* * *
Դու մերկ էիր աչքերիս մեջ,
մութն էլ լղոզված մարմնովդ մեկ,
աղոթքի նման
կաթում էր ներքև…
ու լռությամբ պաշարված
աչքերիս մեջ այլ կյանք էր,
սև էր…
պարզ …
ու ջինջ,
դու խոսեցիր իմ մեջ,
բայց չասացիր ոչինչ:
Փակում եմ աչքերս, որ մնաս այնտեղ,
բանտելու համար չեմ ասի մեղա՜,
ապրում եմ ներկադ փոքրիկ աչքիս մեջ,
կոպերս երգում են գեղեցիկդ,
դողո՜ւմ,
թրթռում անընդմեջ,
արցունքս վախենում է, որ հանկարծ ճչաս …
դու ներկա ես իմ մեջ,
բայց արդեն չկաս:
Այս հիմար գիշերը կարապի տեսքով
իմ աչքերի մեջ
խուլ ու մունջ հևաց,
ու տեղի տվող խավարն իր կամքով
դանդաղ մահացավ անունդ գրկած:
Լուսաբացի վայրի ափը
իջավ կրծքիս - դատարկ արձագանք,
իրական բութ ցավ կամ
մեղք առաջին,
առանց քեզ բացվող արեգակ սադրիչ,
կյանքը խաղալիք,
ծաղր ու ծանակ,
լեզուս ըզգում է արցունքն առանց աղ…
թույլ մի օրօրում խավարի եզրին,
ձեռնոցներ նետված դատարկ աշխարհին…
Ոչինչ չեմ ուզում
միայն թե մեկը հայտնվի անտես
ու օրհնի գիշերվա
տառապանքներս…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий