Հիմա մի քիչ
բացատրություն:
Աշխարհը ընդամենը մեկ
միլիմետրով շարժելու համար (65 կգ քաշ ունեցող մարդու համար) հարկավոր է հենվել
հենման կետում տեղադրված լծակի վրա և անցնել
6*10^24/6*10^1)*(1*10^-3)= 1*10^(24-1-3)м=1*10^20м=1*10^17
կմ կամ ավելի ճիշտ 9 460 730 472 580 800 մետր, որն անցնելու համար անհրաժեշտ
է 100 000 լուսային տարի:
Հավատում ենք…հավատում են բոլորը, բայց…
չեն հավատում երբ ես
եմ ասում.
- Տվեք ինձ ընդամենը սպիտակ թուղթ ու ես կտեղաշարժեմ Ձեր
տրամադրությունը՝ լավից դեպի զգայուն, վատից դեպի հուզիչ, տխուրից՝ թախծոտ և
հավատացնում եմ, որ դրա հավանականությունն ավելի մեծ է, անհամեմատ մեծ…
Արեգակը երբեք չի սպասում,
որ ինչ որ մեկն իրեն խնդրի ջերմություն սրսկելու մարմնի մեջ, նա իր գործն անում է…
Մենք էլ չպետք է սպասենք
որ մեզնից խնդրեն այն ինչ կարող ենք տալ մեզանից կախված:
Եվ ինչ… ոչինչ:
- Բարև:
Ձայնը ամեն տեղից է ու չեմ
կարողանում կողմնորոշվել թե ո՞վ է, որտեղի՞ց:
- Ե՛ս եմ, նայիր վերև:
Նայում եմ, կողերս չոր
նստարանը ցավեցնում է:
Այգում գիշեր է ու ոչինչ
չի երևում:
Ջերմությամբ լցված մի
փափուկ ձեռք շոյում է դեմս, շրթունքներս, մազերս:
- Ճանաչեցի՞ր:
- Ոչ, ծանոթ ձայն է, բայց
կներես:
- Ես քո ճակատագրի
կուսական մասն եմ, այն մասը, որը դեռ չի այցելել քեզ, մի՛ վախեցիր:
- Գիտե՞ս ինչքան եմ քեզ
սպասել, չես պատկերացնի: Սպասել եմ հարցնելու, թե ինչո՞ւ ես իմ նկատմամբ այդպիսին:
Ո՞ր մեղքիս համար: Բայց հետո հասկացա, որ պետք է շնորհակալությունս քեզ հայտնեմ,
երախտագիտությունս…
- Ի՞նչի համար:
- Սրտիս ամեն զարկի, ամեն
փորձության համար, այն ամենի համար, որ կարողացա քո հարվածներից ուշքի գալ ու
հասկանալ աշխարհը, մարդկանց, ես հասկացա որ կարող եմ սիրել, լինել սիրված: Ավելի
ճիշտ, որ դա հնարավոր է, դա իրական է: Բայց դու ասացիր, որ դեռ չես այցելել ինձ,
ճակատագրի կուսական մասն ես…
- Ես քույրեր ունեմ, ինձնից ավագ, ավելի փորձառու…դու հիմա
արդեն կարող ես քեզ նվիրել ում ցանկանաս, անմնացորդ երջանկացնել ով կլինի կողքիդ:
- Բայց ես հիմա չունեմ
տուն, աշխատանք, տեսնո՞ւմ ես այգում եմ քնում…
Ճակատագրի փոքրիկ աղջիկը
ձեռքը դրեց ուսիս:
- Դա քո հենման կետն է,
օրը, ժամը, վայրկյանը: Ինքս պետք է քեզ շնորհակալություն հայտնեմ, որ հասկացար
ինձ: Դեռ ահագին փորձություններ ունես:
- Ի՞նչ, նորի՞ց
փորձություններ:
- Մի՛ տխրիր, հիշի՛ր, որ
ճակատագիրն երբեք ավել փորձություն չի տալիս, քան կարող է դրան դիմադրել
յուրաքանչյուր անհատ:
Կռացավ դեմքիս վրա:
Շուրթերիս զգացի ջերմ ու
հաճելի հպում, իսկ հանկարծ ձախ կողիս զգացի բութ մի հարված:
- Վե՛ր կաց, ի՞նչ ես
մեկնվել, փաստաթղթեր ունե՞ս: Այնպես էլ պառկել ես կարծես պապուդ խալին տակդ գցած
է:
Նստարանի մոտ մի ոստիկան է
կանգնած, երկուսն էլ քիչ հեռու:
- Ես ոչ մի վատ բան չեմ
արել:
- Դեռ պետք է անեի՞ր, հիմա
կիմանանք, վե՛ր կաց, արի՛:
Ոստիկան բառը երևի «ոստ»
բառից է, հղկված տախտակի վրա՝անիմաստ ու անօգուտ որևէ բանի համար:
Ոստիկանության բաժանմունքի
ժամանակավոր մեկուսարանն ունի 3 քարե պատ և մեկ վանդակապատ:
Մեկուսարանում երկուսով
ենք:
Մոտ երեսունհինգ տարեկան
կին է:
- Քեզ ի՞նչի համար:
Հատակին նստած աչքերը
բարձրացրեց վեր:
- Չգիտեմ, երևի «բոմժի»
տեղ են դրել:
- «Բոմժ» չե՞ս:
- Չգիտեմ, երևի: Իսկ
դո՞ւ,- չնայած պարզ երևում է, որ հնագույն արհեստի ամենատիպիկ ներկայացուցիչներից
է:
- Սրանց թվում է անվճար
պետք ամեն բան լինի: Ճիշտ եմ, չէ՞:
- Ի՞նչն անվճար, չեն
կերակրելո՞ւ:
- Չէ, ասում եմ ինձ
մարմնավաճառ են ասում, հետո էլ թե հարկ չես վճարում: Բա առանց փողի ի՞նչպես ապրեմ:
Ընտանիք ունեմ, երեխա, հավատո՞ւմ ես:
- Հավատում եմ, բայց ի՞նչ
կարող եմ, - ձեռքերս տարածում եմ:
- Դու ո՞վ ես եղել, ի՞նչ
ես արել:
- Գրաքննադատ, բայց
վաղուց:
- Գրո՞ղ, ասենք վեպ կամ
չափածո:
- Գրաքննադատն ուրիշ է:
- Լավ լեզու կիմանաս,
գրագետ ես խոսում ու «բոմժի» նման չես:
- Նրանց ասա, ես ինձ համար
քնած էի այգու նստարանին, մեկ էլ տեսա…
- Ես էլ եմ երիտասարդ
ժամանակ գրել, լավ էի գրում: Սիրտդ ի՞նչ է ուզում, միայն անկեղծ ասա:
- Ծխելիք, ձեռքիս
վերցրեցին, անտանելի պահանջ է:
Բարձրացնում է շրջազգեստը,
գլուխս շրջում եմ:
- Նայիր, ես չեմ ամաչում,-
զուգագուլպայի վերևի մասից հանում ու մեկնում է մի ծխախոտ:
- Մյուսն էլ գիշերը
կծխենք, լուցկի էլ ունեմ: կիսովի ծխենք: Հավատո՞ւմ ես:
Լուռ ծխում եմ: Մոտեցավ
գլուխը դրեց ուսիս:
- Աղջիկս մենակ է մնացել,
վեց տարեկան է: Ի՞նչ եմ անելու չգիտեմ, մինչև վաղը հաստատ կպահեն: Բաժանումը
փոքրիկ մահի նման է: Ժամանակավոր մահ: Այ հիմա մի հատ Ոսկե ձկնիկ լիներ: Կարդացե՞լ
ես Հթումանյանին:
- Դա Պուշկինն է գրել, քո
ասած Հթումանայնը թարգմանել է:
- Պուշկինը ի՞նչ պետք է
հասկանար կյանքից: Այ օրինակ այդ բիձուկը,
թող ուզեր երիտասարդություն, մի հատ հարեմ ու գնար Կանարյան կղզիներ: Կամ պառավը,
ուզում էր ծովի թագուհի դառնար, ասա այ կնիկ քո ի՞նչին էր պետք, կամ էլ հաստատ
մտածում էր նավթ է հանելու ու հարստանա, ասա ուզեիր ու աշխարհի գեղեցկուհին
լինեիր, գնայիր Կանարյան կղզիներ հանգստանալու, ճիշտ եմ ասում չէ՞: Կամ էլ այդ
ձկնիկը, չեմ հասկանում ո՞նց է ընկել ցանցի մեջ, բան ու գործ չուներ, թող գնար
Կանարյան…
- Այդպի՞սի բաներ ես գրել,
երիտասարդ ժամանակ, - ծխախոտի կեսը մեկնում եմ ու ուսս ազատում նրա գլխից:
- Չէ դու ծխիր, դու
տղամարդ ես չես դիմանա:Կարդամ իմ գրածներից, միայն թե չծիծաղես, լա՞վ:
Ապրում էր առաջին հայացքից մի ուրախ, ոչնչով
աչքի չընկնող երիցուկ: Ամեն ինչ լավ էր նրա մոտ, բայց մի անգամ ծանոթացավ
վտանգավոր, հպարտ բայց զգայուն անձրևի հետ:
Երիցուկը սիրեց անձրևին, չհասկանալով թե ինչպես կարելի է սիրել
մեծամիտ ու գոռոզ մի էակի:
Անձրևը խաղում էր նրա հետ, ցույց չտալով իր զգացմունքները,
չնայած ինքն էլ չգիտեր կա՞ր զգացմունք թե՞ ոչ:
Նա իր ամառային թաց ձեռքերով շոյում էր երիցուկին, նրա
թերթերը, տալիս էր այն խոնավությունը, որն անհրաժեշտ էր կյանքի համար:
Երիցուկին ինչ որ բան խանգարում էր երջանիկ լինելու համար:
Հասկանում էր որ կախված է անձրևից, երբ նա չկար տխրում էր ու անընդհատ սպասում,
սպասում…
Ապրում էր վախի մեջ, որ կարող է անձրևը մոռանալ նրան ու չգալ
տեսակցության, որ առանց նրա նա կմեռնի, սիրում էր…
Անձրևը գալիս էր միայն այն ժամանակ երբ երիցուկը կանչում էր,
բայց կամաց կամաց հանդիպումները դառնում էին ավելի հազվադեպ:
Անձրևը սկսեց մոռանալ երիցուկին:
Երիցուկը գիշերները լաց էր լինում, դանդաղ չորանում էր ու ոչ
ոք չէր նկատում նրան:
Մի օր էլ հասկացավ, որ այդպես ապրել չի կարելի, հարկավոր է
գլխից հանել անձրևին, սովորել ապրել առանց նրա, չէ որ մինչ նրա հայտնվելը ինքն
ապրում էր ու անձրևը միգուցե հասկանար, որ երիցուկներ շատ կան, բայց իր նմանը չկա,
իր նման անձրևին սիրող:
Կհասկանա բայց արդեն ուշ կլինի…Նա կկորցնի իրեն…Ընդմիշտ:
Բաժանումը մահ է,
նշանակում է արդեն վախենալու չէ մահանալը, չէ որ ես մահացա, որ նորից ծնվեմ: Նայում էր իր սիրուն հեռվից ու
մտածում, որ սերն անվերջ է ու անպատասխանատու:
Ես մոռացել եմ ինձ,
մոռացել եմ քեզ, մոռացաել եմ ինչ է սերը:
Աչքերս հիմա փակ են, բայց
բավական է բացեմ ու նորից կտեսնեմ քեզ, որովետև բացելով աչքերս նորից կհայտնվեմ
անցյալի թակարդում:
Ու հավերժ փակեց աչքերը:
Ծխախոտը հանգցնելու տեղ
չկար: Գցեցի գետնին ու տրորեցի ոտքով:
Մեկուսարանախցում ծուխ էր
ու տարօրինակ մթնոլորտ:
- Գիտե՞ս ինչպես եմ
վերջացրել:
Բացասական շարժեցի գլուխս:
- Ամեն մեկին չէ տրված
