Ես մեղք չեմ գործել…
ոչ փոքր ոչ մեծ
ու չեմ հասկացել
թե մինչև հիմա մեղքեր քավելու
հարցերիս հարցը
ի՞նչպես է լուծվել…
մեղքեր չեմ գործե՜լ…
ի՞նչպես եմ ապրել:
Իմացյալ կյանքիս ժամահատվածում
ապտակ չեմ ստացել,
իմ ամբողջ կյանքը ապտակ է եղել…
Հիմա փորձում եմ կյանքիս օրերը մեկ մեկ գումարել,
մի թելի վրա շարել, հավաքել,
փորձում եմ քայլել ու չսայթաքել,
սարքել հեռացած
կենսագրության պար…
ստացվում է դառը երկար ճանապարհ…
Ինձ հսկող աչքի բացված անկյունը փոքր է եղել,
գուցե արցունքոտ ոչինչ չի՞ տեսել,
հիմա զգում եմ, որ ժամն է ավարտման,
գուցե փորձությո՞ւն
կամ աչքի միրա՞ժ…
… Թեքվել է ուռին արծաթ գետակին
Քնքուշ մոր նման…
Մի ձայն եմ լսում կամա՜ց, շա՜տ կամաց.
- Վեր կաց, քայլ արա մի մնա ընկած…
Սիրտս սևազգեստ ժամհարի զգեստով
կոշտուկ ձեռքերով զարկում է տագնապ.
- Վեր կաց, քայլ արա մի մնա ընկած…
մեղքեր չե՞ս գործել՝ կլինես նոխազ,
մի լսիր, ոռնոցը սովահար գայլի,
ձայնը արյունոտ խուլ հառաչանքի,
Ու արհամարի՜ր…
կոպերիդ կառչած մթան ձեռքերը,
շուրթերիդ վրա քմծիծաղ երգող,
պորտապար պարող գիժ վհուկների
հիմար Պարերը:
Ծալված ոտքերս բացելով հազիվ
քայլում եմ նորից…
Խառնվել է արյունս կարմիր
սև տանջանքի հետ,
դարձել խմորված անհեթեթ զանգված,
բախտի ձեռքերն են խաղում կամքիս հետ
մինչև լուսաբաց…
Թեքվել է ուռին արծաթ գետակին
քնքուշ մոր նման…
Մի ձայն եմ լսում կամա՜ց, շա՜տ կամաց.
- Վեր կաց, քայլ արա մի մնա ընկած…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий