22 ժամ 18 րոպե
Այս օրը դեռ չի վերջացել:
Օրը գլուխը խոնարհել է ու շշնջում է.
– Կներես, դեռ ապրում եմ:
Քնքուշ ու սիրող արևն էլ հեռացավ:
- Կներեք,- ասաց քամին, համբուրեց օրվա այտն ու չքվեց:
Ես էլ եմ բղավում…
«Կներե՜ք…»
Ո՞ւմ,
Չգիտե՜մ:
Գիտեմ, որ ամեն առավոտ լուսո, համբուրում եմ քո կերպարը,
համբուրում եմ արևի ձեռքով իմ պատուհանների ապակիների վրա
գրված
անունդ:
Միգուցե սա ընդամենը
երա՞զ է:
Ժամանակի երազ:
23 ժամ 37 րոպե
Առանց ժամանակի կյանք չկա,
սեր չկա,
անցյալ չկա,
ներկա չկա, իսկ ապագան կա, որը հիստերիկ մի ծիծաղ է:
Իմ ժամանակը խելքը գցել է կամ էլ որոշել է դատավոր դառնալ:
Հիմա ինքս եմ դարձել իմ ժամանակի զոհը.
Ժամանակն անձայն քայլերով զենքը ձեռքին մոտենում է ինձ:
- Մարդասպա՛ն, դու սպանել ես բոլոր նրանց ժամանակը ում հետ որ
շփվել ես:
Ես համբուրում եմ նրան, ինչպես մի ժամանակ, երբ վստահ էի, որ
գիտեմ համբուրել:
Նա իր թևքով մաքրում է համբույրս ու ասում.
- Այսօր չորեքշաբթի է:
00 ժամ 01 րոպե (հինգշաբթի)
Չորեքշաբթին իր կոպիտ կրունկով բարձրանում է վրաս ու անցնում,
գնում:
Ես կորել եմ տարածության մեջ ու մոռացել դեպի Նա տանող
ճանապարհը:
Իսկ ունեցե՞լ եմ Նրան, եղե՞լ է Նա արդյոք:
Միգուցե Նա ընդամենը
երազ էր:
Ճանապարհի երազ:
01 ժամ 21 րոպե
Փնտրում եմ նրան երազում:
Գտա մի եղեգ:
Եղեգը ծա՞ռ է,
բո՞ւյս,
խո՞տ:
Չգիտեմ, գիտեմ որ թեթև է…
Զգում եմ, որ թեթև եմ, որովհետև մտածել չեմ կարող:
Թեթև - դատարկ…
Չեմ կարողանում գտնել ճանապարհը, որը չկա:
Հիշողությունս էլ չկա, որ ինձ հուշի:
Չեմ կարողանում գտնել ճանապարհը, որը չկա:
Հիշողությունս էլ չկա, որ ինձ հուշի:
Աղի հոտ ունեցող երջանկությունը չի կարողանում դուրս գալ
մարմնիցս:
Աչքերս ծանր են ու բազմաթիվ:
Բազմաթիվ աչքերս փնտրում են ամենաբարդ ճանապարհը, որը տանում է
միայնության:
Ինձ թվում է…
Բոլորին թվում է թե դա դրախտն է:
Կծում եմ սեփական սիրտս ու ցավ չեմ զգում:
Ձեռքով հարվածելով կոտրում եմ ստորության բետոնը, որ նրանով երազանքի
ապարանք չկառուցվի:
Երա՜զ է:
Իսկ ապարանք տանող ճանապարհը նույնպե՞ս երազ է:
03 ժամ 42 րոպե
Ճանապարհը այն միակ ուղին է, որն անտեսանելի անցնում է կողքով:
Չեմ նկատում անցյալը, բայց ապագան էլ չեմ տեսնում:
Շնչառության մեջքին բարձած սիրո ճշմարտությունը հևում է, փորձում է թաքնվել քնած օրերի ունայնության մեջ:
Շնչառության մեջքին բարձած սիրո ճշմարտությունը հևում է, փորձում է թաքնվել քնած օրերի ունայնության մեջ:
Շտապելուց գլուխը հարվածում է սեղանին:
Հարվածից բացվում է երկրորդ շնչառությունը:
Վազում է անորոշության մեջ փնտրելու խորհուրդ:
Վստահ եմ, որ խորհուրդն ինձ ավելի է թշնամի քան բացասական պատասխանը:
Բացասական պատասխանը սպիտա՜կ է, դատա՜րկ
…ընդամենը երա՜զ է:
05 ժամ 58 րոպե
Սպիտակ վարդի զգացողությո՞ւն:
Բայց նա հեռու է ինձնից:
Տեսնում եմ ճանապարհ ցույց տվող սպիտակ ձեռք:
Ուրախ առաջանում եմ մեկ քայլ, որը իմ միակ հաջողությունն է,
քանի որ չեմ ընկնում:
Իսկ դու ընկել ես ու չես կարողանում վեր կենալ:
Քո ժամանակը ջրվեժի նման ընկել է իմ վրա:
Միավորումը ուրախություն է:
Ես վայելում եմ կյանքն ու փակում աչքերս:
Գիտեմ, որ առավոտյան չեմ արթնանա, որովհետև…
Ես այսօր չեմ քնի…բայց
06 ժամ 31 րոպե
…կհամբուրեմ արևի ձեռքով իմ պատուհանների ապակիների վրա գրված
անունդ:
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий