понедельник, 24 марта 2014 г.

Անունդ... (բանաստեղծություն)

Ստիպված,
Պարտադիր մտքեր սրսկված:
Ալեհավաքին կանգնած
Սև ագռավ:
Հուշերումս Անունդ դողաց:

Սեղանին մարմին՝
Լափվելու պատրաստ:
Հերթի են կանգնած
Կարմիր ճիճուներ՝
ջահել ու պառավ:
Հրմշտոց՝ Առաջ
Ընկնելու համար:
Անունդ մարմինս տարավ:

Մի Կսկիծ
Դրոշմ լուսանկարիս:
Ոսկորից մատներ
Կրծքերին դաջած,
Դալկագույն դեմքով պառավ վհուկներ
Փորձեր են անում մահը մեծարել:
Փորձում են Անունդ այրել:

Մի ծեր քահանա:
Լքված վանքի պատ:
Վանքի պատերին մեխերով քերծված
Աղոթքի բառեր…
… Այնքա~ն եմ անունդ գրել,
Որ իմ անունն եմ անգամ մոռացել:

Նորից սեղան:
Գինի…
Հաց…
Չմոռացված հոգեհաց:
Սև թամադա,
տերտեր Հայր:
Անձեռոցիկ, ձկնաման…
Կեղծ արցունքներ,
կեղծ մորմոք
Ախորժակից սուտ բողոք…

Սե~ր իմ,
լու~ռ  ես,  
մտահո~գ:
Անունս տալի՞ս ես արդյոք:


 Ս.Ումառ

Комментариев нет: