Արդյո՞ք հնարավոր է նման բան, որ բույրն այսպես խելացնոր մտնի
քո մեջ ու ավերի ամեն ինչ:
Եվ դա ընդամենը ինչ որ օծանելիքի բույր:
Որտեղի՞ց է գալիս անահասկանալի է:
Բույրը ստիպում է քեզ գրավել տիեզերքը, ստանալ Նոբելյան
մրցանակ մաթեմատիկայի բնագավառում, գտնել հավերժական շարժիչ ստեղծելու գաղտնիքը,
բայց դրանք բոլորն էլ եղել են, հետաքրքիր չէ:
Մի՞գուցե գենետիկական կապ գտնել ինչ որ երկրի նախագահի հետ,
բայց դա էլ հետաքրքիր չէ:
Մի՞գուցե գնալ ուղղել Պիզայի աշտարակը, Ամերիկայի Ազատության
արձանի ձեռքի ջահը վառե՞լ, գողանա՞լ Մոնա Լիզայի նկարը…հետքրքիր չէ, հետաքրքիր է
թե որտեղից է գալիս այս բույրը:
Անհանգիստ նայեց շուրջն ու հասկացավ, որ ցանկանում է ունենալ
այն, ինչ վաղուց ենթագիտակցության մեջ նստած անհանգստացրել է:
- Ձեզ սովորականի նմա՞ն, կրկնակի սո՞ւրճ:
- Մի բաժակ էլ մարտինի:
Հաճախորդները համարյա նույն մարդիկ են, ամենօրյա, որոնց
հայացքների վրայով սահեցրեց հայացքն ու կանգնեցրեց պատի վրա վաղուց կախված ինչ որ
սյուրռեալիստական, փոշու մեջ կորած նկարի վրա:
Հետո հայացքը շարունակեց պատով իջնել ու կանգ առավ պատի մոտ
դրված սեղանի մոտ նստած կնոջ վրա:
Ահա թե որտեղից է գալիս բույրը:
Մտածեց, որ կինն առաջին անգամ է այստեղ, քանի որ վստահ էր իր
տեսողական հիշողության վրա:
Դեմքը չէր երևում բայց, բացի բույրից ինչ որ ձգողական բան կար,
որն անհասկանալի անհանգստացնում էր նրան, չէր թողնում հայացքը հեռացնել նրանից
նույնիսկ այն ժամանակ, երբ մատուցողը, որը ցավոք սրտի կինարմատ չէր, բերեց պատվիրված
սուրճն ու մարտինին:
Կինը սև, նեղ շրջազգոստով էր ու գեղեցիկ կոշիկներով, որոնք
պատրաստ էին ամեն վայրկյան ազատվել ոտքերից ու մերկացնել փոքրիկ գեղեցիկ
ոտնաթաթերն ու կրունկները:
Մազերը, բաժակից կում անելիս համաչափ բարձրանում ու նորից
իջնում էին սեղանի վրա, հրավիրելով մի ձեռքի որը կարողանար հետ քաշել մազերը
ականջի ետևն այնպես որ երևար դեմքը:
« Միգուցե մոտենամ ու ծանոթանամ, ոչ մի վատ բան արած չեմ լինի,
ես սիրում եմ իմ կնոջը, բայց սա կարծես մի այլ բան է, մի նոր զգացում, որn իմ մեջ
արթնացնում է այս ճգնաժամային տարիք կոչվածը»:
Գլուխը կախեց սուրճի բաժակի վրա, բայց ընդամենը մի պահ ու
նորից անհնազանդ աչքերն ընկան կնոջ մեջքի կողմից երևացող պարանոցին:
Երևում էր մերկ ձեռքը, որը խմորեղենի հերթական կտորը ծամելիս
բարձրանում էր դեպի բերանն ու իջնում ափսեի վրա:
Շուրթերը…
Շուրթերը տեսնելու ցանկությունն այնքան մեծ էր, որ աշնան այս հիմար եղանակին զգաց անտանելի շոգ:
« Մոտենամ ու առաջարկեմ հյուրասիրել խմորեղենով, կանայք սիրում
են քաղցրավենիք, իսկ եթե սուրճ առաջարկեմ, ապա հաստատ կմնամ անելանելի վիճակում,
քանի որ նրա` արդեն խմել եմ պատասխանից հետո, ոչինչ չեմ ունենա ասելու:»
Կնոջ օծանելիքի բույրը շարունակում էր իր ավերիչ
գործողությունն ու տակնուվրա անում նրա ներսը:
Բույրը, երկչոտ չէր ու կոպիտ բռնելով նրա արմունկը ստիպեց
բարձրանալ ու մոտենալ կնոջը:
- Կարելի՞ է Ձեզ հյուրասիրել դեսերտով, հուսամ դեմ չե՞ք լինի:
- Շատ ծիծաղելի է, ուրիշ բան չգտա՞ր կատակելու, դու ինչ է
չգիտես, որ երկրորդ կտորից հետո ինձ մոտ ալերգիա է առաջանում:
Կինը դեմքով շուռ եկավ դեպի տղամարդը:
Աչքերին չէր հավատում, մոտենալ սեփական կնոջն ու հիմարի նման
կանգնած ճպճպացնել աչքերո՞վ:
Հարկավոր չէր ցույց տալ իր ցայտնոտի մեջ գտնվելն ու ակամայից
հարցրեց:
- Ի՞նչ օծանելիք ես քսել վրադ, հարյուր կիլոմետրից մարդ
կճանաչի քեզ:
- Քո նվիրածն է, մարտի 8-ի կապակցության առթիվ, չե՞ս հիշում:
Ձեռքով հաջողության նշան է անում, ոչ թե կնոջը այլ այդ ճգնաժամ
կոչվածին, ու չգիտի հեռացավ թե ոչ, բայց հաստատ զգում է որ կողքը մեկը կա ու այդ
մեկը հարցնում է:
- Հարմար չէ՞ր Ձեր սեղանը, ուզո՞ւմ եք բաժակներն այստեղ բերեմ:
Նայում է սեղանին, որտեղ որ պետք է սեփական կինը նստած լիներ,
բայց սեղանը դատարկ է, հասկացավ, որ ճգնաժամը ոչ մի տեղ էլ չի գնացել ու դեռ
մարտնչում է մնալու համար, հանուն արդարության էլ պետք է խոստովանել, որ մարտնչում
է անձնուրաց:
- Ցանկանում էի այս նկարը տեսնել, հեռվից եմ միշտ նայել, դուր
է գալիս:
- Նստե՛ք, հիմա Ձեր բաժակները կբերեմ:
… Իր նախկին սեղանին մոտեցավ մի կին, սա արդեն միրաժ չէ, դեմքը
երևում է ու շատ պարզ:
Մատուցողին ինչ որ բան պատվիրեց, հետո բացեց սև պայուսակն ու
այնտեղից հանեց ծխախոտի տուփ, կրակայրիչ ու ինչ որ թղթեր:
Սեղանին փայլում էր
ոսկեգույն կրակայրիչը:
Կինը ցույց էր տալիս, որ խորասուզված է ընթերցանության մեջ,
բայց աչքի տակով նայում էր նրան:
Տղամարդը պատվիրեց երկրորդ բաժակ մարտինին ու այդ ժամանակ էլ
տեսավ իրեն նայող կնոջ հայացքը:
Կինը փախցրեց հայացքը:
Վառեց մի ծխախոտ, հայացքը առաստաղին՝ ցույց տվեց, որ մտածում է
կարդացածի մասին,
բայց, պարզ լսվում էր նրա հայացքով չասված խոսքերը:
« Տղամարդը դու ես, դու էլ մոտեցիր, ո՞ւմ ես սպասում, ի՞նչ է
սպասում ես, որ ինձ մատուցարանի վրա քեզ հրամցնեն, չսպասե՛ս, այդպիսի բան լինել չի
կարող:»
Բավականին ժամանակ անցավ ու ոչ մեկը չզիճեց:
« Հետաքրքիր է ո՞վ է առաջինը հոգնելու սպասելուց» - մտածում էր
նրանցից յուրաքանչյուրը:
Առաջինը հոգնեց կինն ու վեր կենալով մի քմծիծաղով պարուրված
հայացք նետեց դեպի տղամարդը, հավաքեց իրերը պայուսակի մեջ, իր քայլերի
