Արդեն երկար ժամանակ էր, որ նայում էր պատուհանի ապակուն:
Աչքերն անթարթ էին ու ամեն ինչ ասող:
Ամեն ինչ՝ այսինքն ոչինչ, քանի որ պատուհանից ոչինչ չէր երևում, ոչ ծառեր,
ոչ մեքենաներ, ոչ փողոցներ, ոչ երկինք, ոչ էլ…
Պատուհանից երևում էր մի երևակայական փոս, որտեղ չգիտես ինչու հայտնվել էր
ու մրսում էր, ինչպես երբեք չէր մրսել իր կյանքի ընթացքում:
Պատուհանագոգին հարմար չէր, բայց չէր կարողանում տեղը փոխել, մեկ քայլ և
նորից կարող էր զգալ նրա ներկայությունը՝ սևը կանաչի հետ լղոզված…
* * *
Մատները խաղում են սավանի մի փոքրիկ ծայրի հետ, մազերն իր ամբողջ կրծքով
մեկ փռված:
Հրավիրող շուրթերը կարծես այս անգամ այլ բան էին ցանկանում ասել ու ձայն
դուրս չի գալիս:
- Մի՛ ծխիր խնդրեմ, անկողնում չեն ծխում, սիրո՜ւմ են:
Կինն արդեն որերորդ անգամ փաթաթվեց նրան այնքան ամուր կարծես կարող էր մի
ակնթարթում կորցնել այն, ինչ երկար ժամանակ փնտրել ու վերջապես գտել էր:
- Զգո՜ւյշ, մազերդ կխանձվեն ծխախոտից, - ժպտաց, ծխախոտը հանգցրեց ու
կռանալով համբուրեց կնոջ կիսաբաց կուրծքը:
- Չորս ամիս, պատկերացնո՜ւմ ես, հարյուր քսան օրից ավելի է ինչ կյանքը մտել
է մեր մեջ ու իր քաոսային վազքն է կատարում ինձնից քեզ, քեզնից դեպի ինձ:
Տղամարդու ականջին կնոջ շուրթերի երաժշտությունն էր, աստվածայի՜ն, տարածվո՜ղ…
Տղամարդու մարմնի վրա գալարվում էր մի գեղեցիկ կատվի ձագ, ազատ ու
անկաշկանդ, որ մեկ շոյում էր, մեկ մլավում, մեկ կծում…
…ոչ, ցավոտ չէր, հաճելի էր, բայց կարծես թե Բուդդայի նման հին ու իմաստուն,
երկինք տանող աստիճանի նման երերուն ու հաճելի…
…ոչ, տհաճ չէր, ուղղակի անսովոր, որ կարողանում ես ենթարկվել նրա ձեռքերին,
որոնք քո գլուխը վերցրած տանում են դեպի կառափնարան, դնում կոճղի վրա ու կացնի
փոխարեն իրենց սիրտը բարձրացնելով բղավում են, որ հիմա՜, հիմա իջեցնելու եմ…
…ոչ, տհաճ չէր, ուղղակի անսովոր, որ քո մարմինն առանց ոտքերի գնում է, գնո՜ւմ,
հասնում մի այնպիսի վայր, որտեղ ինչ որ կույր փերիների հազարավոր մատներ շոյում են,
մերսում հոգիդ առանց նայելու քո վրա…
…սովորական չէր, որ արդեն պատրաստ ես բարձրացնելու քո՝ սիրուն գերի լինելու
սպիտակ դրոշը ի նշան հանձնվելու ու հենց այդ պահին մտքովդ անցնում է, որ գերիներին
չեն սպանում…
… բայց ցանկանում ես մեռնել հենց այդպես, վրադ իջնող սրտի հարվածից, գլուխդ
սեղմող կրծքերի տաքությունից, անկանոն վեր ու վար անող փորի ալեբախությունից…
…տղամարդիկ լաց չեն լինում, բայց սա այլ տարբերակ է ու խառնվում են
արցունքներդ նրա ժպիտի հետ…
…արցունքն ու ժպիտը կուլ են գնում իր գագաթնակետին հասած ալիքին ու ու
ամբողջ սենյակով մեկ՝ պատերին, առաստաղին, հատակին երևում են միայն կարմիր ու
դեղին գույներով հիասքանչ պատկերներ…
…հեռացած ու նորից մոտ եկող ալիքն արդեն շոյում է միայն ոտքերդ ու ուղեղդ
դանդաղ վերադառնում է իր տեղը…
- Արդեն քանի օր է քեզ ցանկնում եմ ասել, որ…
- Ս՜սս, լսիր երաժշտություն, մի՛ խանգարիր,- տղամարդու ձեռքը գրկեց ուսերը:
- Մենք բալիկ ենք ունենալու, հասկանո՞ւմ ես, իսկ դու ասում ես…
- Ի՞նչ,
- Երեք անգամ ստուգվել եմ, ի՞նչ ենք անելու- սեղմվեց տղամարդուն, սպասելով
պատասխանի:
Չորս ամիսը չորս վայրկյանի ընքացքում անցավ աչքերի առջևով,
ցուցադրելով մոտ ապագան իր ամբողջ էությամբ:
Սրտում զգաց մի ինչ որ սառնություն, որը բարձրացավ դեպի գլուխն
ու հանկարծակի մեծ արագությամբ ընկավ ոտքերը:
Դա իր ձայնը չէր, բայց հաստատ ինքն ու կարողացավ մի կերպ արտասանել.
- Աբորտ:
- Բայց ես, հասկանո՞ւմ ես, ես միգուցե հետո էլ երբեք չկարողանամ…
Պատուհանից երևում էր մի երևակայական փոս որտեղ չգիտես ինչու հայտնվել էր
ու մրսում էր ինչպես երբեք չէր մրսել իր կյանքի ընթացքում, չէր ցանկանում նման
իրավիճակն ու հասկացավ որ իր կյանքը չի կարող կապել նրա հետ:
- Ի՞նչ ենք անելու, խոսի՛ր խնդրում եմ, - կինը փորձ էր անում հագնվել, բայց
մերկ մարմինը չէր ենթարկվում, դիմադրում էր ինչպես երբեք:
- Արդեն ասացի, աբո՛րտ:
- Դու ուզում ես սպանե՞լ մեր երեխային
Տղամարդու համար միևնույն էր կանգնած կնոջ մերկ մարմինը, նա նայում էր նրա
աչքերի մեջ, ցանկանում էր տեսնել այն, ինչ ինքն էր ցանկանում տեսնել, ցա՜վ, գո՜ւթ,
ինչ որ տարօրինակ ջերմ զգացում, շատ-շատ տարօրինակ էր ու… ոչինչ չտեսնելով նորից
կրկնեց արդեն իր ձայնով:
- Այո՛, - մի պահ տեսավ կնոջ ժիպիտն ու գլուխը թաղեց բարձի մեջ, լա՞ց,
ասված կամ չասված խոսքերի հո՞սք, որը դուրս էր ցայտում աչքերից ակամա ու թրջում
բարձը:
Կինն այդպես էլ չկարողացավ հագնվել ու նորից մտավ անկողին, սեղմվեց
տղամարդուն այնպես, որ կրծքերը սեղմվեցին տղամարդու մեջքին, շուրթերը մոտեցրեց
ականջին ու ասաց:
- Դե լավ, քեզ ի՞նչ եղավ, ես միայն կատակեցի, ցանկանում էի իմանալ քո
կարծիքը, դե, վերջացրու հո՞ երեխա չես, որ լաց ես լինում:
Տղամարդը գլուխը բարձրացրեց բարձից ու նայեց կնոջը:
- Դու ինչ է հիմա՞ր ես, դու հասկանո՞ւմ ես, որ սպանեցիր, դու հասկանո՞ւմ ես
որ ԵՍ էլ սպանեցի:
- Սիրելիս հանգստացիր, ո՞վ է ում սպանել, քեզ ի՞նչ եղավ, ես ասացի չէ՞, որ
կատակեցի:
- Հիմար, դու սպանեցիր իմ սերը, ես էլ սպանեցի նրան՝ իմ երեխային:
Կինը ծիծաղեց այնպիսի մի ծածաղով, որ միայն ԿԻՆԸ կարող է ծիծաղել:
- Ի՞նչ երեխա, ես հղի չեմ, կատակեցի: Չկա ոչ մի երեխա:
- Այստե՛ղ, հասկանո՞ւմ ես, այստե՛ղ,- տղամարդը հարվածում էր իր
կրծքին:
- Այստե՛ղ, այստեղ, այսօր ծնվեց իմ մեջ, հասունացավ իմ
ուղեղում ու ես քո հիմար կատակի պատճառով դարձա մարդասպան, ես կարողացա պահի տակ
ասել այդ բառը «աբորտ»…իսկ դու սպանեցիր մի ամբողջ սեր, ամբողջ սեր իր սաղմի
մեջ…մենք դահիճներ ենք, հասկանո՞ւմ ես, հեռացի՛ր, ես քեզ չեմ կարող տեսնել…
Արդեն երկար ժամանակ էր, որ նայում էր պատուհանի ապակուն:
Աչքերն անթարթ էին ու ամեն ինչ ասող:
Ամեն ինչ՝ այսինքն ոչինչ, քանի որ պատուհանից ոչինչ չէր երևում, ոչ ծառեր,
ոչ մեքենաներ, ոչ փողոցներ, ոչ երկինք, ոչ էլ…
Պատուհանից երևում էր մի երևակայական փոս որտեղ չգիտես ինչու հայտնվել էր
ու մրսում էր ինչպես երբեք չէր մրսել իր կյանքի ընթացքում:
Կինը լալիս էր թաց բարձի վրա, ինչո՞ւ, նրանցից ոչ ոք չգիտեր
պատճառը:
Պատուհանագոգին հարմար չէր, բայց չէր կարողանում տեղը փոխել, մեկ քայլ և
նորից կարող էր զգալ նրա ներկայությունը՝ սևը կանաչի հետ լղոզված…
… Պատուհանից երևացին գլխիկոր հեռացող կնոջ քայլերը…
Երևացին քայլե՞րը, այո, քանի որ միայն ոտքեր էին երևում, ոտքեր, որ տանում
էին դեպի անհայտություն, անհայտության մեջ աչքեր, որ նայում էին ու ոչինչ չէին
տեսնում…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий