пятница, 21 марта 2014 г.

Երբ խոսում են ստվերները



«Խօսքը կատարեցեք, միայն մի լսեք ինքզինքդ խաբելով»:
Յակոբո 1.22

-
Սո~ւս, կամաց, կլսե~ն:
-
Թո´ղ լսեն: Ի՞նչ է, ես իրավունք չունեմ իմ ստվերի հետ բարձրաձայն խոսելու:
Ոչ,  չունես, քանի որ այդ բառերը պետք է շշնջալ, շշնջալ ականջին, պարանոցին,  շրթունքներին...
Այդ բառերը ձայնի բարձրությունից վախենում են, փախչում, թաքնվում են ստվերների հետևում ու կարող են տասնյակ տարներով համբերատար լռել`իրենց տեղը չբացահայտելու համար:
Երբ մի օր էլ շա~տ -շա~տ մենակ կլինես, ստվերները կսկսեն խոսել քեզ հետ, ավելի ճիշտ` կկրկնեն այն մի քանի բառերը, որոնք տարիներով փակված են եղել հոգուդ ստվերոտ անկյոււններում` <Սիրու~մ եմ, միակն ես, եկա~>:
Չես հավատա այդ ձայնին: Չես հավատա, որովհետև դրանք պետք է լինեն շուրթերի շշունջ, այլ ոչ թե ստվերների արտասանություն:
Չես հավատա, բայց հաճույքով կլսես, քանի որ այդ բառերի կարիքը կա, կա, կա..
Ու փոքրիկ ու նրբակազմ ստվերդ կփաթաթվի քեզ` ուրիշների աչքերից թաքնվելու համար:
Ներսումդ սկիզբ կառնի ստվերի լեզվով մի հեքիաթ-եղելություն, որը չլսելու քո բազում ջանքերդ ապարդյուն կլինեն:
****
Հիշո՞ւմ ես, մի անգամ մեր շքամուտքում համբուրվում էինք: Վերելակից հանկարծ դուրս եկավ տատիկս ու ասաց.
- Բա, էդ տղան մեղք չի, ամբողջ մարմնով ընկել ես վրան,տո´ւն անցիր:
Չես հիշում:
Իսկ հիշո՞ւմ ես, երբ ասացիր, որ աշխարհում սկզբից գարեջուր, հետո նոր միայն ինձ ես սիրում:
Չես հիշում:
Հիշո՞ւմ ես, երբ իմ ծննդյան օրը հայրս բոլորին հարցնում էր, թե ի՞նչ են սիրում, ի՞նչով կցանկանային զբաղվել կյանքում, դու պատասխանեցիր.
<Սիրում եմ Ձեր աղջկան ու կցանկանայի ամբողջ կյանքում զբաղվել նրան սիրելով>:
Չես հիշում:
Հայրս սիրում էր հաճախ կրկնել. <Կա՞ այն տղան, զբաղվո՞ւմ է իր սիրած գործով>:
Լռում ես:
Խոսի´ր, մեղադրի´ր, որ այսքան տարի քեզ պահել եմ իմ մեջ: Բղավի´ր, որ ճիշտ չեմ, չնայած մենակ եմ:
Մենակները միշտ ճիշտ են:
Կան Սիրո, Պտղաբերության, Ռազմի, նույնիսկ Գինարբուքի և այլ` էլ չգիտեմ, թե ինչ Աստված-Աստվածուհիներ:  Բայց կա՞ արդյոք Ստվերների Աստված: Եթե այո, ապա ես անպայման կերկրպագեմ միայն նրան: Եթե մինչ այժմ չի եղել, ապա թո´ղ լինի, թո´ղ լինի քո անունով` Լևո~ն, Լևո~ն:

Ինչը քեզ գրավեց: Մի՞թե միայն այն, որ Գալաջյան Արշալույսի հայրը Բեյրութում կոճակի գործարան ունի, թե՞ հենց ինքը`Արշալույսը, որի հետ տասը տարի սովորելու ընթացքում նույնիսկ մեկ անգամ չես պարել: Երբեք չէի կարող պատկերացնել, որ դու նորեկներին չսիրելով` կարող ես ամուսնանալ նորեկի հետ:
 
Լսո՞ւմ ես:
<Խոսում է Ամերիկայի ձայնը…ամեն առավոտ` ժամը 7.55 Երևանի ժամանակով և 4.55 Բեյրութի ժամանակով, միջին ալիք
MW 1232 kHz,ամեն երեկո` ժամը 7.15, կարճ ալիք SW 25m ,12020 kHz, հետևեցեք ռադիոյեն մեր նորություններուն:>
****
Աչքերը բացեց: Ժամը ութն անց է, տասը րոպե: Սովորականից տասը րոպե ուշ:
Տղամարդու ձեռքերի կարոտ մարմինը հաճելի թմբիրի մեջ էր: Կարծես ամբողջ գիշեր նրա մարմինը սիրել էին ինչ-որ տարօրինակ ձեռքեր, որոնց թողած հաճելի զգացումն ասես ոչ թե սովորական, այլ ձեռնոցներ դրած ձեռքերից լիներ : Սառը լոգանքը մի քիչ թարմացրեց:
Մարմինը պիրկ էր,գեղեցիկ, բայց լքված:
Հայելու մեջ տեսավ իրեն: Գոհ չէր իր արտաքինից, ավելին էր սպասում:
Հագավ իր ամենակարճ շրջազգեստը (Լևոնը կարճ սիրում է), մազերն էլ այս անգամ հարդարեց, ինչպես առաջներում, նայեց հայելուն:
Հիմա գոհ էր:
Ստվերը չկար:
Մենակ էր:
<Մենակները միշտ ճիշտ են >,- մտածեց ու դուրս եկավ բնակարանից:
Հիմա, երբ դուռը փակի, անպայման հենց այդ վայրկյանին կբացվի մի հարկ ներքևում ապրող հարևանի դուռը (վաղուց է նկատել, որ հարևանի տղան այդ ժամին միշտ սպասում է  դռան փակվելու ձայնին), դուրս կգա 18-ամյա տղան, ու ինչպես ամեն օր, իբր բարևելու համար, իր անպատկառ աչքերը կգցի վերևից իջնող նրա ոտքերին, կնայի` ավելի խոր տեսնելու ցանկությամբ:
Թո´ղ նայի:
Վաղը կամ մյուս օրն էլ նա է դառնալու ինչ-որ մեկի ստվերը, ստվերոտ ձեռնոցներով մի նոր Լևոն: Ու երբ նրա հետ էլ գիշերները լուռ վիճեն, արդեն դուրս կգա տանից աչքերը խոնարհած, գլուխը կախ, կգնա փնտրելու ինչ-որ մեկի ստվերում թաքնվելու ապահով տեղ:
Հաստատ կգտնի:
Եթե հայրը կենդանի լիներ ու նրան տեսներ այս կարճ շրջազգեստով, հաշվապահի իր բարի աչքերը կկոցած կհարցներ.
- Կա՞ այն տղան, զբաղվո՞ւմ է իր սիրած գործով:
- Այո´, կա, զբաղվում է իր սիրած գործով` Բեյրութի ֆաբրիկաներից մեկում,- կպատասխաներ ու կշարունակեր մտքում. <Հեռո~ւ, բայց այնքան մոտիկ: Ամեն գիշեր հիշում է ինձ>:
 
Ստվերը չկար: Բայց մի հարկ ներքև սպասումի զույգ ստվերոտ աչքեր անհանգիստ էին:
Անհանգիստ էին, քանի որ սովորական դարձած ժամից նա ուշացել էր 10 րոպեով:
Զգացումն այնպիսին էր, որ կարծես ընդհանրապես ուշացել է ամեն ինչից:
 
Երթուղային տաքսիում նստելու տեղ չկար: Վարորդն էլ` չսափրված, սպորտային կեղտոտ հագուստով էր:
<Խոսում է ….արություն ռադիոկայանը: Հաղորդում ենք թարմ լուրեր:>
Անտիկվար ընդունիչ է, որտեղից էլ ճարել է: Ի՞նչ ռադիոկայան էր, չլսեց` <Բարությո՞ւն>, <Չարությո՞ւն>, թե՞ <Արդարություն>:

<Այսօր ժամը` 7.50 րոպեին Մ. Խորենացու 47ա շենքի, 2-րդ մուտքի 7-րդ հարկի պատշգամբից, առայժմ չպարզված հանգամանքներում, ընկել է 1971թ. ծնված Նարինե Վարդանի Մարգարյանի տրամադրությունը: Դեպքի վայր ժամանած Փրկարարական ջոկատին չի հաջողվել փրկել ջարդուփշուր եղած տրամադրությունը: Դեպքի մանրամասները ճշտվում են:>
Լիքը լցված  երթուղքայինի ուղևորներից մեկի ձեռքը զգուշորեն փորձեր արեց շոյելու աջ ազդրը:
<Թո´ղ ձեռք տա: Տեսնեմ դու`իմ անձնական ստվերս, խանդո՞տ ես, թե՞ ոչ>:
***
Հիշո՞ւմ ես, մի անգամ ինձ ասացիր, որ ձեռքերով չի կարելի դիպչել միայն թանգարանային նմուշներին, իսկ դու նմուշ չես, ուրեմն..
Մի անգամ էլ, երբ մեր դասարանի Աղասն ասաց. <Նարինեին, ձեռք չտա´ս>, դու պատասխանեցիր.
-Բա, ինչպե՞ս սիրեմ:
-Լուռ,- պատասխանեց միամիտ Աղասը:
-Լուռ տառապում են, իսկ ես բարձրաձայն եմ սիրելու:
***
Ստվերները չեն խոսում, նրանք խանդ են ներարկում փշրված տրամադրության ամեն մի փոքրիկ կտորի մեջ:
Նրանք հիշողության քաղցր տակառի խորքերից բարձրացնում ու օդ են շպրտում արդեն վաղուց փայփայանք չստացած հիշողության մասնիկներին:
Այդ մասնիկներն օդում միավորվելով` դառնում են մի աներևույթ զանգված ու քեզ փաթաթված, քեզ հետ քայլում են, քեզ հետ քնում, քեզ հետ խոսում:
Նրանք սովոր են ստվեր կոչվելու:
***
Ուշացել է  25 րոպե:
-Շեֆը քեզ էր հարցնում,- ասաց Մայրանուշը` շեֆի գործավարուհին:
Տեսնես, սրա ստվե՞րն էլ է իր նման ճմրթված:
-Եթե մի անգամ էլ ուշանաս,…
Սա նրա առաջին ուշացումն է: Չիհասկանում, թե ինչ է ակնարկում խիստ ու թթու այս դեմքը:
- Իհարկե չեմ ուշանա, էլ երբեք չեմ ուշանա, ընդհանրապես:

-Կուշանաս,-ստվերը կողքն էր:
-Չեմ ցանկանում քեզ հետ խոսել, չեմ ուզւմ,- բղավեց լռությունը:
-Սու~ս, կամաց, կլսե~ն,ավելի լավ է նայիր շեֆիդ սեղանին:

Սեղանի անկյունում մի մեծ ծրար էր, որը չհասկացավ ինչպես, բարձրացավ ու հայտնվեց նրա ձեռքում:
Բեյրութից էր:
Ծրարը բացելիս մատները դողում էին, ստվերն էլ չկար: Մենակ էր ու դրանից դողն ահագնանում է:
Բայց մենակ չէր, նամակն իր հետ է:
< Հայաստանի Հանրապետության Սեյսմիկ Ազգային Պաշտպանության պետ`
պարոն Սաֆյանին
Հարգելի պարո´ն Սաֆյան,
Ձեզի տեղյակ կպահինք, որ բոլորովին վերջերս Բիբլիական 2 քաղաքներու կործանման նոր վարկած է հայտնուած:
Գերմանոյ յայտնի ճանապարհորդ Էրիխ ֆօն Դենեկենը միտք է յայտնել որ Սոդոմն ու Գոմոռը կործանվել են միջուկային պայթունէն,ինչպէս Ջապոնի Հերոսիմ և Նագասակ քաղաքները:
Հարգանքներով`
Լիբանանի Սեյսմոյ կենտրոնի տնօրեն
Գ.Շահ Բազի >

Ներս մտավ թթված դեմքով շեֆը:
-Ցրված ես, ինչպես երբեք: Այդ նամակն ինչո՞ւ վերցրեցիր, սա է քեզ հասցեագրված:

< N148 դպրոցի 1988 թ. շրջանավարտներին
Ս.թ. մայիսի 29-ին տեղի է ունենալու դպրոցի շրջանավարտների հավաք:
Բոլորի ներկայությունը պարտադիր է:

Հ.Գ.
Դպրոցի վարչակազմը հավաստիացնում է, որ Հայաստանից դուրս ապրող բոլոր շրջանավարտներից ստացվել են համաձայություններ:
N148 դպրոցի տնօրինություն >

Վերջաբան
-Կա՞ այն տղան, զբաղվո՞ւմ է իր սիրած գործով:
Կա, կա, իհա´րկե կա:
Կա ու կգա զբաղվելու իր սիրած գործով: Ու թո´ղ խոսեն ստվերները, եթե սիրում են խոսել:
Թո´ղ ամեն մեկը զբաղվի իր սիրած գործով:
Ես չեմ ուշացել, ես էլ երբեք չեմ ուշանալու:
…Ու ինչքան ցանկանում են, թո´ղ խոսեն ստվերները:


Комментариев нет: