воскресенье, 16 марта 2014 г.

Չորացած ծաղիկներ


Դու եկար` հոգատար ձեռքերով գրկումդ սեղմած քառասուն գարուն:
Նետվեցիր գիրկս:
Ես շպրտեցի գարուններդ հիշողությանս մացառուտների մեջ ու ինքս տեղավորվեցի քո գրկում:
Քո ամեն մի գարնան հետ ես նորից ծնվեցի:
Հուշերս ծնկի եկան կրքերիս առաջ:

Ամառ չունեիր:
Ամառներդ` չորացած ծաղիկների տեսքով մնացել էին հեռու-հեռու` մի մոռացված ծննդավայրում` մատուռի հարևանությամբ բարձրացող` արցունքներից թաց հողաթմբի վրա:
Քեզ տվեցի իմ ամառները:
Երակներս`
ներարկված արևի ջերմությամբ, փաթաթեցի մարմնիդ`ոտքերիցդ մինչև խելահեղության հասցնող մազերդ:
Կորցրեցիր հիշողություններդ, ու կրքերդ աղոթքի տեսքով լցվեցին կոկորդս:
Ամառ չունեիր:
Կուլ տվեցի քո սև հուշերը … ու տվեցի քեզ ամառ:

Գիրկս, որ երազներիս ափին կառուցված մի անառիկ ամրոց էր, ընդունեց ծառերի ճյուղերին վերջին հրաժեշտը տվող տերևների սրտաճմլիկ ճիչերը`քո քառասուն աշունները:
Իմ աշուններն ավելի դեղնեցին, չորացան:
Աչքերիս լույսը սողոսկեց ծոցդ`գինի դարձավ կրծքերիդ մեջ լերկ:
Գինին աստվածների խմիչք է, որին ես սովոր էի, իսկ աչքերս` ոչ… ու ուշաթափվեցին աչքերս կենդանացող կրծքերիդ վրա:

Ձմեռ բերեցիր, սևազգեստ կնոջ փեշերով լցրեցիր ոտքերիս տակ:
Ցանկություններս դարձան մոխիր`պատարագի նման խորհրդավոր ու լուռ:
Սառած ուղեղով սպիտակ մոխիրների մեջ փնտրեցի երկար ու վերջապես գտա քեզ` լուսնի ձեռքից ընկած փշրանքի մի կտոր … Անցյալիս ավերակ ճանապարհներով հեռացող համր քայլերով բերեցի քո ձմեռները ու իմ կախարդ ձեռքերով լցրեցի սրտիս բուխարու մեջ:
Ամեն մարդ աստված է, որ իրեն խենթ է ձևացնում:

Ինձ նայում է շպարված մի տխրություն`գլխին` սպիտակ մի ագռավ,
ներարկիչը` ձեռքին:
- Որտե՞ղ եմ:
- <Մայր Թերեզայում>, արդեն եկու օր է: Բանաստե՞ղծ եք:
- Ո´չ, ինժեներ: Ինչու՞:
- Այնպիսի գեղեցիկ բառեր էիք ասում:
Չհասցրի բջջայինով ձայնագրել:
Տղաս բանասիրականում է, պետք կգար նրան:
Տարվա եղանակների մասին էր:
Շատ բան չլսեցի, բայց այնքան երաժշտական էր, այնքան ցավ կար: Գ իտ՞եք, ինչքան եմ լաց եղել:
- Չեմ հիշում ոչինչ:
- Մի սպիտակ <Նիվա> բերեց ձեզ Հյուսիսային ավտոկայարանից: Ձեր ճամպրուկը մեզ մոտ է, չանհանգստանա´ք:
- Ճամպրուկում մի քանի շոր է, ուրիշ ոչինչ չունեմ: Ամեն ինչ կորցրեցի ճանապարհին:
- Դուք ինչ-որ տեղի՞ց էիք եկել կայարան:
- Ո՜չ, ուզում էի գնալ քաղացիական կնոջս ամուսնու ծննդավայր`նրա գերեզմանին`հեռո~ւ- հեռո~ւ: Ուզում էի տեսնել այնտեղ ծաղիկներ կա՞ն, թե
՞ ոչ:
- Իսկ ի՞նչ ճանապարհի մասին եք ասում:
- Կյանքի:
Երևի մտածում է` զառանցում եմ:
- Հիմա պետք է
ներարկեմ: Դեռ ամբողջ գիշերն առջևում է, աշխատե´ք քնել:
- Իմ բաժինը ես վաղուց եմ քնել, հիմա մրսում եմ:
- Բայց տաքություն չունեք, դրսում էլ ամառ է:
- Դրսում, այո´ ,բայց իմ մեջ չկա՜ ամառ:
- Մի քանի
ներարկումներ էլ կան, ներարկեմ հետո կգամ, լա՞վ, անպայման կգա՜մ:
Ձեռքն իջավ ճակատիս…

Գիշերը դավադիր աչքերով նայում էր պատուհանից ներս, իսկ նա խոսու~մ էր, պատմու~մ…
Գիշերը փորձում էր մութ ձեռքերով սեղմել, փակել բերանը, բայց բառերը, որոնք ներսում խեղդվում էին՝ դուրս էին գալիս գիշերվա մատների արանքից ու արձագանքելով հիվանդասենյակի պատերից, ժանգոտ մեխերի նման ճռռալով խրվում էին բուժքրոջ ականջների մեջ:

< - Անի´, հարկավոր է ամուսնուդ գերեզմանի քարը գցել:
- Փող չկա: Երկու օրից էլ աղջիկս է գալու Ամերիկայից`ամուսնու հետ:
Ի՞նչ պետք է ասեմ նրանց, որ իմ բոյֆրե՞նդն ես: Ամո՜թ է:
- Ինչե՞ր ես խոսում:
Ես քո ամուսինն եմ: Մեկ տարվա ընթացքում այնքան հարազատ դարձանք իրար: Խելքդ տեղո՞ւմ է, և ինչպե՞ս թե փող չկա: Բա իմ վաճառած բնակարա՞նը: Չէ՞ որ պայմանավորվեցինք, որ վաճառեմ իմ բնակարանը, վերանորոգենք քո՜ բնակարանը, գրանցվեմ քե՜զ մոտ, օրինական ամուսնանք, ամուսնուդ գերեզմանը սարքենք: Չէ՞ որ  ինքդ ես պատմել, որ այդքան սիրել ես նրան: Նրա գերեզմանին, ինչպես ասել ես, վերջին անգամ եղել ես երեք տարի առաջ, ծաղիկներ ես տարել, ի՞նչ ծաղիկներ էին:
- Չեմ հիշում, ի՞նչ կարևոր է:
- Արդեն մեկ ամիս է բնակարանը վաճառել ենք, բայց ոչինչ չենք արել:
- Դեռ թող մնա:
Փողը բանկում է, ապահով: Դու մտածիր, թե ինչպե՞ս ենք ապրելու այս մեկ սենյականոցում, երբ նրանք գան:
- Դե´, քո հարազատն է, կհասկանա:
Մի կերպ կապրենք, այնքան էլ նեղվածք չէ:
- Դու չես ճանաչում նրան: Մի
՞գուցե դու գնաս: Հեռու բարեկամ չունե՞ս գյուղում կամ..
- Ես ոչ ոք չունե՜մ:
Դու լու՞րջ ես ասում: Ի՞նձ, որ քեզ այդքա~ն..
- Լուրջ եմ ասում, կատակի ժամանակ չէ: Սա իմ ամուսնու բնակարանն է եղել, ես չէի կարող քեզ գրանցել: Համ էլ աղջկաս գրել եմ, որ մենակ եմ, կարող են գալ:
Իրենց վերադառնալու փողն էլ եմ ես ուղարկել:
Որոշել են այս բնակարանը վաճառել ու ինձ իրենց հետ տանել:
- Առանց ինձ հետ խորհրդակցելո
՞ւ: Չէ՞ որ դա իմ… Ես որտե՞ղ պետք է ապրեմ:
- Պետք է հեռանաս, այլ տարբերակ չկա:
Աղջիկս լաչառի մեկն է, ինձ կխայտառակի շենքով մեկ…>

Բուժքույրն աթոռին նստած` իր երկու ջերմ ափերով բռնել էր հիվանդի ձեռքն ու արտասվում էր անձայն:
Հետո նա ձեռքն ազատեց
բուժքրոջ ափերից ու սկսեց մաքրել արտասուքները:
- Աչքերիդ  տուշը սևացրեց մատներս:
Լաց մի´ եղիր: Կարո՞ղ ես մի ծխախոտ ճարել, ծխել եմ ուզում:
- Այս ժամին բոլորը քնած են, ես ծխող չեմ, քեզ էլ չի կարելի:
Սկսեց մատներով սանրել հիվանդի մազերը:
- Բոլորին էլ մահվանից առաջ տալիս են վերջին ծխախոտ:
Բուժքույրը մատներով փակեց նրա բերանը:
- Դու կապրես: Ես գիտեմ,կապրես…
Դու ինձ մոտ կապրես:
Դու պետք է ապրես:
Տղամարդն արտասվում էր…հետո քնեց` բուժքրոջ ձեռքը գրկած:

- Երազներիս նավակներից հավաքել եմ միայն ճերմակ
երը:
Կարոտներս՝ մետաքս ճայերի նման կապույտ փետուրներով` ջուրն են նետվում ձկան արցունքներ գտնելու հույսով:
Ես էլ բոկոտն մտնում եմ ծովի ավազների մեջ՝ փրփուր գտնելու հույսով:
Չեմ խռովել իմ ճակատագրից:
Ես ապրե~լ եմ, ապրել ուղիղ մեկ տարի:
Չե՜մ նեղվել իմ խաչից, որ միշտ կրել եմ անտրտունջ:
Չտեսա նրա ամուսնու գերեզմանը:
Տեսնես իրո՞ք այնտեղ չորացած ծաղիկներ կան:
Հիմա քո՜ դռան մոտ եմ:
Ցո´ւյց տուր ինձ Գողգոթա տանող ամենակարճ ճանապարհը:
Մրսու~մ եմ, ցուրտ է:

- Զառանցու՞մ է, բժի´շկ, որքա~ն դառն են խոսքերը:
- Էլ
ներարկում չանես: Իմ կարծիքով` արդեն չի օգնի: Կողքից էլ մի´ հեռացիր:
- Ինչպե՞ս, բա ի՞նչ պետք է անենք:
- Ոչինչ, թո´ղ հանգիստ հեռանա:
Մենք անզոր ենք:
Բժիշկը հեռացավ:
< Մրսու~մ եմ, ցուրտ է:>
Քույրը ներսից փակեց պալատի դուռը: Հանեց սպիտակ խալաթը, մնաց ներքնազգեստով:
Զգույշ բարձրացրեց վերմակն ու մտավ անկողին:
Գրկեց նրան. <
Ես քեզ կտաքացնեմ: Գիտեմ, թե ինչ է քեզ պակասում, ինչ է պակասել: Ես հասկացա քո մրսելու պատճառը: Քեզ կենդանի ջերմություն է հարկավոր: Առանց դրա ոչ ոք չի կարող ապրել: Ես կտամ, միայն մի´ գնա: Դու դեռ այնքան բան ունես անելու… Խնդրու~մ եմ:

Առավոտյան բժիշկն ուշադիր նայում էր հիվանդին:
Հանգիստ քնած էր: Շնչառությունն էլ նորմալ:
Բազմաթիվ լարերով մարմնին միացրած էկրանը ցույց է տալիս համաչափ վեր ու վար անող կյանքի ռիթմը:
Մտավ քույրը:
- Ինչ-որ բան
ներարկե՞լ ես:
- Ո´չ, արգելեցիք, չէ՞:
- Տարօրինակ է, այն աշխարհից վերադարձ կա՞: Հրաշքներ լինու՞մ են:
- Չգիտեմ,- կարմրեց քույրը:
- Լա´վ, կգամ երկու ժամից,- մեկ անգամ էլ նայեց ու դուրս եկավ:

Աչքերը բացեց: Հետաքրքիր հայացքով մի տղա է նայում: Նուրբ դիմագծերով:
Կլինի մոտ քսան տարեկան:
-
Դու ո՞վ ես :
-
Հիմա մամային կկանչեմ,- ու դուրս վազեց:
Մտավ քույրը, ինչ-որ ծանոթ ու հոտառությունը գրգռող բույրով:
Սենյակը լցվե՞ց, թե՞ թվաց:
-
Հիմա ինչպե՞ս ես: Կարծես անցավ, հա՞: Այնպես վախեցրիր:
-
Միթե՞ մահից վախենում են, ապրելուց պետք է վախենալ:
-
Ինչպե՞ս թե,-զարմացավ տղան,- ապրելո՞ւց:
-
Ես ամբողջ կյանքումս աթեիստ եմ եղել, բայց վստահ կասեմ, որ հրեշտակներ կան:
Գիշերը մեկն ինձ մոտ էր, բայց չծիծաղեք, լա՞վ: Ես նրանից ճանապարհ հարցրեցի` չորացած ծաղիկների մոտ գնալու ճանապարհը: Գլխով արեց, բայց նորից խաբված մնացի, ինձ ուրիշ ճանապարհ ցույց տվեց:
Տղան ծիծաղեց:
-
Հրեշտակները համալսարանի մեր խմբում են սովորում:
-
Դու ճիշտ ես, տղա´ս: Անունդ ի՞նչ է:
-
Լևոն, ինչպես միշտ:
-
Լևո´ն, մի´ խանգարի, դո´ւրս արի:
-
Չի խանգարում: Սրամիտն է: Ես էլ եմ այդպիսին եղել մի երեսուն տարի առաջ:
-
Լավ, մա´մ, ես գնամ: Տեսնեմ կարո՞ղ եմ տակից դուրս գալ: Վարդանյանն այնպիսի բան է առաջադրել, որ ամբողջ կուրսով չենք կարողանում:
-
Իսկ ի՞նչ է, եթե գաղտնիք չէ:
-
Լևո´ն, դրա ժամանակը չէ, դո´ւրս արի:
-
Թո´ղ մնա, խնդրում եմ: Ասա´, մի՞գուցե ես օգնեմ:
-
Դո՞ւք, - ժպտաց, - նայե´ք, միթե՞ կարող է Լերմոնտովի նման հանճարը սխալվել իր գրվածքներում: Ինձ թվում է` դասախոսը թակարդ է լարում:
-
Սխալվում են բոլորը, Լևո´ն: Ասա´, ի՞նչ է:
Լևոնը տետրում ցույց տվեց Լերմոնտավի բանաստեղծությունից ընգծված երկու տող.
И прыгает Терек  как львица,
С горбатой гривой на хребте..
-
Ի՞նչ սխալ կարող է լինել այստեղ, սովորական փոխաբերություն է`գետի վազքը՝ առյուծի բաշի հետ:
Քույրը դուրս եկավ սենյակից:
-
Լևո´ն, ծխու՞մ ես:
-
Այո´, բայց մամայի մոտ` ոչ:
-
Մի հատ սիգարետ տուր, լա՞վ:
-
Բայց Ձեզ կարելի՞ է:
-
Իհարկե, ի՞նչ է եղել, որ:
Ծխախոտը թաքցրեց բարձի տակ:
-
Հիմա ուշադիր լսի´ր: Մի՞թե դու տեսել ես էգ առյուծ, որ բաշ ունենա
Տղայի աչքերն ուրախությունից փայլեցին:

Ամբողջ ցերեկը քնեց:
Երեկոյան երկար զրուցեցին բուժքրոջ հետ:
Ավելի ճիշտ` ինքը խոսում էր, բուժքույրը` լաց լինում:
Խոսում էր դժվարությամբ, ծանր շնչելով:
Կեսգիշերին մոտ էր, երբ քույրը հերթական այցելության գնաց մյուս հիվանդներին:
-
Շուտով կգամ: Չտխրե´ս:

Սենյակում կանգնած էր ծխի մուգ կապտավուն ամպ, որն անընդհատ խտանում էր մահճակալից կախված անշունչ Տղամարդու ձեռքի ծխախոտից:
Ուղիղ կեսգիշեր էր:

Վերջաբան
Հեռո~ւհեռո~ւ, ինչ-որ մեկի ծննդավայրում ինչ-որ գերեզմանաթումբ է`լքված, անխնամ:
Թմբի վրա ծաղիկներ հետք չկա, քարերի արանքից էլ խոտ է աճել:
Լ
աց լինող կատվի ձայներ են լսվում:

Ասում են, որ կինը գեղեցիկ է միայն քնած ժանամակ և մահվան մահճում:
Ո~չ, կինը գեղեցիկ է միայն անկեղծ ու լուռ արտասվելու պահին:

Ասում են ,որ չորացած ծաղիկները նույնքան գեղեցիկ են, որքան թարմ ծաղիկները,
ուղղակի պետք է այլ աչքերով նայել:
Ո~չչորացած ծաղիկների գեղեցկությունը նման է մահվան անկողնում հանգիստ պառկած տղամարդուն:

Հիվանդասենյակի դռանը ուսով հենված, շրթունքները կրծելով` լուռ արտասվում էր բուժքույրը:


Ս.Ումառ

Комментариев нет: