Այրվում է սիրտս…
Վառվո՜ւմ,
կրա՛կը սև է,
կայծերը բոսո՛ր,
լեզուս մոխի՛ր է
հայա՛ցքս մոլոր…
Որտեղի՞ց սկսվեց հրդեհը սրտիս.
Քեզնի՞ց,
արևի՞ց,
թե՞ պատուհանիդ անդրադարձ շողից…
Մի փոքրիկ ճնճղուկ է
նայում ինձ ծառից,
անտոհմ ու անցեղ
ինձ մեղք է գալիս:
փորձում է օգնել, փորձում հանգցնել,
թռչում հեռանում, անձրևաջուր է
կտուցով բերում,
արցունքն աչքերին լցնում է սրտիս,
ու նորից…
նորից…
Երկրպագել եմ արագիլներին,
կռունկներին եմ ձոնել երգերս,
նույնիսկ սև սպիտակ գող ագռավներին
հերոսներ սարքել,
իսկ քեզ, իմ ճնճղուկ, երբեք չեմ հիշել
Սիրտս է այրվում…
կրակն էլ սև է…
այրվում է ճնճղուկը,
ճնճղուկն ինձ հետ է:
ու ամեն անգամ իր բերանում ջուրը պահած՝
արտասուքի կաթիլներ է
գլորում ցած,
ավելացնում ջրին բերած:
… Այրվել էր սիրտս,
ու լեզվիս նման մոխրացել վաղուց,
իսկ ճնճղուկը դեռ
շարունակում էր կտուց
առ կտուց
անձրևաջուրը կրել,
հասցնել ,
Շարունակում էր արցունքներ թափել…
Սիրտս էր վառված,
Վերքերս՝ բացված,
ու օգնությունը, անթամբ ձիերի վրա բարձրացած
խուժում էր մրմուռ,
մարմինս էր ծխում,
ծխում խնկաբույր,
պատուհաններիդ լույսը չէր վառվում …
ծառի ճյուղին էլ ճնճղուկն էր հևում…
Комментариев нет:
Отправить комментарий