* * *
Դժվար է տղամարդու գործը:
Միայնակ տղամարդու գործը:
Առավոտյան վերկաց, երբ ոչ ոք չի բղավում «Ուշանում ես,
արագացրու:»
Սափրվել, երբ միևնույն է անտրամադիր ես:
Սուրճ պատրաստել, երբ նախորդ օրը մոռացել ես շաքարավազ գնել:
Հիշել, որ անպայման պետք է լվանալ երեկվա թողած ամաններն ու
բաժակները:
Հավաքել անկողինը:
Լվացք, արդուկ:
Դժվար է…
Օճառափրփուրը դեմքիս էր, երբ լսվեց դռան զանգը:
Կանգնած է մի հարկ ներքև ապրող հարևանս:
- Բարի լույս, հարևան ջան, ինչ լավ է, որ չես գնացել դեռ:
- Բարի լույս,- ոչ ես գիտեմ նրա անունը ոչ էլ նա իմ:
- Փող ենք հավաքում, Արմենի հայրն է մահացել, ով ինչքան կարող
է…
- Արմենն ո՞վ է, հարևան ջան:
- Քո վերևի հարևանը, այ մարդ դու անտեղյա՞կ ես:
- Բայց իմ վերևում տարիքով մարդ չի ապրում, կամ էլ երևի
անկողնային է եղել:
- Չէ, այստեղ չէր ապրում, այլ հողամասում, ամառանոցում, բայց
այստեղից են թաղելու:
- Ինչքա՞ն եք հավաքում:
- Ով ինչքան կարող է, պետք է պատվով հարգանքով…մեր հարևանների
պատիվն է չէ՞:
Մեկնում եմ հինգ հազարանոցը:
- Սա բավակա՞ն է:
Գրպանից հանեց մի ճմրթված թուղթ, ուզում է գրել ու նայում է
դեմքիս:
- Ռուբիկ, բայց կարող ես չգրել, ի՞նչի համար, ես անվերադարձ եմ
տալիս:
- Կարգ է հարևան ջան, լավ, ապրե՛ս, կես ժամ հետո հավաքվում ենք
նրանց դռան մոտ:
Աստիճանավանդակում հարևաններն են, երևի բոլորը:
- Ավո՞, դու կարծեմ «Ստանդարտների վարչությունում» ես աշխատել,
մահախոսականը դու կասես գերեզմաններում, կիմանաս կենսագրությունը ու մեր անունից…
- Հասկացա, կանեմ, էնպես խոսեմ որ, Սերոբ ջան:
- Հա չմոռանաք, բակն ավլել տալ, մի երկու հազար որ տանք,
կմաքրեն:
- Պետք է ճշտել, որտե՞ղ են հերձելու, մի երկու հոգի ուղարկենք
էնտեղ:
- Դա ի՞նչի համար է:
- Ո՞նց թե,- զարմացավ Սերոբը,- կարգին պետք է հերձել, մեր
պատիվն է, ամենալավ հերձում են Շտաօգնության հերձարանում՝ Ռուզանի մոտ, Արմենին
պետք է ասենք, երիտասարդ է կարող է չիմանա:
- Ես, ես ի՞նչ անեմ, - դիմում է մի չափից ավելի նիհար մարդ,
երևի էլի հարևանններից է:
- Դու էլ հոգեհացի ժամանակ կենացները կասես, ամեն ինչ հերթով,
կարգ ու կանոնով, ես քեզ կտամ գրած հերթականությունը, ինձ մոտ ստանդարտ կա գրված:
- Դու, - դիմում է ինձ,- կկազմակերպես պսակների տանելը մինչև
փողոց, կհաշվես որ գերեզմաններում հանկարծ չպակասի, կնստես այդ մեքենան, քո գործը
հեշտ կլինի:
- Սերոբ ջան, մի բան էլ ես ասե՞մ,- հարևաններից մեկն է ու
թևատակին մի քրքրված թղթապանակ է:
- Ասա, ասա, մի րոպե, բոլորս լսում ենք մեկ մարդու նման:
- Էս ինչո՞ւ է փակ Արմենենց դուռը, պետք է բաց լինի, կարգն է
այդպես:
- Երևի բոլորով այնտեղ են, ի՞նչ իմանամ:
… Աստիճաններով բարձրանում էր Արմենի մայրը, ցանցատոպրակներով:
- Արևհատ ջան, ցավակցում ենք,- հարևաններով գնացին ընդառաջ:
- Շնորհակալ եմ, այս ի՞նչպես եք իմացել, ես ընդամենը մի կես
ժամ առաջ եմ ասել խանութում:
- Բա որ օրվա հարևաններն ենք, Արևհատ ջան, բա Արմենն ո՞ւր է:
- Ի՞նչպես թե, գնաց գյուղ, հորեղբոր թաղմանը…
Զարմացած հայացքների տակ Արմենենց դուռը փակվեց տիկին Արևհատի
ետևից:
Դժվար է տղամարդու գործը:
- Սերոբ, այս ո՞նց եղավ:
- Ի՞նչ է եղել, որ, ուրեմն հավաքած փողով մուտքն ենք
վերանորոգելու:
- Դու Ստանդարտների վարչությունում ես չէ՞ աշխատել, կգնես գաջն
ու ցեմենտն:
- Դու,- դիմում է նիհար հարևանին, -ավազն ու գործիքները:
- Մի բան ասե՞մ, - թևատակի թղթապանակը փոխելով մյուս թևի տակ ասաց
մյուսը,- էդ պարկերը որտե՞ղ ենք դնելու, կգողանան:
- Ռուբի՛կ, - դիմում է ինձ Սերոբը, - դու գիշերը մինչև ժամը
մեկը կմնաս հերթապահ, քեզ կփոխի առաջին հարկի մեկսենյականոցի Հրաչը…
Դժվար է տղամարդու գործը, իմանալ որտեղ են լավ հերձում,
կազմակերպել հոգեհացի կենացները, հերթապահել շքամուտքում հաշվել որ հանկարծ
պսակները չգողանան…
Դժվար է տղամարդու գործը:
Комментариев нет:
Отправить комментарий