суббота, 29 марта 2014 г.

"Երևանյան օրեր" շարք օր առաջին

* * * 


Եղանակը բանի նման չի:
Կապույտ երկինքը ծածկվել է մոխրագույն կարկատաններով, հոնքերը կիտել ու կարծես սպասում է ինչ որ բանի` միանգամից իր ասելիքն ասելու:
Դե երկնքի ասելիքը անձրևը պետք է որ լինի ու թույլ փչող քամին դա հասկանալով աշխատում է արագացնել ընթացքը:
Կանգառում հավաքված մարդիկ աչքերով փնտրում են սպասվող անձրևից թաքնվելու տեղ:
Որտեղի՞ց կամ ինչպե՞ս կանգառում հայտնվեց այդ կինը, ոչ ոք չհասկացավ:
Երևի գյուղից է, կամ տանից  քաղաք է դուրս եկել բավականին ուշացած ժամանակով:
Ամեն մոտեցող ավտոբուսի կամ «Գազելի» մոտենում է, փորձում կարդալ թե որ երթուղով է գնում ու նորից վերադառնում ծառի տակ, սպասելով հերթական տրանսպորտին:
Կանգառում բոլորի դեմքին ժպիտ է:
Կանգառին մոտեցավ հերթական ավտոբուսը:
Նրանք ովքեր պետք է որ նստեին մի պահ կանգ առան, երևի սպասելով հին մատներով կապոց-տոպրակն ամուր սեղմած կնոջ մոտենալուն, մտածելով, որ կօգնեն:
Այս անգամ մոտեցավ առջևի բացած դռանը:
Դռնից իջնում էր կանաչ շրջազգեստով ու վարդագույն կոշիկներով մի հաստամարմին կին:
- Այ պառավ, տե՞ղ ես գտել կանգնելու, ճանապարհ  տուր իջնենք: Օ~ֆ, էս գեղացիք ամեն տեղ պետք ա խանգարեն:
Կինը քիչ կողմ քաշվեց առանց պատասխանելու:
Երբ դռնից էլ իջնող չկար գլուխը ներս մտցրեց ու դիմելով վարորդին հարցրեց:
- Տղա ջան, հիվանդանոց հասնո՞ւմ ես:
- Ո՞ր հիվանդանոց, մայրիկ:
- Էն որ գլխավորի անունը Ռազմիկ է:
- Չգիտեմ, հիվանդանոցի անունն ասա:
- Չեմ հիշում բալա ջան, գիտեմ, որ մեր նախագահի պարտիայի հիվանդանոցն ա:
- Բոլորն էլ իրանն են էլի, թե նստում ես, արագացրու:
Մի ուսանողուհի ներսից մոտեցավ դռանը:
- Գնում է տատի ջան, նստի'ր,- ձեռքը պարզեց, որ օգնի բարձրանալու:
- Ապրի արևդ աղջիկ ջան, հաստատ գնում ա, չէ՞, Գարեգինս երևի մեռավ ինձ սպասելով:
- Գնում է տատի ջան, քեզ Հանրապետական հիվանդանոցն է պետք, կհիշե՞ս:
- Էդ նախագահինն ա, չէ՞:
Նստեց, կապոցը դրեց գոգը ու նայեց շուրջը:
Հետո իրեն նստելու տեղ տված, կանգնած աղջկան դիմելով հարցրեց:
- Բա տոմսավաճառն ո՞ւր ա:
- Չկա', մայրիկ ջան,
- Ֆրանսիա է տեղափոխվել, - սրամտեց  աջ կողմում նստած ծաղկավոր փողկապով մարդը:
Աղջիկը նայեց նրա կողմն ու նորից դեմքով դարձավ դեպի կինը:
- Իջնելուց փողը կտաս վարորդին, ինքը քեզ կասի որտեղ իջնես:
- Ինչքա՞ն եմ տալու,- աչքերը տագնապալից են:
- Հարյուր դրամ:
- Որ գաթա տամ կլինի՞, մաքուր տնական, խորիզով սարքած, Գարեգինս շատ է սիրում:
- Չգիտեմ մայրիկ ջան, իրեն հարցրու, Գարեգինն ո՞վ է:
- Ի~, մեղա քեզ..,- խաչակնքեց ու նայեց կողքերը:
- Մարդս է, բա ուրիշ ո՞ւմ անունը պետք է տամ: Շտապօգնությունով են տարել, տանեմ հասցնեմ կարող ա վերջին անգամ ա, ձեռքիս թխածը թող ուտի, նոր ինչ լինում է, Աստծո կամքն է:
- Լավ տատի ջան, քեզ հաջողություն, քո  ամուսնուն էլ առողջություն, ես պետք է իջնեմ:
Մոտեցավ վարորդին ցածր ձայնով ասաց:
- Երկու հատ, տատիկից փող չվերցնեք, այ այստեղ կպահեք:
Կինն աչքերով փնտրում էր մեկին երևի խոսելու համար:
Ավտոբուսում լսվեց վարորդի ձայնը:
- Մայրիկ ջան, տուր տեսնենք էդ ի՞նչ գաթա ա, քո սարքածը համով կլինի:
Կինն արագ բացեց գոգի կապոցը:

… Ավտոբուսում  անտարբեր, դավաճան լռությունն էր ու մի ձեռքով ղեկը բռնած, մյուս ձեռքով գաթան բերանը տանող վարորդը:

Комментариев нет: