* * *
Շատ եմ սիրում Մաշտոցի պողոտան, սկսած Մատենադարանից մինչև
Ձկան խանութ:
Ճիշտ է, նախընտրում եմ միշտ քայլել Աբովյան փողոցով, բայց դե
ամեն դեպքում Մաշտոցի անվան պողոտան մնում է Մաշտոցի պողոտա…
Մի փոքրիկ թատրոն կա, այդ պողոտայում, տիկնիկային թատրոն է ու
ամեն անգամ միշտ կարդում եմ այն գովազդ- ցուցանակը, որ միշտ փակցված է լինում օրվա
կայանալիք ներկայացման մասին:
«Շունն ու կատուն», «Տերն ու ծառան», «Կարմիր գլխարկը»….
Երեկոյան ժամերին էլ մեծերի համար հաճախակի կազմակերպվում են
ներկայացումներ:
Այսօր ուշադրությունս գրավեց. «Աճպարար» աննախադեպ
ներկայացում»
Մտածում եմ, արժե մտնել թե ոչ:
- Կասկածո՞ւմ եք, խորհուրդ կտայի:
Շրջվում եմ մի երիտասարդ կին է նայում ինձ:
- Կներեք, մենք ծանո»թ ենք:
- Մի՞թե դա կարևոր է, կամ պրոբլեմ է:
- Դե ոչ, ինձ թվաց…
- Սխալ թվաց, գնեք տոմս, ես արդեն ունեմ, մտնենք, եթե դուր
չգա, դուրս կգանք: Ես վաղուց չեմ եղել Երևանում, «Պապլավոկ»-ը կա՞:
- Կա բայց արդեն չի հիշվում, չի հիշվում նաև «Սկվազնյակ»-ը,
հիշո՞ւմ եք:
- Այո իհարկե: Մտնե՞նք: Եթե հանկարծ ներսում կորցնենք իրար,
դուրս եկեք կինո Նաիրիի դռների մոտ, կհանդիպենք:
Ներկայացումն անցավ բավականին հետաքրքիր, աճպարարն իր
բարձրության վրա էր:
Կողքս նստած կինն էլ ամեն համարից հետո ծափահարում էր մեծ, շատ
մեծ խանդավառությամբ:
Վերջին համարն էր: Աճպարարը հայտարարեց:
- Խնդրում եմ, կանացից ով ցանկանում է՝ բեմ բարձրանա, արկղի
մեջ սղոցով ֆոկուսի համար:
Ակտիվ եղե՛ք, խնդրում եմ, չեմ տեսնում բարձրացրած ձեռքեր:
Կողքիս կինը ոտքի կանգնեց:
- Կարելի՞ է ես գամ, ես համաձայն եմ:
Իմ վախեցած և մնացած
ներկաների զարմանքով լի հայացքների տակ նա բարձրացավ բեմ:
Երբ արդեն տեղավորվել էր սև արկղի մեջ, աճպարարը վերցրեց
սղոցը:
Դահլիճում այնպիսի մի լռություն էր, որ լսվում էր նույնիսկ
կտրվող փայտից գետնին թափվող թեփի ձայնը:
Բոլորս շունչներս պահած նայում էինք թե ինչպես աճպարարը
հեռացրեց սղոցված արկղի երկու հավասար կտորները:
Ընդհանրապես նման աճպարարական տրյուկներ ժամանակ «ստատիստը»
լինում է աճպարարի «մարդը», ես դա հասկացա, երբ նա բարձրացավ տեղից:
Լավ, ոչինչ հիմա կհայտնվի արկղի միջից, անվնաս:
Աճպարարը սև կտորով փակեց իրար մոտեցրած արկղի կտորները ու
հաղթական նայեց դահլիճին:
Մի արագ շարժումով քաշեց ու մի կողմ շպրտեց սև շորը:
- Ա՛փ, - մի շարժումով բացեց արկղը:
Արկղը դատարկ էր, աճպարարը՝ զարմացած:
Նորից փակեց արկղը:
- Ա՛փ:
Արկղը դատարկ էր:
- Փինաչի՜…
- Սապոժնի՜կ…
- Արա՛, դասդ լավ չես սովորե՞լ…
- Տվեք մեր փողերը…
Դուրս եկա թատրոնից ու կինո Նաիրիի դռների մոտ հանդիպեցի նրան:
- Սուրճ եմ ուզում, համ էլ մի քիչ ավելի թունդ բան, կարո՞ղ ենք
չէ: Դե, ասենք գազարի հյութ:
* * *
- Այդ սրիկան հոգիս հանել է: Օգտագործում է ինձ ինչպես
աշխատանքի մեջ, այնպես էլ որպես կին: Երկու տարի առաջ ստիպեց աբորտի, անձնագիրս
միշտ պահում է ինձնից, չեմ կարողանում գտնել: Արդեն զզվել եմ ամեն ինչից…
Ես երեխա չեմ ունենա…դու տղամարդ ես ու չես հասկանա
առաքելությունից զրկված կնոջ կարգավիճակը:
- Իսկ հիմա ի՞նչը ստիպեց քեզ, ի՞նչ որ բան փոխվեց:
- Երևանը: Ես հասկացա, որ ոտքերիս տակ զգում եմ ինձ պահող մի
այնպիսի ուժ, որը չի թողնի ինձ սայթաքել, ընկել,: Երբեք չեմ մտածել, որ հայրենասեր
եմ, բայց այսօր ես զգացի թե ինչ հզոր բան է լինել սեփական հողի վրա, հենվել նրա
վրա ու առաջ շարժվել, ու մեկ էլ ամենագլխավորը, տասնութ տարի անց «Պապլավոկում» սուրճ խմել…
Комментариев нет:
Отправить комментарий