սիրելու ընդունակություն, իսկ նրանց ում տրված է, շատ դժվար է սիրել նորից:
Հավատո՞ւմ ես…
Մեկուսարանախցի
վանդակապատին մոտեցավ մի ոստիկան:
- Այս ո՞վ է ծխել, այս
ի՞նչ ծուխ է, Ժաննա քո արածը կլինի, պատժե՞մ թե…
- Կորի գրողի ծոցը:
Ծիծաղեց ցուցադրելով ոսկե
ատամները:
- Պետը կանչում է, ինքն էլ
կպատժի:
- Գիտեմ ինչպես է
պատժելու, հետո բա՞ց կթողնի, աղջիկս մենակ է մնացել:
- Գիտեմ, բա հո չի
պահելու, գնա պատժվիր ու հայդա…
- Ի՞սկ նա,- գլխով ցույց
տվեց իմ կողմը, - Նրան բաց չե՞ք թողնի:
- Չէ, թող մնա, ի՞նչ ունի
տալու որ:
- Ես նրա տեղն էլ
կպատժվեմ, չի՞ լինի:
- Չգիտեմ, հարցերդ պետի
հետ լուծիր: Դուրս արի:
Երբ ոստիկանը բանալին
պտտեցրեց փականի մեջ՝ Ժաննան մոտեցավ երկաթյա դռանն ու շուռ գալով դեպի ինձ
հարցրեց:
- Գիտե՞ս երիցուկի հոմանիշ
բառը:
- Ճիշտն ասած, չգիտեմ:
- Արգանդախոտ:
Կինն ու ոստիկանը ծիծաղում
էին իմ զարմացած հայացքի վրա:
Հիմա նրան բաց կթողնեն,
կգնա իր աղջկա մոտ:
Ինձ երևի մի լավ կծեծեն,
այնքան մինչև սոված շունչս փչի:
Չէ, չի փչի:
Իմ ճակատագիրն ասաց որ դեռ
էլի փորձություններ կան, այսինքն դեռ կապրեմ:
Ապրելու եմ, գիտեմ:
Թե ինչպես եմ ապրելու դա
ուրիշ հարց է:
Քիչ անց նույն ոստիկանը
մոտեցավ վանդակապատին:
- Դուրս արի այ «բոմժ»,
կարող ես գնալ:
- Ուր, միևնույն է էլի եք
բերելու:
- Գնա, գնա…
- Դու Կարապետյան Սարգիսի
եղբայրը չե՞ս, - դուրս գալով ճաղերի ետևից մի այլ բան զգացի
- Հա, բայց քեզ…
- Ես «քեզ» չեմ, ես «Ձեզ»
եմ, եղբորդ կբարևես, այն ժամանակ որ Ձեր ընտանիքը «բոմժ» էր, մաշեցիք
աշխատասենյակիս մանրահատակը, մինչև ստացաք բնակարան: Կասես Երևանի
«Բնակշահագործման վարչության» նախկին պետը բարևում էր, հասկացա՞ր, կհիշե՞ս:
Ճակատագիրը փակեց աչքերս
ու իր ափով անցավ չսափրված երեսիս վրայով:
Հաճելի էր քնել զգալով, որ
ինչ որ մեկը կողքիդ է:
Զգացի շրթունքների նուրբ
հպում ու վեր թռա այգու նստարանից:
Ժաննան մեղավոր նայում էր
դեմքիս:
Լուսնի լույսը շատ էր
պայծառ ու դրանից նրա աչքերը կկոցած էին, ժպտում էր գրկին սեղմած երիցուկների մի
փունջ:
- Երազում ինչ էիր
տեսնում, կասես: Չնայած ես էլ կարող եմ ասել: Հավատո՞ւմ ես:
Ի պատասխան ես ժպտացի ու
կանգնելով բռնեցի նրա ձեռքը:
Ինչ որ մի ձայն, չգիտեմ
որտեղից պարզ ասում էր:
- Հաջողություն քեզ,
հաջողություն:
Գլուխս բարձրացրի երկինք
ու շշնջացի:
- Շնորհակալ եմ, ամեն ինչի
համար: Շնորհակալ եմ, ես ապրում եմ…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий