пятница, 21 марта 2014 г.

Քո ստվերը



Արևը վաղուց էր տեղի տվել:
Ստվերները լուսնից էին ծնվում ու սահելով փողոցում,  տեղ տեղ փաթաթվում էին իրար, խաչվում:
Նույնիսկ անծանոթ ստվերները մոտենում էին իրար, հետո հեռանում իրարից ու կորչում այլևս իրար չհանդիպելու միտումով:

- Ինչո՞ւ չես խոսում, ի՞նչ եղավ քեզ, ֆուրշետի ժամանակ կարծես ուրախ էիր:
- Ձայնդ չեմ ուզում լսել, լռի՛ր:
Կինը կես քայլ հեռացավ ամուսնուց ու իր ստվերն էլ կարծես հավատարիմ տիրոջը, առանձնացավ ամուսնու ստվերից ու թեքվեց:
Վահանը հասկացավ, որ երեկոն փչացավ ու ոչ մի պայմանով չի վերականգնվի:
Լռեցին:
Խոսել սկսեցին նրանց ստվերները՝ պահպանելով պատշաճ հեռավորություն:

- Լսիր, Լուսինե, ինչո՞ւ պետք է կյանքս նմանվի իր ժամկետը երկարեցրած ձմռան գիշերներին:
 Ինչո՞ւ պետք է հազվադեպ երևացող արևը չկարողանա ջերմացնել: Չէ՞ որ սիրելով ենք ամուսնացել: Ես միշտ քեզ լավ եմ վերաբերվել, չնայած…
- Ասա, ինչո՞ւ լռեցիր, գրական բառապաշարդ ավարտվե՞ց, թե՞ պահում ես քո այդ պառաված օրիորդ շեֆիդ համար: Ի՞նչ աչքերով էր քեզ նայում, զզվում եմ, զզվում:
- Նա պառավ չէ, իմ տարիքին է ու ոչ թե շեֆն է այլ տնօրենի դուստրը, շատ բարի կին է:
- Դու նման ես քո համակարգչին`բողոքում ես հիշողությանդ ծավալից, բայց իրականում ուղեղդ  չի բավարարում:
- Այնպես էի ցանկանում, որ ետևից մոտենաս, փակես աչքերս, համբուրես ուսս…
- Բայց շատ հանգիստ, առաջին բաժակից հետո նրա ձեռքից կծեցիր նարինջը, բոլորի ներկայությամբ, իսկ իմ՝ քեզ մեկնած լիմոնադի բաժակը մնաց օդում, չնկատեցիր:
- Այնպես եմ ուզում քայլել քո հետ, բռնած քո մատները, որոնք գոնե մի քիչ կտաքացնեն ցրտից արդեն ոչինչ չզգացող մատներս:
- Բայց դու պարելու ժամանակ քո մատներով այնպես էիր  սեղմել նրա իրանը որ…
Աստված իմ, դու խիղճ ունե՞ս: 
- Այնպես էի ցանկանում, որ այդ պահին զանգեիր ինձ, հեռախոսիս վրա երևար ՛՛Լուսինե՛՛ ու կարողանայի հաղթահարել այդ երեք մետրն ու մոտենայի քեզ…
Իմ ուղեղում անընդհատ պտտվում է քո անվան տառը, ես փաթաթվում եմ նրանով ու համբուրվում նրա հետ:
- Բայց քո հեռախոսի արագ հավաքման առաջին կոճակի տակ ոչ թե ՛՛Լուսինե՛՛ է, այլ ՛՛Լուիզա՛՛: Էխ դու…
Ստվերը կարծես ամաչեց, գլուխը կախեց ու խռովկան երեխայի նման ծվարեց ծառի տակ:
- Ասում են տղամարդը հաճոյախոսում է այն ժամանակ, երբ ասելիք չի ունենում:
- Բայց ես ունեմ ասելիք, ունեմ, հավատա խնդրում եմ:
Ստվերն աշխուժացավ ու փորձ արեց մոտենալ մյուս ստվերին, բայց կանգ առավ:
- Ունես ասա, ես առայժմ լսում եմ, դե՞:
- Ես չգիտեմ ի՞նչ անեմ, չգիտեմ:

Շքամուտքի մոտ ստվերները նորից մոտեցան ու միասին մտան ներս:

* * *
Բազմոցին գլխիկոր նստած ամուսինը փորձ արեց ծխելու, երբ անկողինը գրկին ներս մտավ Լուսինեն:
Լուսինեն սպիտակ թափանցիկ գիշերանոցով էր:
Ներքնազգեստն էլ  սպիտակ:
- Ես սիրում եմ սպիտակը, դու դա գիտես, ու որ քեզ շատ է սազում: Արի ինձ մոտ:
- Մի ծխիր այստեղ, այսօր կքնես հյուրասենյակում:
Տոնն անառարկելի էր, միաժամանակ համոզիչ:
- Լուս, հո երեխա՞ չես, սա ի՞նչ նորություն է, ես ընդամենը պարել եմ, ուրիշ ոչինչ:
Լուսինեն անձայն անկողինը գրկից գցեց հատակին:
Տղամարդը վեր կացավ տեղից, գնաց պատշգամբ:
Անմիջապես նրա հետ մեկտեղ երևաց նրա ստվերը՝ չարաճճի ժպիտը դեմքին:
- Սա՞ էիր ուզում: Եվ ի՞նչ է կատարվում քեզ հետ: Միայն թե չմտածես, որ քո և Նրա արանքում հայտնվել եմ ես՝ քո ստվերը ու խանգարում եմ, ես ընդամենը քոնն եմ ու ցանկանում եմ ունենալ իմ կեսը՝ իմ ստվերը, որը հիմա անկողնում լալիս է: Դե մի բան արա, ի՞նչ ես անգործ կանգնել:
Գնա, ինչպես միշտ փչիր նրա բարձի երեսով մեկ սփռված մազերին, փչիր ականջին, միայն ձեռքով չկպչես նրան, թող ինքը շուռ գա դեպի քեզ:

Ննջարան մտավ հուշիկ քայլերով:
Կինը նստած էր անկողնում, ձեռքերով գրկած ծնկները:
Կիսամթան մեջ զգաց, որ կինը շատ ուժեղ է լաց լինելու համար:
Ստվերը չկար:
Մոտեցավ, կքանստեց անկողնու մոտ ու լուռ համբուրեց կնոջ բաց ծունկը:
Կինը դեմքն ազատեց մազերից ու ապտակեց:

Դրսի դուռը հրաժեշտի բարձր ձայնով փակվեց:
Դռան ձայնից կնոջ ստվերը վեր թռավ, վազեց դեպի դուռն ու անօգնական կախեց ձեռքերը:
Կնոջ ստվերը ծղրտաց:
- Սա՞ էիր ուզում: Եվ ի՞նչ է կատարվում քեզ հետ:
- Ես չգիտեմ ի՞նչ անեմ, չգիտեմ:
Հիմա կինը պարզ հասկացավ ամուսնուն:

Կնոջ ստվերը կնոջ նման ուժեղ չէր, որ կարողանար զսպել արցունքները:
- Ես ուզում եմ քնել քո ձեռքերի մեջ, արթնանալ քո տաք շնչից:
Ուզում եմ չոքել քո կողքն ու նայել թե ինչպես ես կարողանում մատներով արագ խոսել համակարգչի հետ:
Ուզում եմ շնչել քո բույրը՝ տղամարդկային ու այդքան ցանկալի:
Ուզում եմ գլուխս դնել ծնկներիդ և զգալ մատներիդ խաղը մազերիս հետ:
Ուզում եմ համբուրես մազերս:
Այտով սեղմվել քո այտին:
Ո՞ւր ես, ո՞ւր գնացիր, ես չգիտեմ, ի՞նչ անեմ, չգիտեմ:
Այսօր լարված օր էր ու դու էլ քո համակարգչի նման տանել չես կարողանում լարման ցանկացած տատանում, իսկ ե՞ս, ես ի՞նչ պետք է անեի…

* * *
Փողոցում մարդ չկար:
Միայն ստվերներ էին՝ ծառերի, էլեկտրական սյուների, շենքերի:
Նրա ստվերն էլ անտեր շան նման վազում էր մի ստվերից մյուսի մոտ ու չէր կարողանում գտնել ինչ որ փնտրում էր:
Փորձում էր գտնել քնի մեջ ժպտացող շուրթերը, մանկական պարզ դեմքի նման դեմքը, բարի աչքերն ու երկար թարթիչները:
Չէր գտնում ու անօգնականությունից կատաղած մեկ երկարում էր մեկ էլ կարճանում ու անհետանում ասֆալտի մութ ճեղքերում:
Իր ստվերն անհետացավ, բայց երևացին ուրիշ երեք ստվերներ, սև, մութ:
- Ծխելիք ունե՞ս:
Վահանը անձայն հանեց ու մեկնեց տուփը:
- Երեք հատ եմ վերցնում, մնացածը քեզ հերիք է:
Ձայն չհանեց:
Փորձեց լուռ հեռանալ:
- Բա մոխրամա՞ն, մոռացա՞ր:
- Ի՞նչ,- չհասկացավ հարցը:
- Անհասկացո՞ղ ես, ասում եմ բա պեպելնիցա չունե՞ս, հո գետնին չե՞նք թափելու մոխիրը:
Լպիրշ ծիծաղի ձայներն արձագանքեցին փողոցով մեկ:
- Լսի, այ պիոներ, ծխախոտը վերցրեցիր չքվիր, հասկացա՞ր:
- Վախեցա դյադյա ջան, դողում եմ:
Վահանը փորձ արեց հեռանալու, զգալով որ հարբած են, բայց ոտքին հարված զգաց:
Շուռ եկավ դեպի տղաները, բռնեց ամենամոտ կանգնած տղայի օձիքը:
- Քեզ չասացի՞ չքվիր, այ լակոտ, արկած ես ման գալի՞ս,- ապտակեց:
Մթան մեջ առակայծեց արծաթավուն մի շողք՝ դանակի շեղբի շողքը:
Վահանի ստվերը ձգվեց, փորձ արեց խույս տալ, բայց արծաթավուն փայլը կարծես ստվերին կիսեց:
Լսվեցին վազող ոտքերի ձայներ:
Վահանը կողը բռնած նայում էր ափից ասֆալտին կաթող արյան կաթիլներին:
Զգաց, որ երկար չի կարող խոսել հեռախոսով, չի կարող բացատրել իր որտեղ գտնվելը:
Ծնկեց:
Ձախ ձեռքով մի կերպ հանեց հեռախոսն ու սեղմեց առաջին կոճակը:
Ստվերը չէր հեռանում նրանից ու ահաբեկված աչքերով նայելով տիրոջը սպասում էր:
Արդեն չորորդ զանգն էր գնում, բայց պատասխանող չկար:
<Ես կորցնում եմ գիտակցությունս> - մտածեց ու նայեց ստվերին:
- Ո՞ւմ ես զանգում, գժվե՞լ ես ինչ է, քեզ հավաքիր, արագացրո՛ւ:
- Ալլո, Վահա՞ն, գժվե՞լ ես իրոք, քեզ ո՞վ է թույլ տվել այս ժամին զանգելու, հիմա՞ր ես ինչ է: Քիչ խմեիր, տափակ:
Հեռախոսի մեջ լսվեց տաղամարդու ձայն:
- Ո՞վ է, Լուիզ, ի՞նչ է եղել…
Ստվերը գլուխը կախեց:
Աչքերի առաջ ինչ որ գունավոր օղակներ սկսեցին պտտվել:
Մի կերպ հավաքեց նոր համար:
Զանգ:
- Վահա՞ն, որտե՞ղ ես սիրելիս, Վահան ջան ինձ ներիր, Վահա՛ն որտեղ ես, ասա՛:
<Վերջ, ինձ չի կարող գտնել>- մտածեց ու զգաց, որ ուշաթափվում է:
Ստվերն աշխուժացավ:
- Նա չի գտնի քեզ, նրա ստվերը կգտնի ինձ, անպայման կգտնի, իսկ ես քեզնից չեմ հեռանա, դիմացի՛ր:

* * *
Արևը չէր ցանկանում տեղի տալ:
Արևը դիմադրում էր ու իր արդեն թույլ շողերով դեռ կարողանում էր լուսավորել սենյակը:
Հիվանդասենյակի մահճակալի տակ թաքնված երկու ստվերներն անհամբեր սպասում էին, թե երբ կարող են դուրս գալ թաքստոցից ու ազատ վազվզել:
Ստվերներից մեկը գլուխը հանեց ու բարձրացավ նայելու մահճակալի վրա պառկած Վահանին:
- Ի՞նչ ես անում, ներս արի, արևը քեզ կոչնչացնի, դու ինձ դեռ պետք ես: Ի՞սկ ինչ ես տեսնում:
- Քնած է, կարծես, շնչում է հանգիստ, արդեն հինգ ժամ է անցել, չի արթնանում:
Մյուս ստվերը փաթաթված Լուսինեի ոտքերին հեծկլտած:

Գլուխը հենած Վահանի կրծքին հեծկլտում էր նաև Լուսինեն:

Ուզում եմ բռնել ձեռքդ, քսել այտերիս, ուզում եմ դեմքով հպվել պարանոցիդ, պառկել կողքդ
զգալ թե ինչպես ես սեղմվում ինձ, որովհետև հոգնել ես, իսկ ես կարող եմ քո հետ գնալ ուր կամենաս, ես քեզ հետ չեմ հոգնում:
Ուզում գլուխս մտցնել թևիդ տակ, բայց անշարժ մնալ, որ քեզ չարթնացնեմ:
Ուզում եմ քնել:
Ուզում եմ արթնանալ քո նուրբ, ջերմ, առավոտյան համբույրից:
Դե համբուրիր, որ արթնանամ, արթնացիր որ ես էլ…

Արևն անզոր դիմադրելու՝ տեղի տվեց:
Ստվերներն առույգացան ու փորձ արեցին միանգամից դուրս գալու:
Անզգույշ շարժումներով հարվածեցին մահճակալին ու մի պահ վախից սսկվեցին:

Վահանն աչքերը բացեց:
- Լո՞ւս, այստե՞ղ ես, գտա՞ր ինձ:
- Այստեղ եմ:
Լուսինեն բռնած Վահանի մատները համբուրում էր:
- Լուս, երբ ոտքի կանգնեմ քեզ այնպիսի տեղեր եմ համբուրելու, որ երբեք չեմ համբուրել:
- Պայուսա՞կս, - ծիծաղեց ու դեմքը թաղեց վերմակի մեջ:
- Ես սիրում եմ սպիտակը, քեզ շատ է սազում:
Լուսինեն շառագունեց:
- Վահա՞ն, ինչպե՞ս իմացար ինչ եմ հագել:
- Ես ի նկատի ունեմ, խալաթը, սպիտակ խալաթը, որ գցել ես վրադ, իսկ դու ի՞նչ մտածեցիր:
- Դու նման ես քո համակարգչին՝ ինքդ ոչինչ չես կարողանում անել, ամեն ինչ կախված է քեզ օգտագործողից:

Մահճակալի տակ ստվերների պայքարն էր, արագ դուրս գալու ու իրենց ցուցադրելու:
Պայքար, որ երբեք չի դադարի:
Պայքար, որից միշտ կծնվեն իմաստուն մտքերն ու խոհեմ քայլերը:
Պայքար, որից ոչ ոք դեռ չի հրաժարվել:


Комментариев нет: