Ընդամենը
երեք տառ: Բայց իմաստը….
Ընդամենը
մեկ բառ, երեք տառ ու …սկսվում է ամեն ինչ:
Հետաքրքիր է,
քանի՞ բառ կա երեք տառով. սուտ, մահ, գեն, որբ, ձագ, բոթ, սեր, թուր, սուր, հաբ,
բիբ, աղբ, գութ, տղա, քար, դար, կար, սար…
Չէ~, այդ
բառն այստեղ չկա: Այն գտնվելու մեկ վայր ունի միայն`
<Հոգի>
ինքնավար հանրապետության մայրաքաղաք՝ <Սրտի> կենտրոնից 36 աստիճան
դեպի հյուսիս-արևմուտք:
Այդ բառը
կարող է ընդամենը մեկ վայրկյանում փոխել ամբողջ կյանքի ընթացքը:
Կախարդական
բառ է: Եվ բոլորովին էլ իզուր չէ, որ թաքնվել է սրտի մեջ, քանի որ հենց սրտից էլ
դուրս են գալիս բոլոր, բոլոր բառերն իրենց նշանակությամբ:
Սրտից է
դուրս գալիս ժպիտը, երբ ուզում ես լաց լինել:
Սրտից է
դուրս գալիս լացը, երբ շատ երջանիկ ես:
Սրտից է
դուրս գալիս ծիծաղը, երբ շատ ես անհանգստանում:
* * *
Երբ միացավ ինտերնետային
կրիչը, էկրանին երևաց գովազդային շարժապատկեր, փակվեց ու հաջորդեց ինչ- որ սոցիալական ցանցի
ծանոթությունների կայք:
* * *
Արդեն երկու
ամիս է, ինչ նամակարգական կոչվող կապով
<կախված> եմ ինտերնետ-սարդոստայնի թելերից:
Անունը Քրիստինա
է, տարիքը` քսանչորս, եթե, իհարկե, ճիշտ է ասել:
Նկարներ
չենք փոխանակել, չենք հանդիպել:
Շփվել ենք
առանց մտերմական արտահայտությունների, առանց քնքուշ բառերի, բայց միշտ գտել ենք անհանգստացնող թեմաների ու մտքերի ընդհանուր պատասխաններ:
Չէի կարող
հանդիպել: Այսօր բժիշկն ասաց, որ ոտքիս ոսկորն արդեն կպել է, կարելի է քայլել:
Որոշեցի հանդիպել:
Երբ
միացրեցի համակարգիչս, տեսա հաղորդագրության թարթիչ աչքը:
< Ողջույն,
սիրելի´ս, ի´մ սեր: Այսօր քո սիրած զգեստն
եմ հագել, հիշո՞ւմ ես` սպիտակը, կապույտ գծերով: Ձեռքիս ափերը մեկնել եմ քեզ ու
սպասում եմ…>
Բայց մենք
երբեք չենք հանդիպել: Սա ի՞նչ նամակ է…
Ուրիշին
ուղղվա՞ծ ու պատահականորեն ի՞նձ ուղարկված:
<Մենք
չենք հանդիպել, ինչպե՞ս պետք է հիշեմ… դու երևի շփոթել ես հասցեն >:
Նամակն
անհայտացավ իմ համակարգչի էկրանից հենց այն ժամանակ, երբ բնակարանում անջատվեց էլեկտրական հոսանքը:
Երկու ամսվա
իմ անկեղծությունը ցնդեց սենյակի մթության մեջ:
Դե, իսկ նա, ում հասցեագրված է նամակը, արդեն շատ
հեռու է գնացել շփումների մեջ:
Երբ նորից
միացավ համակարգիչս, նոր հաղորդագրություն էր.
<Դրանք
իմ երկու ամսվա չուղարկված տողերն , որ քեզ համար էի պատրաստել… Ուղարկեցի`
իմանալով, որ ապաքինվել ես և էլ չես
գրի>:
<Ես
այնքան շնորհակալ եմ քեզ`այս ընթացքում ինձ հետ լինելու համար, որ չգիտեմ, ինչպես
պետք է… Դու ինձ անչափ օգնեցիր: Չէ՞ որ, իմանալով իմ վիճակը`ինձ լքեց ընկերուհիս,
իսկ դու…>
<Ես
գիտեմ, որ չես ցանկանա հանդիպել: Ես էլ չեմ ցանկանա, քանի որ ինձ տեսնելուց հետո,
միևնույն է, դո´ւ ես հետ կանգնելու>:
<Ինչո՞ւ:
Ինձ համար արտաքինը նշանակություն չունի, չե՞ս հավատում>:
<Չգիտեմ:
Դու ուզո՞ւմ ես հանդիպել>:
<Անպայմա´ն:
Ես կարող եմ վաղվանից քայլել, ճիշտ է դանդաղ բայց…>:
<Լա´վ,
երեկոյան կխոսենք>:
* * *
Ինչքան
գեղեցիկ նամակներ եմ ստացել քեզանից` ինձ համար դժվար պահերին:
Շատ տողեր
անգիր գիտեմ: Ոչ թե այն պատճառով, որ անգիր եմ արել, այլ, որ կարդացել եմ բազմաթիվ
անգամ:
Քո ամեն մի
նամակից ես ուզում էի թչկոտել իմ կոտրված ոտքով: Դու ինձ այնքան հույս տվեցիր, որ…
* * *
< Քեզ
հարմա՞ր է ուրբաթ օրը, ժամը 18.00 >:
< Այո,
միայն թող մոտ լինի իմ տանը, շատ չեմ կարող քայլել >:
< Ինքդ
որոշիր >:
< Տերյանի
արձանի մոտ: Կգա՞ս >:
< Ես
կլինեմ ինչպես նկարագրել էի. զգեստս`սպիտակ` կապույտ գծերով, ձեռքիս կլինի կարմիր
վարդ: Բայց մի պայմանով: Հակառակ դեպքում չեմ գա: Եթե քեզ դուր չգամ, չմոտենաս: Պայմանավորվեցի՞նք
>:
< Այդպես
ճիշտ չէ >:
< Ուրեմն
չեմ գա >:
* * *
Տերյանի
արձանի մոտ տեղ չկար նստելու:
Ձեռնափայտին
հենված տղան մոտեցավ ու նստեց մի նստարանի ծայրին, որտեղից և´ ինքն էր երևում, և´
արձանը: Մացառուտներին հենած ձեռնափայտը
վայր ընկավ, բայց տղան չնկատեց:
Անցավ տասը
րոպե:
<Ես չեմ
կարող անտարբեր մնալ, անպայման կմոտենամ>:
Դանդաղ
քայլերով մոտենում էր մի կին`հագին` կապույտ գծերով սպիտակ զգեստ:
Հայացքը սահեց-անցավ
բոլոր նստարանների մարդկանց վրայով ու…. կանգ առավ:
Կանգ առավ
նաև տղայի սիրտը:
Պարզ երևում
էր, որ կինը տղայից տարիքով մեծ էր:
Ձեռքին
կարմիր վարդ չկար:
Անհանգիստ
էր: Ու կարծես անօգնական աչքերով փնտրում էր ձեռնափայտով տղային:
Տղան ասես կռահելով`շտապեց կռանալ ու վերցնել
մացառուտների միջից երևացող ձեռնափայտը: Չկարողացավ:
Մտածեց, եթե
հապաղի, կինը կգնա, ու ինքը հաստատ չի հասնի նրա հետևից:
Կանգնեց մի
կերպ ու կաղալով` մոտեցավ:
-
Քրիստինա՞:
- Չէ´, ես
Լուսինեն եմ, անունս ուղղակի….
- Նշանակություն
չունի, իսկ վարդը՞, չկա՞…
- Վարդն ինձ
մոտ է: Ես եմ Քրիստինան:
Մի կերպ շրջվեց:
Տեսավ իրեն հասակակից մի աղջկա` ձեռքին
կարմիր վարդ:
Գեղեցիկ էր,
ժամանակակից, սպիտակ վերնաշապիկով ու
կապույտ ջինսով:
- Ուզում էի
ճշտել, կմոտենաս, թե՞… Լուսինեն իմ հարևանուհին է: Ես էի խնդրել: Քեզ ամեն ինչ
կպատմեմ: Լուսի´ն ջան, քե´զ էլ շնորհակալություն: Երեկոյան կխոսենք:
Լուսինեն
գլուխը կախ հեռացավ: Մոտեցավ նստարանին, կռացավ վերցրեց ձեռնափայտը, բերեց, լուռ
տվեց տղային և երբ փորձ արեց հեռանալու, վերջինս բռնեց նրա թևը.
- Մի րոպե,
խնդրո´ւմ եմ:
Հետո շրջվեց
դեպի Քրիստինան ու հարցրեց.
- Դու կարո՞ղ
ես կրկնել, թե որքա՞ն է կյանքի երկարությունը: Դու ինձ գրել ես:
- Դե, այնքան,
որքան ի վերուստ է տրված:
- Կյանքի երկարությունը
կյանքի վերջին պարի տևողության չափ է: Ե´ս եմ գրել,- պատասխանեց Լուսինեն:
* * *
Ընդամենը
երեք տառ:
Կախարդական
բառ: Եվ բոլորովին էլ իզուր չէ, որ թաքնվել է սրտի մեջ, քանի որ հենց սրտից էլ
դուրս են գալիս բոլոր, բոլոր բառերը:
Սրտից են
դուրս գալիս ժպիտը, լացը, երջանկությունը, ծիծաղը, ցավը, անհանգստությունը,
հոգատարությունը:
Սրտից է
դուրս գալիս նաև այդ կախարդական բառը:
- Դո՞ւ ես
ինձ այս երկու ամիս գրել նրա փոխարեն,- հենվելով Լուսինեի ձեռքին` հարցրեց տղան:
Կախարդական
բառ…
Ընդամենը
երեք տառ…
- Այո:
* * *
Նստարանին
երկուսով են:
Լուռ նայում
են կանաչ թփերի վրա թռվռացող մի զույգ
թիթեռի:
Թիթեռները
պարում էին:
Արևի
ճառագայթների տակ իսկական մեկ սիրո համերգ էր:
Մի անխոս
պատմություն, որ ցույց էր տալիս, թե որքա~ն գեղեցիկ է սերը:
Նրանք
սիրում էին արևը, ջերմությունը, շրջապատող կանաչը և մեղմ շոյող զեփյուռը, որը
մասնակիորեն խանգարում էր թիթեռների զուգապարին:
Թիթեռները
լուծվում էին սիրո մեջ, գնահատում իրար հպվելու յուրաքանչյուր ակնթարթը, որովհետև
գիտեին, որ իրենք շատ քիչ ժամանակ ունեն ապրելու:
…Որովհետև
գիտեին, որ երեկոյան գեղեցիկ պտույտներով նրանք կընկնեն գետնին, միասին… և դա
նրանց կյանքի վերջին պարն է:
- Գեղեցիկ
են պարում, չէ՞,- Լուսինեն գրկեց տղայի մեջքը:
- Այո, շատ:
Եթե մենք մի քանի ժամ էլ նստենք, կտեսնենք նրանց մահը: Ավելի լավ է, գնանք:
- Գնանք մեր
տուն: Կգա՞ս: Ընդամենը երկու կանգառ է:Ես քեզ կօգնեմ:
- Գնանք:
* * *
Առավոտյան
տղան զգույշ, առանց ձեռնափայտի մի կերպ մոտեցավ պատուհանին, այնպես որ չարթնացնի
նրան:
Արևի շողերը
կարծես դիտմամբ սավանի վրա ընդգծել էին Լուսինեի մարմինը:
Չարչարանքից
փքված շուրթերը կիսաբաց էին, ու արևի շողերից փայլում էին մանր գեղեցիկ ատամները:
Այդպես
հանգիստ ու խաղաղ քնում են միայն երեխաները:
Չէր ցանկանում
արթնացնել նրան իր ձեռնափայտի ձայնով:
Լուսինեն
կարծես զգաց նրա ներկայությունը:
Արթնացավ, տեսավ
պատուհանից դուրս նայող տղային:
Սավանը
վրայից սահել էր, ու երևում էին նուրբ կրծքերը:
Սպիտակ
մարմնի վրա աչքի էին զարնում կրծքերի մուգ
կարմիր կոճակները:
Մահճակալի
մոտ` գետնին ընկած էր կապույտ գծերով
սպիտակ զգեստը:
* * *
Առավոտյան
Տերյանի արձանի մոտ գտնվող նստարաններից մեկի մոտ ընկած էր մի թիթեռ: Կողքին
զուգընկեր թիթեռն էր, որ չէր հեռացել:
Նրանց
վերջին պարը ընդհատվել էր, չէր վերջացել:
Շուրջը
ծագող արևն էր: Մեղմ քամին էլ հանդարտ տատանում էր կանաչ խոտը և հանգած թիթեռի
թևերը:
Թվում էր,
թե թիթեռը կենդանի էր: Բայց այդպես չէր:
Նա իր
վերջին պարն էր պարել զուգընկերոջ համար:
Մինչև վերջ
նրանք չլքեցին միմյանց:
* * *
Սերն է
գեղեցկացնում ամբողջ կյանքի ընթացքը:
Մեզ տրված է
հնարավորություն առավոտյան համբուրելու սիրո լուսաբացը, երեկոյան սիրագորով
գրկելու սիրո մայրամուտը, գիշերը վայելելու սիրո կարմիր պտուղները… գնահատելու
քայլերն այն մարդու, որը պատրաստ է քեզ
հետ պարելու կյանքի երկարության չափ տևող
սիրո պարը:
Ընդամենը
երեք տառ: Բայց իմաստը….
Комментариев нет:
Отправить комментарий