայե~լդ, կրոնի մասին հատուկ կարծիք ունենա~լդ, իսկ նման ձևով օղի խմե~լդ: Դու գիտես, թե ո՞վ ես: Դու ուղղակի փուչիկ ես` անգիր արած բաժակաճառերով և զինվորականի կոշտ ու կոպիտ շարժումներով:

* * *
Անբացատրելին ինձ պատուհանի մոտից տարավ ու թաղեց բազկաթոռի մեջ: Աչքերս կիսաբաց` ինձ թվաց, թե ինձնից ձեռք քաշեց: Բայց միտքս քչփորում է, թաքնված տեղերից հանում ու սենյակում խառնիխուռն թափված կանացի ներքնաշորերի վրա նետում մեկօրյա հիշողության  պատառներ:
Որտե՞ղ եմ:
Ամբացատրելին համր է:
Իսկ իմ ակնջներում ջրի կաթիլների վայր թափվելու քաոսային ձայնն է..
* * *
Դու չսովորեցիր, որ որպես զրուցակից` իմ սիրտն ես` անբացատրելի ու նեղացկոտ: Ես էլ չսովորեցի կամաց-կամաց հարմարվել քո լեզվի ու ցանկություններ հետ:
Մա՞րդ էլ վիճի իր իսկ սրտի հետ:
* * *
Մոտեցավ մի անծանոթ` կապույտ շրջազգեստով ու հետաքրքիր աչքերով աղջիկներից մեկը, որին մինչ այդ չէի նկատել:
-Դու չես կարող չնվագել, ես չեմ հավատում:
Ես անձայն մոտեցա դաշնամուրին: Ճիշտ է ,վաղուց չէի նվագել, բայց անբացտրելին ձեռքիս մատները դրեց դաշնամուրի սպիտակ ստեղներին, ու Շոստակովիչի երկրորդ կոնցերտը դաշնամուրի համար հորդաց ներկաների երակներում:
Ես նվագում էի, իսկ անբացատրելին ինձ պատմում էր, որ ինչ-որ մի տեղ մեղու է խճճվել դիակի մորուքի մեջ, որ ինչ-որ մի տեղ նստած ու իրար են նայում երկու սևազգեստ կին`<պղինձ դեմքերով>, որ ինչ-որ մի քաղաքում հայտնվել է Անհամատեղելին,պառկել քնած ամուսիններ միջև ու մինչև առավոտ շրթհարմոն նվագել, որ…որ…
Երբ անբացատրելին իմ աջ`խաչակնքող ձեռքով նվագեց վերջին ակորդը, ես արդեն հարբած էի:

* * *
Դու չընդունեցիր, որ քո վարպետ ձեռքերով ծեփել ես դեմքիս մի դիմակ`ծիծաղ դիմակ, դիմացիններից ցավս ու վիշտս թաքցնելու համար:
Ինչո՞ւ:
Որովհետև անբացատրելի ես:

* * *
-Այո, գերմանական մեծ կոմպոզիտորին լավ ես հասկացել:
Գերմանական:
Ես արագ շուռ եկա, որ նայեմ մինչ այդ հրաշալիք համարած նրա աչքերին, բայց նա դեմք չուներ , դատարկություն էր, կամ իմ աչքերն էին դատարկություն:
Ոչ, իմ աչքերը չէին, որովհետև ես պարզ տեսա իմ ձախ ուսին իջած, ինձ նվագել համոզող աղջկա ձեռքը:
Անձայն գնացի խոհանոց, իսկ որոշ, շատ կարճ ժամանակից հետո դուրս եկա աստիճանավանդակ:

* * *
Դու ինձ չսովորեցրեցիր տարբերել սուտ սիրո զգացողության համը: Ու հիմա անսեր համբույրներից թքի պղպջակները հերթով պայթում են բերանիս կիսածռված անկյունում:

* * *
Աստիճանավանդակում`աստիճանների վրա կապույտ շրջազգեստով աղջիկն էր նստած մի մեծ շան թոկը ձեռքին, շունն էլ հանգիստ պառկած էր:
Շունն ինձնից վախենալու պատճառ չուներ, դրա համար էր հանգիստ: Իսկ շան տիրուհին ինչու էր հանգիստ, չհասկացա, քանի որ կիսաբաց էին թե´ կուրծքը, թե´ ոտքերը: Աղջիկը անտեսում էր ձմեռը կամ իմ աչքերը:
Ես ցանկացա ծխել, ու ձեռքս տարա գրպանս: Շունն ալարկոտ նայեց ու գլուխը շրջեց:
-Տարօրինակ է,- ասաց աղջիկը,-շ ունս չարձագանքեց, դեռ այսպիսի բան չէր պատահել:
Անձայն վառեցի ծխախոտս:
-Ի~նչ լավ էիր նվագում,- հաստատուն տոնով փաստեց աղջիկը, այնպիսի չարաճճի աչքերով, ինչպիսին նրա կիսաբաց կրծքերն էին ու ոտքերը:
Իմ աչքերը դասվում են ամենաչարաճճի աչքերի շարքին, ուստի չկարողացան չմտնել նրա կիսաբաց կրծքերի մեջ, բայց, ա´յ, կիսաբաց ոտքերի մեջ աչքերս միայն մութը տեսան:
Աղջիկը գիտեր, որ նստած է անհարմար, բայց չգիտեր երևի, որ կարելի է նստել ավելի անհարմար ու չտանջել ուրիշի աչքերին: Նստել այնպես, որ ուրիշի աչքերն ինչ ցանկանան, այն էլ տեսնեն…