գեղեցկության չափն իմացողի հպարտությամ դուրս եկավ սրճարանից:
Տղամարդն այդպես էլ գամված մնաց աթոռին ու զգաց, որ անկարող է
վեր կենալ, զգաց որ ինչ որ մեկն ականջին ասում էր:
- Չէ որ դա Նա էր, ում այսքան երկար տարիներ, դեռ միջին
դարերից սպասել ես անհամբեր, ճիշտ է ես քո տարիքն եմ, այն էլ ճգնաժամային, բայց
նույնիսկ ես անկարող եմ դրա դեմ առնելու, դու դեռ տղամարդ ես, ինչո՞ւ առաջին քայլի
իրավունքը բաց թողեցիր…
Կարծես քնի միջից ուշքի եկավ, վեր թռավ ու վազեց Նրա ետևից:
Դրսում, անցորդների մի ամբողջ քաոսային համակարգ կուլ էր տվել
նրան:
Վերադարձավ, երկու ձեռքերով գլուխը բռնած նստեց սեղանի մոտ:
- Վա՞տ եք զգում, օգնե՞մ,- մոտեցել էր մատուցեղը ու վախեցած
աչքերով պատասխանի էր սպասում:
- Ոչ, ամեն ինչ կարգին է, - բարձրացրեց գլուխն ու ինքնաբերաբար
նայեց Նրա սեղանին:
Աստվածները կատակել չեն սիրում, նրանք միշտ ձեռքով ցույց են
տալիս ուղին, ճանապարհը որով պետք է քայլել, բայց մարդիկ չգիտես ինչու նայում են
ոչ թե ձեռքի ուղղությամբ այլ անմիջապես ձեռքին ու այստեղից է այն բազմաթիվ սխալները,
որ մարդիկ կատարում են ակամա:
…բարձրացրեց գլուխն ու ինքնաբերաբար նայեց Նրա սեղանին:
Սեղանի վրա հպարտորեն կանգնած էր Նրա կողմից մոռացված
ոսկեգույն կրակայրիչը:
Ճգնաժամը հաղթահարված էր ու ջախջախիչ կերպով պարտված, քանի որ
կրակայրիչի տակ հաստատ պետք է լիներ այն թղթի կտորը, որտեղ որ գրված կլիներ Նրա
հեռախոսահամարը…
Ճգնաժամը չէր
հանդարտվել ու իր բարիտոն ձայնով երգեց:
- Ո՞ւմ ես սպասում, դու իրո՞ք մի հաստագլխի մեկն ես, թե՞
կորցրել ես քո առաջնային լինելը:
Տղամարդը կանգնեց սեղանին մոտենալու համար ու հասկացավ, որ ոչ
մի ճգնաժամ էլ գոյություն չունի, ոչ մի ուղղություն էլ ցույց տվող չկա, ինքն է ու
իր տղամարդկային քայլերը, որոնք էլ մնացին մեխված տեղում:
Նա վերադարձել էր սրճարան, մոռացած կրակայրիչի ետևից:
Ուշացնելը բարոյական ցավալի ապտակ կլիներ ու տղամարդը մի
ոստյունով մոտեցավ, զգույշ բռնեց նրա ձեռքն ու տեսավ թե ինչպես Նրա գեղեցիկ, երկար
թարթիչներն իջան աչքերի վրա:
Հասկացավ, որ հիմա սկսվելու է մի այլ գեղեցիկ կյանք, մի այլ
զգացումներ, որոնց կարոտ է վաղուց…
… Հասկացավ, որ ոչ մի կրակայրիչ էլ չկար, ոչ մի կին էլ չէր
եղել…
Հասկացավ որ
ճակատագիրը երկրորդ շանս չի տալիս, պետք է հենց առաջին իսկ շանսի ժամանակ
կառչել նրանից ու բաց չթողնել…
Աստվածները չեն կատակում ու եթե դուռդ թակել է ճգնաժամային
տարիքի ոսկրոտ ձեռքը, բաց արա, միևնույն է այլ ճանապարհ չունես…
Ս.Ումառ
Комментариев нет:
Отправить комментарий