вторник, 25 февраля 2014 г.

Երբ ծղրիդներն են երգում


Երբ վատ ես զգում անմիջապես վազում ես քո անձնական օրագրի մոտ ու սկսում գրել, լրացնել ներկա դատարկ օրդ բառերով, մտքերով… ակամա տեղափոխվել անցյալ:
Օգնում է, փորձված բան է:
Հանուն արդարության պետք է ասել, որ դա խորամանկ մարդկանց համար արդարացման փորձ է ապագա սերունդների համար:
Իսկ երբ անընդհատ օրագրիդ առջև նստած ես` նշանակում է գործերդ այնքան էլ լավ չեն, ավելի ճիշտ վատ են…
Մանկության տարիներին քեզ թվում է ամեն ինչ կարելի է:
Երիտասարդ հասակում մտածում ես, որ ամեն ինչ հնարավոր է, իսկ արդեն հասուն տարիքում, առանց մտածելու օրագրումդ գրում ես.
«Ամեն ինչ Աստծո ձեռքերում է»:
Հյուրասենյակում կիսալույս է, լուսավորում է նաև համակարգչիս էկրանը:
Օրագիրս բաց ընկած է սեղանին: Գրված է միայն ամսաթիվը:
Չգիտեմ ինչ գրեմ, բայց քանի որ բացել եմ, ուրեմն ինձ վատ եմ զգում, պետք է գրել, անպայման գրել: 
Վաղը Մարիամի ծծնդյան օրն է:
Որոշել էի նվեր գնել ու որոշումս կատարած այսօր ուրախ-ուրախ մտա տուն:
Գնել էի բաց վարդագույն հողաթափեր:
Երբ փաթեթը բացեց, ինձ թվաց թե ուրախությունից է, որ կռացավ իջավ ծնկի ու ձեռքերը պարզեց դեպի առաստաղ.
- Աստված իմ, ո՞ր մեղքիս համար…
Հետո կանացի հատուկ քնքշանքով ծնկած, բարձրացրեց իմ ոտքը, հողաթափերից մեկը հագցրեց, ուշադիր նայեց թե ինչ լավ է նստել ոտքիս ասաց:
- Շատ գեղեցիկ է, սազում է, մյուսն էլ դու հագիր, բարով մաշես:
Իրոք գեղեցիկ էր, վարդագույն, փափուկ, կանաչ նախշերով:
Ուղիղ իմ ոտքին էր՝ քառասուն երեք համարի (նրա ոտքը երեսուն յոթ համարի է, թե ինչպես մտքովս չէր անցել, չհասկացա):
Մի՞թե կարևորը ցանկությունս չէր, մի՞թե այդքան դժվար էր հասկանալ:
Հողաթափերը թևիս տակ դուրս եմ գալիս բնակարանից ու գցում աղբատարը:

Բակում կիսամութ է:
Երևի անձրև է եկել, ինչպես չեմ նկատել:
Նստարանները թաց են:
Հերն էլ անիծած, նստում եմ:
Բակում մի երեխա է խաղում, մոտ չորս տարեկան:
Ինչո՞ւ է մենակ: 
Չէ՜, մենակ չէ՛, երևի այն կինը, մեկ նստարան այն կողմ նստած, մայրն է, չնայած…
Նա էլ է նստած թաց նստարանին:
- Գևորի՛կ, մի՛ բարձրացիր, կընկնե՛ս: Մի ձեռքերիդ նայիր, լրիվ ցեխ ես դարձել:
Ծխախոտ եմ վառում:
- Դուք ծխո՞ւմ եք, չգիտե՜ի:
- Մեկ-մեկ, երբ տրամադրությունս տեղը չի լինում:
- Ես գիտեմ, դուք բանաստեղծ եք, առաջին մուտքից, ես էլ երկրորդից եմ, երկրորդ հարկ, աջից:
- Այո, բա-նա-ստեղծ, հաճախ բան-ման եմ ստեղծում իմ սեփական գլխին:
Ծիծաղում է:
Մոտեցավ:
- Ես այս շենքում եմ ապրում, այստեղ եմ մեծացել: Երբ դուք նոր էիք տեղափոխվել այս շենք ես սիրահարված էի ձեզ:
Նայում եմ ուշադիր, չեմ կարողանում հիշել:
- Հետո, երբ ամուսնացաք… գիտե՞ք թե քանի գիշերներ եմ լաց եղել: 
- Այսօր նրա ծննդյան օրն է, վիճեցինք, նեղացանք իրարից:
- Ես էլ եմ այս օրը ծնվել: Ծանր օր է: Երկու տարի առաջ ամուսինս ժամացույց նվիրեց, ես էլ կատակով ասացի, նվիրում ես որ հասկանամ արդեն իմ ժամն անցե՞լ է: Նեղացավ: Գնաց, անվերադարձ: 
- Բայց ես ի՞նչ կարող էի անել, նվիրեցի հողաթափեր, այնքան կոպիտ վերաբերվեց…

Մենք չենք լսում իրար, կարծես ամեն մեկս մեր մտքերի հետ է զրուցում:

- Երեխաներ չունենք, սա փոքր քրոջս տղան է, առանց հաշվի առնելու որ իմ ծննդյան օրն է, թողեցին մոտս ու գնացին համերգ, նույնիսկ չշնորհավորեցին, մոռացել են երևի…
- Հողաթափեր, ուրիշ ոչինչ չէի կարող գնել, փողս չէր հերիքում:

Անցյալին նետված հայացքը շատ նման է դեպի երկինք շպրտված քարի, որի հետագիծը կորում է հորիզոնում:
Հետագծի վերջին հատվածը երբեք չես կարողանում տեսնել ու մտապահել, դա շատ հեռու քեզնից:
Եթե կարողանաս մտապահել, ապա դա կդառնա մի անջնջելի պատկեր ու քեզ կպատմի թե քո մահանալուց հետո ինչեր կարող են խոսել քո մասին:
Դե պարզ է, որ մահացածների ետևից երբեք ոչ մի վատ բան չեն ասում, բայց անպայման մտքով իջնում են մինչև շրիշակի մակարդակ, մտքում հայհոյում, կարդում են օրագիրդ ու շպրտում՝ ինչպես դարն ապրած անպետք մի իր:
Շպրտում են մի անբողջ կյանք:

Բակ մտավ մի մեքենա:
Լուսարձակները ընկան մեր վրա ու կուրացրեցին մեր աչքերը:
Երեխայի ծնողներն էին:
- Շատ ուշացա՞նք, Վեր ջան, քնելու ժամանակն է, լավ հասանք:
Գևորիկը վազեց նստեց մեքենան:
- Լիլի՛թ, միգուցե բարձրանաք, չէ որ այսօր իմ…
- Չէ, ուշ է արդեն, դու էլ գնա տուն, կմրսե՛ս:
Ուրեմն անունը Վերա է: Եթե այսօր է ծննդյան օրը, ուրեմն երկվորյակներ համաստեղության տակ է ծնվել, ինչպես Մարիամը:
Բակում կիսամութը խտանում է:
- Վերա, ուզո՞ւմ ես քեզ ցույց տամ իմ հոգեառ հրեշտակին:
Աչքերը բարձրացրեց երկինք:
- Չէ, ճիշտ ուղղությամբ չես նայում, նայիր մեր մուտքը մտնող այն կլոր կնոջը, տեսնո՞ւմ ես:
- Դա՞ է հրեշտակը, - ծիծաղում է:
- Դա իմ զոքանչն է, եկել է աղջկան շնորհավորելու:
Լռության մեջ երգում են ծղրիդները:
- Իմ անունը Վերա չէ, անձնագրով Բերսաբե է, հայրս է դրել: Բոլորն ինձ Վերա են ասում:
Ես երաժշտության դասատու եմ:
- Բերսաբե…հնչում է գեղեցիկ:
- Կարևորը մարդու կյանքը գեղեցիկ լինի: Լսո՞ւմ ես ծղրիդներին: Ուշադիր որ լսես կտարբերես իրար կանչող ծղրիդներին: Նրանց ձայնը հատուկ է, ականջ շոյող ու հաճելի տոնայնությամբ: Լսիր, դու դա կարո՛ղ ես, ես վստա՛հ եմ, որ կլսես:
Ծղրիդների ձայնն իրոք հաճելի էր:
Ինչու մինչև հիմա ուշադրություն չէի դարձրել:

Ծղրիդների ձայները երգչախմբի նման կատարում էին մի երգ, այնքան հաճելի, այնքան պարզ ու միանգամից այնքան բարդ, որ ես հազիվ էի կարողանում լսել կողքս նստած կնոջ ցածր ձայնով անկեղծ ու անկաշկանդ խոսքերը:
- Շատ էի ցանկանում մոտենալ քեզ ու ծանոթանալ, բայց ամեն անգամ մի բան խանգարում էր: Ես անգիր գիտեի թե ի՞նչ շորեր ես հագնում, ի՞նչ վերնաշապիկներ ունես, ե՞րբ են կոշիկներդ լինում մաքրված: Ամեն առավոտ քեզ մոտենալու իմ որոշումն ավարտվում էր լաց լինելով ու հակառակ ուղղությամբ շարունակելու ճանապարհով:

Ծղրիդները երգում էին, մի աղջկա մասին, որը փաթաթվել էր միայնակ բարդուն ու լաց էր լինում, քանի որ բարդին չէր կարողանում նույն կերպ՝ սիրով պատասխանելու աղջկան:

Ծղրիդները լաց էին լինում թափորի ետևից գնացող մարդկանց նման:
Ծղրիդների ձայնը օրօրվում էր այն մարդու նման, որն իրոք օրօրվում էր ձեռքերի վրա:

Ծղրիդները աղոթում էին պատի վրա նկարված, գունաթափված սրբապատկերների առաջ:
Ծղրիդներն իրենց ձայնով վախեցնում էին այն մեղվին, որը խճճվել ու չէր կարողանում դուրս գալ մահացածի մորուքի միջից:

Ծղրիդները ցածր ձայնով, աղոթքի նման կարդում էին մի մարդու օրագիր, որը չգիտես ինչու փնտրում է ու չի գտնում այն կետը, որտեղից որ կարող է հուշերի հետագիծը փոխի ճանապարհն ու անցնի մի այլ ճանապարհով: 

- Իսկ մի օր էլ ես հաստատ որոշեցի մոտենալ, ի՞նչ գնով էլ լինի ծանոթանալ:
Այդ օրն ինձ համար դարձավ ճակատագրական ու ես առանց հասկանալու խաչ քաշեցի իմ բոլոր մտքերի վրա: Հետո, արդեն մի քանի տարի անց հասկացա, որ ես հիմար եմ ու անհաջողակ:
Օրագրումս այդ օրը գրեցի « Զզվում եմ, զզվում բոլոր տղամարդկանցից, նույնիսկ նրանից…»
Ես չեմ պատասխանում:
Անակնկալից լեզուս կուլ եմ տվել ու լեզվիս փոխարեն խոսում են աչքերս, ականջներս…
- Լսում ես ծղրիդներին, լավն են չէ՞: Ես ամեն օր իջնում եմ ու լսում նրանց: Հետո շատ հեշտ է լինում քնելը: Երազելը:
- Իսկ ինչո՞ւ այն օրը չմոտեցար, ինչո՞ւ եղավ ճակատագրական, ես դա չհասկացա:
Ափերով փակեց դեմքն ու ափերի միջից լսվեց:
- Հիմար էի: Կհավատա՞ս: Ես մոտեցա, հարցրեցի շենքի համարն ու հեռացա:
- Չհասկացա, հետո ի՞նչ:
- Դու ասացիր Նիկոլ Դումանի քսաներեք ու քո բերանից սոխի հոտ էր գալիս…հիմարն եմ չէ՞:
- Բերսաբե…
Փորձեցի բռնել ձեռքը:
Ձեռքը ետ չքաշեց, շուռ եկավ նայեց մեր շենքին:
- Ճիշտ կլինի գնաս տուն, նրա ծննդյան օրն է, չէ՞: Դու պետք է գնաս, այդպես ճիշտ կլինի: 
Հետո միգուցե իրար հետ էլի կկարողանանք լսել ծղրիդներին:
- Սսկվել են, էլ չեն երգում, ինչո՞ւ:
- Չգիտեմ, երևի հանգստանում են:
Բակում լռություն էր:

Բնակարան մտնելս ստացվեց անաղմուկ:
Հյուրասենյակից լսվեց հոգեառ հրեշտակիս ձայնը:
- Մարիամ ջան, դրա ձեռքերը աճում են ականջներից, այսքան էլ անհաջողակ, ո՞վ է տեսել սեփական կնոջը հողաթափեր նվիրեն, հայրդ նման բան երբեք թույլ չէր տա: 
- Լավ, մա՛մ, վերջացրո՛ւ, ի՞նչ լավ ջինս ես գնել, բայց կարծես թե..
- Ի՞նչ, քո վրայով չէ՞, թե՞ գույնը…
- Շղթան կարծես հակառակ կողմի է, տղամարդու ջինս է, մա՛մ:
- Ոչինչ, ես պայմանավորվել եմ, եթե ինչ որ բան այնպես չլինի, անպայման կփոխեն, բանի տեղ մի դիր:

…Բազմոցին անկողինս է, ննջարանում չէ:
Նեղացած է, ննջարանի դուռը շրխկացրեց ու անկողինս առանց հարդարելու գցեց բազմոցին ու գնաց քնելու:
Գիտեմ, որ քնած չէ:
Թող լինի բազմոց, ինձ համար միևնույն է:
Մոտեցա պատուհանին, փորձում եմ լսել ծղրիդներին:
Իմ պատուհանից չի լսվում նրանց ձայնը կամ գուցե դեռ հանգստանո՞ւմ են:
Իսկ ե՞ս, ես ե՞րբ պետք է հանգստանամ:
Համակարգչիս դիմաց դրված աթոռի թիկնակից կախված է նրա ներքնազգեստը:

Ով եմ ես քո համար՝ սովորական մի ի՞ր, այս աշխարհ ուղարկված քո անհասկանալի նպատակների համար:
Եթե ես ստրուկն եմ քո խնամքով քողարկված շորերի, ուրեմն որտեղի՞ց ինձ այդքան ուժ դատելու կամ դատապարտելու արարքներդ: 
Եթե ես ավելին եմ քան ստրուկը շորերիդ, ուրեմն ինչո՞ւ է աշխարհը ինձ շրջապատել չար մտքերով:
Ո՞վ եմ ես քո համար….
Բարկացած վերցնում եմ ներքնազգեստն ու շպրտում պատին:
Հիմա էլ աչքերով փնտրում եմ թե ո՞ւր ընկավ…ու չեմ գտնում:
Սպիտակ, նուրբ թափանցիկ ներքնազգեստը մնացել է կախված պատի նկարի շրջանակից՝ ուղիղ բազմոցի դիմաց, աչքերիս դիմաց:

Մի կերպ տեղավորվում եմ կարճ բազմոցին:
Ոտքերս ծալած փորձում եմ քնել:
Ննջարանի դռան տակի լույսը փոխեց անկյունը, մեծացավ:
Մոտեցավ:
Կիսամութի մեջ տեսնում եմ կիսամերկ ստվերի մոտենալը:
Փակում եմ ականջներս:
Հիմա կսկսվի, ավելի լա՞վ չէ վեր կենամ իջնեմ բակ ու լսեմ ծղրիդներին: Միգուցե նա էլ լինի այնտեղ…
- Շորերս ո՞ւր են, այստեղ կախված էր, ես լա՛վ եմ հիշում:
- Նկարի վրա է, եթե ուզում ես աթոռը դիր, բարձրացիր վերցրու:
- Ի՞նչ ես սեփականատիրոջ նման գրավել բազմոցը, մի կողմ քաշվիր, ես էլ եմ ուզում պառկել:
Փորձում եմ քաշվել մի կողմ, տեղ տալ:
Չարությունը թողած ձեռքերով գկում է ինձ:
Ականջիս ցածր լսում եմ իր ընկերներին մոռացած, մացառուտների կամ խոտերի մեջ կորած մի ծղրիդի ձայն:
- Ինձ կներես, հա՞, հիմար եմ, մի՛ նեղացիր:
Փորձում եմ շրջվել մեջքով դեպի նա:
Չի ստացվում, տեղ չկա:
Պատուհանից հանկարծ լսվեց ծղրիդների այնքան ցանկալի ընդհատված երգը:

… - Առավոտյան սոված չգնաս: Քո սիրած կոտլետներն եմ պատրաստել, սոխն էլ վրան կտրտած, գիտեմ որ այդպես ես սիրում:


Ս.Ումառ

Комментариев нет: