* * *
Երևանյան Մետրոյի շարժասանդուղքը ինձ տանում է, իջեցնում մի
այլ աշխարհ՝ անդրերկրյա աշխարհ, որտեղ գործում են ուրիշ օրենքներ, ուրիշ
արագություններ ու ուրիշ կերպարներ:
Այդ կերպարները հաճախ զոլավոր խալաթներով են, մաշված քրքրված
շորերով:
Նրանց մազերը գաղափար չունեն սանրի գոյության մասին,
հագուստները արդուկի, մատները խնամքի, հոգիները հոգեբուժների…
Երբ վագոնի դուռը փակվեց ես հասկացա որ կտրվեցի աշխարհից:
- Քեզ՛, քե՛զ, քե՛զ, - ձեռքով ցույց է տալիս մի քանի հոգու:
- Գնդակահարել:
- Քե՛զ քե՛զ, կախաղան:
Մարդիկ սեղմվում են իրար, վախեցած հայացքներով փնտրում ինչ որ
մեկին որը կարող է պաշտպանել իրենց:
Ասողը, պարզ երևում է,
որ հիվադ մարդ է, կարիք չկա վախենալու:
Վագոնում նստած տղամարդիկ գլուխները կախ իրենց զբաղված են
ցույց տալիս:
Կողքս նստած երկու ուսանողուհիները վախից դողում են:
- Նա անվնաս է, աղջիկներ, հիվանդ է, մի վախեցեք, - ասում եմ ու
չգիտեմ հետո ինչ անել:
Մարդը ոտքերը լայն դրած, ու կարողանա պահել
հավասարակշռությունը փնտրում է էլի զոհ, կախելու կամ գնդակահարելու համար:
Մոտեցավ, բռնում եմ ձեռքը, քաշում նստեցնում կողքս:
- Նստիր, ինչո՞ւ ես վախեցնում մարդկանց:
- Երկու օր մահացած եմ եղել, հասկանո՞ւմ ես, երկու օր:
Այդ երկու օրվա ընթացքում անընդհատ կենդանանում էի բայց ցույց
չէի տալիս, չէի բացում աչքերս, ուզում էի անընդհատ լսել,նրա ձայնը խոսքերը, զգալ
նրա իմ մազերը շոյելը, նուրբ մատներով վերմակս ուղղելը, էհ ինչ ասեմ…
Հիմա ատում եմ բոլորին, ամենաշատը՝ ինձ:
Ամենաշատը զզվում եմ իմ խղճից, դե իսկ կամքիս ուժը վաղուց
հեռացել ու չգիտեմ որտեղ է թափառում:
Եվ դա ասում էր մի հիվադ մարդ, որին համարում են խելապակաս
կամ…
Հետո միանգամից ոտքի ելավ, նորից ցույց տվեց վագոնում նստած մի
քանի հոգու, հատկապես գլուխները կախած բայց ուշադիր լսողներին:
- Քե՛զ, քե՛զ, քե՛զ, - ձեռքով ցույց է տալիս կոկորդը:
Քաշեցի ձեռքից ու նորից նստեցրի կողքս:
- Հիմա կիջնենք, ես քեզ կհյուրասիրեմ սուրճով, երևի վաղուց չես
խմել:
- Չէ, չեմ ուզում, ավելի լավ է տաք թեյ, քաղցր: Ես աշխատել եմ
մանկական սրճարանում, երեխաներին էի զվարճացնում, բոլորին թվում էր թե գիժ եմ, ու
հեռացրեցին աշխատանքից, ինչո՞ւ, չհասկացա: Դու ինչով ես ատամներդ մաքրում,
«կոլգեյթով»: Թեյ կհյուրասիրե՞ս…
Սրճարանում մեզ ընդունեցին ինչպես ընդունում են ստիպողաբար
բնակավայրը լքածներին:
Երբ բերել էին իմ սուրճն ու նրա համար թեյը, ես հարցրեցի:
- Քաղցրավենիք ուզո՞ւմ ես:
Չլսե՞ց թե չլսելու տվեց:
- Անջատիր հեռախոսդ, այնպես էլ ցուցադրաբար դրել ես սեղանին:
Ես քեզ կպատմեմ ամեն ինչ, միգուցե թեթևանա՞մ:
Աննկատ միացրեցի հեռախոսիս ձայնագրիչը և էկրանով շրջած դրեցի
սեղանին:
« Ես չեմ հիշում թե ինչպես էի հայտնվել հիվանդանոցում, հետո
իմացա, որ գտնվել եմ կոմայի մեջ: Բայց այդ վիճակում մի պահ լսեցի Նրա ձայնը,
աղոթում էր, ես վախեցա աչքերս բացել, վախեցա, որ կարող եմ չլսել նրա խոսքերը, ես
չէի ցանկանում նրան վիշտ պատճառել, բայց միաժամանակ այնքան ուշադիր էի լսում, որ
կարողանամ հետո բառ առ բառ վերարտադրել: Ես կրկնում եմ նրա բառերը:
« … Աստվա՛ծ իմ, եթե ունես թեկուզ մեկ ազատ վայրկյան- լսիր
ինձ: Ես չգիտեմ աղոթել, չեմ աղոթել երբեք, բայց ուզում եմ որ լսես ինձ:
Աստվա՛ծ իմ, արա այնպես, որ նա միշտ ունենա պահապան: Նա
ցերեկներն է իրեն զգում ուժեղ ու խելացի, կարող դիմակայելու ամեն չարի դեմ, իսկ
հիմա ես նայում եմ նրան, նրա փակ աչքերին ու զգում եմ թե որքան անօգնական է նա:
Ես զգում եմ, որ նա արտաշնչում է, ու խնդրում եմ Քեզ, այնպես
արա որ ամեն արտաշնչելուն հետևի նաև շունչ քաշելը:
Խնդրում եմ, այնպես արա որ ինչ որ մեկի նուրբ մատները շոյեն
նրա մազերը, նա դա սիրում է, թեկուզ չլինի իմ ձեռքը, բայց լինի մի ձեռք որ օգնի
նրան դիմակայելու…
Աստվա՛ծ իմ, ազատիր նրան տանջահար որոշումներից, որոշումներից,
որ կարող են վնասել նրան…
Թող նա միշտ տեսնի լույս, որի տակ էլ կարողանա կողմնորոշվել:
Թող հիմա հանգստանա, բայց անպայման ուշքի գալու պայմանով:
Իմ աղոթքը նման չէ աղոթքի, բայց ներող եղիր, խնդրում եմ երբ նա
արթնանա, թող տեսնի աշխարհը իր բոլոր գույներով, զգա սերը իր բոլոր ելևէջներով:
Ոչինչ, թեկուզ իմ նկատմամբ չլինի:
Ես հիմա գոհ եմ քեզնից, Տե՛ր իմ, որ կարող եմ նստած շոյել նրա
ձեռքը, հույսս դնելով Քո վրա…»:
Թեյը երևի սառել էր:
Սառել էր նաև իմ հայացքը, գամված մոխրամանի մեջ այրվող
ծխախոտից բարձրացող ծխին:
- Ես ուշքի էի, լսում էի ամեն ինչ, բայց այդպես էլ չգիտեմ
ինչու, չբացեցի աչքերս:
Աչքերս բացեցի միայն այն ժամանակ, երբ նրա հայրը ստիպողաբար,
ձեռքից քաշելով դուրս էր հանում հիվանդասենյակից:
Լավ կլիներ երբեք չբացեի աչքերս, քանի որ հենց այդ պահին իմ
աչքերը հանդիպեցին նրա հոր կատաղած աչքերին:
Հետո շատ ման եկա նրան, բայց հասկացա, որ հայրը նրան երկրից
դուրս է ուղարկել:
Մի պահ կանգնեց, շուռ եկավ դեպի նրա պատմությունը լսող,
աչքները թաց քիչ հեռու հավաքված մատուցողուհիների կողմը:
- Քե՛զ, քե՛զ, քե՛զ, - ձեռքով ցույց տվեց կոկորդն ու ծիծաղելով
հեռացավ:
Ժամանակը կուլ տված ոզնի է, ծակում է ամբողջ մարմինդ ներսից:
Ժամանակը մի ռումբ էր, որ նա նետեց սեղանին ու պայթյունի
հազարավոր բեկորներ օդում բղավում էին…
« Բավական է ընդամենը մեկ րոպե - նկատելու համար:
Ընդամենը մեկ ժամ` գնահատելու համար:
Մեկ օր` սիրահարվելու համար, իսկ հետո մի ամբողջ հավերժություն մոռանալու համար…:
Комментариев нет:
Отправить комментарий