* * *
Ներսի կողմից քո պատերին քերծված են բառեր
<Վերցրո´ւ, վերցրո´ւ, քո´նն են>:
- Ո´չ, ե´ս չէի նվագում, այլ` կապույտ շրջազգեստով մի աղջիկ:
Ես հասկացա, որ աղջիկը մոտերքում է ապրում, քանի որ այդ ընթացքում չէր կարող գնալ շան հետևից ու վերադառնալ:
-Չի կարող պատահել, նվագողը տղամարդ էր, քանի որ կանայք հավաքույթներում Շոստակովիչ չեն նախընտրում:
-Իսկ ո՞ւմ են նախընտրում կանայք:
-Ոչ թե ո՞ւմ, այլ` ի՞նչ: Կանայք նախընտրում են կապույտ աչքեր, վարդագույն խոսքեր, մանուշակագույն ծաղիկներ, իսկ տղամարդիկ..՞
-Դե´, համարձա´կ:
-Տաք սև սուրճ`առանց շաքարի, կարող եմ հյուրասիրել:
Ձեռքով ցույց է տալիս կողքի դուռը:
Աաա~, հարևանուհին է:

* * *
Դու չընդունեցիր, որ նուռը ճաքում ու իր հյութը ձյան վրա է թափում երկու անգամ`
առաջին անգամ, երբ դառնում են կին,
երկրորդ անգամ, երբ կին են դառնում:
Դու այդպես էլ չսովորեցիր, որ մաշված ու տանջված բառերին`<Ես քեզ սիրում եմ>, եկել են փոխարինելու <Դու ինձ պետք ես>բառերը:

* * *
Սենյակն անբացատրելի է,անծանոթ, անհասկանալի:
Ո՞րտեղ եմ:
Ինչ-որ մեկի սառած մատները խառնեցին միտքս, մազերս, հետո բռնեցին ձեռքս ու ինձ անծանոթ մահճակալից տարան դեպի պատուհանը, որտեղից պետք է որ երևար դեռ նախնադարից աճած ու չորացած նռենին:
Դրսում ցուրտ է ու անծանոթ փողոց:

* * *
Դու չսովորեցիր հաշտվել այն մտքի հետ, որ հեքիաթները դրանք կյանքի պայծառ էջեր են , որ պետք է կարդալ դանդաղ, առանց շտապելու վայելել միայն հաճելին ու իրականալին, որովհետև դու իմ սիրտն ես, այլ ոչ թե հոգին:

* * *
Ցուրտ է:
Անմբացատրելին ձեռքս բռնած տարավ դեպի մահճակալը:
Քաշեցի վերմակն ու պառկեցի արդեն բացատրելի սենյակում`կապույտ շրջազգեստով աղջկա սենյակում:
Ազդրերիս խոնավություն զգացի: Նորից քաշեցի վերմակն ու ոտքերիս արանքում տեսա լճացած, ամնեղ սիրո` ահավոր հաճելի նռան գույնը:

* * *
Դու` կյանքիս նման սարսափելի ձեռքերի ափերով հավաքեցիր ու նռան մեջ լցրեցիր իր իսկ հյութը:
Նուռը ճաքեց հաճույքից:

* * *
Մոտենում եմ լոգարանին:
Նռենին թափանցիկ շղարշով ցանկապատված` լոգանք է ընդունում:
Շղարշի անձեռնամխելիությունը հսկում է շունը:
Քաշում եմ շղարշը: Շունը գլուխը շրջում է:
Ամոթխածության սավանը գետին է ընկնում, ու ամբողջական մի մեծ ժպիտ կուլ է տալիս ինձ, ինձ, ոչ թե քեզ:
Շունը հսկում է իմ` բերանները բաց կոշիկները:
Անբացտրելին ինձ հրում է նռենու ճյուղերի տակ:
Նռենին փաթաթվում է ինձ:
Թափվող տաք ջրի կաթիլների տակ ես արդեն տարբերում եմ իսկական սիրո համը` նռան համը:

* * *
Ի՞նչ, դու նո՞րից ուզում ես խոսել, վիճել:
Ինչո՞ւ նորից լսել քեզ ու հեռանալ:

* * *
Փակ աչքերով ականջիս շշնջում է.
-Դու չես կարող հեռանալ: Դու կմնա՞ս, չէ՞:
Աչքերս կիսաբացում եմ, լողասենյակի փոքրիկ հայելու մեջ տեսնում եմ ինձ`նռան հատիկներով զարդարված:
Հայելու միջից իր ահռելի երախով ինձ ծամում ու կուլ է տալիս իդեալիս կարմիր գերեզմանը:
Կարմիր, որովհետև իդեալի գերեզմաններից միայն իմ գերեզմանին է դեռ նախնադարից աճած ու նորից ծաղկող նռենին:


Ս.Ումառ

Комментариев нет: